Երազում ինձ քեզ հետ տանում էիր
Երազում ինձ քեզ հետ տանում էիր
մի սպիտակ արահետով,
մի կանաչ դաշտի կենտրոնով
դեպի երկնագույն լեռնաշղթաները,
դեպի երկնագույն լեռնագագաթները:
Զգացի ձեռքդ ափիս մեջ,
քո կողակցի ձեռքը,
ականջիս մեջ աղջկական ձայնդ,
ասես մի նորահունչ զանգ,
ասես կուսական մի զանգ,
որն հնչում է գարնանային այգաբացին:
Քո ձայնն էր ու քո ձեռքը
երազներումս, այնքա՜ն իրական...
Ապրի՛ր, հույս իմ, ո՞վ գիտե,
էլ ի՞նչ է մեզ սպասվում երկրի վրա:
Վատ երազներ
Հրապարակը ստվերոտ է.
հանգչում է օրը:
Զանգերն են հնչում հեռվում:
Պատշգամբներից և պատուհաններից
ապակիներն են լույս արձակում
դժգույն արտացոլանքով,
ինչպես սպիտակավուն ոսկորներ
ու փխրուն գանգեր:
Փայլում է ամբողջ կեսօրին
մի լույս մղձավանջային:
Մայրամուտին արևն է շողում:
Քայլերիս արձագանքն է հնչում:
Այդ դու՞ ես: Արդեն վաղուց սպասում էի քեզ ...
Չէ՞ որ փնտրում էի հենց քեզ...
Երբ իմ կյանքում կլինի
Երբ իմ կյանքում կլինի
ամեն բան պարզ ու թեթև
ուրախ գետի պես,
որ վազում է երջանիկ
դեպի ծովը,
դեպի ծովն անհայտ,
որ սպասում է
լի երգով ու արևով։
Երբ ծաղկում է
սրտումս գարունը,
դու ես, կյա՛նք իմ,
ոգեշնշում ինձ
նոր բանաստեղծության:
Խաղաղության և սիրո երգի,
որն արյան ռիթմով,
հոսում է երակներով:
Սիրո և խաղաղության երգ:
Միայն քաղցր բաներ և բառեր:
Քանի դեռ,
քանի դեռ կարող ես, պահի՛ր
պոեզիայիս ոսկե բանալին
քո զարդերի մեջ:
Պահպանի՛ր ու սպասի՛ր:
Խորհուրդներ
Այս սերը, որը ցանկալի էր լիներ,
գուցե շուտով կլինի,
բայց ե՞րբ հետ կդառնա այն,
ինչ նոր-նոր է պատահել։
Այսօրը երեկից հեռու է:
Երեկն այլևս երբեք հետ չի գա:
Ձեռքում եղած մետաղադրամը
երևի պետք է պահպանել.
հոգու մետաղադրամը
կորած է, եթե չես նվիրում:
Գարունը համբուրում է
Գարունը մեղմորեն
համբուրում է ծառուղին,
և նորից կանաչն է բողբոջում,
ինչպես ծխի կանաչ քուլա:
Ամպերը սահելով անցնում են
ջահելացած դաշտի վրա ...
Տեսա դողդոջուն տերևների մեջ
ապրիլյան ցուրտ անձրևները:
Այդ ծաղկած նշենու տակ,
ամբողջովին ծաղիկներով բեռնված
հիշեցի, որ անիծել եմ
իմ անսեր ջահելությունը:
Անցել եմ կյանքիս կես ուղին,
Դադարել եմ մտորելը...
Երբեք չապրած երիտասարդություն,
մեկը նորից քեզ է անրջում:
Դաշտավայր
Կեսօրը վախճանվում է,
ինչպես մի հանգող, համեստ օջախ։
Այնտեղ՝ լեռների կատարին,
ծխի թեթև մշուշ է կապել։
Իսկ ճերմակ արահետին ընկած, այս կոտրված ծառը
ստիպում է ափսոսանքից արցունք թափել։
Երկու ճյուղ վիրավոր բնի վրա և մեկ
թորշնած ու սևացած տերև ամեն ճյուղին։
Լա՞ց ես լինում… Դեղնած բարդիների միջև կանգնած՝ հեռու- հեռվում,
ուր քեզ սիրո ստվերն է պաշտպան կանգնում։
Պարտեզ
Քո պարտեզի սահմանից դուրս կեսօրն այրում է
բոսորագույն կրակներում ոսկեփայլ խնկենուն,
անտառի ետևում ամեն ինչ մոխրապատ է ու պղնձի գույն։
Քո պարտեզում աճում են գեորգիններ։
Անիծյա՛լ լինի քո պարտեզը...Այսօր ինձ թվում է՝
այն վարսահարդարի ձեռքով է կերտված,
այդ խեղճ, գաճաճ արմավիկով
և կտրտած մրտենու այդ պատկերով...
Ու նարնջենին իր տակառիկում.. Ջուրն
Է հոսում քարաշեն աղբյուրից՝
անդադար ծաղրելով սպիտակ խեցուն։
Կյանքում միայն հուզիչ պահերն եմ հիշում
Կյանքում միայն հուզիչ պահերն եմ հիշում,
և մոռանում մնացած ամեն բան.
մեծ մասը հիշողությունիցս դուրս է թռչում։
Իսպաներենից թարգմանեց Անի Գասպարյանը
- Hits: 4089