Գոլի Թարաղի. Մազանդարանի վագրը

 

            Պարոն Իքսը (ավելի լավ է՝ իրական անունը չհրապարակենք) փիլիսոփայություն էր սովորել և մտադիր էր գիրք գրել «գոյության և չգոյության» մասին։ Գոյության մասին գրելը սրտով էր։ Գոյություն – կյանք։ Այսինքն՝ սեղանի վրայի վարդի ծաղկաման։ Այսինքն՝ սեր։ Այսինքն՝ կին – հարևանի գեղեցկադեմ կին։ Այսինքն՝ արև։ Այսինքն՝ լավ քուն (ինչպիսի՜ հաճույք), հետմիջօրեի թեթև նիրհ։ Սակայն չգոյության ու չլինելիության թեմաներից տագնապում էր։ Չգոյության մեջ հարևանի գեղեցկադեմ կինը հօդս էր ցնդում։ Ինքն էլ էր հօդս ցնդում։ Այդ իսկ պատճառով, գիրքը կիսատ մի կողմ դրեց։ Բայց կիսատ գործը սրտով չէր և մզզացող ատամնացավի պես տանջում էր։ Ափսոսում էր, թե փիլիսոփայության փոխարեն ինչու արդյունաբերության տնօրինում կամ բժշկություն չէր սովորել։ Կամ ցանկացած այլ գիտաճյուղ, որը հաստատուն էր, կամ գոնե գործնական։ Փիլիսոփայությունը նրան անհայտ մի աշխարհ էր տանում, իսկ Իքսը ցանկացած անհայտ բանից սարսափում էր։ Այնուամենայնիվ, գիտական հետաքրքրությունը (փիլիսոփայությունը) նրան հանգիստ չէր տալիս։ Արդյո՞ք կա կյանք մահից հետո։ Արդյո՞ք այս աշխարհի հարևանությամբ կա մեկ այլ աշխարհ։ Ընկնում էր այս հարցերի պատասխանների հետևից և գլուխը կորցնում։ Ինքն իրեն ասում էր․ «Ա՛յ մարդ, հո դու հիվա՞նդ չես։ Հանգի՛ստ։ Կպի՛ր իրականությանը։ Նյուտոնի ֆիզիկային։ 2x2=4-ին։ Գնաս քվանտների աշխարհ, խելքով-գլխով կկորես»։  
            Գոհանում էր։ Մտահանգումը ճիշտ էր։ Բայց վախը ստվերի նման հետապնդում էր նրան։ Ժամանակ առ ժամանակ իրենից էլ էր վախենում։ Նայում էր հայելու մեջ և մեկ ուրիշին տեսնում․ մի անծանոթի, որը հեռու առնչություններ ունի իր հետ։ Ինքն իրեն հարցնում էր․ «Էս ե՞ս եմ»։ Եվ հետ-հետ էր գնում։ Չգիտեր, որ վաթսունից հետո քիթը սրվում է, մազերը թափվում են, այտերի անկյուններն էլ՝ կախ ընկնում։ Բնական էր, որ պարոն Իքսը իրեն չճանաչի։ Սակայն մթությունից ու ծանր լռությունի՞ց ինչու էր վախենում։ Հատկապես, երբ գլուխը դնում էր բարձին, աչքերը՝ փակում, տարօրինակ մտքեր էին ի հայտ գալիս։ Մի ողբերգական դեպք, ինչպես մոր մահը՝ արնոտ պատահարից։ Կամ ավերիչ երկրաշարժ։ Հաճախ պատկերացնում էր իր մահը և լսում քույրերի սուգ ու շիվանը։ Ինքնազգացողությունը վատանում էր, և այնքան էր խորանում այդ մտատանջությունների մեջ, որ ակամայից գալարվում էր ու լաց լինում։ Որոշ բառերից էլ էր վշտանում։ Ինչպես՝ ջրհոր, օձ, բու, գող։ Բվին ու ջրհորին կարողանում էր դիմանալ, բայց «գող» բառն արտաբերելուն պես կամ լսելով այն՝ վատանում էր։ Սիրտն ուզում էր իմանալ՝ այդ տագնապը որտեղից է գլուխ բարձրացել։ Ոչ մի հոգեբանի կամ հոգեբույժի չէր վստահում (այն էլ՝ Իրանում)։ Կարդացել էր Ֆրոյդի գրքերը (Յունգին մոտ չէր գնում․ վախենում էր նրանից)։ Ավելի մոտ էր Ֆրոյդին և մի փոքր համակարծիք նրա ուսմունքին, որ ամեն ինչ կախված է մարդու անցյալից, և եթե ուզում է իրեն ճանաչել, պետք է մանկության հուշերը մտաբերի։     
            Պարոն Իքսը աչքի անցկացրեց անցյալի հիշողությունները։ Ամենավաղ հիշողությունը հասնում էր չորս տարեկան։ Ապրում էին Ֆարվարդին փողոցում։ Լավ հիշում էր այդ տան առաջնամասը։ Քառակուսի բակ՝ կենտրոնում ջրավազան։ Աղյուսե մի քանի աստիճան։ Կիամուտք նախաշեմ և վերևի սենյակներ տանող աստիճաններ։ Աստիճանների վերևում մի փոքրիկ միջանցք կար՝ փայտե աստիճանով։ Այդ աստիճանի հետևում իբրև զարդարանք պեծկլտացող աչքերով ու կիսաբաց բերանով արհեստական մի ընձառյուծ էին դրել։ Մի գիշեր, երբ մի գող է մտնում, աչքն ընկնում է ընձառյուծի վրա, և գիշերվա խավարում կարծում է՝ այն իսկական է։ Ճչում է, ցանկանում է փախչել, երբ ոտքը սայթաքում է, ու գլուխկոնծի է տալիս։ Գողին բռնում են, կապում ձեռք ու ոտքը։ Հայրը, տեսնելով գողին՝ թեպետ ձեռք ու ոտքը կապած, այնպես է բղավում, որ ուշագնաց է լինում, և լեզուն կապ է ընկնում։ Մայրը բարի կին է․ հրամայում է՝ արձակեն գողի ձեռք ու ոտքը, մի լավ քոթակեն, հետո թողնեն՝ գնա։ Փոքրիկ Իքսը վախկոտ հորից զզվեց։ Սակայն հորը վախը սողոսկեց նրա էություն՝ բուն դնելով նրա նուրբ երակների մեջ։ Այդ օրվանից գողի անուն լսելուն պես, սիրտը ահ էր ընկնում։          
              Ցավոք սրտի, Թեհրանը լի էր գողերով ու գողություններով։ Եվ Իքսին թվում էր՝ աներևույթ գողեր շրջապատել են իրեն ու իր տունը։ Ամեն ձայնի հետ վեր էր թռչում տեղից։ Վերմակը քաշում էր գլխին, Աստված կանչում, որ գողն իրեն բան չանի։ Ինչ ուզի, կտանի, բայց իր հետևից չգա։      
            Ուրբաթ օրը հյուր էր ընկերներից մեկի տանը։ Ասում-խոսում էր ու ծիծաղում։ Ծիծաղը հաճախ շատ բարձր էր, բայց՝ ոչ խորը։ Ծիծաղի ալիքի պահին հանկարծակի փակում էր բերանը, հոգոց հանում՝ հայացքը պլշելով անհայտ մի կետի։ Պարզ չէր՝ գլխում ինչեր են։ Ինչի՞ մասին էր մտածում։ Գո՞ղ։ Ընկերները, որ ծանոթ էին նրա հոգեկան տատանումներին, շարունակեցին իրենց խոսք ու զրույցը։ Իքսի ականջները սրվեցին։ Լսեց, որ գող է մտել երկու փողոց վերևի մի տուն, տանտիկնոջը, որ միայնակ կին էր, խեղդել և զարդեղենը գողացել։ Մարմինը սառեց, գույնը գցեց։ Ականջներում զրնգում էր «գող» բառը։ Վեր կացավ, կանգնեց։ Ասաց՝ իրեն լավ չի զգում, պիտի վերադառնա տուն ու ճնշման դեղ խմի։ Մեքենան դռան դիմաց էր, բայց այնքան էր իրար խառնվել, և մարմինն այնպես էր դողում, որ այն չէր գտնում։ Երբ գտավ էլ, չէր կարողանում դուռը բացել։ Երբ դուռն էլ բացեց ու նստեց ղեկի առաջ, վարելը մտքից թռել էր։ Նայում էր կողքերը, և ամեն անցորդ իրեն գող էր թվում, սրտի զարկերն էլ ավելի էին ուժգնանում։ Կարճ ասած՝ հազար ու մի փորձության միջով հասավ տուն։ Անլվա թռավ մահճակալը, վերմակը քաշեց գլխին ու քնեց։     
            Չէ՜, չէ՜, չէ՜։ Էդպես չէր լինի։ Տանջալից կյանք էր։ Պատվիրեց՝ տան մուտքի դռան մոտ անվտանգության ձայնային համակարգ քաշեն։ Անվտանգության համակարգը շարունակ միանում էր և փոքր իսկ շարժման դեպքում ձայնը գլուխը գցում։ Էդպես էլ չէր լինի։ Որոշեց՝ մի հաստավիզ թիկնապահ վարձել։ Ընկերները մի քանի հոգու առաջարկեցին՝ մեկը մեկից ահավոր։ Մեկի կաշին դեղին էր, շուրթերը՝ կապույտ, և այնքան նիհար էր, որ մարդու սիրտ էր ցավում։ Ակնհայտ էր, որ ուժեղ թմրամոլ էր։ Մյուսը կարծես խելապակաս լիներ։ Անընդհատ աչքով էր անում ու առանց պատճառի ծիծաղում։ Դա չէ, մյուսն էլ չէ, էն որ հարյուր տոկոսով չէ։ Մինչև դռնով մի թիկնեղ ու բարձրահասակ տղամարդ մտավ՝ ներկայանալով որպես Մազանդարանի վագր։ Մեծ ու փրչոտ ձեռքեր ուներ և մի աշխարհ ալեխառն, գանգուր մազեր, որ կարծես ոչխարդի բրդից պատրաստված պարիկ լինեին։  
            Վագրը քթի տակ մռնչաց ու ասաց․
            - Աղա՛, ով իմ մռնչյունը լսի, սիրտը տեղում կկանգնի։ Անգամ ինքներդ։  
            Իքսը ոտքից գլուխ մի անվճռական հայացք գցեց և տեսավ, որ Վագրը մարզված մարմին ունի, ձեռքերը նման են սոված առյուծի ձեռքերի։ Մի պահ վախեցավ։ Հետ-հետ գնաց՝ հենվելով ձեռքի տակի աթոռին։ Պիտի որոշում կայացներ։ Հարցրեց․        
            - Նախկինում ո՞ւմ թիկնապահն ես եղել։ Ծանր գործ է։ Պիտի կարողանաս զինված մի քանի գողերի հախից գալ։    
            Մազանդարանի վագրը ծիծաղեց։ Իբրև՝ աղա՛, կատա՞կ եք անում։ Ասաց․          
            - Ոչ մեկի տանը չեմ աշխատել, բայց էս մռնչոցը հանեմ թե չէ, հերիք է, որ հարյուր գող փախչի։            
            Իքսը բավարարվեց և Վագրին տվեց անհրաժեշտ կարգադրությունները։ Ինքը վերևի հարկում էր քնում, Վագրը պետք է մուտքի մոտի փոքրիկ ննջարանում քներ։ Քնել՝ չէ․ պետք է ավելի շատ արթուն մնար, քան քներ։ Այլապես, եթե թիկնապահը քնած լինի, այն էլ՝ քաղցր քնով, ինչպես շատ առյուծներ, էլ ո՞ւմ է պետք։
            Երկու գիշեր անց Իքսը որոշեց ստուգել Մազանդարանի վագրին։ Կեսգիշերին իջավ ներքև և տեսավ, որ իր ճաշասենյակում քայլում է։ Ձեռքին ելակի մուրաբայի տարա է, մատով մուրաբա է հանում և ուտում։ Ելակի կարմիր հատիկները կպել էին շուրթերին ու ատամներին։ Կարծես մի ամբողջ գառ էր պատառոտել։            
            - Ի՞նչ ես անում էստեղ,- մեղմաձայն հարցրեց Իքսը։         
            - Ձեզ մատաղ, ականջիս ձայն հասավ։ Եկա, տեսնեմ՝ ով է։           
            Իքսը սառեց։ «Ով է»-ն սարսռազդու էր։ Մատնացույց էր անում այն ահարկու արարածին, որը չէր կարողանում անունն արտաբերել։  
            Մազանդարանի վագրը գլուխը բարձրացրեց և դառնալով պարոն Իքսին՝ ասաց․          
            - Դուք ձեր սենյակ գնացեք։ Հանգի՛ստ եղեք։ Եթե գող էլ եղած լինի, փախել է։ Իմ շվաքն էլ հերիք է, որ գողի սիրտը կանգնի։
            Իքսը մտքում ասաց․ «Ախմա՛խ, քանի՞ անգամ ասեմ՝ էդ հիմարությունը մի՛ կրկնիր։ Հետդ հո գործ չունի։ Իմ հետևից է գալու»։   
            Վագրն ուղղեց կուրծքը։ Քիթը ցցեց և քթի տակ մռնչաց։ Իքսը հապշտապ վերադարձավ իր ննջասենյակ, դուռը ներսից կողպեց, բայց քունը չտարավ։ Այն պատկերացումը, որ տանը գուցե գող եղած լինի (գուցե), անգամ Վագրի ներկայությամբ էլ իրեն վախեցնում էր։ Թեպետ ուշ ժամ էր, զանգահարեց եղբորը։ Վերջինս քնաթաթախ վերցրեց խոսափողը։ Ասաց «ալո»։ Իքսը խոսափողը դրեց։ Ուրախացավ, որ եղբայրը տանն է, և եթե մի փորձանք պատահի, կկարողանա նրանից օգնություն խնդրել։ Ուրիշ երեքի էլ զանգեց։ Հորեղբորը, մորեղբորը և Հոսեյն աղա Աքբարիին։ Երեքն էլ դառնագին ասացին «ալո», իսկ պարոն Իքսը չպատասխանեց՝ անջատելով հեռախոսը։ Գոտեպնդվել էր։ Այժմ կարող էր քնել։  
            Մի քանի գիշեր հետո էլ դռան հետևից ձայներ հասան ականջին։ Վեր թռավ տեղից։ Տեսավ՝ ինչ-որ մեկը դռան բռնակն է պտտում։ Գնաց էն աշխարհ-հետ եկավ։ Գո՜ղ։ Ինքն էր։ Սպանել էր Վագրին և եկել իր հետևից։ Բղավեց։ Կանչեց Վագրին։ Վագրը պատասխանեց դռան մյուս կողմից․
            - Մի՛ վախեցեք, ձեզ մատաղ։ Ես էստեղ եմ։ Ի՞նչ է եղել։     
            Իքսը դողում էր։ Դուռը բաց արեց ու բղավեց․         
            - Ի՞նչ ես ուզում։ Լեղիս ջուր դարձրիր։        
            Վագրը գլուխը կախեց, բայց Իքսին թվաց՝ քթի տակ մռնչում է։ Սիրտը դող ընկավ։ Տեսավ, Աստվա՜ծ իմ, Վագրից ավելի շատ է վախենում, քան՝ գողից։ Փակեց դուռը։ Թռավ մահճակալն ու և մինչև առավոտ գալարվեց։ Առավոտյան սարսափած բաց արեց դռան ճեղքը։ Տեսնելով, որ մարդ չկա, իջավ ներքև։ Վագրը նստել և հանգիստ խղճով նախաճաշում էր։           
            - Աղա՛, երեկ մի լուսամուտը բաց էր մնացել։ Չէի ուզում ձեզ արթնացնել: Եկա՝ աչք գցեմ, տեսնեմ՝ ձեր սենյակի դուռը կողպվա՞ծ է։ Մտադիր չէի ձեզ վախեցնել։      
            Իքսն ինքն իրեն ասաց․ «Խաբում է»․- և այդ օրվանից Մազանդարանի վագրից շատ ավելի էր վախենում, քան գողից։ Չգիտեր՝ ինչպես ազատվի նրանից։ Իր ննջարանի դռան կողպեքը փոխեցին, և գիշերը դռան հետևի կողմից երկու աթոռ էր դնում իրար վրա։     
            Մազանդարանի վագրը երջանիկ էր։ Եթե անգամ անտառում լիներ, իրեն այդքան հանգիստ չէր զգա։ Ամեն ինչ իր տրամադրության տակ էր։ Առավոտյան, երբ Իքսը գնում էր աշխատանքի, աթոռը դնում էր արևի տակ, ոտքերը մեկնում ու դանթում էր։ Իրեն հանձնում էր երազներին։ Տեսնում էր՝ Մազանդարանի փոստատան աշխատողն է։ (Մանկուց  փոստատների սիրահար էր։ Անհայտ նամակների սիրահար։ Ինչի՞ մասին էին)։ Չէ՜։ Անկարևոր աշխատանք էր։ Մորաքրոջ աղջիկը երբեք փոստատարի կինը չէր դառնա։ Գնում էր մեկ այլ երազանքի հետևից։ Այդ մեկն ավելի պատվաբեր էր։ Տեսնում էր՝ նստած էր սեղանի առաջ, և մարդիկ եկել են իր հետ հանդիպելու։ Հերթ են կանգնել և սպասում են՝ թույլ տա, որ ներս մտնեն։ Մորաքրոջ աղջիկն էլ էր հերթում։ Մյուսներին դուրս էր վանում մտքից՝ հպվելով գանգրահեր, գիրուկ զարմուհուն։ Միայն նրան էր տեսնում։ Մորաքրոջ աղջիկը ժպտում էր, և Մազանդարանի վագրը մտքում մեկնում էր ձեռքերը։ Չէր համարձակվում առաջ գնալ։ Հեռվից համբուրում էր նրա գլուխը, մազերը, ականջը, ուսը, ձեռք ու ոտքը։   

            Այդ գիշեր Վագրը խորասուզվել էր իր սիրային երազներում, երբ ձայներ լսեցին։ Ինչ-որ մեկը դուռն էր թակում։ «Ով ուզում է լինի, ի՞նձ ինչ»․- ասաց ինքն իրեն՝ գնալով խոհանոց և թեյնիկի տակը վառելով։ Հացով, կարագով ու մեղրով եռման թեյ խմելուց բացի ուրիշ ոչ մի հոգեպարար զբաղմունք չկար։ Ուշ գիշերվա նախաճաշ։
            - Ո՞ւր ես, չե՞ս լսում,- վերևից բղավեց տանտերը,- դուռն են ծեծում։ Հարցրու՝ ով է։ Դուռը մի՛ բացիր։            
            Վագրը բերանի պատառն շտապ կուլ տվեց։ Գնաց դեպի դուռը։ Ինչքան հարցրեց՝ ով է, պատասխան չտվեցին։ Աչքն ընկավ աղբի տոպրակին։ Մտածեց՝ հիմա, երբ հասել է այստեղ, տոպրակը տանի դուրս՝ ծառի տակ։ Վերցրեց այն և բաց արեց դուռը։ Գնաց դուրս։ Մի ծակող սառնություն դիպավ դեմքին։ Դողաց։ Ուզեց հետ դառնալ, երբ աչքն ընկավ մի կոլոտ-մոլոտ տղամարդու վրա։ Նա մգացված ակնոց էր դրել, քիթ ու բերանն էլ թաշկինակով փակել, որ չճանաչեն։ Ինչպես Զորոն։ Երկու հոգի էլ նրա հետևում էին։ Զորոն զենք էլ ուներ։ Ակնհայտ էր՝ գող է։   
            - Տանտերն ո՞ւր է,- ասաց։- Արագացրո՛ւ, մո՛տը տար ինձ։
            Մազանդարանի վագրն այնքան էր վախեցել, որ լեզուն փաթ էր ընկել։ Ուռենու պես դողում էր։            
            Հրացանակիրը մտավ ներս։ Երկու հոգի էլ՝ նրա հետևից։ Մազանդարանի վագրն ուզում էր բղավել, երբ երկու գողերը բռնեցին օձիքից։  
            - Առա՛ջ ընկիր,- ասաց հրացանակիրը։- Հարցրի՝ տերդ ո՞ւր է։     
            Վագրը վերևի հարկը ցույց տվեց։ Աստիճաններով բարձրանալիս ծնկները ծալվում էին,  մի քանի անգամ քիչ մնաց՝ ընկնի։ Կանգնեց պարոն Իքսի ննջասենյակի դռան հետևում և սկսեց ողբաձայն լաց լինել։ Հրացանակիրը քացով խփեց նրա քամակին, երկու գողերն էլ ծիծաղեցին։ Նրանց ծիծաղը Վագրին քաջություն շնորհեց։ Մի քանի հարված հասցրեց տիրոջ սենյակի դռանը։          
            - Ի՞նչ է, ո՞վ է,- հարցրեց Իքսը։          
            Հրացանակիրը Վագրին նշան արեց, որ խոսի։       
            - Ես եմ, քեզ մատաղ, ես եմ,- դողացող ձայնով ասաց Վագրը։       
            Իքսը վեր կացավ։ Բաց արեց դուռը։ Աչքը հրացանակրի ու նրա հրացանի վրա ընկավ թե չէ, հետ-հետ գնաց։ Ձեռքերն ի նշան հանձնվելու վեր բարձրացրեց։ Ապշահար ու զայրացկոտ մի հայացք գցեց Վագրի վրա։   
            Վագրը կեսմարդ էր դարձել։ Չէր կարողանում ոտքերի վրա կանգնել։ Մյուս երկու գողերն էլ անցան գործի։ Հագուստի պահարաններից մեկը բաց անելով՝ Վագրին խցկեցին ներսը։            
            Վագրը ճչում էր։ Սարսափում էր մթությունից։ Գողերը քաշեցին դարակները։ Ամեն ինչ խառնեցին իրար։ Փող ու ակնեղեն էին ման գալիս։      
            - Լսել ենք՝ մի սենյակ դոլար ունես․ ասա՝ ուր են,- Իքսին դարձավ հրացանակիրը՝ զենքը դեմքին պահելով։       
            Իքսը, գողից իր ամբողջ վախով հանդերձ, Մազանդարանի վագրից ավելի քաջ էր։ Ասաց․        
            - Ո՞ւր էր ինձ դոլար։ Եթե ունենայի էլ, կդնեի բանկ։           
            Հրացանակիրը, դառնալով իր երկու գործընկերներին, որոնք իրական գողեր չէին, և հավեսները փախել էր այդ դեպքից, ասաց․         
            - Իջնենք ներքև՝ գորգերի հետևից։   
            Գողերից մեկը նստեց մահճակալին՝ Իքսի կողքը։ Քունը տանում էր, ու հորանջում։ Կիսաքուն էր, և աչքերը հազիվ էր բաց պահում։       
            - Խղճացե՜ք ինձ,- պահարանի միջից բղավեց Վագրը։- Մարմնիս կեսը թմրել է։ Գոնե մյուս կողմի վրա շրջեք։                 
            Կիսաքուն գողը բաց արեց պահարանը։ Վագրին թեքեց մյուս կողմի վրա և փակեց դուռը։        
            - Վե՛ր կաց, ճամփա ընկիր,- Իքսին դառնալով՝ ասաց հրացանակիրը։     
            Աստիճաններով իջան ներքև։ Երկու գողերի հավեսները փախել էր։ Փոքր բան էին փնտրում։ Գորգ ու կարպետ չէին ուզում, բայց վախենում էին հրացանակրից։      
            Հեռախոսը զանգում էր։ Հրացանակիրը կտրեց թելը և դիմեց գործընկերներին․  
            - Դե՛, արագացրե՛ք։ Գորգերը փաթաթե՛ք։   
            Իսկ պարոն Իքսը հանկարծ հիշեց տեսած երազը։ Նույն կերպարանքով երեք հոգի գորգերն էին փաթաթում։ Ապշեց, և ապշությունը միաձուլվեց սարսափին։      
            - Պարոննե՛ր, ես ճանաչում եմ ձեզ,- ասաց։
            Գողերը վախեցան։ Նայեցին մեկմեկու։       
            - Մի՛ վախեցեք,- ասաց հրացանակիրը,- անկապ-անկապ խոսում է։ Մենք էս թաղից չենք։ Ջուր է ծեծում։           
            - Ձեզ երազումս եմ տեսել,- ոգևորված ասաց Իքսը։- Էս նույն դեմքերով էիք։ Գորգերն էիք հավաքում։ Տասն օր առաջ էր։ Ի՜նչ տարօրինակ է։ Երազս ապագայի մասին էր։        
            Հրացանակիրը ծալել էր կարպետը։ Այն դնելով հյուրասենյակի մեծ գորգի վրա՝ ասաց․
            - Տղե՛րք, փակե՛ք սրա բերանը։ Լրիվ ցնդած է։ Զահլես տարավ։    
            Իքսին նստեցրին աթոռին։ Ուզում էին փակել բերանը, երբ բղավեց․        
            - Սպասե՛ք։ Ասելիքս շատ կարևոր է։ Դուք ապագայից եք։ Դուք վերերկրային արարածներ եք։
            - Վերերկրայի՞նն ինչ է,- հարցրեց հրացանակիրը։
            - Այսինքն՝ ուրիշ աշխարհից։ Ապագայից։   
            - Ո՞ր ապագայից։ Մենք դժոխքից ենք գալիս։ Դժոխքն էլ հենց էստեղ է։ Էս քաք աշխարհը։- Հետո գրպանից հաստ ու լայն սքոչ հանեց։ Մի կտոր կտրեց և կպցրեց Իքսի բերանին։
            Իքսը անհասկանալի ձայներ էր հանում։ Հետո լռեց՝ ընկղմվելով մտքերի գիրկը։ Երազն աչքի առաջ էր։ Նույն մարդիկ, նույն դրությունը։ Ինչպե՞ս էր հնարավոր։ Ուրեմն, այս դեպքը նախկինում էր պատահել։ Ուրիշ ժամանակի և տարածության մեջ։ Այս փիլիսոփայական մտորումների մեջ էր, երբ տեսավ՝ գորգերը շալակել են և ուզում են գնալ։           
            - Մեքենայիդ բանալին տո՛ւր,- ասաց հրացանակիրը՝ զենքը պահելով Իքսի վրա և նրա բերանի սքոչը հանելով։ Իքսը սկսեց ցավերից ախ ու վախ անել և ձեռքը դնել շրթունքին։          
            - Ախմա՛խ, բեղերիս կեսը պոկեցիր։
            - Արագացրո՛ւ,- բղավեց հրացանակիրը։- Մեքենայիդ բանալին ո՞ւր է։   
            - Կոստյումիս գրպանն է։ Կոստյումս էլ՝ աթոռի թիկնակին։       
            Հրացանակիրը նոր սքոչով փակեց Իքսի բերանը։ Իսկ մյուս գողերից մեկը ծալված գորգերը տարավ ավտոտնակ։ Բացեցին մեքենայի դուռն ու գորգերը դրեցին բեռնախցիկը։           
            Կիսաքուն գողը Իքսի ձեռք ու ոտքը բարակ պարանով կապեց աթոռի ոտքերից։ Բայց թույլ։ Թափ տայիր, կարձակվեր։ Իքսը փակ բերանով ինչ-որ բան ասաց և գլուխը տարուբերեց։       - Ի՞նչ ես ուզում ասել,- հարցրեց գողը՝ սքոչի կեսը բերանից պոկելով։        
            - Մի քան օր առաջ էս պատմությունը տեսել եմ երազումս։ Քեզ էլ եմ տեսել։ Էս նույն դեմքով էիր,- արագ-արագ ասաց Իքսը։     
            - Թարգը տո՛ւր, ա՛յ մարդ,- ասաց գողը և նորից փակեց նրա բերանը։      
            Գողերը վերադարձան։ Երրորդ գորգն էլ ծալեցին, շալակեցին ու գնացին։ Իքսը որոշ ժամանակ սպասեց։ Ուզում էր համոզվել, որ գողերը գնացել են։ Հետո ձեռքերը թափ տվեց, քաշքշեց, քսեց աթոռի մեջքին, և պարանի հանգույցը թուլացավ։ Կարողացավ ձեռքերն ազատել։ Բերանից պոկեց սքոչը։ Ոտքերն էլ ազատեց և շտապ գնաց Մազանդարանի գայլի մոտ։ Բացեց պահարանը։ Վագրը քնել էր։ Բռնեց ուսից ու ցնցեց։ Մազանդարանի վագրը վեր թռավ քնից, ձայնը գլուխը գցեց, խնդրեց-աղաչեց, որ իրեն չսպանի։ Պարոն Իքսը ժպտալով նայեց նրան։ Գլուխը առաջ բերեց։ Երբ համոզվեց՝ այդ կողմերում մարդ չկա, դուրս թռավ պահարանից։ Զույգ ոտքերն էլ թմրել էին։ Չէր կարողանում քայլել։ Նստեց գետնին՝ գլուխն առնելով ձեռքերի մեջ։  
            - Վե՛ր կաց, մի բուռ ջուր լցրու դեմքիդ։ Վերջացավ։ Գողերը գնացին,- հանգիստ ասաց Իքսը։   
            Մազանդարանի վագրը չէր կարողանում նայել պարոն Իքսի դեմքին։ Ուզեց մռնչալ, բայց ձայնը դուրս չեկավ։ Վեր կացավ։ Կաղեկաղ իջավ աստիճաններով։ Իքսին թվաց՝ կուչ է եկել, դարձել մի երեխայի չափ։ Մի կատվի չափ։ Սիրտը տանջեց։ Ցանկացավ մխիթարել նրան, բայց ուշքն ու միտքը նոր գիրքն էր։ Ոգևորվել էր։ Գողից վախն անցել էր։           
            Ինքն իրեն ասաց․ «Այսինքն՝ ստացվում է՝ երազը տեսավ ապագա՞ն»։ Վատ չէր։ Գրքի համար լավ վերնագիր էր։
            Ձայն տվեց Վագրին։ Պատասխանը չլսեց։ Մի հայացք գցեց կողքերը։ Նորից ձայն տվեց։ Անհանգստացավ։ Գնաց բակ։ Տան դուռը բաց էր։ Աչքն ընկավ գողերից մեկին։ Կիսաքուն գողին։ Կանգնած էր մի փոքր այն կողմի վրա։ Գլուխը կախ։ Շարունակում էր հորանջել։    
            Իքսը, որ այլևս չէր վախենում գողից, առաջ գնաց՝ հարցնելով․     
            - Ի՞նչ ես անում էստեղ։ Գող ընկերներիդ հետ չգնացի՞ր։   
            Գողը բարձրացրեց գլուխը։ Աշխարհիս ամենատխուր հայացքն ուներ։ Սկսեց լացել։    
            - Պարո՛ն, շատ խորամանկն ես,- ասաց մի ձայնով, որն ասես ջրհորի խորքից է գալիս։- Մեքենայիդ մեջ մի կաթիլ բենզին չկար։ Մնաց խաչմերուկի վրա։ Փողոցի այն կողմում ոստիկանական մի մեքենա կար։ Ես թռա ներքև։ Թաքնվեցի մեքենաների հետևում։ Ծլկեցի։            
            - Բա ինչո՞ւ ես եկել էստեղ,- ծիծաղելով հարցրեց Իքսը։- Ուզում ես էլի՞ գողություն անել։         - Չէ՜, սուրբ Աբբասը վկա՝ չէ՜,- ասաց կիսաքուն գողը, որ քթից թափվում էր։- Քաք եմ կերել։ Եկել եմ՝ գրպանս մտած էն ոչնչություն մարդուց փողերս վերցնեմ։   
            - Ումի՞ց։        
            - Էն անարժան գողից, որ ձեր թիկնապահն է։         
            - Քո փո՞ղն է գողացել։ Ե՞րբ։ Որտե՞ղ։           
            Գողը ձեռքով սրբեց քիթը, գցեց գետնին՝ պատասխանելով․          
            - Էն ժամանակ, երբ պահարանի մեջ շուռումուռ էի տալիս։ Ուշադրություն չդարձրի։ Ինձ թվաց՝ մի ձեռք մտավ գրպանս ու փողերս վերցրեց։   
            Իքսը սկսեց ծիծաղել։ Չէր կարողանում իրեն զսպել։          
            - Սպասիր էստե՛ղ։ Տանը մի քիչ փող ունեմ։ Գնամ, բերեմ։
            Գնաց տուն ու դուռը փակեց։ Այդ միջոցին ինչ-որ մեքենայի արգելակի ձայն լսեց։ Ճաշասենյակի պատուհանից նայեց։ Տեսավ՝ ոստիկանական մեքենա է։   
            Ճարահատյալ հետ դարձավ ու դուռը բացեց։ Երկու ոստիկան հայտնվեցին։ Մեկն առաջացավ՝ հարցնելով․                
            - Սրանց ճանաչո՞ւմ եք։                    
            Հրացանակիրն ու գործընկերը, ձեռքները կապած, ոստիկանական մեքենայի հետևում նստած, գլուխները կախեցին։            
            - Այո՛,- պատասխանեց Իքսը։           
            - Էս գորգերն ու կարպետները ձե՞րն են,- հարցրեց մյուս ոստիկանը՝ բացելով բեռնախցիկը։    
            - Այո՛։ 
            - Է՞ս ով է,- հարցրեց նույն ոստիկանը՝ ցույց տալով նիհար ու բարձրահասակ մի տղամարդու, որ ուշագնաց էր եղել պատի մոտ։         
            - Աշխատողս է։ Գողերի ահից վախեցել է։   
            - Պարո՛ն, մենք էս երկուսին տանում ենք ոստիկանություն։ Զինվածի վիճակը լուրջ է,- ասաց առաջին ոստիկանը։
            - Ա՛յ մարդ, էս կեղծ հրացան է,- բղավեց հրացանակիրը։ - Խնդրե՛մ, ստուգե՛ք։   
            - Ձեր գորգերն էլ ենք տանում։ Պետք է ներկայանաք ոստիկանություն,- դառնալով պարոն Իքսին՝ ասաց ոստիկանը։ - Մի քանի թուղթ կա, պիտի ստորագրեք։        
            Կիսաքուն գողը սկսեց փռշտալ։ Գլուխը բարձրացրեց և քթի տակ ասաց․           
            - Ա՜յ գողի պահապան․․․                   
            Իքսը մտահոգ էր Մազանդարանի վագրի համար։ Ուզեց գնալ, երբ փողոցի վրա միամիտ տեսավ դուրս եկավ մի փողոց ներքևից, ձեռքով արեց դատարկ մի տաքսի, նստեց ու գնաց։      
            Իքսը մի պահ շվարած կանգնած մնաց իր դռան առաջ։ Հավաքեց ցիրուցան մտքերն ու մտավ ներս։ Վագրի տեղն երևում էր։ Վախկոտ ու դասալիք Վագրի։ Մեկնվեց ճաշասենյակի բազմոցին։ Ինքն իրեն ասաց․ «Ոչինչ պատահական չէ», և գողերի գալը ի վերուստ տրված համարեց։ Վերերկրայիններն իրեն ապագա գրքի թեման էին ուղարկել․ գիրք, որ վաղուց էր գրվել։

               

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը
                                                                                                                       

  • Hits: 2704

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: