Հովիկ Աֆյան. Երջանիկ քաղաքը

Արայիկն առաջին անգամ Շահանեին պաչեց պատերազմից երկու օր առաջ՝ գիշերը՝ 11-ի կողմերը, թեյից հետո: Շահանեն դեմ չէր, ավելին, երբ Արայիկն այդ օրը հրավիրեց իր տուն՝ կինո նայելու, նույնիսկ չհարցրեց, թե ի՞նչ կինո են նայելու: Հիմա էլ չի հիշում, միայն հիշում է, որ երբ Արայիկն իրեն պաչեց, պայուսակը բազմոցից ընկավ գետնին ու Արայիկը տեսավ, որ Շահանեն հետը ատամի խոզանակն էլ է բերել: Ժպտաց ու էլի պաչեց: Հետո պարեցին… մինչեւ լույս:

Արայիկը Շահանեի համար Աստծո գոյության ապացույցն էր: Ինքը 45 տարեկան էր, Արայիկը՝ 51: Ինքը դպրոցում ռուսաց լեզվի դասատու էր, Արայիկը՝ ավտոբուսի վարորդ: Վերջին 20 տարվա մեջ ամեն կիրակի գնում էր եկեղեցի ու մոմասեղանի մոտ կանգնած մի երազանք պահում՝ մինչեւ հանդիպեց Արայիկին: Դասարանով քաղաքից դուրս քեֆի էին գնացել, խորոված անող չունեին, Արայիկն էլ ասել էր, թե հա՛մ կտանի իր ավտոբուսով, հա՛մ էլ խորովածը կանի: Շահանեն իմացավ, որ Արայիկն ամուսնացած չի եղել երբեք, քանի որ ամբողջ կյանքում խոպանչիներին  ավտոբուսով Ռուսաստան է տարել: Շահանեի աչքերը փայլեցին, երբ իմացավ, որ Արայիկն անձամբ եղել է Ռյազանի շրջանի Կոնստանտինովո գյուղում.

- Եսենինի ծննդավա՜յրը,- շշնջաց Շահանեն:

- Փոքր, կորած-մոլորված գյուղ էր,- ամփոփեց՝ ռուսական արկածների մասին պատմությունը Արայիկը:

Կանայք գինի էին խմում: Մատռվակն Արայիկն էր: Գուցե նա չնկատեր էլ Շահանեին, եթե գինին նրա բաժակի մեջ լցնելիս՝ չթափեր վրան: Լավ է՝ Շահանեն տնից փոխնորդ էր բերել՝ մանուշակագույն, ահագին բաց շորը: Արայիկի ավտոբուսում էլ փոխվեց: Մանուշակագույնն Արայիկի սիրած գույնն էր: Շահանեն կարմրել էր Արայիկի ուշադրությունից: Ուրիշ դասատուներն իրար ականջի բան-ման էին փսփսում, երեխաները խաղում էին, Արայիկը գինի էր լցնում, Շահանեն խմում էր:

Քեֆից մեկ շաբաթ հետո Արայիկն ու Շահանեն պտտվում էին քաղաքում՝ ավտոբուսով, երկուսով: Արայիկը երաժշտություն էր միացրել ավտոբուսի մեջ: Երկուսն էլ լուռ էին, մինչեւ Արայիկը կանգնեցրեց ավտոբուսը քաղաքի կենտրոնում ու նայելով Շահանեին, ասաց.

- Պարե՞նք:

Հենց պարի ժամանակ Արայիկը Շահանեին հրավիրեց՝ իր տուն՝ կինո նայելու: Շահանեն չէր գնա՝ դեռ, բայց երբ Արայիկին հարցրեց.

- Դու Եսենինին ճանաչո՞ւմ ես:

Արայիկը պատասխանեց.

- Շահանե, դու իմ Շահանե:

Պատերազմը Շահանեին վերադարձրեց եկեղեցի: Արայիկն ամեն շաբաթ ավտոբուսով մարդ էր տանում ռազմաճակատ, այնտեղից թեթեւ ու միջին վնասվածքներ ստացածներին բերում, ու նոր կամավորների տանում:

- Քո վրա չեն կրակում, չէ՞,- ասում էր Շահանեն, երբ Արայիկը կես ժամով տուն էր մտնում:

Արայիկը չէր պատասխանում, մենակ փոխվում էր, մի կտոր բան ուտում, պաչում ու գնում:

Շահանեն ավելով էր սպասում Արայիկի հաջորդ գալուն: Ավելն առնում էր ձեռքը ու տան ջանին ընկնում: Հեռուստացույց չէր միացնում, դուրս՝ համարյա չէր գալիս, լուրերին չէր հետեւում. վախենում էր: Դպրոցից դուրս եկավ: Մտավ տնօրենի մոտ ու ասաց.

- Էլ չեմ կարող դաս տալ, կներեք:

- Հասկանում եմ,- ասաց տնօրենը,- բայց մեր կռիվն էլ այստեղ է ախր, Դուք էլ շատ կարեւոր ուսուցիչ եք մեզ համար:

- Իմ դասարանում բոլորի հայրերը ռազմաճակատում են. էդ էրեխեքը ոչ թե ինձ են նայում, այլ դասարանի պատուհանին,- ասաց ու դուրս եկավ տնօրենի սենյակից:

Փոշին ուտում էր քաղաքը: Նույնիսկ ամենասիրուն ծաղիկները, որ աճում էին մայթեզրին, կեղտի մեջ կորած էին: Մայթերին համատարած ծխախոտի մնացորդներ էին թափված, ասես մի վաշտ տղամարդ է անցել: Կաղ ու կռնատ տղամարդիկ բարձր էին հայհոյում, կանայք՝ թաքուն չէին ծխում, երեխաները պարզ չէ՝ ոնց էին մեծանում, կամ մեծանում էին, որ ինչ անեին:

Շահանեի տան դուռը բաց էր: Տանը ոչ ոք չկար. Շահանեն տունն ավլելով դուրս էր եկել ու քաղաքի փողոցներն էր ավլում արդեն:

- Женщина, а где ближайший ресторан?,- մոտեցավ Շահանեին մի ռուս զբոսաշրջիկ:

Շահանեն մի պահ քարացավ: Չէր կարողանում որեւէ բառ ասել: Ռուսաց լեզվի դասատուն մոռացել էր ռուսաց լեզուն ու զբոսաշրջիկը, որը Բալթիկ ծովի պես մուգ կապույտ աչքեր ուներ, թափ տվեց ձեռքն ու հեռացավ՝ քաղաքում մի ռուսերեն իմացող գտնելու:

Շահանեն շարունակեց գործը՝ ասես ոչինչ չէր եղել: Ասես Արայիկը շուտով գալու է ու իրենց տունը չպետք է կեղտոտ տեսնի: Ավելի ձայնը Շահանեին երաժշտություն էր թվում:

Հանկարծ Շահանեն մի կողմ նետեց ավելն ու սկսեց… պարել: Շահանեն մենակ չէր. քաղաքում էլի տների բաց դռներ կային ու էլի փողոցներն ավլող կանայք կային: Ավլող-պարող: Պատերազմից հետո քաղաքի փողոցը կանանց պարահանդեսի վայր էր դարձել:

- Добро пожаловать в счастливый город,- ասաց ռեստորանի ծեր շվեյցարը՝ ռուս զբոսաշրջիկին: Իսկ ռեստորանի վրա իսկապես գրված էր՝ счастливый город.

  • Hits: 3423

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: