Սարսափելի ցրտեր են, քաղաքական կրքերը
չեն տաքացնում... հիմա ապրելն ավելի կարևոր է - չնայած
բոլորը զբաղված են գոյությունը մի կերպ պահպանելով...
Սխալները շատ են, կետերի փոխարեն չակերտներ,
աղքատությունը շեփորահար է, նրա ձայնը
լսում են անգամ կլինիկական մահ տարածները
և ծիծաղելի է իմաստության մարգերում կաղամբ որոնելը,
սուտ է - քաղաքականությունը ընտրյալներին էլ չի կերակրել,
նրա հնարավորությունները սպառել են աճպարարները
և արդեն վերջ, մեր դիմաց ուռճացած սխալներն են՝
ոստիկանության համազգեստով - նրանց ասում ենք՝ բարև,
և մահակները պտտվում են հումանիզմի դասերն անգիր արած,
մի հավատացեք աշխարհում պտտվող լոզունգներին,
հումանիզմը ստրուկներին
մի սենյակից մյուսը տեղափոխելու ծանր գործողությունն է,
երբ գիտես, որ ոչ մեկը տեղ չի հասնելու...
Ցրտերը շարունակվում են, այնպիսի ցրտեր են, 
որ սրտիս տակ սառել է ցանկությունը երազելու…

 

***

Այս հիշողության միջով շատ գինի է հոսել,
ու էլի հավատալու չէ, որ իրականությունը
դատարկվել է հարազատներից... Ես փորձում եմ
նրանց դեմքերը հիշել... Բայց գիշատիչ կիրակիները, 
որոնց աչքերը փորի տակ են, սեռական օրգանները՝ աչքերից վեր,
հասցնում են աղավաղել բոլորի դեմքերը,
ու օտարության դաշտը ցանկապատել երկուշաբթիներով...
...որից հետո
դատարկության անտաշ կոտոշները
կորացնում են ուսերս որպես աղեղ՝
նրանց սուր ծայրերով խրելով
ժամանակի կողերի մեջ...

 

 ***

Դաշնամուրը գլխիս մեջ, երաժշտությունը թութակի պես
ուսիս վրա... ԵՍ այլևս չկա, ավելի նորաձև է ՄԵՆՔ-ը...
Ուսիս թութակը չի կարողանում դաշնամուրին հասնել,
մի քիչ նման է ինձ,
երբ դժվարանում եմ դժգոհության պատը հաղթահարել...
Ծանր, անհաղթահարելի այդ պատը,
եթե նույնիսկ քո մեջ են Մոցարտը, Բեթհովենը, Շոպենը,
անգամ Բախը... Իմ երկրում նորից ձմեռ է, զզվելի
անմարդկային է այս ցուրտը, բանտի պես ճնշող,
երբ սառած երկնքի միջով
մանկան բարուրների երամը տաք երկիր է փնտրում,
ինչու՞, եթե երկնքում չի գտնելու երկիր ու հող...

Ոչ մեկը չի կարող ինձ համոզել, որ կորուստների համար
երկիրն իմ չի արտասվում.... բայց խլությունը
նրա արցունքներն էլ է շպարում ասֆալտով...
ես այլևս չկա, ավելի նորաձև է ՄԵՆՔ-ը...
քանի օր այս նույն բանն եմ ասում,
ԵՍ-ը ծնվում է աղմուկով
ու արագ լուծվում է խլության մեջ,
ինչպես ձյունը ջրում...

 

***

Եվ ցավի ցողունն իմ միջով բարձրացավ դեպի կյանքը,
ցողունը շարունակում է բարձրանալ.
նրա ստվերը բառերի վրա է, ամենօրյա խոսակցությունների,
ինչն անհասկանալի է եվրոպացիներին,
որոնց հաճույքն անբանական է, ինչպես և
նրանց ժողովրդավարությունը, որ ավելի հիվանդություն է,
քան ապրելու տարածք, իսկը համաճարակ`
մառախուղի պես Արևելքի փողոցներով, փոքր ինչ
շպարված, թեև ում է պետք նրա փայլը,
երբ մաշկի տակ բորբոսնած է իրականությունը...

Որից անբանական է նաև ցավի ցողունը...

 

***

Կյանքը նույնն է, կյանքը չի մահանում,
կյանքը նույնն է ու մեկը,
փոխակերպումները նույն կյանքի մեջ են լինում՝
քարը դառնում է մարդ, մարդը՝ ջուր,
ջուրը՝ ծաղիկ, ծաղիկը՝ մեղու,
որովհետև բոլորին զգում եմ որպես եղբայր ու քույր,
և բոլորիս հայացքը պարզված է վեր,
որտեղից լսելի է մեր Հոր ձայնը՝
ՍԻՐԵՔ ԻՐԱՐ։
Բայց ես ուրիշի եմ սիրում, ասում եմ՝ Հայր,
և այդ ուրիշը խանդոտ է,
և այդ ուրիշը հիշողության մեջ էլ
չի պատկերացնում ու չի հաշտվում,
որ ինձ թույլատրված է առանց իրեն լինել
և այդ ուրիշի համար կարևոր չէ,
թե երբ՝ ինչ եմ եղել նախորդ կյանքում՝
ծաղի՞կ, թե՞ քար, ջո՞ւր, թե՞ մեղու,-
ես փոխվել եմ,
նա մնացել է նույնը ու չի փոխվել,
սիրել թե՝ ատել եմ,
նա շարունակել է միայն խանդել։
Վիճակը շարունակվում է արդեն հազար տարի
ու դեռ հավանաբար կշարունակվի,
մինչև նրա խանդի հալածանքից հոգնեմ,
մինչև կյանքն ինձ խաչի փոխակերպի,
ու նույն կյանքը
ինձ իմ խաչին էլ խաչի…

 

 ***

Ես ասացի՝ ամառը վերջանում է,
ու այդպես էլ չեմ հասցրել զգալ նրա ներկայությունը,
ցավը, որ դմակի պես կախվել է հետույքիցս
ստիպել է դողացնել, երբ ասֆալտը հալվել է արևից...
Ես ասացի ամառը վերջանում է և չարժե
պարահանդեսներ կազմակերպել,
երաժշտությունը թուլացնում է զգայարանները
և անարգել են դառնում հրաժեշտի արցունքները,
որից թոռնիկս ճչում է՝ պապիկ, ինչու՞ ես լացում.
չեմ լացում -ասում եմ, շոգից քրտնել են աչքերս,
չեմ լացում - ասում եմ, վախենալով,
որ նրան դեռ վաղ է տեսնել,
ինչպես են արտասվում տղամարդիկ...

 

***

1926 թվականի հոկտեմբերի 16-ին ծնվել է մայրս,
նախադասությունը կրկնում եմ արդեն մի քանի անգամ
ու չի հաջողվում միտքս ժամանակի միջով առաջ հրել,
որովհետև
դեռ մահանալուց առաջ էր մայրս շփոթել
քաղաքը, փողոցն ու ժամանակը
և մեր զրույցը
այն օրերից էր կիսատ...

Եվ այն օրերի անորոշությունն էլ գրկած,
անանուն աղոթքի շշուկներով,
շնորհավորում եմ նրա ծննդյան օրը՝
մտովի հիշեցնելով մեր կիսատ խոսակցությունը
երազելով գոնե մյուս աշխարհում այն ավարտել...

  • Hits: 232