Հենրիկ Էդոյան

«Հետգրություն» գրքից

***

Ապրելն արվեստ չէ,
նա չունի վարպետություն
և ճարպիկ մտքերի
առաքելություն կամ ժամանակից
գողացված վստահություն,
նա ինքը ձև չունի և բոլոր իրերը
ձևավորվում են միայն նրա մեջ:
Ձեռքդ դիր նրանց վրա
և նրանք բոլորը կսկսեն բաբախել
քո սրտի զարկի մեջ: Ապրելը բառ չէ
քո կյանքի էջին գրած,
այլ մի լուռ սպանություն
սեփական շեմի առաջ:

 

ԵՍ ՇՈՒՏՈՎ ԿԳՆԱՄ

Ես շուտով կգնամ
անապատ, ես շուտով կքայլեմ
անապատի շիկացած կողերի
վրայով, ես այնտեղ կմեծանամ
դեղին միրաժի մեջ-
ավելի մենակ ու ավելի սուրբ,
քան Սուրբ Անտոնիուսը:

Ես շուտով կբացեմ
մի նոր պատուհան – դեպի
փլվածքը դիմացի, դեպի անկանոն
շարքը բլուրների, և այսպես,
ամեն օր, կդիտեմ աննկատ
ծնունդը քամու:

Ես գիտեմ, շուտով
կխեղդվեմ քո մազերից,
հեղեղի պես թափվող,
ավելի հորդառատ
և ավելի սև, քան դժոխքի
գետերը բոլոր:

Ես կհավաքեմ
ոսկեգույն ավազը Լուսնի
լողափից , որպեսզի նրանով
քանդակեմ ինձ համար
պարզ ու անշուք դեմքը
ներդաշնակության:

Ես կվերադառնամ
աշխարհի երազի մեջ
ամռան շոգ կեսօրին,
և փարթամ տերևները
խոնարհվելով ներքև
ձեռքով կանեն ինձ
և երկար ու անկապ
կխոսեն ինձ հետ:

Ես կվերցնեմ պատի վրայից
խիստ արձագանքները
իմ բանականության,
կլսեմ ձայները մարդկանց,
կաճեցնեմ երկար մորուք
և կապրեմ այս կյանքով
մարդու և անապատի:

 

ԵՐԵԿՈՆ ԻՆՉՊԵՍ ՀՈՒՇԱՊԱՐԻԿ

Կոր գծերը ձգտում են միացումի,
երեկոն միրաժ է դառնում
մի հսկա աչքի մեջ, ուր թեև
վառվում է աստղը առաջին,
բայց հանգչում է` իջնելով լճակի վրա:

Տարիներն իջնում են իմ հուշերի
վրա , ոչ ներկա, այլ անցյալ
իմ նահանջների , որ թողնում են ափին
կոտրված խեցիներ-լցված մամուռով,
տիղմով, սառնությամբ:

Ես հետ եմ քաշվում- թողնելով իմ առջև
երեկոն ` մի ծառի ճյուղերի մեջ նստած,
ուր խոսում է նա և ձեռքով կանչում,
ինչպես հուշկապարիկ,
իր սյանը գամված Ոդիսևս արքային:

ԱՅՍՊԵՍ,  ՄԻՆՉԵՎ  ՀԻՄԱ

Հեռվում անտառների շարքն էր ձգվում
հատուկենտ տներից այն կողմ, ճանապարհը
ողողվում էր մայրամուտի ցոլքով
և արտատպվում քո ձեռքերին,
ամպերից լույս էր թափվում,
ավելի անորոշ, քան քո տխրությունը,
երբ դու ուսիս հենված արտասվում էիր,
կոտրելով ծաղիկների ցողունները մեկ- մեկ:

(Օ , դատապարտվածություն հուշի),
քամին քո փարթամ մազերն էր խառնում,
մեր շուրջ ճախրում էին վերջին կայծերը
աստղի և խոտի շփումից արթնացած,
քո վախը մեծանում էր բարձրացող լուսնի հետ,
թափվում էր ինձ վրա ինչպես մայրամուտ,
խոտը մի վայրկյանում ձգվում էր վերև,
բլուրներից և անտառի միրաժից բարձր:

«Գնանք տուն, ուշ է»,- ասում էի ես,
գիշերվա փայլուն մարգագետնի բույրը
երևակայության ջղերն էր գրգռում,
ցնցում ճյուղերը քո տխրության և սիրո,
թփերի մեջ ցողը դառնում էր պայծառ ադամանդ,
հազար աչքերով խմում քո դեմքը նուրբ,
ծառից ծառ ցատկում էր անտառահավը հուզված,
քարշ տալով ետևից իր ստվերը մթնող:
«Գնանք այնտեղ, ես հոգնել եմ այսքան սպասելուց»,-
ասացիր դու, ցույց տալով հեռվում անհայտ մի վայր,
բայց այդ պահին հանկարծ քամին ուժեղացավ,
երկնքից կախվեց գորշ դեմքը լուսնի,
գիշերը խտացավ, և մենք երկուսով
քայլեցինք դեպի այնտեղ, ուր նա ցույց տվեց,
անտառից այն կողմ, և դեռ գնում ենք
այսպես, մինչև հիմա, մինչև վերջն աշխարհի:

ՕԳՈՍՏՈՍ

Արևը սրբում է ուսերս հոգնությունից –
ես այստեղ մնալ չեմ կարող, որովհետև

ամառն ասում է- «Հավաքիր իրերդ,
գնանք այստեղից, արդեն ուշանում ենք»:

Սա իմ ժամանակն է,
իսկական ժամանակը –
կատարելու այն, ինչ պետք է կատարվեր ,
և ասելու այն, ինչ պետք է ասվեր:

Խոսքի ժամանակը,
փրկության ժամանակը,
բարձրացումը սիրո հզոր թևերի –
ապրելու ժամանակը,

և վերջապես կատարյալ
իմ կյանքի ժամանակը
պսակի մեջ Կույսի համաստեղության:

 

ԴԱ  ԿԼԻՆԻ  ՄԻ ՈՒՐԻՇ ԱՆԳԱՄ 

1
Ես ամռան կանաչ խոտերի մեջ խոսում էի քեզ հետ,
իսկ երկինքը ծածանվում էր վերևում , ինչպես
շնչառությունն արևի – մարգագետինների վրա:

Դու սիրում էիր հուզիչ և տխուր բառերը կրկնել,
բայց օդը քեզ ուրիշ բաներ էր պատմում, և հսկա թռչունները
խոսում էին վերևից մի հրաշքի մասին:

Այդ բառերը ողողում էին քո դեմքն ու ձեռքերը,
լույսերի առջև- իմ կյանքի միակ ոսկին:

Օրը կրակի պես ունի հազար դեմք:

Օրը Աստծու դեմքն է- եզակի և անդեմ:

Իսկ դու խոսում էիր հուսալքման և բաժանման մասին,
(դա կլինի մի ուրիշ անգամ, կլինի ուրիշ մի տեղ):

Որքան քո դեմքը փայլում էր բախտի պսակների միջից,
այնքան տխրում էին քո սիրած բառերը
և ձուլվում արձագանքներին օդում խաղացող:

Դու իմ տխրությունն էիր, իմ ոսկե տխրությունը
ամռանը բոցկլտացող մարգագետինների մեջ:

2
Մենք շրջում էինք միասին փողոցով, արևից պաշտպանվում
ծառերի ստվերի տակ, (երիտասրդ օրերի ոսկին էր
շողշողում մեր քայլերի մեջ, մեր մատների վրա),
մենք անցյալ չունեինք (դեռ առջևում էր անցյալը),

դու խոսում էիր իմ բառերով, իսկ ես լռում էի
քո լռությամբ, դու հայելի էիր իմ առջև, որի մեջ
ես կրկնվում էի իմ բոլոր ձևերով, ինչպես տանիքների
վառ թիթեղներին մոռացված մի արև:

(Ու՞ր է այդ հայելին հիմա, որն ավելի խորն էր ,
քան գիշերն ու ցերեկը, ավելի անեզր, քան մոռացումը):

Երբ ես լռում էի , դու խոսում էիր, (այդ ես էի),
երբ ես ծիծաղում էի, դու արտասվում էիր,
երբ ես երեխա էի, դու իմաստուն էիր, ես իմաստուն էի,
դու երեխա էիր- կիսով չափ այդ ես էի:

Մենք շրջում էինք միասին, իրար հետ , ամռան տաք մի օր,
երբ լայն տերևները փղոցում կանգնած ծառերի
ծածկում էին մեզ իրենց ստվերներով, բայց ահա

հրապարակը, պատկերասրահը, ուր մենք ապրում էինք
մի նկարի մեջ – (այդ նկարը ոչ ոք դեռ չի նկարել),
իսկ ժամանակը գնում էր մեր առջևից, տանելով իր հետ

անցյալի ուրախությունը, երբ չկար անցյալ դեռևս,
ամռանը, հուլիսին, փայլուն շրջանակների մեջ սիրո:

ՄԵՆՔ  ԺԱՄԱՆԱԿՈՎ ԵՆՔ ՀԱՐՈՒՍՏ

Մենք ժամանկով ենք հարուստ և աղքատ
տարածությամբ, մեր արմունկները նման են
ցանկապատի ցանցերի մեջ խճճված ծառի,
մեր ճյուղերը կոտրվում են, երբ փչում է քամին,
բայց մենք ժամանակը- (դա ճանապարհն է
մեր հիշողության) - փռում ենք և դարձնում
մեզ համար տարածություն և այնտեղ կառուցում
շինությունները բոլոր անհրաժեշտ, օ , դու,
Հին Աշխարհի իմաստուն ճյուղի վրա
մնացած մի տերև - քո գծագրերը
կատարյալ քարտեզն են աշխարհագրության,
որի ուղիներով մենք անցնում ենք ինչպես
մի նոր Կոլումբոս- փնտրելով այն ցամաքը,
ուր տարածությունը փոխված է անմահությամբ
իր դաշտերով, գետերով, լեռնաշղթաներով,
որոնք բարձրացել են և մտել ժամանակի
ընդարձակ հովիտները, որոնցով հարուստ ես դու:

 

ԺԱՄԱՆԱԿԸ  - ՄՈՒՐԱՑԿԱՆ

Ժամանակը- մուրացկան կանգնել է բակում,
նա բախում է դուռս, բայց ես ի՞նչ ունեմ,
բացի իմ երեսունութ տարիներից,
որոնց ստվերը փռվում է և ծածկում
իմ երիտասարդության արևածաղիկները փարթամ:
Բայց ամառը վիճում է ցանկապատի վրա
մի քանի դատարկախոս թռչունների հետ,
անհասկանալի գրություններով
ծածկում օդը, հողը և ցանկապատը:
Ես ցած եմ իջնում պարսպի վրայից
իմ տարիների, մտնում ամռան մեջ,
անցնում նրա գրած տառերի վրայով
և քնում օդի մեջ, ինչպես մի ցողուն:
Վերցրու, մուրացկան, այն ամենն, ինչ քոն է,
ժամանակ – մուրցկան, ինձ անվերջ սպասող:

 

ՎԵՐԱԴԱՐՁ  ԴԵՊԻ ԱՌԱՋ

Ես վերադառնում եմ դեպի օրն իմ նախկին,
ես վերադառնում եմ բակն իմ ստվերախիտ,
ես վերադառնում եմ փողոցն այն, ուր մի օր
տաք հողը վառում էր իմ ոտքերը բոբիկ,
ես վերադառնում եմ անպտուղ ճիգերի մեջ
առաջին սիրո,
ես վերադառնում եմ դեպի իմ լռությունը և իմ
բառերի անիմաստ զեղումները,
ես վերադառնում եմ իմ երբեք չտեսած
խաղալիքների թագավորությունը ոսկե,
ես վերադառնում եմ այն շոգ ու փոշոտ
քաղաքն հինավուրց-
երկու ժամանակների սահմանին կանգնած,
աչքերը հառած ձյունոտ Արարատին,
ես վերադառնում եմ դեպի իմ գիշերը հին և իմ
մանկության սառը մահճակալը,
ես վերադառնում եմ դեպի այն գարունը,
որ տաք ձեռքերով
գրկում էր իմ ուսերը և ինձ խոստանում սիրո ամառներ,
ես վերադառնում եմ , ես վերադառնում եմ,
ես վերադառնում եմ իմ չանցած ուղիներով,
ես վերադառնում եմ այնպիսի վճիռներով,
որ դեռ չեմ կայացրել,
ես վերադառնում եմ դեպի այն աշխարհը, որ իմ ետևից
գալիս է ստվերի պես անխուսափելի,
և որքան ես շրջվում եմ , դառնում եմ դեպի նա,
նա այնքան ավելի է հեռանում ինձնից,
ես հեռանում եմ իմ նախկին օրվանից ,
իմ բակից ստվերախիտ, իմ լռությունից և իմ
բառերի անիմաստ զեղումներից,
իմ հին փողոցից և իմ կամքի անպտուղ ճիգերից,
իմ շոգ ու փոշոտ քաղաքից, իմ աշխարհից,
որ իմ ետևից գալիս է ստվերի պես անխուսափելի,
իմ մենկության սառը մահճակալից, ուր բողբոջում էր
և իսկույն կոտրվում դեղին ծաղիկը առաջին սիրո,
ես հեռանում եմ, հեռանում, որովհետև
ամեն վերադարձ նույն շարժումն է առաջ,
և չկա վերադարձ, այլ կա միայն անցում,
որի թևերը ճախրում են ժամանակի ջրերի վրա
և հոգնած իջնում են մահվան կղզիներին
տեսնելով, թե ինչպես է մեծանում կյանքը
և թե ինչպես է երեխան ետ նայում
իր արցունքների գոհարների միջից:

 

ԿՈՐՈՒՍՏԸ

Եվ նա կարծում էր- (և նա մտածում էր),
թե այն ամենը, ինչը իրենը չէ,
ինչը բացակա է իր ձեռքերի մեջ-
իր Կորուստն է, իր կորած կյանքը սեփական:

Եվ իր դեմքից բացի բոլոր դեմքերը,
և այն օրերը , որ նա չէր ապրել, այլ ուրիշները,
և այն սերը, որին նա երբեք չէր մոտեցել-
(վախենալով` թե նա կայրի ճյուղերն իր կյանքի ),
նա կարծում էր ` իր Կորուստն է
որ նա թողել է ճանապահին:

Եվ նա իր Կորուստն էր փնտրում ողջ կյանքում,
կորցնում իր դեմքը, իր կյանքն ու օրերը
մեծ աշխարհում, որի առջև նա ինքն էր Կորուստ:

 

ԶԵՎՍԻ ԿԱՐԱՊԸ

1
Երեկոն դանադաղ մոտենում է լճին ,
Իր հետ բերում է աստղեր ու եղեգ,
սահում է օդից լռությունը մերկ,
(ուր գոյությունն է բախվում ոչնչին):

Թևերը պարզած անցյալի կանչին
լողում է նա լուռ ու լսում մի երգ,
նախկին Պատկերն է վառվում հոգու մեջ
իր հիշողության երկրում առաջին:

Լուսավորում է թևերը նրա
աստղը երկնքից- և հուշը թաքուն
անշարժանում է լճակի վրա:

Մթնում են երկար եղեգները, բայց
փետուրների մեջ լույսն է ճառագում,
այնտեղ, ուր մի օր ապրել էր Աստված:

 

ԲԱԼԼԱԴԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես մի օր ծովի մեջ մարգարիտ գտա,
բայց այն կորցրի, երբ ջրից ելա:

Ես ավազի մեջ գտա մի ոսկի,
հիշեցի մարգարիտը և ոսկին կորցրի:

Ես գտա ադամանդ աշնան տերևի տակ,
այն կորավ մարգարտի և ոսկու նման:

Մի քար գտա, որի անունը չիմացա,
այդպես անանուն նա իմ մոտից կորավ:

Օ, Աստված, ինչե˜ր ես ինձ տալիս գտնելու,
բայց դրանք ես մեկ- մեկ կորցնում եմ կյանքում:

Այժմ չեմ գտնում ոչ մի քար ճամփին,
բայց նաև չեմ կորցնում այլևս ոչինչ:

 

 

ԽՈՍՔԵՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Բայց դո′ւ ես ծառը միայն:

                                    Ռ.Մ. Ռիլկե, «Ավետում»

 

Մի՞թե քո աստղը լույս չի տալիս ինձ,
մի՞թե իմ ձայնը քեզ չի բարձրացնում
մինչև այն խոսքը, որից դուրս արդեն
մթնում է լույսը, քո մոտեցումից
պայթում են բոլոր ցողուններն օրվա,
քանի որ
դու կին ես,
անվերջ մետամորֆոզ
աշխարհի այգում,
իսկ ես – ճանապարհորդ:

Դու ավելի անմահ չես, քան ես,
բայց հիմա, երբ դու
քո մատների մեջ կրում ես վճիռը
ճակատագրի,
ես փնտրում եմ քեզ իմ բոլոր քայլերով,
և այգու ցանկապատից ներս է մտնում օրը
իր ադամանդի կուրացուցիչ փայլով,
ես օդն եմ, ես անմահն եմ այժմ և ընդմիշտ,
բայց անմահության իմ ուղին դու ես:

Տարածությունը քո կոնքերի մեջ
խաղաղվում է և դառնում
հավասարակշիռ, ես ալիքն եմ, բայց դու
ավազն ես ծովափի,
բոլոր հեռուները իմ ժառանգներն են,
բայց քո մեջ են նրանք ննջում ապահով,
դու լուռն ես, դու հեռուն ես,
թեև ես խոսքն եմ, բայց դու վճիռն ես,
ես ձայնն եմ ամպերի և հողի միջև,
բայց դու մշտականաչ
ծառն ես տարածության:

Ես կույտն եմ երազների ու ոսկորների,
քարերի ու ջրի, ես գիտեմ անեզրը,
բայց դու ես անեզր, իմ համբույրն իջնում է
քո ձեռքին, ինչպես
թռչունը ծառի ճյուղին, իսկ մայրամուտի
արյունը հոսում է մարմնիս վրայով,
ուր խարխափում է լույսը և հանգչում
իմ կեղևի մեջ , ես կեղևն եմ, բայց դու
սուր կացինն ես`իջած իմ կեղևի վրա:

Մեծ կյանքը կանչում է , բայց ինքը ոչ մի տեղ
չի հայտնվում, սակայն
վեճը չի ծնում ոչ մի իմաստություն
և մահը մահից չի պարտվում երբեք,
քանզի անմահ է նա: Իմ կեսօրները լիքն են
հուզմունքով,
այդ հուզմունքը դու ես , այն ինչ կիսատ է-
լցվում է թույնով, այն, ինչ լրիվ է,
սպառնում է ինձ, ես ստվեր եմ` ընկած
օդի և մաշկի միջև, մի քաղաք, որի
բոլոր փողոցները
գալիս են և իրար ձուլվում կենտրոնում,
բայց իրար չեն ճանաչում: Այդ կենտրոնը դու ես:
Այդ դու ես փափկացնում խեցին ինչպես սիրտ,
 

 

քանի որ
դու կին ես, անվերջ մետամորֆոզ
աշխարհի այգում
իսկ ես - ճանապարհորդ:

 

ԻՍԿ ԵԹԵ ՈՍԿԻՆ ԺԱՆԳՈՏՎՈ՞ՒՄ Է

Իսկ եթե ոսկին ժանգոտվո՞ւմ է:
Իսկ եթե մարգարիտը կե՞ղծ է:
Իսկ եթե աստղերը ճանապարհորդնե՞ր են:
Իսկ եթե զգացմունքները ստվերնե՞ր են:

Եթե այս ամենը կրկնվում է միշտ և ժամանակը
չի շեղվում երբեք, ինչպես Հին Հռոմից նետված մի նիզակ,
եթե դու անվերջ տեսնում ես մի աշխարհ` անհավերժ, փոփոխական,
ինչպես ծառի ճյուղին թռչունի երազ,
եթե քո ձեռքով շոյում ես քո մահը օրերի մաշկի տակ,
ինչպես դատավորների անխախատ մի վճիռ,
եթե քաղաքում տեսնում ես քո սերը,
բայց չես ճանաչում-
 

 

ոսկին ժանգոտվում է,
մարգարիտը կեղծ է ,
աստղերը ` ճանապարհորդներ,
զգացմունքները ստվերներ են:

 

ԵՎԱ,  ԵՈՎԱ, ԵՎ` ԱԱԱ

Ջերմություն, որ ունի
անուն ու ճակատագիր,

Անուն, որ ունի
անթիվ հչյուններ,

Հնչյուն, որ չունի
ոչ սկիզբ, ոչ վերջ,

Աստված` երկնքում,
կին` երկրի վրա,

Եվ գիշերների և ցերեկների
հերթագայություն:

Այն , ինչ երևում և չի երևում-
քո մարմինն է դա,

Եվա, Եհովա.
և ` աաա…

 

ԴԻԱԼՈԳ  ՔԱՄՈՒ ՀԵՏ

Իշխել կյանքի վրա - նշանակում է ապրել,
ապրել- նշանակում է կյանքից հեռանալ,
սովորեցրու արվեստը նրանց միացման,
սովորեցրու ցանկանալ, բայց նաև չուզել,
սպրել, նաև չապրել, սովորեցրու չքնել,
բայց երազներ տեսնել,
սովորեցրու ծնվել նոր ավազներում
և պատկերն ունենալ հին ավազների:

Սովորեցրու մեզ չունենալ տխրություն,
սովորեցրու օրն ապրել մինչև վերջ,
ժամը դարձրու մի անշարժ տեսիլք
առանց անցյալի և ապագայի,
քանի որ կյանքը սեղմված է երկու փակագծերով,
որոնցից այն կողմ ծաղկում է միայն
մեր բացակայությունն ինչպես հնդկածաղիկ:

Ով մեռնում է ` ցույց է տալիս ներկայությունն իր,
իր բացակայությունն է ցույց տալիս` ով ապրում է,
խոսողը վերածնվում է իր խոսքի մեջ,
ով լռում է, նա չի վերածնվում, քանի որ չի մեռել նա,
խոսել- նշանակում է վերագտնել իրեն,
լռել խոսքի մեջ- նշանակում է դատարկությունը չափել
ոչ թե բառի, այլ միայն հոգու սահմաններով,
ցույց տուր այնպիսի վայր, ուր չկան նման բաներ,
ոչ խոսք, ոչ լռություն, ոչ ժամ, ոչ քամի:

Մեզ վայրկյանները տանում են իրենց մեջ
և գլխատում այնտեղ, մեր աչքերը լի են
տիղմով ու մամուռով, լուսնի սառը դեմքը
մեզ վրա է հառած բոլոր անկյուններից,
ծառերի վրա մեր մարմինն է ծաղկում,
օդը տանում է մեզ մի վայրից մյուսը,
ծանոթ դեմքն արդեն անծանոթ է դառնում
ժամի հարվածից, սովորեցրու մեզ
շրջվել դեպի ներս, ապրել ինչպես քամի,
սովորեցրու մեզ սիրել այն, ինչ որ
դժվար է սիրել:

թողնել ամեն ինչ, հետևե′լ թռչուններին,
որոնց թևերն են միակ տարածությունն իրենց
և ցամաքների, և ջրերի վրա:

 

ԻՄ ԱՆՑՅԱԼ

Ես ձեռքս դնում եմ քեզ վրա,
ինչպես միֆական հերոս,
որը ձգտում է ամրապնդել իրեն
հաղորդակցվելով հողին, լուսնին, քամուն
կամ ստվերների աշխարհին:

Ինչպես միֆական հերոս,
ես ապրում եմ լաստերի վրա
քո հին ափերը փնտրելով-
վերցրու, թե կարող ես,
այս օդի ծանրությունը,
չհալվող երկաթն իմ օրերի ,
իմ կյանքի անվերջ քանդվող ժապավենը
իմ ներկա ժամերի մեջ:

Ես ինձ լվանում եմ քո գետի ջրերում,
մաքրիր ինձ բոլոր հույսերի հետքերից,
բաց քո երկինքը այն դաշտերի վրա,
ուր հրեշտակներն են խաղում, ինչպես
երեխաները սպիտակ խալաթներով,
իրենց մանկության մարգագետիններում:

 

ԱՄԵՆ   ԻՆՉ   ՀՈՒՇ   Է

1
Ամեն ինչ հուշ է – անգամ մահը,
ամեն ինչ անցյալի սենյակներում
իր դեմքն է տեսնում, ապրում իր կյանքը
վերջից մինչև սկիզբ, մինչև մանկության
օրերը հարմոնիկ- երազի ուղիներով,
ամեն ինչ` հողը, խոտը և քամին,
ցողունից ցողուն վազող արցունքները,
խոսքը բարձրաձայն ասված օդի մեջ,
կեսօրվա շինություններն անբնակելի,
կանաչ տերևները դափնու,
հարվածը, շարժումն անպատասխան,
մակընթացությունը ոտքերի առաջ
և մերկ առավոտը վերադարձի:
2
Քո աչքերը փնտրում են հողը
ծաղիկների արմատներով լցված,
մերկ ոտքերը կնոջ, րոպեն, ուր ապրում ես,
սառը լսափողը հեռախոսի,
տերևների ոգին անհանգիստ,
իրար մեջ անցնող լռության հետքերը,
գետը, բլուրների ոտքերը լվացող,
պեյզաժը ամայի և անշարժ,
փայլուն կրակը թիթեղյա տանիքների,
աղմուկը փողոցի բազմության,
քո հուսալքման ավազները հոսող:

  • Hits: 7202

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: