Սաղմոս 15

Թույլ մի տուր այդքան հեռու
փնտրեմ քեզ, Տեր,
և վրիպեմ առանցքը քո դռան:

Ինչ ունեի՝ հոգի ու մարմին,
հավաքեցի մի սրտաչափ բռի մեջ
և ամենը վստահեցի քեզ.
համոզված էի,
որ ետ եմ առնելու ամբողջ ու կատարյալ:

Անկատար կատարեցիր,
բաժանեցիր` ինչ-որ քոնն էր իմ մեջ,
ինձ հանեցիր ինձնից ու չգումարեցիր քեզ.
ծուխ եմ առանց կրակ,
ինձ գնել ու չես վճարել:

Քննիր թաքունն ու պահածը իմ,
որ անիմանալի է ինձ:
Չեմ ուզում երկնքի երկիրը,
տո'ւր երկինքը երկրի վրա,
ուր հաց կկիսեմ քեզ հետ.
ինձ մի կորցրու առանց գտնել:

Իմ խոսքն եմ ուղղել քո լռությանը,
ձայնդ չեմ լսում.
կյանքս հարց է անպատասխան
քեզ հետ զրույցում:

Մի՛ տուր այն, Տեր, ինչ սպասում եմ ես,
եղիր այնպես, ինչպես գիտեմ քեզ:

 

Սաղմոս 18

Հեռու տար, Հայր,
այս գիշերը բոլորովին մերկ,
ուր չեմ կարող մտնել ես:

Այնտեղ երեսունի աղմուկով
երեք արծաթ է կտկտում
իմ մատնության հատակին.
մարմնի կշիռ,
հոգու սահման,
մտքի չափում.
երեք կերպ ու մի կեցություն,
երեք արծաթ` երեսունի աղմուկով:

Այնտեղ անցյալ է ապագան` նախապես կատարված,
որտեղից չեն գալիս, գնում են միայն,
ու չի թվում, թե սպասում են ինձ.
հիմա ոչ ոք չի փնտրում,
արդեն չի կանչում ոչ մի ձայն:

Այդպես մի' բիբիր հայացքդ բարկության մեջ, Հայր,
քո պարտադիր ներելու պայմանն եմ աղոտ փայփայում.
սկիզբ չկար, վերջ էր միանշան,
երազ չէր` մղձավանջ ուղղագիծ,
նախ մահն էր, հետո կյանքը` արդեն ոչինչ.
առանց ատյան մի' հանձնիր ինձ:

Հեռու տար, Հայր,
այս գիշերը մատնության.
ինձ այնտեղ սպասում եմ ես:

 

Սաղմոս 20

Հիմա ստույգ գիտեմ,
որ չեմ սպասելու քո երկրորդ գալուն, Տեր,
քանի որ չես վերադառնա այնտեղ,
ուր տալու չունես, և չունեն քեզնից վերցնելու:

Նույն գազանն է երկրի վրա,
ու զոհն է նույնը` քո միակ կերպը,
և ամեն մատաղ էլի քո անունն ունի.
այստեղ մենք ենք` ե՛ս և էլի ե՛ս.
անցյալ, ներկա ու ապառնի ժամանակ:

Այդ ե՛ս էի, որ քեզ մատնեցի տաճարում
և նրանց բերեցի այգի.
բայց մինչ օրս ուժ չեմ գտնում ու զղջում,
որ պարանն առնեմ ու մոտենամ ծառին:

Ե՛ս էի, որ ուրացա քեզ 3, արդեն 33 անգամ.
և լաց չեմ լինում ոչ մի առավոտ,
երբ կանչում է աքաղաղը:

Ու ձեռքերս լվացի,
որ կարող էի մի բառ ասել,
և դու չէիր լինի խաչին` իմ փոխարեն:

Ե՛ս խփեցի մեխը առաջին,
իսկ մինչ այդ մտրակել էի վախկոտի պես.
իմ նիզակն էր, որ կտրեց կողդ
և իմ ձեռքն էր վիճակ գցում թիկնոցիդ համար:
Քացախ տվեցի, երբ ջուր ուզեցիր:

Իսկ երբ կանգնեցիր
որպես Հարություն մեռյալներից,
ես նշաններ պահանջեցի`
հստակ գիտակցելով`
դու հենց նա ես, որ Է':

Երկրորդ անգամ չես գա,
և չենք հանդիպի նորից.
ինձ ճանաչում ես, Տեր:

 

Սաղմոս 22

Աշխարհը սիրուն չի այնպես,
ինչպես պատմել էիր ինձ, Տեր․
հիմա, որ եկել եմ,
ո՞ւր գնամ ես։

Տագնապ ու թափառում էր սկիզբը,
վերջում լինելու է մատնություն։

Այն չէ մարմինն իմ,
որ պետք է ասեմ՝ առեք ու կերեք․
մինչդեռ նախաճաշին ուտում եմ ինձ,
ճաշին նորից ինձ եմ ուտում,
ընթրիքին էլի ինքս ուտում եմ ինձ
ու չեմ մարսում ներսուդուրսս,
որ ծամել եմ պատառ-պատառ,
և գիշերը սրտխառնոց է ու փսխունք։

Տայիր խաղաղ ու անդորր,
իջներ հանդարտ, հանդարտ․․․
Առավոտի տագնապին,
որ խրվում է կոկորդս, հանգիստ,
կեսօրի խռովքին՝
մինչև գոտիս իջնող, հանգիստ,
և ոտնաթաթերս հասած, իմ ամբողջը առած
իրիկունի փոթորկին՝ դարձյալ հանգիստ․
տայիր այն ձեռքով, որ չվերցնեին։

Մի՛ մտիր իմ տունը՝
մոտենալով մարմնիս․
հեռվից նշան արա,
ու կխաղաղվեմ ես։

Հիմա, որ կանչել ես,
ինչո՞ւ ես լռում, Տեր։

 

Սաղմոս 27

Թեթև, մերկ բոլորովին,
երբ կանգնեմ քո առաջ,
ի՞նչ եմ տալու, Տեր, տվածիդ դիմաց:

Վստահած լույսը,
որ մատներիս մեջ փունջ արած
պարզելու էի քեզ,
մատնեցի ծվեն-ծվեն
ու գնացի թարս ու ոլոր:

Ցրվեցի` ինչ որ քոնն էր իմ մեջ`
քո ձեռքով՝ սերմնացանի պես.
ուղեկցող նշանները մոլորեցի ինձնից դուրս,
թե փնտրեմ՝ չգտնեմ քեզ.
քանդուքարափ ավերեցի ճանապարհը
ինձ դեպի քեզ բերող:

Ճարպկել են,
ու խաբվել եմ ինքս ինձնից`
դյուրահավատ, երեխուց էլ պարզ:

Ինձ գտել ընկած ու վեր չեմ հանել,
տեսել եմ մազից կախված՝ անցել անտարբեր
և ձեռք չեմ մեկնել, երբ փրկվելու խթան կար դեռ.
ոտնահետքս բռնած գնացել ու չեմ հասել ինձ:

Կխոսեմ՝ չես լսի,
կնայեմ՝ չես տեսնի,
կմոտենամ՝ հեռու կլինես.
շուռ կգաս ու կշեղես գութդ ինձնից:

Ի՞նչ եմ ասելու,
երբ հարցնես՝ ինչո՞ւ դու չես.
տվածդ ինչպե՞ս դարձնեմ քեզ, Տեր:

  • Hits: 4284

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: