Այս սատիրիկ շարադրությունը գերմանացի լրագրող և գրող Կուրտ Տուխոլսկին հրապարակել է 1931 թվականին՝ կեղծանունով, որպես  5-րդ դասարանում սովորող մի աշակերտ: Տուխոլսկին հայտնվել էր Երրորդ Ռայխի քաղաքացիությունից զրկվածների առաջին ցանկում, հետագայում նրան մեղադրեցին հայրենիքի դավաճանության և զինվորական գաղտնիք հրապարակելու համար ու նա մահացավ աքսորում:

Մարդն ունի երկու ոտք և երկու համոզմունք. մի համոզմունքն այն դեպքերի համար, երբ նա իրեն լավ է զգում, մյուսը` երբ իրեն լավ չի զգում: Վերջինս կոչվում է կրոն:

Մարդը ողնաշարավոր կենդանի է և ունի անմահ հոգի, ինչպես նաև հայրենիք, որպեսզի իրեն շատ չերևակայի:

Մարդը բազմանում է բնական ճանապարհով, բայց ինքն այդ ճանապարհն այդքան էլ բնական չի համարում, ուստի գերադասում է այդ մասին շատ չխոսել: Մարդը ստեղծվում է,  առանց  հաշվի առնելու արդյո՞ք ուզում է ստեղծված լինել:

Պետությունը պաշտպանում է պտուղը արգանդում, բայց ծնվելուց հետո կորցնում է հետաքրքրությունը դրա հանդեպ: Մարդը օգտակար էակ է, որովհետև ծառայում է նրան, որ իր զինվորական մահով բարձրացնի նավթի գինը, իր հանքափորային մահով ավելացնի ձեռնարկատերերի շահույթը, նույնը վերաբերում է նաև մշակույթին, արվեստին և գիտությանը:

Բազմանալու, ուտելու և խմելու ձգտումների հետ մեկտեղ մարդն ունի երկու կիրք` աղմկել և չլսել: Կարելի է ասել, որ մարդը մի էակ է, որը չգիտի լսել: Եթե նա իմաստուն է, լավ էլ անում է, որովհետև խելքը գլխին լսելու բան հազվադեպ կարելի է գտնել:

Մարդիկ հաճույքով  լսում են խոստումներ, շողոքորթություններ, խոստովանություններ և հաճոյախոսություններ: Շողոքորթությունների դեպքում խորհուրդ է տրվում  սովորականից երեք անգամ ավելի բուռն  լինել, քան դա հնարավոր է պատկերացնել:

Մարդն իր նմանին  ոչինչ թույլ չի տալիս, դրա համար էլ օրենքներ է հնարել: Իրեն չի կարելի, ուրեմն ուրիշներին էլ չի կարելի: Մարդու վրա հույս դնելու դեպքում, լավ է նրան ամուր հեծնել, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ամենաքիչը համոզված լինել, որ նա չի փախչի: Իհարկե, որոշները բնավորության վրա էլ են հույս դնում:

Մարդիկ բաժանված է երկու մասի. արական մասը, որ մտածել չի ուզում և իգական մասը, որ մտածել չի կարող: Երկուսն էլ ունեն, այսպես կոչված, զգացմունքներ, որ առաջ են գալիս օրգանիզմի նյարդային կետերի որոշակի գործառույթների օգտագործման հետևանքով: Այս վիճակում, որոշ մարդիկ նույնիսկ բանաստեղծություններ  են արձակում իրենցից:

Մարդը բուսամսակեր է: Հյուսիսայում բևեռում ամենուր ուտում է տեսակների՝ սեփական պատկերով, հետո ֆաշիզմը սա հավասարակշռում է:  

Մարդը քաղաքական էակ է, որն  առանձնակի հաճույքով իր կյանքն անցկացնում է քաղաքական կույտեր խցկվելով: Ամեն մի կույտ ատում է մյուսին, որովհետև այն ուրիշ կույտ է, և ատում է յուրայինին, որովհետև այն յուրային է: Վերջին տեսակի ատելությունը կոչվում է հայրենասիրություն:

Ամեն մարդ ունի լյարդ, թոք, փայծաղ և դրոշ: Բոլոր չորս օրգաններն էլ կենսական նշանակություն ունեն: Կան մարդիկ, ովքեր չունեն լյարդ, փայծաղ, կամ թոքի մի կեսը, բայց դրոշ չունեցող մարդիկ չկան: Բազմանալու թույլ ունակությունները մարդը երբեմն փոխարինում է ցլամարտով, հանցագործությամբ, սպորտով և դատական համակարգով:

Չի կարելի մարդու նկատմամբ մարդ լինել: Կան մարդիկ, որ իշխում են և մարդիկ, որ իշխվում են: Բայց դեռ ոչ ոք ինքն իրեն չի իշխել, որովհետև ընդդիմացող ստրուկը իշխանատենչ տիրոջից միշտ էլ զորեղ է:

Ցանկացած մարդ ինքն իրենից ցածր է:

Երբ մարդը հասկանում է, որ այլևս վեր բարձրանալու տեղ չունի, դառնում է խելամիտ և իմաստուն: Պարզվում է, որ մնացած խաղողներն արդեն թթու են, և նա սկսում է ընկղմվել սեփական անձի մեջ: Մարդկանց տարիքային տարբեր խմբեր միմյանց վերաբերվում ինչպես տարբեր ռասաների ներկայացուցիչների. ծերերը մոռանում են, որ իրենք էլ են երիտասարդ եղել կամ որ արդեն ծեր են: Իսկ երիտասարդները երբեք չեն կարողանում ընդունել, որ իրենք էլ են ծերանալու:

Մարդը երբեք «հաճույքով» չի մեռնում, որովհետև չգիտի՝ հետո ինչ է լինելու: Նա պատկերացնում է մահը՝ գիտակցելով, որ մի քիչ էլ է ուզում ապրել: «Մի քիչ»-ն այստեղ նշանակում է «հավերժ»: Բայցևայնպես՝ մարդը մի էակ է, որ աղմկում է, կատարում է վատ երաժշտություն և հաչեցնում է իր շանը:

Երբեմն  նա նաև լռում է. այն ժամանակ, երբ մեռած է:

Մարդկանց կողքին կան նաև սաքսոնցիներ և ամերիկացիներ, բայց կենդանաբանությունը մենք կանցնենք  հաջորդ դասարանում:

 

Գերմաներենից թարգմանեց Անի Պողոսյանը

  • Hits: 2970

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: