Միջանցքի մյուս կողմում ապրող փոքրիկ հրեա աղջիկը գիշերային շատ այցելուներ է ունենում։ Հավանաբար մարմնավաճառ է։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում մի քանի անգամ դադարեցի տպել՝ աստիճաններով վեր բարձրացող ոտնաձայներ լսելով։ Բայց դրանք անցնում էին իմ դռան մոտով ու կանգ առնում նրա դռան առաջ։

Իմ քառասուներորդ ծննդյան տարեդարձը գրեթե երեք ժամ առաջ էր սկսվել։ Սկզբում որոշակի անհամբերություն էի ցուցաբերում՝ հետ ու առաջ գնալով սենյակում և երբեմն-երբեմն վարագույրի արանքից ներքևում գտնվող ախոռին նայելով։ Ժամը երկուսից մի փոքր շուտ գրասեղանիս վրա հանպատրաստից ստեղծված զենքերի հավաքածու էի հավաքել․ երկու բարակ հատիչներ, որոնք օգտագործում եմ քանդակելիս, բրոնզից պատրաստված գմբեթաձև պրեսպապյեներ[1], բարակ սուր դանակ, որի միջոցով փայտի վրա փորագրում եմ։ Մի քանի րոպե ուսումնասիրում էի այդ գործիքները՝ հետաքրքրված, թե հատկապես ինչպես օգտագործել դրանք։ Այդ պահից ի վեր ինձ համար պարզ դարձավ, որ գործիքների նման բազմազանությունը անօգուտ կլինի, և մի փոքր անփութորեն մի կողմ հրեցի դրանք։ Ջեյին եմ սպասում։ Նույն հաջողությամբ կարող եմ խոստովանել, որ վախեցած եմ։

Վերջերս փայտի փորագրությամբ զբաղվելիս աջ ձեռքիս ճկույթը վնասեցի։ Այժմ ինձ անհանգստացնում է ցավի նոպան ամեն անգամ, երբ պետք է դիպչեմ տպելու ստեղնին։ Անմիջապես իմ առջև գտնվող պատը կավիճի նման սպիտակ է, և իմ ձախ կողմում գտնվող գրադարակները տարօրինակ նախշեր են արտացոլում դրա վրա։

Սենյակս բավականին նորաձև է, կահույքիս մեծ մասը հիմնականում նորաոճ սկանդինավյան խանութից եմ գնել։ Հատկապես ինձ դուր է գալիս սուրճի ապակե սեղանը, որը զբաղեցնում է սենյակի կենտրոնական հատվածը։ Խնամքով ընտրված մի քանի իրեր եմ պահում դրա վրա՝ թրծված կավից պատրաստված ձեռագործ մոխրաման, խցաններով հնարամտորեն երիզված թեյի գորգիկների հավաքածու, վարպետորեն մշակված խցանահան, որն Իսպանիայում էի ձեռք բերել։ Կողքիս սեղանին դրված գմբեթաձև պրեսպապյեն մեկ այլ առարկա է, որ սովորաբար պահում եմ սեղանի վրա։ Փորձում եմ չփոխել այդ իրերի դիրքը, և միայն մեծագույն դժկամությամբ տեղափոխեցի պրեսպապյեն, որպեսզի այն ներառեմ զենքերիս հավաքածուի մեջ։

Սենյակի տարբեր ստրատեգիական դիրքերում դրել եմ այն արձանները, որոնք ամենից շատն են ինձ դուր գալիս։ Հաճախ եմ աշխատում մարմարի հետ, բայց նախապատվությունը տալիս եմ փայտին։ Մեծ հաճույք եմ ստանում փափուկ փայտի վրա փորագրությունից, և այն տեխնիկան, որ ձեռք եմ բերել, աննշան չէ։ Հատկապես սիրում եմ երիտասարդ աստվածուհու արձանիկը, որ դրել եմ պատուհանագոգին։ Մի խոսքով` նրանց համար, ովքեր կայցելեին սենյակս, պարզ կլիներ, որ իմ քանդակագործությունը ավելին է, քան ուղղակի ժամանց։ Ժամանակ առ ժամանակ հյուրեր եմ ունենում։ Անցյալ շաբաթ, օրինակ, ուսանողներիցս երկուսը եկել էին շախմատը վերցնելու և կես ժամից ավելի մնացին։

Պատերիցս երկուսը ամբողջությամբ գրքերով են պատված։ Շատ եմ սովորել ու կարծում եմ, որ կոնկրետ իմ բնագավառին այնքանով եմ ծանոթ, որքանով երկրի ցանկացած այլ բնագավառի։ Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում չեմ երևացել համալսարանում։ Ասել եմ, որ հիվանդ եմ, և նրանք ինձ չհավատալու պատճառ չունեն։ Քառասուներորդ տարեդարձիս մոտենալու հետ ավելի մռայլ եմ դարձել և վերջին երկու շաբաթների ընթացքում միայն ամենակենսական նպատակներով եմ լքել սենյակս։

Մի որոշ ժամանակով դադարեցրի գրելս, որովհետև ինձ թվաց, թե ճանաչեցի նրա ոտնաձայները։ Նույնիսկ այսքան տարի անց զգում էի, որ կարող եմ ճանաչել դրանք։ Սակայն սխալվեցի։ Ու կրկին դրանք իմ դռան մոտով անցան դեպի փոքրիկ հրեա աղջկա դուռը։ Չեմ կարող հստակ ասել՝ արդյոք նո՞ւյն անձը, թե՞ տարբեր մարդիկ են, որ ամբողջ գիշեր այցելում են նրա սենյակ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ կասկածում եմ, որ նա մարմնավաճառ է։ Բայց համոզված լինել չեմ կարող։ Երբ միջանցքում կամ աստիճանների վրա պատահաբար հանդիպում ենք, պարզապես քաղաքավարի գլխով ենք անում և քթի տակ բարևում իրար: Նրա աչքերի մեջ եմ նայում, բայց ոչինչ թույլ չի տալիս ենթադրել, որ նա կարող էր խաբել ինձ։ Փոքրիկ ու նիհարիկ է։ Փարթամ սև մազեր ունի և հաճախ մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկներ է կրում։ Երկարաճիտ կոշիկներ ու գիշերային ոտնաձայներ․ ահա այն ամենը, ինչ ունեմ որպես ենթադրություններիս ապացույց։ Կուզեի ավելին իմանալ ու հաճախ նրա գիշերային զվարճանքներից որևէ բան որսալու հույսով՝ ականջ եմ դնում սենյակիս հեռավոր անկյան պատին։ Բայց ոչինչ չեմ կարողանում լսել։ Այստեղ նստելով՝ տարօրինակ հանգստություն եմ գտնում նրանում, որ մտածում եմ նրա մասին և փորձում եմ պատկերացնել, թե ինչ է այդ պահին կատարվում նրա սենյակում։ Նրան մի բաժակ սուրճի հրավիրելու գաղափարը շատ անգամ է մտքովս անցել։ Բայց հետո մտքերս վերադառնում են այսօրվա գիշերվան, քառասուներորդ տարեդարձիս և Ջեյին։

Մասամբ Ջեյի պատճառով է, որ ինքս ինձ բռնացնում եմ այն բանի վրա, որ մտորում եմ՝ արդյոք իմ հրեա հարևանուհին մարմնավաճառ է, թե՝ ոչ։ Ի վերջո այդ նա էր, որ իմ ուշադրությունը հրավիրեց Սալի Քրոֆիկի վրա, երբ վերջինս շատ տարիներ առաջ դուրս եկավ գյուղի նպարեղենի խանութից։ Այն ժամանակ ես տասնմեկ տարեկան էի, իսկ Ջեյը պետք է որ տասնհինգ լիներ։ Եկեղեցական սրահի դիմացի պատին նստած էինք, երբ նա արմունկով հրեց ինձ և գլխով դեպի Սալին նշան արեց։

-Ենթադրում եմ՝ չգիտես նրա մասին, այնպես չէ՞, - ասաց նա ինձ։

Հարցրի նրան՝ ինչ նկատի ուներ, և նա ծիծաղեց՝ ասելով, որ ցույց կտա, եթե ես ցանկանամ։ Ջեյի ակնարկներն ինձ ծայրաստիճան հետաքրքրասեր դարձրին, և այդ օրը մի քանի անգամ խնդրեցի նրան բացատրել։ Ամեն անգամ ծիծաղում էր ու խոստանում, որ հարմար պահի ցույց կտա։

Ջեյից վախենալը, ինչպես որ այժմ նստած եմ ես քառասուներորդ տարեդարձիս լուսադեմի ժամերին, ինձ համար նորություն չէ։ Նույնիսկ երեխա ժամանակ էի նկատում՝ ինչ-որ տարօրինակ բան կար նրա մեջ։ Իսկապես, ժամանակ առ ժամանակ մեծ վախ էի զգում նրանից։ Հանկարծակի այն կհամակեր ինձ, և կցանկանայի հնարավորինս հեռու փախչել նրանից։ Այժմ վստահ չեմ՝ արդյոք նա իրոք ինչ-որ բան էր արել, որպեսզի հրահրեր այդ պահերը։ Այն ամենը, ինչ հիշում եմ, այն է, որ լինում էին ժամանակներ, երբ քայլում էինք դաշտով կամ առվի մոտ զրուցում էինք, և վախը համակում էր ինձ, ու սկսում էի փախչել։ Առաջին մի քանի անգամը, երբ այդպես էի անում, Ջեյը հետևիցս էր գալիս՝ ստիպելով է՛լ ավելի հուսահատորեն փախչել։ Հեշտությամբ բռնում էր ինձ, գցում էր խոտերի մեջ և ծիծաղում՝ հարցնելով, թե ինչ պատահեց ինձ։ Հնարավոր է՝ իսկապես չգիտեր։

Մինչև հիմա փորձում եմ հիշել՝ ինչ առիթ էր տվել, որ այդպես վախենում էի նրանից։ Միայն մի միջադեպ է, այնուամենայնիվ, մտքիս գալիս։ Այդ օրերին նա հաճախ էր ինձ իր հետ վերցնում բարդու վրայից Սալի Քրոֆիկին լրտեսելու։ Կարծեմ՝ դեպի Սալիի ագարակատուն էինք ուղևորվում, հստակ չեմ հիշում։ Ամեն դեպքում հերկած դաշտի եզրով էինք քայլում, երբ հանկարծ մի նապաստակ տեսանք։ Նրա աչքերը բացվում ու փակվում էին հոգեվարքի ինչ-որ ներքին ռիթմով։ Մինչ ես, այդ տեսարանով կախարդված, կանգնած էի, Ջեյը ոտքով հրեց նրան ու ասաց, որ պետք է  տանջանքներից ազատենք վերջինիս։ Չգիտեմ՝ ուր գնաց այն ժամանակ Ջեյը, միայն գիտեմ, որ այլևս կողքիս չէր։ Նույնիսկ հետ չնայեցի, որպեսզի իմանամ, քանի որ միանգամայն կախարդված էի նապաստակով։ Ո՛չ սարսափ էի զգում, ո՛չ էլ խղճահարություն։ Տարօրինակ հիացմունք էր համակել ինձ, և աչքերը, որոնք ռիթմով փակվում ու բացվում էին, տարօրինակ թրթիռ առաջացրին։ Հետո մինչ հասցրի հասկանալ այդ, Ջեյը վերադարձավ ու պպզելով սկսեց ծանր քարով հարվածել այդ արարածին։ Ինձ թվում էր, թե նա հավերժ շարունակելու է հարվածել ու հարվածել միանգամայն հանգիստ, ասես ինչ-որ բան է պատրաստում քարից։ Նա շարունակում էր, իսկ նապաստակի աչքերը կարծես թե դեռ երկար շարունակում էին բացվել ու փակվել գլուխն ամբողջությամբ այլանդակվելուց հետո։ Նրանից մոտավորապես մեկ յարդ հեռավորության վրա էի կանգնած ու հետևում էի, թե ինչպես են աչքերը դադարում բացվել-փակվելուց։ Հետո Ջեյը ինձ իր հետևից քարշ էր տալիս ու ծիծաղում՝ ասելով, որ պետք է շտապենք, այլապես բաց կթողնենք Սալիին։ Բավականին ուժեղ քաշեց ինձ, և մենք շարունակեցինք գնալ։

Ինչ-որ մեկը հենց նոր դուրս եկավ հրեա աղջկա սենյակից, անցավ իմ դռան մոտով ու իջավ աստիճաններով։ Երբ դուռը բացվեց, նրանք մի փոքր խոսեցին, բայց ոչ մի բառ չկարողացա տարբերակել։ Մեկ տարուց ավելի է, ինչ նույն միջանցքում ենք ապրում՝ ես և նա։ Հիմարություն չէր լինի, եթե մի երեկո սուրճ խմելու հրավիրեի նրան։ Իրականում արդեն մի քանի ամիս է, ինչ մի փոքրիկ պլան եմ մշակում։ Նրա սենյակ կգնամ իր հեռախոսը խնդրելու պատրվակով՝ պատճառաբանելով, թե իմը շարքից դուրս է եկել։ Այդպես կկարողանայի գրել նրա հեռախոսահամարը։ Դա թույլ կտար ինձ համեմատել այն բազմաթիվ թվերի հետ, որոնք տեսել եմ փոստային բացիկների վրա զավեշտալի ու անպարկեշտ խորագրերի ներքո, որոնք փակցված էին մոտակա թերթի կրպակի պատուհաններին։ Իհարկե, այն, որ ես չգտնեի նրա համարը, ոչ մի կերպ չէր ցրի իմ կասկածները։ Այնուամենայնիվ, ինչ-որ բան է կատարվում, և հետագա ապացույցների հեռանկարը ոգեշնչում է ինձ։

Մեկ ժամից ավելի է անցել, ինչ սկսել եմ գրել։ Չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել ու հնարավոր չեմ համարի, որ Ջեյը չի գա։ Չնայած նրանից ունեցած վախիս՝ տարօրինակ հուզմունք եմ ապրում մեր նոր հանդիպման հեռանկարից։

Ջեյը լքեց մեր գյուղը, երբ տասնյոթ տարեկան էր։ Նրա վերջին ամառվա մեծ մասն անցկացրինք գետի մոտ։ Այդ ժամանակ արդեն բավականին փորձառու ձկնորս էի դարձել, և դա միակ բանն էր, որ ավելի լավ էի կարողանում անել, քան Ջեյը։ Հաճախ էր գալիս ինձ նայելու, նստում էր ափին ու մեկ ժամ կամ գրեթե այդքան խոսում էր։ Գրեթե միշտ բացառապես իր՝ գյուղը լքելու և աշխարհով մեկ ճանապարհորդելու պլաններից էր խոսում։ Սկզբում կգնար Լոնդոն, որտեղ աշխատանք կգտներ թատրոնում, իսկ հետո կուղևորվեր Թուրքիա։ Թե ինչու էր այդքան տարվել Թուրքիայով, այդպես էլ չհասկացա։ Շատ էր խոսում կանանցից ու Ֆրանսիայի հարավի մասին լսած պատմություններն էր պատմում։ Ասում էր, որ գյուղում ապրելը խեցու մեջ ապրելու է նման, ու եթե իմաստուն գտնվեմ, հենց որ մեծանամ, կհեռանամ այնտեղից։ Մի քանի անգամ ինձ ստիպեց խոստանալ, որ երբ ժամանակը գա (իսկ ես այն ժամանակ տասներեք տարեկան էի), կհետևեմ նրա օրինակին ու կմեկնեմ շուրջերկրյա ճանապարհորդության։

Մեկնելուց մի քանի օր առաջ եկավ ու գետի մոտ գտնվող իմ սովորական տեղում ձուկ բռնելիս գտավ ինձ։ Նա ասաց, որ իր պլանները ամբողջականացել էին։ Նրա ընկերը Լոնդոնում կապաստանի իրեն ու մի պիեսում դեր կտա։ Ընտիր տրամադրություն ուներ և անկաշկանդ շատախոսում էր, մինչ ես ձուկ էի որսում։ Պարզ հիշում եմ նրա պատկերը՝ իմ վերևում՝ խոտերի մեջ՝ զառիթափ գետափին, նստած նրա նիհար ու գրեթե անշնորհք մարմինը։ Նրա ձեռքերը շարժվում էին, բայց ես անմիջապես չհասկացա, որ  դրանք զբաղված են։

-Չգիտեմ՝ դու ոնց, - ասաց նա, - բայց ես չեմ ուզում ծերանալ։ Չարժե։

Մի փոքր շրջվեցի ու տեսա, թե ինչ է անում։ Իր գրչահատով փոքրիկ ճյուղի ծայրն էր տաշում։ Ուշադրությունս նորից դարձրի ջրի վրա դանդաղ տատանվող լողանին[2]։

-Երբեք չեմ ուզում հորս նման ծեր դառնալ, - շարունակում էր Ջեյը։ - Կարծում եմ՝ առաջինը ես եմ մահանալու։

-Այո՛, - շտապ ասացի ես, - լիովին համաձայն եմ։

-Ահա թե ինչ կասեմ քեզ։ Մենք՝ ես ու դու, պետք է գործարք կնքենք։ Կարող ենք սպանել միմյանց, երբ քառասուն տարեկան դառնանք։

Նրա ձեռքերը մի պահ դադարեցին շարժվել։

-Ի՞նչ եղավ քեզ, - հարցրեց նա։

-Հիմա կվնասես քեզ։

-Ի՞նչ։ Օ՜․․․,- նա մի կողմ նետեց ճյուղը։ - Բայց հենց նոր գլխի ընկա։ Ես քեզնից մի փոքր մեծ եմ։ Պետք է մեկ այլ պլան մտածել։

Հետևում էի, թե ինչպես մեկ այլ ճյուղ վերցրեց ու նորից սկսեց տաշել։ Լուռ նայում էի՝ ինչպես է կեղևը շերտավորվում նրա շեղբի տակ։

-Կվնասես քեզ, - վերջապես ասացի ես։ - Մատդ կկտրես։

Ջեյը թոթվեց ուսերն ու շարունակեց տաշել ճյուղը։ Ես ջրին և լողանին էի հետևում։ Չնայած հետկեսօրյա արևին՝ մրսում էի։

Նրա՝ գյուղից հեռանալուց հետո առաջին տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ նամակներով էինք փոխանակվում։ Ասում էր, որ ռեստորանում է աշխատում, միայն որպեսզի բավական փող վաստակի ու սկսի իր ճանապարհորդությունը դեպի արտասահման։ Վերջիվերջո կորցրինք կապը։

Ավելի քան քսան տարի չէի տեսել Ջեյին։ Նրա գտնվելու վայրի փնտրտուքները ևս մեկ անգամ դժվարին հարցուփորձերի հանգեցրին։ Բայց ի վերջո հասցե գտա, և մի երեկո հայտնաբերեցի, որ մռայլ շենքի առաջին հարկում գտնվող մի դուռ եմ թակում։ Ջեյն անմիջապես ճանաչեց ինձ ու ներս հրավիրեց։

Հյուրեր ուներ․ մի անճոռնի զույգ, որ գարեջուր էր խմում։ Կինը խոշոր էր ու խիստ շպարված։ Նրա տղամարդը ավելի երիտասարդ էր թվում, և պիջակի դարձածալին ծաղիկ էր կրում։ Երկուսն էլ ծայրահեղ հարբած էին։ Սակայն Ջեյը սթափ էր թվում։ Հակիրճ պատասխանեցի նրա հարցերին, սակայն առանց մտերմության։ Հետո նկատեցի՝ ինչպես ինչ-որ շփոթված տրամադրություն համակեց նրան, ու տեսա, թե ինչպես է աչքերով զննում սենյակը և ակնթարթային հայացքներ գցում հյուրերի կողմը։ Նրա հարցերն ավարտվեցին, և տեսա, թե որքան դժվար է նրա համար նայել ինձ վրա։

Նրա սենյակը ոչնչով աչքի չէր ընկնում՝ բացի իր դատարկությունից։ Քիչ բան կար, որ կարող էր շեղել հայացքը մաշված բազկաթոռներից կամ գորշ դարչնագույն սուրճի սեղանից։ Լույսի միակ աղբյուրը անկյունում դրված խամրած լամպն էր, և խավարի միջից դժվար էր որոշել, թե արդյոք նրա պատերը պաստառապատված են։ Նրա ընկերները շարունակում էին շաղակրատել ու ծիծաղել, բայց Ջեյը լռեց։ Ես նույնպես քիչ էի խոսում։ Մի քանի անգամ ոտնաձայներ լսեցի դրսի միջանցքից։ Վերջիվերջո կեսգիշերին մոտ հյուրերը վեր կացան, որ գնան։ Դռան մոտ շպարով կինը աղմուկով համբուրեց Ջեյին՝ հույս հայտնելով, որ նա հրաշալի ծննդյան օր է անցկացրել։ Վերջապես մենակ մնացինք։

Ջեյը զգալիորեն փոխվել էր։ Բավականին գիրացել էր, և նրա կեցվածքը մի փոքր կորացել էր։ Հոգնած տեսք ուներ և ասաց, որ անցյալ երկու շաբաթվա ընթացքում նորմալ չի քնել։ Ասաց, որ պահեստապետ է աշխատում։ Հարցրի, թե արդյոք իրեն դուր է գալիս իր աշխատանքը, և նա պատասխանեց, որ լավ աշխատանք է։

-Քեզ ծննդյան նվեր եմ բերել, - ասացի ես և պայուսակիցս հանեցի փաթեթը։

Ջեյը առաջ եկավ նստած տեղից, և մի պահ նրա դեմքը ոգևորությունից պայծառացավ։ Վերցրեց ծանրոցը և մի որոշ ժամանակ առանց փաթեթավորումը բացելու ուսումնասիրում էր այն։ Հետո դանդաղ հեռացրեց թուղթը, նայեց սև պատյանին և ժպտաց։ Բացեց այն ու բարձրացրեց հոնքերը․

-Ի՞նչ է սա, ծերո՛ւկ։ Բանանի դանա՞կ։

-Ո՛չ։ Թուրքիայից է։ Պատրաստված է այն օրինակով, որը թուրքերն օգտագործել են տասնվեցերորդ դարում։ Հատկապես կոթը հավանեցի։

-Հա՜, Թուրքիայից։

-Միշտ ցանկացել ես գնալ այնտեղ, - ասացի ես։

-Այո՛, շատ վաղուց։ Հարկավոր է հրաժարվել մանկական բաներից, - ժպտաց ու դանակը պատյանից հանեց։ Այն գրեթե երկու ոտնաչափ երկարություն ուներ, միանգամայն նրբաոճ հնություն էր։

-Երբևէ ճամփորդե՞լ ես, - հարցրի ես։

- Այո՛, մի անգամ։ Շատ վաղուց էր։ Այժմ դա այլևս ոչ մի նշանակություն չունի, - հոգնած ժպիտ ձգեց իմ կողմը և զգուշորեն դիպավ դանակի սայրին․

-Դու եկել ես, որ խղճի նման հետապնդե՞ս ինձ, ծերո՛ւկ։

-Ուրախ չե՞ս ինձ տեսնելու համար։

-Իհա՛րկե, ուրախ եմ։ Բայց պետք է հասկանաս։ Այժմ ինձ մոտ ամեն ինչ այնքան ձանձրալի է։ Մռայլ ու տաղտկալի, - մի փոքր ծիծաղեց։ -Բայց ցավում եմ։ Չպետք է այդքան մռայլ լինեի։ Տեսնում ես, հիմա գիշեր է։

Գլխով նշան արեցի դռան կողմը։

-Միգուցե սրա պատճառով ես այդքան վատ քնում, - ասացի ես։ - Բոլոր այս հետ ու առաջ գնացող ոտաձայները։

-Միգուցե։ Դիմացի երիտասարդ լեդին սիրում է զվարճացնել իր հյուրերին։ Երբեմն մինչև լուսաբաց։

-Հենց նոր քո այդ ընկերները։ Աշխատավայրի՞ց ես ճանաչում նրանց։

-Հազիվ թե ընկերներ, ծերո՛ւկ։ Ուղղակի ծանոթներ։ Ժամանակ առ ժամանակ մտնում են այստեղ։ Ի դեպ, - նա առաջ եկավ ու սուրճի սեղանի վրա դրված բանալիների կապոց վերցրեց, - մոտավորապես մեկ շաբաթ առաջ սրանք ինչ-որ մեկն այստեղ է թողել։ Կարծում եմ՝ քոնը չեն, այնպես չէ՞։

-Ո՛չ։ Իմը չեն։

-Հա՜, լավ, - բանալիները դրեց, հետո զգուշորեն դանակը հետ դրեց պատյանի մեջ։

-Այո՛, շատ բարձր եմ գնահատում այն գիտական զեկույցը, որ կարդացիր Թուրքիայի ճարտարապետության վերաբերյալ: Թարմացուցիչ եմ համարում այն։

-Շնորհակալ եմ։ Չգիտեի, որ ներկա ես եղել։

-Դե իհա՛րկե։ Միշտ փորձում եմ հետ չմնալ։ Վերջիվերջո, ծերո՛ւկ, մեր բնագավառները գրեթե կապ չունեն միմյանց հետ։ Օ՜, այո՛, ես փորձում եմ հետ չմնալ։

-Ի՞նչ նկատի ունես՝ ասելով, որ մեր բնագավառները գրեթե կապ չունեն միմյանց հետ։ Ես գիտնական եմ, դու՝ պահեստապետ։

Ջեյը կրկին ծիծաղեց․

-Ոնց է՛լ ասացիր, ծերո՛ւկ։ Բայց գիտեմ՝ բարի մտադրություններ ունես։ Իրոք, այդքան չպետք է անհանգստանաս ինձ համար։ Սո՞ւրճ։ Ի՞նչ կասես։

Գլխով արեցի, և նա անհետացավ փոքրիկ խոհանոցում, որը կցված էր սենյակին։ Որոշ ժամանակ լսում էի, թե ինչպես է թխկթխկացնում բաժակները և անոթները։ Այնուհետև հնարավորինս բարձր ձայնով ասացի, որպեսզի նա լսի․

-Հիշո՞ւմ ես պայմանագիրը, որ մի անգամ կնքել էինք։

-Ի՞նչ ասացիր, - լսվեց նրա ձայնը։

-Մենք՝ ես և դու, պայմանագիր էինք կնքել։ Գետի մոտ։ Ես ձուկ էի բռնում, իսկ դու իմ հետևում նստած էիր։

-Իրո՞ք։ Ե՞րբ է դա եղել։ Շաքարավազ ուզո՞ւմ ես։

-Ո՛չ, շնորհակալություն, - ասացի ես՝ ոտքի կանգնելով։

Նա մտավ սենյակ՝ յուրաքանչյուր ձեռքում մեկ բաժակ սուրճ բռնած։ Կանգ առավ ու զարմացած նայեց ինձ։ Բավականին անփույթ կերպով էի բռնել դանակը, բայց պահվածքիս մեջ ինչ-որ մի բան մատնեց ինձ։ Նրա շուրթերը մի փոքր բացվեցին, հետո նորից փակվեցին։ Այլևս հոգնած տեսք չուներ, և մեկ վայրկյանով հիշեցի, թե ինչպիսին էր նա ինձ համար տասնյոթ տարեկանում։

Հավանաբար մի ամբողջ րոպե հայացքներս միմյանց հառած կանգնած էինք։ Նա սուրճի բաժակները չդրեց, իսկ դեմքը բոլորովին անտարբեր արտահայտություն ստացավ։ Ազատվեցի քողարկման ցանկացած տեսակի մտքերից և դանդաղ բարձրացրի դանակը։

-Այո՛, հիմա հիշեցի, - ասաց նա։ Նրա ձայնը ցանկացած տեսակի զգացմունքից զուրկ էր։ - Ուրեմն եկել ես պայմանագրի քո բաժինն իրագործելու։

-Ես լուռ էի, բայց մեկ քայլ առաջ եկա, որպեսզի հարվածի հեռավորության վրա հայտնվեմ։

-Այո՛, լավ հիշում եմ, - շարունակեց նա։ - Իսկ ես մտածում էի՝ չես լսում։ Ամբողջովին կլանված էիր քո ձկնորսությամբ, - արագ ժպտաց, հետո նրա դեմքը նորից անհաղորդ դարձավ։ - Բայց դու դեռ շատ ժամանակ ունես մինչև քառասուն տարեկան դառնալդ, ծերո՛ւկ։ Ուզում ես, որ ես նույնպե՞ս իրագործեմ գործարքի իմ բաժինը։

-Ինչպես որ կամենաս։

-Ուրեմն՝ թող այդպես էլ լինի։

Կանգնած մնացի նրա առաջ՝ դանակը գլխավերևում բարձրացրած պահելով։ Խոհանոցի լույսը նրա դեմքի մի մասն էր լուսավորում՝ ընդգծելով այտերի և ծնոտի ոսկորները։ Դեմքի մյուս մասը խավարի մեջ էր, և ես կարող էի տեսնել միայն մեկ աչքը, որը անտարբեր արտահայտությամբ էր նայում։ Հետո աչքը հոգնած արտահայտություն ստացավ՝ գրեթե անհամբեր։ Լսեցի՝ ինչպես դրսում մեքենա անցավ։ Վերջիվերջո սկսեցի հարվածել։ Ջեյը մի ձայն անգամ չհանեց, մինչ ես ավարտին էի հասցնում հարվածներս։ Սուրճը, որ բռնել էր ձեռքում, սկսեց դանդաղ հոսել գորգի վրայով։

Աջ ձեռքիս ճկույթը սկսեց ուժեղ անհանգստացնել ինձ։ Մի քանի օր առաջ հատիչով վնասել եմ այն, երբ հունական աստվածուհու արձանիկն էի քանդակում։ Վնասվածքի պատճառով անմիջապես դադարեցրեցի գործողությունները, և արձանիկն անավարտ մնաց՝ անկյունում ինչ-որ թերթի վրա դրված։ Այն ավարտին հասցնելու ցանկություն չունեի։ Նորից ու նորից էի քանդակում ճիշտ նրա նման աստվածուհիներ։ Նման ձեռքբերումներն այլևս նույն բավարարվածությունը չեն պատճառում, ինչ ժամանակին։

Վերջին կես ժամվա ընթացքում ոտնաձայներ այլևս չեմ լսում։ Փոքրիկ հրեա հարևանուհիս կարծես թե մի գիշերով դադարեցրել է իր գործունեությունը։ Բայց այժմ ինձ բռնացնում եմ այն բանի վրա, որ ուսիս կողմ հանկարծակի հայացքներ եմ գցում։ Ամեն անգամ թեթևության և հիասթափության տարօրինակ խառը զգացումներ եմ ունենում, երբ հայտնաբերում եմ, որ Ջեյը մեջքիս հետևում կանգնած չէ։ Նա կգա, ես վստահ եմ։ Չորս տարի առաջվա հաղթանակի անիմաստությունն այժմ ինձ համար շփոթեցնելու չափ ակնհայտ է։ Բավական է, որ հայացք գցեմ այս սենյակին, գրքերիս, արձանիկներին, կահույքին, այն ամենին, ինչին հասել եմ այս քառասուն տարիների ընթացքում, գիտեմ, որ նա կգա այստեղ իր ակնածանքն արտահայտելու։

 

 

[1] Սեղանի վրայի թղթերը ցրվելուց պահպանելու հարմարանք։

[2] Ձկնորսական կարթին ամրացված խցան (ռետին, կապար և այլն) կարթը ջրի մեջ սուզելու համար:

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 2763

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: