ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՐԲԵՔ  ՉՄԵՌՆԵՍ -     
ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ
Բանաստեղծություններ
Խմբագիր` Հասմիկ Խեչիկյան

ՀԳՄ  հրատարակչություն
Երևան 2010



ԿՈՊԻՏ  ԽՈՍՔԵՐԻ  ԺԱՄԱՆԱԿԸ
  
ՆՈՐ  ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Ուղիղ մի կոշիկի չափ երկիր` ահա թե ինչ էր մնացել
նախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի, այն էլ 29,8  համարի կոշիկի չափ երկիր,
և երկար տասնամյակներ արագիլի նման
                               մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
ևս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:
 
 
ԿԻՐԱԿԻ
Ու թեև կիրակի է, բայց ինձ դժվար թե հաջողվի երկար
մնալ անկողնում, որովհետև ուղիղ ութն անց երեսունին
ճնճղուկները կտցահարում են պատուհանիս ապակին,
հասկացնելով, որ իրենց ամենևին չի հետաքրքրում
աշխատանքային օր է, թե՞ հանգստյան –
ժամանակն է և պետք է հացի փշրանքներ լցնել
պատուհանի գոգին ամեն Աստծու օրվա պես…
 
Ճիշտ ժամը իննին ինձ ոտի է հանում շենքերում
շրջայց կատարող պառավ մուրացկանը`
դուռս զգուշորեն թակելով.
- Որդյակս, դուք ուզո՞ւմ եք հայտնվել դժոխքում
և ողջ-ողջ այրվել կպրե կարասներից որևէ մեկում,
առանց ներման իրավունքի,- հարգալիր տոնով
հարցնում է նա, վստահ, որ ես ուշի-ուշով
                                    լսում եմ նրան դռան ետևից:
Ես կիսաբաց եմ անում դուռը և թղթադրամը
խոթելով պառավի պատրաստակամ գրպանը,
արագորեն վերադառնում եմ անկողին և փակում եմ
աչքերս, թեթևացած, որ այս անգամ էլ խուսափեցի
կպրե կարասում ողջ-ողջ այրվելու հեռանկարից…
 
Ժամը տասն անց երեսունին դռանս առաջ են հայտնվում
ճշտապահ եհովայականները` գրքերով ծանրաբեռնված.
- Եղբայր, մի՞թե դու չես ուզում առնչվել մեր Աստծո
ճշմարիտ խոսքին,- քաղցրաձայն դայլայլում է անհայտ
տարիքի մի տղամարդ, պատրաստվելով ներս սողոսկել
կիսաբաց դռանս արանքից, բայց ես արագորեն խլում եմ
գիրքը նրա ձեռքից, փակում եմ դուռը, հայտնելով, որ
գերադասում եմ Աստծո խոսքին առնչվել մենության մեջ,
վերմակով ամուր փաթաթված:
 
Ժամը տասնմեկն անց երեսունին ինձ զանգում է ՀԳՄ
նախագահը, հայտնելով, որ վերջապես վախճանվել է
վաստակաշատ այսինչ-այնինչյանը և վերջին շնչում
պահանջել է, որ Հովհ. Գրիգորյանը անպայման
ներկա լինի թաղմանը` սև կոստյումով, վշտահար դեմքով
և ճոխ ծաղկեպսակով, հակառակ դեպքում կշարունակի
ապրել ևս մի քանի տարի, անընդհատ փող կուզի
թաղման ծախսերի համար, Ծաղկաձորի ուղեգիր
և հաստափոր գրքեր պետպատվերով իրար ետևից
տպելու իրավունք…
 
Ժամը տասներկուսին առանց դուռը թակելու ներս է
խուժում թաղի լիազորը, որ շենքի բոլոր
բնակիչներից հազարական դրամ է հավաքում`
Մոզամբիկում ծառատունկ անցկացնելու համար,
ևս հազար դրամ, որովհետև հեռավոր բարեկամն է
եկել Գլենդելից, պե՞տք է մի բան դնել սեղանին թե՞ ոչ…
 
Տասներկուսն անց երեսունին բջջայինիս վրա մեսիջ է
ուղարկում Իսրայելի պրեզիդենտը, սպառնալով,
որ եթե չվերադառնամ հին ուղղագրությանը, ապա,
նորից կհարձակվի Լիբանանի, և եթե եղանակները
չփչանան, էլի մի քանի այլ երկրների վրա,
որոնց անուններն այս պահին դժվարանում է հիշել; -
Երևի ինչ-որ մեկը կատակ է անում ինձ հետ,
մտածեցի ես, վերմակը քաշելով գլխիս:
Սակայն տագնապս գնալով խորանում էր,
որովհետև մեկ առ մեկ վերհիշելով հեռու և մոտիկ
ծանոթներիս, ես այդպես էլ չկարողացա հավանական
համարել որևէ մեկի թեկնածությունը, որն ի վիճակի լիներ
կատակ անել, թեկուզ և անհաջող…
 
Կես ժամ անց դուռս թակում է մածնավաճառը
զգուշացնելով, որ եթե այս անգամ էլ
չվերադարձնեմ նախորդ օրերին նրանից գնած
մածունի դատարկ բանկաները, ջարդուխուրդ կանի
պատուհաններիս բոլոր ապակիները և կծակծկի
անվադողերը ավտոմեքենայիս:
 
Հետո սկսվում է կուսակցականների հանդիսավոր
շքերթը` հոգեցունց երաժշտության ուղեկցությամբ -
նրանք հերթով գրկում ու սեղմում են ինձ իրենց
լայնահուն կրծքին, համոզված, որ ես իմ ձայնը
տալու եմ նրանց, և ես երդվում եմ բոլոր
կուսակցական և անկուսակցական սրբություններով,
որ իմ ձայնն անպայման տալու եմ նրանց - անվերադարձ,
որովհետև իմ ինչի՞ն է պետք ձայնը,
և որ վերջնականապես որոշել եմ կյանքիս մնացած
մի քանի հարյուրամյակն անցկացնել առանց ձայնի,
առանց ծպտուն հանելու, մի խոսքով սուս & փուս…
 
Հետո գալիս է կիրակի օրվա ամենահրաշալի պահը
ես մաքուր սափրվում եմ, հագնում եմ տոնական
կոստյումս և օղակն անցկացնելով վիզս, հրում եմ
աթոռը ոտքերիս տակից և սկսում եմ խաղաղ ճոճվել
առաստաղի կեռիկին ամրացված պարանից, մինչև որ
կինս վերադառնում է խանութից, զգուշորեն իջեցնում է
ինձ, հարմար նստեցնում է աթոռին ու միասին
անշտապ վայելում ենք
մեր հրաշալի իրիկնային սուրճը,
նայելով, թե ինչպես է մութը խտանում
պատուհանից այն կողմ:
 
 
ՎԱԶՔ` ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ  ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄՈՎ
Հաճելի քիչ բան կա հիշողությունների մեջ:
Նրանք սովորաբար տանջում են մարդուն:
Եվ իսկապես, անցյալի պատկերներից
առավել վառ ու կենդանի են մնում հենց նրանք,
որոնց մեջ դու հմտորեն սողում ես աղբ ու կեղտի մեջ
մի պատառ հացի համար…
…Եվ կյանքը, որ նման է վազքի
աստվածաշնչյան պատվիրանների հաղթահարումով,
և քո ամեն մի ցատկը հերթական
խոչընդոտ-պատվիրանի վրայով
պիտի նույն վազքով հետապնդի քեզ,
մինչև քո վերջին ցատկը
այն փոսի մեջ,
ուր ավարտվում է սովորաբար
քո տառապանքների ուղին,
և հիշողություններից բզկտված
հանդարտվելու ես վերջնականապես –
մի պատառ հացը ատամներիդ մեջ ամուր սեղմած:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է - չափսերով այնպիսին,,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է - չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
 
ՄԱՐԴԿԱՆՑ  ՄԱՍԻՆ
Ժողովրդների բարեկամության մասին ամենաշատը
սկսում են խոսել պատերազմների նախօրեին և կամ
ազգամիջյան կոտորածների կարճատև ընդմիջումներին,
երբ երկուստեք հոգնում են սուր ճոճելուց
ու միմյանց թրատելուց,
ու ևս մի քիչ` կխեղդվեն արյան ծովերի մեջ,
ահա թե ինչու
փորձում են ժամանակ շահել դիակները թաղելու,
արդյունաբերությունը զարգացնելու համար…
Բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն`
կրթությունը կատարելագործելու նպատակով:
Նոր դպրոցներ կկառուցվեն` մեծ պատուհաններով
և հարմարավետ նստարաններով,
նոր եկեղեցիներ` ավերվածների տեղում:
Նոբելյան և զանազան այլ մրցանակներ կշնորհվեն
գրողներին` արդարություն, գութ ու կարեկցանք,
խաղաղություն գովերգելու համար:
Բայց ամենաշատը
կշահեն երաժիշտներն ու երգիչները,
ամենուրեք` փակ ու հատկապես բաց դահլիճներում
կհնչեն երգ ու երաժշտություն,
հնարավորին չափ բարձր և ուժգին`
խլացնելու աստիճան… Որպեսզի այդ համընդհանուր
աղմուկ-աղաղակի մեջ չլսվի
վիթխարի գործարաններում
արտադրվող  նոր զենք ու զրահի թխկոց-չխկոցը…    
P.S. Չմոռանամ նշել ամենավտանգավոր պահը. 
դա այն ժամանակն է,
երբ տագնապալի խոսակցություն կծավալվի
ծխելու վտանգավորության մասին, այն մարդկանց
առողջությունը պահպանելու մտահոգությամբ, որոնց
պատրաստվում են գլխովին կոտորել
ընդամենը մի քանի օր հետո:
 
 
ՄԻ  ՕՐ
Ծանր է գրպանահատների, մանր ու մեծ ավազակների
և զանազան այլ ստահակների կյանքը շուկ. հարաբերություններ         
թևակոխած  երկրներում.
ունևորները շրջում են ավտոներով ու թիկնապահներով
և հնարավոր չէ
մոտենալ նրանց գրպաններին,
նրանց տները մտնելն էլ խիստ վտանգավոր է,
զինված թիկնազորն է հսկում ամենուրեք:
Իսկ մյուսների և գրպաններն են դատարկ, և տները…
Միակ ելքը ցույցերին ու միտինգներին մասնակցելն է,
որոնք բարեբախտաբար շատացել են վերջին շրջանում
և որոնք սովորաբար ավարտվում են
                          խանութների ու կրպակների ավերումով:
Այստեղ էլ վտանգավորն այն է, որ պիտի
քար առողջություն ունենաս`
ժամերով անձրևի ու ձյան տակ, ցրտին ու տապին տնկվելու,
բոլորի հետ «Կորչիˉ» և «Կեցցեˉ» ամբողջ
կոկորդով գոռալու համար:
Բայց էլ սարսափելին ճառերն են, որոնք պարտավոր ես լսել,
որոնք տևում են ժամեր, որոնք տևում են անվերջ,
և հուսահատությունից, դառնությունից ու տաղտուկից
մի օր սիրտդ կարող է մարել, մի օր սիրտդ կարող է պայթել,
մի օր կարող է մինչև հոգուդ խորքը զզված թքես ու հեռանաս
ավերից ու թալանից և հատկապես
                                                           պայքարից քաղաքական:
 
 
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
     Աստղեր չկան այս կղզու երկնքում, թեև, միգուցե կան,
սակայն ծանր մտքերի տակ կքած մարդիկ
գետնից չեն կտրում հայացքը` ինչ-որ բան գտնելու հույսով-
երկնքում ոչինչ չգտան իրենց հետաքրքրող…
Չկան նաև թռչուններ, թեև, միգուցե կան, որովհետև երբեմն
փետուրներ են թափվում վերևից և էլի ուրիշ բաներ,
օրինակ ծերտ ու անպարկեշտ հայհոյանքներ, որոնք
առատորեն հղում են երկինք համբարձվող հանգուցյալները`
հողի վրա առտնին գործերով դեսուդեն վազվզող
                                                        իրենց հարազատներին:
Հատուկենտ ինքնաթիռներ են անցնում` թևերն
անշտապ թափահարելով և սուզանավեր, որոնք
օդում են լողում ջրի բացակայության պատճառով:
Թեև, միգուցե կան ուրիշ պատճառներ, ասենք,
հավերժական հաշտությունը գայլադեմ ոչխարների
և ոչխարադեմ գայլերի,
երբ այլևս ոչինչ չկա իրարից թաքցնելու,
որովհետև այլևս
ոչինչ չկա…
 
 
ԱՂՈԹՔ
Չորս քայլ վեր… սահման է:
Չորս քայլ վար… սահման:     
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
նորածնի բարուր է իսկական…
Աստված իմ, մոլորվել, կանգնել եմ,
ասա ինձ, ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ –
Չորս քայլ վեր` ավեր է ու մահ է,
Չորս քայլ վար` ավար ու թալան…
 
 
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՃԳՆԱԺԱՄ
սկիզբը երեկոյան ժամը 4-ին,
կրկնությունն ամեն երկուշաբթի
     Ինչպիսիˉ խայտառակություն – մինչ ամբողջ
քաղաքակիրթ աշխարհում միլիարդա և
միլիոնատերերն են ինքնասպանություն գործում,
մեզ մոտ դեռ թշվառներն ու ընչազուրկներն են       
շարունակում իրենց նետել Կիևյան
և զանազան այլ կամուրջներից ներքև… Տպավորությունը
փոքր ինչ մեղմելու համար ստիպված մեկ-երկու
ունևորի սպանեցին, որոնց ոչ մի կերպ հնարավոր
չեղավ համոզել, որ գոնե
ձևական փորձ անեն վերջ տալու իրենց անհամ կյանքին: 
   «Հաշվապահների դարաշրջան» -
գալիք սերունդները պատմության  դասագրքերում 
անկասկած այսպես կանվանակոչեն այն
ժամանակատարածքը,
որն ես ապրում եմ հիմա: Չէի ասի, թե այն
լավագույնն է արդեն եղածների մեջ,
բայց երևի ամենաարտառոցն է
ինքնասպանությունների աննախադեպ առատությամբ:
   Արդեն վաղուց լռել են մեծ հողատարածքների,
գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների համար
մղվող արդար ու անարդար ճակատամարտերի
աղմուկ-աղաղակները, մեռնողների ճիչ ու կանչերը…
Հիմա այդ ամենը,
ներառյալ լեռներն ու անտառները,
հաշվեկշռված են ու համարակալված և պահվում են
բանկերի պողպատակուռ սեյֆերում`
                                            խիստ հսկողության տակ:
Սակայն ինքնասպանությունների թիվը
զարմանալիորեն շարունակում է աճել:
   Հաշվապահներն ամեն աշխատանքային օրվա ավարտի
ճշգրիտ հաշվետվություն են ներկայացնում, թե քանի ձուկ է
մնացել ջրերում, քանի թռչուն` երկնքում, քանի վագր,
կապիկ, առյուծ ու փիղ` անտառներում… Բոլորը
համարակալված են, բացի ճանճերից ու մոծակներից,
որոնք դատապարտված են վերացման:
   Երբեք նկարներն այսքան թանկ չեն եղել
և նկարիչներն` այսքան էժան: Երբեք սերն այսքան
առատ չի եղել և սիրահարներն այսքան սակավ:
Եվ երբեք աշունն այսքան շռայլ չի եղել
և հաջորդող ձմեռը` այսքան դաժան:
Եվ երբեք ես ու դու այսքան երջանիկ չենք եղել,
թեև դուրս ենք մնացել համարակալվածների թվից:
Որովհետև
                           դատապարտված ենք վերացման…
    Հանգցնենք լույսերն ու նստենք ով որտեղ պատահի:
                                                          Կարգն է այդպիսին`
               մեկ րոպե լռենք հեռանալուց առաջ:
Պատրաստ` լռելու մի ամբողջ հավերժություն:
 
 
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ  ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
- Հարկավոր է բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը,-
մտահոգ տեսքով հայտարարեց թագավորը
մի նախընտրական գեղեցիկ առավոտ:- Բյուջեն
ամբողջությամբ կուղղենք այդ նպատակին:
Եվ կարճ ժամանակամիջոցում
շեշտակիորեն կբարելավենք իրադրությունը
բոլոր մեծ ու փոքր բանտերում,
կենտրոնական ու ծայրամասային հիվանդանոցներում,
                                   և գերեզմանոցներում հատկապես:
 Եվ մեր բազմաչարչար ժողովուրդը
վերջապես կուղղի իր մեջքը,
թեթևացած շունչ կքաշի ու կապրի մարդավայել`
բոլոր մեծ ու փոքր բանտերում,
կենտրոնական ու ծայրամասային հիվանդանոցներում
                                  և գերեզմանոցներում հատկապես:
 
  
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ  ԼՐԱՏՈՒ
Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն.-
20-րդ դարի վերջին, ժամը 16-ն անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել…
Արտաքին նշանները` բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ,
սիրտը կոտրված մի քանի տեղից…
Տեսնողներին խնդրում ենք
շտապ հայտնել պառլամենտ,
որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար…
 
 
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ
Արջը հեծանիվ էր քշում,
թութակը ոտանավորներ էր արտասանում,
կապիկները սիրահետում էին իրենց վարժեցնողին,
լարախաղացը ճարպկորեն թռչկոտում էր լարի վրա…
Հետո հանկարծ ամեն ինչ փոխվեց միանգամից,
և հիմա
արջը ոտանավոր է արտասանում,
թութակը հեծանիվ է քշում,
կապիկները թռչկոտում են լարի վրա,
լարախաղացը ճարպկորեն սիրահետում է իրեն վարժեցնողին:
…Ինչ-որ բան է փոխվել ժողովրդի մեջ – ծիծաղելով նկատեց ծաղրածուն
Ծիծաղելով ինչ- որ բան է փոխել ծաղրածուն – նկատեց ժողովուրդը…
 
 
ՆՈՐ    ԴԱՆԹԵԱԿԱՆ
Ո՞ւր է տեղավորելու այսքան հանգուցյալի
                                               Տերը մեր ամենազոր,
ի վերջո, անսահման չեն տարածքները ոչ դժոխքի
և ոչ էլ դրախտի, դե, քավարանինը նույնպես,
և պիտի պատկերացնել,
թե ինչ դժոխային ծանրաբեռնվածությամբ են աշխատում
սպասավորները հատկապես դժոխքի…Հասկանալի է,
անգամ առանց խորը գիտական վերլուծության,
որ սույն հաստատության դարպասների առաջ  են գոյանում
հերթերն ամենամեծ, ու թեև բրուտներն աշխատում են
քափ-քրտինք մտած,
միևնույն է, Հադեսում քննարկվող ամենասուր հարցը,
կպրե կարասների պակասուրդն է,
ինչպես նաև հմուտ կադրերի,
որոնք կարող են տանջել մեղավորներին,
առանց նրանց դեմքին ու դիրքին նայելու:
Եվ նայելով խառնամբոխի այս հարաճուն հեղեղին,
մեր Տերը, որ միակ տառապողն էր
                                            բոլոր աստվածների մեջ,
կդառնա նաև հուսահատվածը միակ,
թափ կտա ձեռքը,
կշրջվի ու կհեռանա գլխահակ…
Եվ պատմությունը, որի սկզբում խոսքն էր,
կավարտվի ծանր,
չափազանց ծանր լռությամբ:
 
 
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սարսափելի է, երբ տրամադրությունդ փչանում է
                                                              պայծառ եղանակին,
գարնանային արևոտ մի օր, - քիչ հեռվում գետն է հոսում`
ալիքվող ու հարահոս աղյուսակը Մենդելեևի,
ափին` կիրակնօրյա հանգստի է դուրս եկել մեծ փիլիսոփայի
ընտանիքը վիթխարի` և հայրը հին հունական խստությամբ
զգուշացնում է երեխաներին.
 –Ոչ մի դեպքում չհեռանալ բանականությունից անդին,
                                     վտանգներով լեցուն է անիմանալին…
Սակայն երեխաներն անհնազանդ դուրս եկան
և խախտեցին իրենց իմաստուն հայրիկի պատվիրանը
և եղավ այն, ինչն այլևս իմաստ չունի թաքցնել
                                                            նույնիսկ երեխաներից.
Պիղատոսը լվաց ձեռքերն ու քաշվեց իր սենյակների խորքը,
դեսուդեն հնչեցին կրակոցներ,
և տրամադրությունս փչացավ վերջնականապես:
 
 
ԿՏԱԿ
Ավաղ, ես ապրում եմ ժամանակներում,
երբ այս զառամյալ հողագնդի վրա ամեն ինչ
սկսել է վերջանալ.
ցամաքում են գետերն ու լճերը,
օվկիանոսները ծով են դառնում, իսկ ծովերը`ճահիճ,
անտառներն այրվում ու մոխրանում են
չոր լուցկիների նման,
իսկ ահա արդեն լրջորեն խոսում են
նավթի ու գազի վերջանալու մասին…
Ավաղ, ինձ ոչինչ չի մնում ժառանգելու իմ հետնորդներին,
ոչինչ, կամ գրեթե ոչինչ, որ հնարավոր լինի վաճառել,
կամ դնել բանկում և խաղաղ ապրել տոկոսների հաշվին:
Թերևս, միակ քիչ թե շատ արժեքավորն այս
սմքող հողագունդն է, որը պառաված
ձիու նման հետզհետե դանդաղեցնում է ընթացքը,
և վստահ եմ, որ շուտով  տնքոցով կանգ կառնի,
և հենց այդ պահին թեթևացած սրտով
այն կժառանգեմ ձեզ`
որպես անշարժ գույք:
 
 
ՊԱՏԵՐԱԶՄ  ԲԱՅՑ  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Աշնանային մի տխուր երեկո դեմ-դիմաց հանդիպեցին իրար
երկու հակառակորդ զինվոր`
ամեն մեկն ուներ իր գեներալը, ամեն մեկն ուներ իր հրացանը,
որին նրանք այնքան վարժ էին տիրապետում:
Դեմ-դիմաց նրանք փորում էին իրենց խրամատները, որպեսզի
այնտեղից ճշգրիտ նշանառությամբ կրակեն իրար վրա,
ահա թե ինչու նրանք ջանասիրաբար խրամատ էին փորում`
                                                               և խորն էին փորում,
                                                               և խորն էին փորում…
Գեներալները սկզբում ոչինչ չէին կասկածում,
նրանք միայն հրամաններ էին արձակում,
նրանք միայն ծխում էին իրենց ծխախոտները
և միայն թշնամական հայացք էին երբեմն նետում թշնամու վրա,
բայց գեներալները հիմնականում ոչինչ չէին կասկածում:
Իսկ երբ գլխի ընկան, թե բանն ինչ է, արդեն բավականին
ուշ էր և ամեն ինչ կորած էր –
զինվորները շատ խորն էին փորել խրամատները,
նրանք չափազանց խորն էին փորել խրամատները,
                                                              և շարունակում էին փորել,
                                                              և շարունակում էին փորել…
Գեներալները գոռգոռում էին. «Դուրս եկեք, վախկոտնեˉր»,
ոտքերը խփում էին գետնին. «Դադարեցրեˉք փորելը»
և չէին մոռանում թշնամական հայացք երբեմն նետել թշնամու վրա:
Հետո, երբ տեսան ամեն ինչ իզուր է,
նրանք բարձրաձայն լաց եղան
և տեղացին անպարկեշտ հայհոյանքներ,
ջանասիրաբար ընտրելով բառերը:
 
 
PR
                - Թագավորը մերկ է,- լրագրողների բազմության առջև
 հանդիսավորությամբ հայտարարեց երեխան,
ապա ավելացրեց.- փրչոտ է և սեքսուալ է սարսափելի…
                - Այո,- ասաց թագավորի խոսնակը հպարտությամբ,-
մեր թագավորը ոչինչ չունի թաքցնելու
իր սիրելի ժողովրդից:
 
 
ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԹԵՄԱՅՈՎ
«Ի՞նչ եմ ուզում դառնալ» թեմայով
դպրոցական շարադրության մեջ
ընդամենը մի տող.
     «Ուզեմ, թե չուզեմ թագավոր»
           գրել էր
      թագավորի տղան:
 
 
ԹՇՆԱՄՈՒՆ  ՈՐՈՆԵԼԻՍ
Ինչ-որ հեռու հեռավոր երկրում
ապրում է թագավորը և հրամաններ է արձակում:
Ամեն առավոտ շարում է զորքը,
համբուրում է թագուհու ճակատը, հետո լվացվում է
և գնում է թշնամուն որոնելու:
Զորքը գնում է նրա ետևից,
և նրանք գնում են դաշտերով, ձորերով,
անտառներով, լեռներով
և չեն հանդիպում թշնամուն:
Եվ հետո նրանք ետ են դառնում
լեռներով, անտառներով, ձորերով, դաշտերով,
տխուր ետ են դառնում:
Թագավորը փոշոտված է անտանելի,
զորքը փոշոտված է անտանելի:
Նրանք լվացվում են,
և թագավորը հրամաններ է արձակում,
և թագավորը համբուրում է թագուհու ճակատը
և գնում է քնելու:
 
 ԷԼԻ ՄԱՐԴԿԱՆՑ  ՄԱՍԻՆ
      Անեկդոտի նման կարճ ու սրամիտ էր այս գյուղը,
ամանորի նախօրեին, երբ բոլորը եռուզեռի մեջ են.-
տոնական սեղաններ են պատրաստում,
եփում ու թխում են քրտնմխած,
իսկ երբ ամեն ինչ ավարտի են հասցնում,
հագնում են տոնական շորերն ու շարվում են
                                                         սեղանների շուրջ,
ու  կարմրատակած դեմքերով նայում են ճղճղացող
էկրանին ու սպասում. -
մի՞թե ոչ ոք չի մեռնելու այս գիշեր:
 
 
ՊԱՏԺԻ  ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ
    Եվ հիմա արդեն, երբ կյանքս իր ավարտական
փուլն է թևակոխել, -  լիակատար վստահությամբ
կարող եմ հավաստել, որ իմ նախորդ կյանքերում
զարհուրելի հանցանքներ եմ գործել, անարդար եմ
եղել և միգուցե նաև տմարդի…Այլապես ինչո՞ւ է
Տերն ինձ համար այսքան ծանր պատիժ սահմանել –
ծնվել ու գոյություն քարշ տալ այս քար ու քռայի մեջ,
և այս մարդկանց մեջ, որոնք հաստատ վերջին անգամ են
ծնվել այս հողի վրա, որովհետև նրանց համար
Տերը դժվար թե
կարողանա նոր պատիժ հորինել
այս մեկից ծանր ավելի…
 
 
ԷՀ, ԱՍԱՑ ՓԻԼԻՍՈՓԱՆ
Հարկավոր է մտածել վաղվա օրվա մասին,- ասաց հարևանս
և ևս մի արկղ օճառ խցկեց պահարանի վերին դարակը:
Հարկավոր է մտածել, ասաց փիլիսոփան:
Ի՞նչ իմանաս , ինչ կբերի վաղվա օրը,
թեև հիմնականում և ավելի շատ այն տանում է, քան թե բերում,-
տնքալով ասաց հարևանս հերթական աղի պարկը շալակին:
Ի՞նչ իմանաս, ասաց փիլիսոփան:
Նկատի ունեցիր նաև, որ խառն է աշխարհի վիճակը,
բոլորը խոսում են նոր պատերազմի մասին,
և լրագրերն են գրում, - ճռնչաց հարևանս` մի կերպ
քայլելով լուցկու վիթխարի արկղի տակ կքած:
Նկատի ունեցիր, ասաց փիլիսոփան:
Եվ զգոն եղիր, թե չէ աչքդ թեքես, կմնաս դատարկ սենյակում
Աստծո տված շորերով, այսինքն բոլորովին մերկ,-
դառնորեն քմծիծաղ տվեց հարևանս, ևս մի անգամ
ստուգելով դռների կողպեքներն ու փականների ամրությունը:
Եվ զգոն եղիր, ասաց փիլիսոփան:
Էհ, իսկ ամենակարևորը` հույսդ չդնես ոչ մեկի վրա,- ասաց հարևանս
և հրաժեշտ տալով ինձ, պառկեց իր իսկ ձեռքով պատրաստած
դագաղի մեջ և մեռավ` նախօրոք ամուր փակելով
բոլոր դռներն ու հանգցնելով լույսերը բոլոր սենյակների:
Էհ, ասաց փիլիսոփան:
 
 
ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑ
Իր ամենօրյա զբոսանքից տուն վերադառնալիս
մեծ եղավ Դարվինի զայրույթը, երբ տեսավ,
որ իր սիրելի կապիկը որերորդ անգամ
տունը տակնուվրա է արել,
խառնել ու ավերել է ամեն ինչ.
 - Դու ե՞րբ ես մարդ դառնալու,- հառաչեց
նշանավոր գիտնականն ու վերջնականապես
հուսահատված փլվեց պատառոտված բազկաթոռին:
 
 
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ
Սովորական գերեզմանոց էր: Շիրմաքարերի շուրջ դեսուդեն
աճած մի քնի ծառով, որոնք ամենասկզբում պտղատու են եղել:
Սովորական, շարքային գերեզմանոց էր,
ընդամենը մի պատգամավորով,
որը մեռել էր ընտրողների հետ միասին և միասին էլ
թաղված էին մի ընդհանուր շիրմաքարի տակ…
Չմոռանանք  դատավորին, որը թեև պատվարժան էր,
բայց նրա մահվան մասին խորհրդավոր լուրեր էին պտտվում,
երբ քաղաքում դեռևս պտտվում էր կարուսելը`
միակը քաղաքի բազում ձեռնարկություններից,
որն աշխատում էր անխափան և որից ամեն երեկո
սիրով օգտվում էին քաղաքի այրերը հարգարժան:
Պատգամավորը նախընտրում էր ձին,
իսկ դատավորն առյուծը, սակայն երբեմն նրանք
տեղափոխվում էին, երբ հարկ էր լինում
հասարակության պահանջով գնալ ինչ-ինչ փոփոխության…
Իսկ ընդհանրապես, հասարակական կազմակերպություններից
ամենաաշխույժն ու եռանդունը հասարակական զուգարանն էր,
որի անունը առաջինն էր նշում պատգամավորն իր
նախընտրական ճառերի այն հատվածում,
որն արվեստին ու մշակույթին էր նվիրված:
Հետո ընտրազանգվածը կոտորվեց մինչև վերջին մարդը`
անվերջ նույն թեկնածուին ընտրելու ձանձրույթից,
ինչի հետևանքով պատգամավորը մեռավ խորը վշտից:
Իսկ երբ հանցագործությունները վերացան, որովհետև
վերացան ընտրություններն ու պատգամավորը,
դատավորը խարակիրի արեց հասարակական զուգարանի
առջև և հոգին ավանդեց  սաստիկ տառապանքների
և վիթխարի պարտքերի մեջ խրված…
Հաջորդ օրվանից քաղաքը լիովին ամայացավ և ծառերը
դադարեցին  պտղաբերելուց
և քիչ-քիչ տեղափոխվեցին գերեզմանոց,
շարվեցին շիրմաքարերի շուրջ`
աճելով ինչպես պատահի, երբ պատահի…
 
 
ՎԵՐՋԻՆ  ԲԱՌԵՐ
Դժվար,
ինչ սոսկալի դժվար են ծնվում բառերը,
և ի՞նչ իմանաս, միգուցե տխուր երգ է սա,
և ինչ գեղեցիկ են աստղերը երկնքում,
իսկ անտառը մոտիկ է,
չափազանց մոտիկ,
գալարափողերն են հնչում,
որսորդներն են վազում բոլոր կողմերից
տեսնելու, թե ինչպես է մեռնում վերջին սոխակը
նոտաների տետրը արյունոտ կրծքին սեղմած…
 
Եվ ի՞նչ իմանաս,-
միգուցե վերջին երգն է սա,
միգուցե վերջն է սա,- ի՞նչ իմանաս:
 
 
ՎԵՐՋԱՊԵՍ  ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ է ՊԱՏԱՀԵԼՈՒ
     Ի՞նչ իմաստ ունի ճշտել, թեև հնարավոր է, թե լուրն առաջինը
ով տարածեց. «Այսօր ինչ-որ բան է լինելու»-և աշնան քամին
դեղին տերևներին խառնելով` տագնապը ցրեց քաղաքով մեկ:
Կան նաև ուրիշ քաղաքներ, ուր Սոկրատեսի պատկերով
լրջախոհ տղամարդիկ խորիմաստ մտքեր են
գրի առնում կաշառակերությունից ազատ ժամերին:
Նրանք անտեղյակ ապրում են խաղաղության մեջ:
Իսկ այս մեկում վաղուց էին սպասում: Եվ ահա
վերջապես լուրը տարածվեց:
    Աշուն է, տխուր լուրեր ստանալու ամենատարածված
եղանակը: Դեսուդեն ցրված տերևներ` հանգուցյալի
դարակներից նետած դեղնած նամակների նման,
որոնք ավելի են սրում տագնապի զգացումը:
Զարմանալի է, մարդիկ գնալով ավելի
ու ավելի քիչ են մտածում մահվան մասին
և շարունակում են եռանդով ծամել ու ուտել,
երբ մարմնի մի կեսն արդեն մեռել է,
իսկ մյուս կեսին մնացել է մի քանի ժամ, գուցե րոպե:
Այս իˉնչ
հիմար շորեր ես հագել,- մահվան մահճում հանդիմանում էր
մայրը աղջկան, բայց տագնապն արդեն նրան էլ էր հասել
և նա միանգամից լռեց` վախեցած նայելով
                                                           պատուհանից դուրս…
Այս իˉնչ հիմար շորեր եմ հագել,- տագնապահար
նայեց հայելուն Սոկրատեսը, որն աղոտ
պատկերացում ուներ կաշառակերության մասին,
թեև փիլիսոփայությունից ազատ ժամերին լրջախոհ
տեսքով շրջում էր XXI դարի միջանցքներում, ձեռքերը
պարզած երկինք բացականչելով,- Այս իˉնչ հիմար
                                                             շորեր եք հագել…
   Միգուցե արդեն գարուն է,
                                   միգուցե ծառերն արդեն ծաղկել են,
միգուցե լուրերն ուրիշ դռներ են թակում,
և ուրիշ
             պատուհաններից է տագնապը սողոսկում ներս,-
Այս իˉնչ հիմար շորեր են հագիս, արագորեն հանվելով
մտածում էի ես և սրսփալով մտնում անկողին`
ծածկվելով չորացած տերևների
                                     ու դեղնած նամակների
                                                                        վերմակով…
 
 
ԵՐԵՎԻ
                                          Սիրով` Արփի Ոսկանյանին
 
    Սովորական պատմություն է,- ասաց բազմաթիվ
աշուններ տեսած քաղաքացին, մարդկանց կոչ անելով
վերադառնալ տուն և թողնել ծառերն իրենց վշտի հետ…
Եվ հենց այդ պահին
հնչեց ձայնը զբոսայգու ամենախորքից.- իրիկնային
շքեղ արդուզարդով մի մանկամարդ տիկին,
ամենաբարձր ծառի ճյուղին նստած,
կանացի կրծքային ձայնով  սկսեց
անպարկեշտ հայհոյանքներ տեղալ
անցող-դարձողների, ինչպես նաև նրանց գլխին, ովքեր
հարգելի պատճառներով բացակայում էին քաղաքից:
Երևի քաղցա՞ծ եք,- հարցրեցին անցուդարձողները,
որոնք հավաքվել էին ծառի տակ,
Երևի ընդդիմադի՞ր եք ,- հարցրեցին նրանք,
ովքեր հարգելի պատճառներով
                                               բացակայում էին քաղաքից,
Երևի հղի՞ եք,- հարցրեցին սեռական 
փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք
սովորաբար մեծամասնություն են կազմում
օրվա այդ ժամին անցուդարձողների մեջ, 
Երևի քաղցած է, ընդդիմադիր է և հղի,- հաստատեցին
արագորեն տեղ հասած երբեմն գրական,
երբեմն կուսակցական մի խումբ գործիչներ, որոնք
համոզված են որ հայաստանի հատուկենտ ծառերի
ճյուղերին արդեն հասունացել է մի նոր սերունդ
և ժամանակն է, որ նրանք իջնեն ծառերից,
ուղղեն մեջքերը և քայլել սովորեն
և իրենց արժանի տեղը գրավեն
                                       անհասկանալի է թե որտեղ…
Հետո եկավ քաղաքապետը
փողային նվագախմբով 
                                                           և հրշեջ մեքենայով
և օրհներգի փառահեղ հնչյունների տակ հրշեջները           
հանդիսավորությամբ ծառից
իջեցրեցին մանկամարդ տիկնոջը, որը շարունակում էր           
անպարկեշտ հայհոյանքների տարափը…
Օրհներգի ինչպիսիˉ հրաշալի տեքստ է,-
հիացմունքով ունկնդրելով հայհոյանքները, շշնջաց
բազմաթիվ աշուններ
                                   տեսած քաղաքացին
և հետո վախեցած նայեց չորսբոլորը,
խուճապահար նետվեց աշնանային տերևների շեղջի մեջ,
և ոտերն ու ձեռները կատաղի աշխատեցնելով
                                                       սուզվեց ու անհետացավ,
այլևս երբեք չվերադառնալու հաստատ մտադրությամբ…. 
 
 
*   *   *
Ինձ կախեք եղևնու ճյուղերից,- իր կտակի մեջ
խնդրել էր ծերունազարդ բանաստեղծը վերջին շնչում,-
կամ գոնե թաղեք
Արարատի կատարին`ձյուների մեջ,
Թուրքիայից հեռու մի տեղ,
և քանի որ ես սարսափելի մրսկան եմ,
չմոռանաք տաք շորեր դնել հետս` …
Բայց շատ ավելի գերադասում եմ առաջին տարբերակը,
այսինքն եղևնին, ի վերջո, ինչու
նեղություն պատճառեմ մարդկանց, թեև,
չեմ կասկածում, նրանք ինձ շատ են սիրում,
և կանեն ամեն ինչ
վերջին ցանկությունս կատարելու համար…
Երեխաները կպտտվեն զարդարված եղևնու շուրջ,
կերգեն ու կպարեն, կարտասանեն
իմ բանաստեղծությունները
 և հոգիս կփառավորվի և սառած մարմինս կտաքանա…
…Իշխանության ներկայացուցիչը, արցունքն աչքերին,
մակագրեց կտակի վերին եզրին` «Կատարել
սիրելի բանաստեղծի վերջին ցանկությունը
և նրան թաղել Սովետաշենի գերեզմանոցում` աղբանոցի
անմիջական հարևանությամբ, ուր, ի վերջո,
հայտնվելու էին
թե եղևնին և թե բանաստեղծը                                                 
ամանորի տոների ավարտին»:
 
 
ՔԱՄՈւՑ  ՔՇՎԱԾՆԵՐԸ
Քամին փչում է հյուսիս –
և մենք բոլորս
վազում ենք հյուսիս:
Քամին փչում է հարավ –
և մենք բոլորս
վազում ենք հարավ…
Ե՞րբ ենք, ի վերջո,
կուշտ փորով հաց ուտելու,
որ մի քիչ ծանրանանք,
հողին կպած մնանք ու դիմանանք
քամիների այս անվերջ
                       տարուբերումներին:
 
 *    *    *
 Հեռուստացույցի էկրանը - բանտախցի պատուհան
 աշխարհի վրա բացված: Հնարավորինս 
 հաշվի են առնված
 ճաշակներն ու ցանկությունները բոլոր բանտարկյալների -
 ձմռանը շատերը գերադասում են տեսնել տաք երկրներ,
 խիտ ու փարթամ անտառներ, մաքուր ու կոկիկ քաղաքներ,
 որոնց փողոցներով շրջում են թեթև հագնված, 
 ժպտադեմ մարդիկ,
 և ամենևին չեն կրակում իրար վրա
 թիկունքից:
  
 Ամռանը ցուցադրում են հենց նույն այդ մարդկանց, 
 որոնք տոթ քաղաքները թողած զովանում են 
 ծովերում ու գետերում,  
 արևկող են լինում տաք ավազներին պառկած,
 խաղաղ նիրհում են աչքերը փակ - ամենևին չկասկածելով,
 որ ինչ-որ մեկը կրակելու է նրանց վրա
 թիկունքից:
  
 Բայց ամենացանկալին, բոլոր եղանակներին, 
 ճամփորդական պատկերներ տեսնելն է, թե ինչպես են
 հենց նույն այդ մարդիկ ավտոներով, գնացքներով, 
 ինքնաթիռներով
 ինչ-որ տեղ գնում կամ վերադառնում են ինչ-որ տեղից 
 ոմանք դիմավորում են, մյուսները ճանապարհ են գցում,
 և պարզորոշ զգացվում է, 
 որ նրանց մտքովն անգամ չի անցնում,
 թե ինչ-որ մեկը կրակելու է նրանց վրա
 թիկունքից:
  
 ….Հետո հեռուստաէկրանը մարում է 
 և մանր անձրև է սկսում տեղալ բանտախցում, 
 որովհետև աշուն է և օրերը շուտ են մթնում, 
 և ես շտապում եմ ավարտի հասցնել վերջին տողերս,
 քանի դեռ ինչ-որ մեկը չի կրակել
 թիկունքիս:
  
  
  *    *    *
 Ընդամենը մի կղզի է մնացել, 
 ուր ապրում են սիրելի մարդիկ:
 Ընդամենը մի պայծառ արև, 
 որը երբեք մայր չի մտնում:
 Ընդամենը մի քանի ծառ` քաղցր պտուղներով:
 Ընդամենը մի երազ, 
 ուր դու ապրում ես այդ կղզում,
 պայծառ արևի տակ, 
 որը երբեք մայր չի մտնում,
 սիրելի մարդկանց հետ ու ծառերի մեջ,
 որոնց ճյուղերից քաղցր պտուղներ են կախված…
  
 Ընդամենը մի երազ, որի համար արժե քնել
 և այլևս չարթնանալ – 
                             թույնի և մաղձի այս օվկիանոսում:
  
  
  
 ՏԱՔ  ԵՂԱՆԱԿՆԵՐ
 Գիշերվա կեսին շենքը նորից արթնացավ
 շների անտանելի վայնասունից.
 անթաքույց տրվել էին սիրո վայելքին,
 բնության հարազատ ու բոլորովին տկլոր զավակները,
 մոռացած, որ ապրում են քաղաքակիրթ մարդկանց 
 շրջապատում, որոնք տասնամյակներ առաջ,
 երբ գազը դեռևս էժան էր և էլ. էներգիան էր դեռևս էժան,
 եռացրած ջուր էին շփում վերևից անխնա
 սիրատենչ շներին քշելու համար, իսկ հետո,
 երբ այդ ամենը կտրուկ թանկացավ,
 սկսեցին պարզապես սառը ջուր լցնել, իսկ հիմա,
 երբ ջուրն էլ է շեշտակի թանկացել – 
 հայհոյանքների տարափ են տեղում վերևից, 
 առատորեն օգտվելով մեր բառ ու բանից մայրենի – 
 միակը, որ գնալով էժանանում է 
                         այս համատարած թանկության մեջ,
 և շուտով գուցեև դառնա բոլորովին ձրի,
 անտանելի վայնասունի պես անտեր շների: 
  
  
 ԹԱՎՋՈՒԹԱԿ
 Գնալով հեռանում է ծննդյանս թվականը
  և արդեն մշուշվում է կուտակվող տարիների մեջ,
  իսկ առաջին երկու թվերը վաղուց չկան: 
 Ինչպես նաև պատերազմն է մշուշվում, 
 որի ավարտին սպասեցի ծնվելու համար:
 Չեմ սիրում աղմուկ-աղաղակ, հատկապես կրակոցներ,
  որոնք պարզորոշ լսում էի, մորս արգանդի մեջ 
                                                          ապահով թաքնված:
 Ահա և արագիլների համերաշխ ընտանիքն է 
 ճամպրուկները դասավորում` ուր որ է կհնչի ժամը մեկնելու: 
 Եվ ո՞վ ասաց, թե ծառը չի կարող
 նվագել թավջութակի նման -  և դա միայն աշնանը, 
 երբ տերևներից մերկացած ճյուղերին քսվում է 
                                                           քամու փափուկ աղեղը
 և մի այնպիսի սրտակեղեք մեղեդի է տարածվում,
 որ  արցունքոտված աչքերով արագիլներն են 
 հեռանում հապշտապ ` ճամպրուկ ու ամեն ինչ մոռացած…
 Գնալով հեռանում է ծննդյանս թվականը, 
 իսկ ես դեռ սպասում եմ ավարտին,
 վերջին կրակոցներն եմ լսում` գրեթե ամբողջովին մշուշված,
 և մարդու ձայնով թավջութակն է լալիս
 աշնան խորքերում ապահով թաքնված…
  
  
 *    *    *
 - Ի՞նչ է պատահել,- տունդարձիս հարցրեցի
 շենքի առաջ խմբված հարևաններիս,
 որոնք գլխահակ ծխում էին և խոսում ցածրաձայն
 հայ-թուրքական սահմանների բացվելու մասին:
 - Ի՞նչ է պատահել,- տուն մտնելով հարցրեցի
կնոջս, որն իր աշակերտների տետրերն էր ստուգում
և ականջի ծայրով լսում, թե ինչպես են
հեռուստաէկրանից խոսում հայ-
թուրքական սահմանների բացվելու մասին:
Հետո նա մի պահ հայացքը կտրեց
տետրերից, մտահոգ նայեց ինձ
և ասաց. – Հարկավոր է ավելի վստահելի
կողպեք դնել դռան վրա
և ընդհանրապես հարկավոր է
դռները միշտ փակ պահել:    
  
  
 ԴՈՒ, ՈՐ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԱՐԱԳ ՔԱՅԼԵՐՈՎ 
 ՀԵՌԱՑԱՐ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ
 Կոտրված սրտով հեռացողների մեջ 
 Դու չէ որ վերջինն ես լինելու:
 Բայց ի՞նչ իմաստ ուներ այսքան հապճեպ 
 նետվել այս փայտե պլպլան արկղի մեջ` աչքերդ փակ,
 և ձեռքերդ ծալած կրծքիդ,
 իսկ պատին, սև ժապավեններով երիզված լուսանկարդ է,
 որտեղ ձեռքերդ չեն երևում, բայց աչքերդ բաց են
 և անտարբեր նայում են ներսուդուրս անողներին, 
 կնոջդ, որը սկսում է բարձրաձայն արտասվել
 ամեն մի ներս մտնողի հետ և ողբի ուժգնությամբ
 կարելի էր որոշել թե ներս եկողն ինչքանով էր 
                                                հարազատ ու մտերիմ 
 քո ընտանիքի և անձամբ քեզ հետ:
 Բնականաբար, լացն առավել ուժգնանում էր,
 երբ բարձրաստիճան պաշտոնյա էր երևում
 դռների արանքում:
 Հետամնաց երկիր ենք, դեռ լաց ենք լինում 
                                                 հանգուցյալների ետևից:
 Բնական հարստություններից զուրկ ենք, 
 եղածն էլ մի բանի նման չի, ահա թե ինչու խորը վշտով, 
 մեծ դժվարությամբ ենք բաժանվում մեր ունեցած
 սակավ հարստությունից` մտերիմներից, ընկերներից 
 ու հարևաններից,
 ու նաև քեզանից, իմ հեռավոր բարեկամ, 
 որ անշարժ պառկել ես սեղանի վրա, 
 այդպես էլ չիմանալով, թե ինչով կավարտվեն
 հայ-թուրքական բանակցությունները, 
                                          կբացվե՞ն սահմանները, թե՞ ոչ…
 Թեև, ճիշտն ասած, դեմքիդ արտահայտությունից 
 պարզ զգացվում է,որ  խաչ ես քաշել 
 այդ հարցի վրա և ձեռքերդ կրծքիդ խաչած, 
 վստահ, որ ամեն ինչ նույնն է մնալու 
                                                այս հնամաշ հողի վրա,
 հեռանում ես մեզանից – մեր ունեցած 
 միակ բաց ու ազատ ճանապարհով,
 որը երկինք է տանում …
  
  
 ՈՐՍՈՐԴՆԵՐԸ
 Նրանք կրակում են քաղաքներից դուրս,
 նրանք կրակում են ինձանից հեռու
 և իմ ականջին չեն հասնում նրանց
 կրակոցների ճայթյունները…սակայն
 ես պարզ լսում եմ
 ինչպես են լռում սրտերը խոցված…
  
  
  *    *    *                                 
        Ինչ-որ մի հնար գտեք, որ ես չհեռանամ 
 այս փոքրիկ երկրից: Ինչ-որ սխալ գտեք 
 անձնագրիս մեջ և ետ դարձրեք սահմանագլխից:
    Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, 
 որ ես ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից.
 թող առատ ձյուն տեղա և անհուսորեն փակվեն
 ավտոմայրուղիները և դադարեցվեն թռիչքները  
 ինքնաթիռների, և գնացքները կանգնեն 
 անորոշ ժամանակով…
    Ի՞նչ մի դժվար բան է` արգելափակոցներ դրեք,
 որ ես չհեռանամ այս փոքրիկ փողոցից,
 հայտարարեք համաճարակ` խոզի կամ այծի գրիպի,
 զգուշացրեք, որ կվտանգեմ ձեր և այլոց կյանքերը,
 եթե մի ոտք անգամ դուրս դնեմ
 այս փոքրիկ փողոցից, որի բոլոր ծառներին, թփերին
 և մայթեզրի քարերին և նույնիսկ անտեր շներին 
 վարժվել եմ անդառնալիորեն:
   Եվ ո՞վ ասաց, որ չի կարելի օրենք ընդունել 
 և կտրականապես թույլ չտալ գոնե մեկ մարդու` 
 այսինքն գոնե ինձ, այսինքն 
 այսինչ-այնինչյանին - դուրս չգալ իր փոքրիկ տանից, 
 ասենք` երթևեկությունը խցանումներից 
                                                 ազատելու նպատակով:
    Ոստիկան կկարգեք հենց դռանս առաջ,
 և նա թող բամբակ խցկի ականջների մեջ,
 որպեսզի չլսի իմ աղաչանք-պաղատանքը
 և չբացի դուռը ինչքան էլ խնդրեմ ու համոզեմ…
      Ահա արդեն քանի օր է
 ես ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել
 արթնանալու համար:
  
  
  *    *    *
 Մարդուց միլիոն տարի առաջ
 անիվի գյուտն արել է
 սովորական բզեզը,
 որը թրիքից փոքրիկ գունդ սարքած
 անիվի պես գլորելով այն տարել է
 իր խորշը որպես ձմռան պաշար,
 ամենևին չմտածելով իր գյուտը 
                                    գրանցելու,
 նոբելյան և զանազան 
 այլ կարգի մրցանակներ
 ստանալու մասին,
 և փառքի մասին չմտածելով ամենևին:
  
 Եվ ընդհանրապես` չմտածելով ամենևին:
  
  
 ՎԵՐՋԻՆ  ԼՈՒՐԵՐ
    Անշուշտ, ամենաձեռնտուն և ամենաառողջարարը 
 քնելն էհեռուստացույցի առաջ, հատկապես վերջին 
                                    լուրերի հաղորդման ժամանակ:
 Այդպես դու հանգստանում ես առանց համաշխարհային
 և տեղական կարևոր ու հրատապ իրադարձություններից կտրվելու:
 Հետաքրքիրն այն է, որ պաշտոնական լուրերի ընթացքում,
 այսինքն լրատվության հենց սկզբում,
 երբ դու հարմար տեղավորվում ես բազկաթոռի մեջ,
 և գլուխդ հենում փափուկ թիկնակին, իսկ ոտքերդ
 դիմացի աթոռակին փոքրիկ - դու դեռ չգիտես, 
 թե հատկապես 
 ո՞ր պահին ես խրվելու Մորփեոսի գիրկը երանելի…
 …Ձմեռն արդեն ավարտին է մոտենում և պառլամենտը 
 պատրաստվում է գարնանային նստաշրջանին, 
 և արդեն հայտնի է, որ ամենակարևոր հարցը, 
 որ դրվելու է քննարկման, նարգիլեի և
 ափիոնի դեմ համընդհանուր պայքարն է` հայ-թուրքական 
 հարաբերությունների կարգավորումից անմիջապես հետո…
 …Երկրի ղեկավարները մեկնելու են Լոնդոն և արդեն 
  
 հայտնի է, որ թագուհին նրանց պատվին 
 հանդիսավոր և ճոխ ճաշկերույթ է
 կազմակերպելու, որի ընթացքում պարտադիր է 
 գդալ ու պատառաքաղ մոռացած 
 հարգալիր ժպիտով ակնդետ հետևել,
 թե ինչպես է թագուհին կլանում իր ամենօրյա շիլան 
 նրբագեղ շարժումներով, և համբերությամբ սպասել, 
 թե երբ է այս ճոխ ճաշկերույթն ավարտվելու, 
 որ գնան քաղաքից դուրս 
 և կուշտ փորով հաց ուտեն…
 …Ցավալի և զարմանալի փաստ է,թե ինչու են 
 միշտ (գրեթե միշտ) բնական աղետները 
 քարուքանդ անում, առանց այդ էլ կիսավեր,
 չքավոր երկրները, բայց ուրախալի փաստ է, 
 որ այդ աղետների շնորհիվ աղետված երկրների թշվառ 
 բնակիչները, ի վերջո, նորմալ
 հագուկապ, բարձրորակ ուտելիք և մի քիչ էլ 
 ձեռքի փող են ստանում հարուստ երկրներից, 
 որոնց օգնությամբ տուն ու տեղ են դնում,
 յոլա են գնում մինչև հաջորդ աղետը վրա հասնի` 
                                                      Աստծո օրհնությամբ…  
 …Մինչև գոտկատեղը ձյան մեջ խրված հողի 
 աշխատավորները բողոքում են ձյան բացակայությունից 
 և իրենց ծանր վիճակից,
 և կառավարությունից օգնություն են խնդրում 
 առաջիկա երաշտից կրելիք վնասների համար, 
 երաշտ, որն անկախությունից հետո անխուսափելի է, 
 թեկուզև կլոր տարին առավոտից իրիկուն 
 անձրև տեղա, ինչպես նախորդ տարիներին` 
                                                   ջրհեղեղից սկսած…
 …Փողոցային մարմնավաճառուհիները 
                                            դրվատանքով են խոսում
 ներկա քաղաքային իշխանությունների մասին, 
 որոնք, ի տարբերություն նախորդների, 
 ժամանակին և խնամքով մաքրում են 
 փողոցներն ու մայթերը ձյունից ու ցեխից, 
 և դրա շնորհիվ բավականին հեշտացել է
 ամենահին մասնագիտության տեր կանանց
  աշխատանքը, հատկապես ձմռան ու գարնան 
 առաջին ամիսների դժվարին պայմաններում…
 …Երկրագնդի գլոբալ տաքացման հետևանքով 
 խայտառակ ցրտեր են սկսվել Աֆրիկայում, 
 և պատմության մեջ առաջին անգամ 
 սառցակալել են վերջինիս հարակից ծովերն ու 
 օվկիանոսները, ինչի հետևանքով 
 ծանր կացության մեջ են հայտնվել 
 Սոմալիի ծովահենները, 
 և ի աջակցությունս իրենց գործընկերների` առաջինը
 արձագանքեցին հայ ֆերմերներն ու խանութպանները` 
 շեշտակիորեն թանկացնելով մսամթերքներն ու 
 մյուս մթերքները Հայաստանի տարածքում…
 …Սահմանային անցակետում մեր մաքսավորները 
 կալանավորել են հարևան երկրի 
 ազգությամբ հայ երկու բնակչի, 
 որոնք փորձել էին իրենց սրտերում թաքցրած 
 մեծ քանակությամբ սեր ու կարոտ 
 անցկացնել Հայաստան` առանց մաքսազերծելու…
 …Մեծ առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի 
 դեմ պայքարի ասպարեզում, և հանցանքի վայրում 
 բռնվել, տույժի են ենթարկվել հազարավոր 
 կաշառակերներ, որոնք հավանաբար եղել են 
 փողոցային երթևեկության խախտողների 
 և տեղում տուգանվածների շարքերում…
 …Վերջերս ինձ էլ են տուգանել փողոցը 
 ոչ ճիշտ տեղում հատելու համար, 
 երևի ես էլ եմ կաշառակեր…- բարեհոգաբար 
 մտածեցի ես արդեն փակվող աչքերով, 
 այդպես էլ չիմանալով, թե ինչ
  նվաճումներ ենք արձանագրել սպորտի 
 և հատկապես մշակույթի ասպարեզում, 
 որոնցից մեկն էլ այն է, որ  ծանր ու երկարատև 
 հաջողություններից հետո վախճանվել է 
 մշակույթի վաստակավոր գործիչ…
  ափսոս, չլսեցի անունը`  
                           արդեն խորը քնի մեջ էի թաղված…
  
  
 *     *     *
 Ամենևին դժվար չէ հասկանալ, թե ինչ պատկերացում 
 կարող են ունենալ մեր մասին թռչունները, որոնք
 վերևների բնակիչներ են և պարզորոշ տեսնում են
 մեր բոլոր արարքները, ահա թե ինչու նրանք 
 արհամարհում են ու խախտում մեր գծած բոլոր սահմանները,
 առանց հարցնելու օգտվում են այն ամենից, ինչ մենք
 ստանում ենք մեծ չարչարանքով` ցանելով ու հնձելով…
 Հետո հանում ենք շուկա և վաճառում 
                                          անընդհատ թանկացող գներով:
 Եվ ամենակարևորը, նրանք արտոնյալ են` երկնքի բնակիչներ,
 սավառնում են համարյա քսվելով երկնային դրախտի փեշերին,
 այնքան մոտիկից, որ երբեմն խառնվում են
 իրենց գործերով դեսուդեն թռչող հրեշտակների երամներին…
 Հետևաբար դժվար չէ հասկանալ,
 որ թռչուններն Աստծո սիրելիներն են,
 հետևաբար, ամենևին դժվար չէ հասկանալ,
 թե ինչ կարծիք ունի մեր մասին Տերը մեր արդարադատ,
 ում թույլտվությամբ 
 նրա սիրելիներն անսպառ եռանդով
 ծռտում են մեր գլխին առաջին իսկ ցանկության դեպքում…
  
  
 ՆԱ         
 Երբ մուտքի վրա կարդաց.
    «Կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելված է»-
 ինքնագոհ շրջվեց ու հեռացավ, վերջապես
 հասկանալով թե ով է ինքը:
 Եվ իսկապես, նա լիովին իրավացի կլիներ
 իրեն երջանիկ համարել
 (չէ՞ որ քչերին է տրված,
 թեկուզ և կյանքի ավարտին
 ճանաչել սեփական ինքնությունը),
 և խորին գոհունակությամբ հրաժեշտ կտար
 այս անցողիկ կյանքին և ժպիտը դեմքին
 կկանգներ շեմին հավերժության,
 եթե միան ահեղ
 այդ գրությունը չփակեր նրա ճամփան`
 փակցված Դրախտի մուտքի վրա,
                                աչքի ընկնող մի տեղ…
  
  
 ԾԵՐԱՆՈՑԸ ՔԱՂԱՔԻ  ԾԱՅՐԱՄԱՍՈՒՄ ԷՐ
     Արդեն խորը ձմեռ էր, երբ ինչ-ինչ
 փաստաթղթեր լրացնելուց հետո
 նա ալևոր հորը տարավ ծերանոց:
 Հնամաշ, չտաքացվող մեքենայի մեջ
 հայրն անվերջ սրթսրթալով
 ու ձեռքերը շփելով աշխուժորեն խոսում էր, որ
 երկրագնդի գլոբալ տաքացման հետևանքով
 միգուցե հայ-թուրքական հարաբերություններն էլ
 մի քիչ ջերմանան և ձմեռները այսքան չերկարեին…
    Արդեն խորը ձմեռ էր, երբ ինչ-որ մի պանդոկում
 խմելուց ու մի քիչ տխրելուց հետո վերադարձավ տուն,
 ուր միայն որդին էր`քնած հեռուստացույցի առաջ,
 իսկ էկրանից մի ծերացող տղամարդ սրթսրթալով
 ու ձեռքերն անվերջ շփելով խոսում էր երկրագնդի
 գլոբալ տաքացման վտանգների մասին…
 Հետաքրքիր է, ինչի՞ մասին եմ ես խոսելու,
 երբ այս լակոտն ինձ տանի ծերանոց,-նայելով քնած որդուն
 մտածեց նա,-
 երբ ձմեռն ավելի խորանա…
  
    
 ՀԻՄԱ
    Տեր ամենազոր,
 հիմա, երբ բազում տարիներ եմ անցկացրել
 քո արարած այս մոլորակի վրա
 և տեսել եմ անտառներ, լեռներ, գետեր ու օվկիանոսներ,
 տեսել եմ թռչուններն երկնքում,
 և ձկներն եմ տեսել խորքում ջրերի,
 հիացել եմ մրջյունների աշխատասիրությամբ,
 ծաղիկների բազմերանգությամբ
 և կատարելությամբ տերևների,
 վայելել եմ լուսաբացների արարողությունը սքանչելի
 և թե ինչ հանդիսավորությամբ է իջնում վարագույրը մթան,
 տեսել եմ փառահեղ բազմազանությունը անձրևների
 և վարպետությունը, թե ինչպես է ձմեռը փոխվում գարնան…
    Եվ հիմա, Տեր իմ, երբ ժամանակն է հաշտվելու
 այս ամենից բաժանվելու մտքի հետ չարագուշակ,
 չընկնեմ հոգսերով և չմոռանամ հարցնել,
 թե այդ իˉնչ զորությամբ ու հմտությամբ ես կարողացել
 արարել այս ամենը
 ընդամենը մի շաբաթում,
 որ այս էլ քանի հազար տարի է
 մենք, քո իսկ հորինած մարդ-արարածներս,
 քանդում ու ավերում ենք
                            ու ծայրը դեռ չի երևում…
  
  
 ԱՌԱՎՈՏ
    Ահա, կանգնած եմ օրվա բաց դռների առաջ:
 Արտասովոր ոչ մի բան` ծայրեծայր երևում են 
 օրվա բոլոր ծակուծուկերը,մինչև պատը մթության: 
    Ահա, գիշերային թափառումներից հոգնած,
 արյունոտվելու աստիճան չանգռոտված 
 և ոտից գլուխ ցեխոտված կանգնած եմ օրվա
                                              բաց դռների առաջ:
 Ինձ ինչ թե որերորդ դարն է հիմա և ինչ տարբերություն
 թե որերորդ առավոտն է բացվում 
                                                 Քրիստոսի ծննդից հետո,
 միգուցե մինչև ծնունդն Աստծու որդու,
 և կամ` ի՞նչ է փոխվելու, եթե պարզվի, որ ոչ թե 
 ծովեզերքին եմ դիմավորում առավոտը, այլ`
 կենտրոնում ինչ-որ անծայրածիր անապատի,
 որի կենտրոնում ցցված բուրգի մուտքի առաջ
 մի բոլորովին ողջ-առողջ փարավոն է նստած`
 տաքացնում է հնամաշ ոսկորները
                 արևի առաջին ճառագայթների տակ,
 քանի դեռ քնած են բոլորը, և զբոսաշրջիկները
 չորս կողմից չեն շրջապատել բուրգը ճանճերի նման…
 Բայց ես սիրում եմ երբ արևով են օրերը բացվում,
 և հեռախոսն է զնգում արթնացած երեխայի պես,
 և ում ինչ, թե որտեղ ես դու` փլվող շենքի՞ մեջ,
 վերևի հարկո՞ւմ, կամ ալեկոծվող ծովի խորքերո՞ւմ,
 և քո նավակը քեզ հետ միասին 
                        ջրի խորքերն է սուզվելու քիչ անց…
  
 Ահա կանգնած եմ օրվա բաց դռների առաջ:
 Եվ ինչ իմանաս, գուցե թռչուն եմ,
 գուցե հենց հիմա թևերս բացեմ,
 թռչեմ, հեռանամ`
 ինքս իմ արարքից սաստիկ զարմացած…
  
  
 ՈՒՂԵԿՑՈՂՆԵՐԸ
 Կան շենքեր, օդակայանն էլ մեկն է դրանցից,
 միգուցե հենց առաջինը,ուր մտնելուն պես
 բոլորի դեմքերը միանգամից փոխվում են,
 և նրանց, ովքեր մեկնելու են որոշակի ժամի,
 և նրանց, ովքեր ճանապարհում են 
                                      անորոշ ժամանակով,
 և նրանց ովքեր գալիս են դիմավորելու, 
 սովորաբար երկար ժամեր առաջ:
 Նրանք անմիջապես մոռանում են, 
                                  թե դրսում ինչ եղանակ է,
 աշո՞ւն է, թե ընդհակառակը…
 Անձրև՞ է գալիս, միգուցե ձյուն կամ կարկուտ, 
 թեև ամենակարևորն այն է, որ նրանց բոլորի 
                   դեմքերը միանգամից փոխվում են` 
 այտերը եռում են,  
 իսկ աչքերը` տառապում այդ եռացող կաթսայի մեջ…
 Ահա թե ինչու գնալով շատանում են նրանք, 
 ովքեր այլևս չեն դիմանում այդ տառապանքին 
 և տանն են հրաժեշտ տալիս հարազատներին 
 ու մտերիմներին, և միայնակ 
 թափառում են սպասասրահի լայնք ու երկայնքով` 
 չարությամբ նայելով նրանց ովքեր խմբերով են`
 նա, ում ճանապարհում են, սովորաբար խմբի 
 կենտրոնում է,
 ինչպես շուրջակալ արված որս, որը հուսահատ ու 
 թափառող հայացքով
  
 ճեղք է որոնում փախչելու համար, և եթե 
 հաջողվում է նույնիսկ,
 ապա կարճ ժամանակ անց օղակը դարձյալ 
 սեղմվում է նրա շուրջ,
 և արդեն որերոդ անգամ կրկնվում է 
 նույն հարցը` բան չե՞ս մոռացել…Եվ բոլորը միանգամից
 նետվում են ճամպրուկների և պայուսակների վրա 
 և ապա
 մեկնողի գրպաններն են քրքրում` հո բան չի՞ մոռացել…
 Այս շենքը մտնելուն պես բոլորը միանգամից մոռանում են,
 որ բան չեն մոռացել, և հրաժեշտ են տալիս 
 ինչպես վերջին անգամ, թեկուզ ճանապարհելիս լինեն
 ընդամենը երկու կամ երեք շաբաթով,
 և վերադառնում են տուն հաշտված, հանդարտված,
 պարպված, խաղաղված – 
 ինչպես հուղարկավորությունից հետո…
 
ՇԵՂՈՒՄՆԵՐ
 - Ուշադրություն,-  Զվարթնոց օդակայանի 
 սպասասրահում միանգամից լարվեց լռությունը, 
 երբ հնչեց զարմանալիորեն զվարթ
 ձայնը հաղորդավարի,- ուշադրություն, հարգելի ուղևորներ,
 ժամանակավորապես հետաձգվում է Երևան-Տանձուտ 
 ավիաուղերթը`  Տանձուտում օդակայան չլինելու
 պատճառով…
    Միգուցե ոտքո՞վ գնանք,- ասացի ընկերոջս, որի հետ
 պատրաստվում էինք թռչել Փարիզ, ահա թե ինչու էինք
 հայտնվել Զվարթնոցում նշված ժամանակին, սակայն
 հնչած տեղեկությունը շեղեց մեր ուշադրությունը և մեր
 ծրագրերը հնարավորություն ստացան ընթանալու
 բոլորովին այլ հունով:- Միգուցե անձրև գա, կպահվենք
 մի ծառի տակ և կնայենք, թե ինչպես է հողը ոռոգվում
 բոլորովին ձրի ջրով, հետո հավանաբար ձյուն կգա, 
 և հրաշալի տեսարան կբացվի, երբ ամեն ինչ կծածկվի
 ճերմակ ձյան անթերի մաքուր սավանով, բայց ես 
 ամենաշատը սիրում եմ վաղ գարունը և հնարավոր է
 մեր կյանքում առաջին անգամ տեսնենք, թե ինչպես են
 աննկատ բողբոջում ծառերը…Իսկ ամենակարևորը,
 ճանապարհին կհանդիպենք մարդկանց և կզրուցենք 
 նրանց հետ, ինչի մասի՞ն, ճանապարհը կհարցնենք,
 իբր թե մոլորվել ենք, ես գոնե չեմ հիշում, թե երբ եմ
 վերջին անգամ զրուցել մարդկանց հետ, չեմ հիշում,
 թե ինչ ձայնով և ինչ բառերով են  խոսում 
 նրանց հետ, ովքեր մոլորվել են…
 Իսկ մենք իսկապես մոլորվել ենք,- անտարբեր ձայնով
 համաձայնեց ընկերս, երբ չափազանց մոտիկից 
 հայտնվեցին Փարիզի լույսերը և ինքնաթիռը
 սահուն վայրէջք կատարեց դը Գոլի անվ.
                                                               օդակայանում:
  
  
 *    *    *
 Երջանկությունը…ինչպես խայծը թակարդում,
 ինչպես աստղը երկնքում` աչքիդ առաջ, բայց
 անհասանելի…
 Սակայն հուսահատվելու համար այդքանն էլ բավական է:
 Չէ որ սա քո սիրելի զբաղմունքն է,
 թեման, որը թաց օճառի նման պլստալով 
 դուրս է նետվում մատներիդ արանքից:
 Դու խուսափում ես պարզ վիճակներից – 
 հեռացնում ես անձրևը,
 անհուսության պատերը գիշերվա,
 ծերությունը, որը հետապնդում է քեզ բոլոր հայելիներից,
 և մենությունը, որն այդպես էլ չհասկացար 
 ի՞նքն է հետապնդում քեզ, թե`դու նրան…
     Բայց դու արագորեն բարձրանում ես երկինք,
 ձեռքդ պարզած աստղին… ու երբ հասնես նրան,
 երջանկությունից կնվվա հոգիդ`
 թակարդի մեջ անհուսորեն փակված…
  
  
 *    *    *
 Ի տարբերություն հեռավոր անցյալի,
 երբ դեռ խակ էր ու ջահել,
 նա հիմա հաճախ է մտածում.
                գուցե եղել ու անցե՞լ է,
                կամ` գուցե դեռ նո՞ր է գալու
                իսկական ու մեծ երջանկությունը…
 …Իսկ խոսքն ընդամենը անձրևի մի քանի  
 կաթիլի մասին է, որն ի տարբերություն
 հեռավոր անցյալի,
 երբ դեռ խակ էր ու ջահել,
 հիմա ավելի հաճախ է տեսնում երազում
 անապատի մի խուլ անկյունում
 դառը մտքերի մեջ կծկված,
 սմքած ու ծերացած
 կակտուսը: 
  
  
 *    *    *
 Ամեն ինչ հայտնի է և գրանցված է համապատասխան
 մատյաններում` երբ և որտեղից է
 նոր ջրհեղեղը սկսվելու,
 երբ և քանի օրում է աշխարհը նորից թաղվելու
 վեզուվների և էթնաների հրահեղուկ լավայի տակ,
 ովքեր և հանուն ինչի են հաղթելու III և հետագա բոլոր
 համաշխարհային պատերազմներում…
 Իսկ առայժմ 2010 թ. փետրվարի 28-ն է,
 առավոտյան ժամը յոթը,
 և բացարձակապես հայտնի չէ, թե ինչ է լինելու
 ընդամենը հինգ րոպե հետո,
 երբ աշխարհի մի կեսը կարթնանա քնից,
 իսկ մյուս կեսը նոր է միայն պատրաստվում
 քնելու…
  
  
 *    *    *
 Արդեն ուշ գիշեր է, և հորանջելով
 ու ճմլկոտելով պառկում եմ մեջքի վրա
 և սովորականի պես ձեռքս երկարում 
 և սեղմում եմ լուսնի կոճակն ու անմիջապես
 երկնքի վիթխարի հեռուստաէկրանը 
 սկսում է լուսավորվել ու լցվել 
 գունագեղ պատկերներով. – հետաքրքիր է,
 ի՞նչ երազ եմ տեսնելու այսօր,
 որ անմիջապես մոռանում եմ
 արթնանալուն պես…
  
  
 ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ԱՊՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԳԱՂՏՆԻՔ
     Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին,
 հատկապես առավոտյան, արթնանալիս,-
 և բավական չէ, որ ոչ մի խելքը գլխին
 բացատրություն չես գտնի, այլև կփչանա
 տրամադրությունդ, հնարավոր է երկար ժամանակով:
  
 Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին
 նաև գործի գնալիս, կամ որ նույնն է`վերադառնալիս,
 և հեռու մնա այդ թեմայի շուրջ զրուցելուց ծանոթի
 կամ մտերիմի հետ, եթե հանդիպես ճանապարհիդ, 
 և բավական չէ, որ խելքը գլխին ոչ մի բացատրություն
 չեք գտնի ու արդարացում գոյությունն այսպես 
                                                         քարշ տալու համար,
 այլև կփչանա ոչ միայն քո, այլ նաև
 ծանոթիդ ու մտերիմիդ տրամադրությունը,
 ինչը կարող է փոխանցվել նաև նրանց
 բանից անտեղյակ ընտանիքի անդամներին:
  
 Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին, երբեք,
 մանավանդ թատրոն կամ համերգ գնալիս,
 և չփորձես այդ հարցի շուրջ զրույցի մեջ քաշել 
 արդեն բեմ մտնելու պատրաստվող դերասաններին 
 կամ
 երաժիշտներին` վարագույրը բացվելուց առաջ, վստահ
 եղիր, կտապալվեն թե ներկայացումը և թե համերգը,
  
  
 և հանդիսատեսներն էլ քեզ հետ միասին
 փչացած տրամադրությամբ կցրվեն դեսուդեն` այլևս
 երբեք միմյանց չտեսնելու վճռականությամբ, 
 և ինչ իմանաս,
 ինչ փորձանքի մեջ կընկնեն խռովված հոգիներով…
  
 Մտածիր ամեն ինչի, բայց երբեք կյանքի իմաստի մասին,
 բոլոր եղանակներին և հատկապես աշնանը,
 երբ ինչ ուզում ես մտածիր, միևնույն է,
 ձմեռ է գալիս բոլոր հարցերին ի պատասխան,
 փակիր բոլոր դռներն ու պատուհանները,
 բայց ցուրտն արդեն տանն է և կարոտով սպասում է քեզ,
 բայց ձյունն արդեն տանն է և քիչ-քիչ ծածկում է քեզ,
 ճերմակ վարագույր, որ իջնում դանդաղ
 ու փակում է քեզ,
 և դու կավարտվես առանց ծափահարությունների`
 գորշ ու միապաղաղ ներկայացման պես…
  
  
 ՆՈՐ  ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
     Ի տարբերություն մութ ու հեռավոր ժամանակների,
 երբ մարդը չգիտեր, որ ինքն ապրում է խոր Նախնադարում,
 և նույնիսկ այն շրջանում, երբ 
 չորսդին ամեն ինչ քարից էր` զենքերն ու գործիքները, 
 աթոռներն ու սեղանները, անտարբերությունն ու լռությունը,
 և նույնիսկ սիրային նամակներն էին գրում 
                                                            քարե սալիկների վրա
 ու  շպրտում սիրած էակի քարանձավի պատուհանից ներս,
 երբեմն ծանր մարմնական վնասվածքներ 
 հասցնելով սիրելի էակին,
 նույնիսկ այդ ժամանակ մարդու մտքով չէր անցնում,
 որ ինքն ապրում է ուշ Քարեդարում,
 և կամ` Բրոնզե, երբ ամեն ինչ բրոնզից էր 
 և մարզասպարեզում ամենաբարձր պարգևը բրոնզե մեդալն էր, 
 ինչի ավանդույթները սրբորեն պահպանում են հայ մարզիկները
 մինչև այսօր…
     …Եվ միայն հիմա, նոր ու լուսավոր ժամանակներում,
 նայելով այն ամենին, ինչի մեջ ապրում է, 
 թե ինչ է ուտում և արտադրում,
 նայելով նրանց, ում հետ ապրում է,
 ի վերջո, նայելով խորքը իր հոգու,
 մարդը վստահորեն կարող է ասել,
 որ ինքն ապրում է վաղ Աղբադարում, որը փառք Աստծո,
 հնարավոր է վերջինը լինի`
                 Տիեզերք կոչվող այս աղբատարում… 
                                              
  
 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Գիտեմ, տարիներ անց, իմ կիսանդրին էլ կցցվի
 սահմանամերձ ինչ-որ մի խուլ գյուղի դպրոցի բակում,
 որն հապշտապ կասֆալտապատեն 100-ամյակիս առիթով,
 և գյուղապետը ելույթ կունենա հանդիսության ժամանակ
 անուն-ազգանունս խառնելով իրար,
 և աշակերտների համընդհանուր քրքիջը ծածկելու նպատակով
 փողային նվագախումբն արտահերթ նվագելու հրահանգ
 կստանա, իսկ լեզվի և գրականության ուսուցչուհին` խիստ
 նկատողություն` գյուղապետի համար գրած ելույթի մեջ
 այդ աններելի սխալը թույլ տալու համար…
    Մայրաքաղաքից հրավիրված պաշտոնյան կընդգծի, որ
 այս պահին նշվում է երկու հոբելյան, 
 մեկը (ձեռքով ցույց կտա կիսանդրիս) ստիպել է մեզ 
 թողնել բան ու գործ և աշնան անձրևի միջով հասնել 
 սահմանամերձ գոտի, իսկ մյուսը (ձեռքը կպարզի 
 սահմանի ուղղությամբ) այն է, որ լրանում է 
 հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման 35-ամյակը,
 և ուշ չէ այն օրը, երբ սահմանները կբացվեն և հայ գրողի 
 աչքի առաջ (նա նորից ձեռքը կմեկնի դեպի իմ կիսանդրին) 
 այս խուլ գյուղը կդառնա առևտրական աշխույժ, 
 ծաղկող կենտրոն: - Գյուղապետի նշանով հանդիսականների 
 բուռն ծափահարության տակ փողային նվագախումբը 
 կհնչեցնի փոխշահավետ առևտրական աշխույժ, ծաղկող 
 կենտրոնի լավատեսական հեռանկարը նշանավորող 
 աշխույժ, ծաղկող երաժշտություն:
    Հետո հոբելյարի գրական գործունեության մասին 
                                                         
 մանրամասն  խոսք կասի ՀԳՄ վերջնական նախագահը  
 և մի քանի
 զավեշտալի դեպք կպատմի իր և հոբելյարի համատեղ
 աշխատանքային կյանքից և ապա հուզմունքով 
 և զարմանքով կհավաստի,
 որ արդեն շունչը փչած հոբելյարի, այսինքն իմ 
 աչքերն ինքն է մի քանի անգամ փակել, 
 և դա իրոք այդպես էլ եղել է, որովհետև 
 ոչ մի կերպ  չէի ուզում փակ աչքերով հեռանալ
 այս չափազանց հետաքրքիր աշխարհից…Վերջում ՀԳՄ 
 նախագահը  ծերունական մոռացկոտությամբ 
                                                           ինձ չորրորդ անգամ 
 կպարգևատրի գրական վաստակի մեդալով,
 ինչը ներելի է, եթե հիշենք նրա չափից դուրս 
 խորացած տարիքը…
    …Չափից դուրս խորացած աշունը… չափից դուրս դեղնած
 տերևները և չափից դուրս աշնանային
 բանաստեղծություններս, որոնք գոռգոռալով կարտասանեն
 աշակերտները զրնգուն ձայներով և չափից դուրս
 միապաղաղ անձրևը, որը խուլ հեծկլտում է 
 սահմանի թե այս և թե այն կողմում…  
  
  
 ԱՍՏԾՈ  ՊԱՐԳԵՎԱԾ  ԵՎՍ  ՄԻ  ՕՐ  
    Գարնանային պայծառ առավոտ է, (մռայլ ու ամպամած 
 եղանակ, ջղայն ու բարալիկ անձրևով) պայծառ, 
 որովհետև բացել ես աչքերդ և
 ցնծությամբ հասկացել, որ Տերը ևս մի օր է քեզ պարգևել`
 նայելու պատուհանից դուրս, հեռվում, ծառերի արանքից
 երևացող շենքերին, լուսամուտագոգին խմբված ծտերին,
 որոնք նկատել են, որ բացել ես աչքերդ և սպասում են,
 թե երբ ես ոտի ելնելու, սկսելու առավոտյան արարողությունդ,
 որի բաղադրիչներից մեկն էլ նրանց համար լուսամուտի
 նեղլիկ գոգին հացի փշրանքներ լցնելն է, 
 որը նախապես բարեխղճությամբ մանրում ես սափրվելու,
 նախաճաշելու և սուրճ խմելու ընթացքում:
    Տերը ևս մի օր է քեզ պարգևել - գուցե հասցնես այդ 
 ընթացքում խելքը գլխին մի ասույթ հորինել` կյանքիդ 
 վերջին պահին սերունդներին հիշատակ թողնելու համար, 
 ասենք, ինչպես օրինակ` լույս, ավելի լույս…կամ` այրեք 
 ինձ և մոխիրը ցանեք օվկիանոսների վրա…Ավաղ, 
 ամեն ինչ արդեն ասված ու հորինված է
 և անիմաստ է նոր խոսք որոնելը և ես ամենայն
 հավանականությամբ կյանքին հրաժեշտ կտամ
 իմաստուն լռություն պահպանելով:
    Տերը ևս մի օր է քեզ պարգևել - երևի ճիշտն այն կլինի
 որ դուրս գամ փողոց և ծերունական մանրիկ քայլերով 
 շրջեմ այն վայրերում, որոնց հետ քաղցր հուշեր
 ունեմ կապված և հրաժեշտ տամ հարազատներիս ու 
  
 մտերիմներիս, որոնց միգուցե հանդիպեմ ծանոթ 
 փողոցներում կամ սրճարաններում…Բայց ես 
 հիշեցի հանկարծ,
 որ ես դրսում ոչինչ չեմ գտնի և ոչ մեկին չեմ գտնի,
 ընդամենը անշարժ կաղապարներ են, որոնց միայն 
 մակերեսն է փոխվում ամեն պահ, և դիմակներ են շրջում, 
 որ կարող են խոցել հոգիդ
 իրենց սառը օտարությամբ: Իսկ հուշերը քեզ հետ են,
 և պատկերներն են քեզ հետ և կապրեն քեզանից հետո,
 եթե ինչ որ մեկը 
 խնամքով ջրի  ծաղիկները գերեզմանիդ… 
    Տերը քեզ  մի, ընդամենը մի օր է պարգևել -  և դու
 այդ մի հատիկ օրն ահա ապրում ես
 քո ամբողջ կյանքի ընթացքում…
  
  
 ՍԱՀՄԱՆԱԲԱԺԱՆ       
    Մի տեսակ խառնվել է ընթացքը պատմության,
 և մեկ արագանում, մեկ էլ դանդաղում է պտույտը
                                                                 երկրագնդի.
 և սկսում ես լրջորեն կասկածել` չլինի՞ թե 
 երկնային համակարգիչն է 
                                           վարակվել վիրուսով,
 և խառնվել են ծրագրերն անհուսորեն – 
 ձմռան կեսին անձրևներ են տեղատարափ
                                                 ձյան սովոր երկրներում,
 իսկ այնտեղ, ուր ձմեռ չի եղել երբևէ,
 արդեն քանիերորդ գիշերուզօրն է ինչ ձյուն է տեղում 
 անպարկեշտ առատությամբ…
 Գետերը կորցրել են իրենց հուները դարավոր
 և հոսում են քաղաքների ոչ միայն արվարձաններով, այլև
 մայրուղիներով կենտրոնական` խախտելով 
 փողոցային երթևեկության կանոնները տարրական,
 և նույնիսկ կանգ չառնելով լուսաֆորի 
                                     կարմիր ազդանշանի առաջ…
 Չենթարկվելով բոլոր օրինաչափություններին, իրար
 ետևից աշխարհը ցնցում են հարյուր տարվա համար
 նախատեսված երկրաշարժերն ահավոր` մեկ
 հարթավայրերում աշխարհի մի ծայրի և մեկ էլ
 լեռնոտ ու աղքատ մի երկրում, որտեղից որտեղ
 հայտնաբերելով այն աշխարհի մի խուլ անկյունում…
 Շփոթահար են հատկապես սոցիոլոգները, ի հեճուկս
 որոնց  մարդկությունն սկսել է խառնիխուռն բազմանալ
 և այնպիսի արագությամբ, որ շուտով, հատկապես
 Չինաստանում և Հնդկաստանում, մարդկային բազմության
 կուտակումներից և խցանումներից մայթերն ազատելու համար
 ստիպված են լինելու մարդկանց պարտադիր
 համարակալել ավտոների նման, և մի օր թույլատրել
 կենտ համարներին դուրս գալ տանից,
                                       հաջորդ օրը` զույգ…  Սակայն
 խնդիրն այն է, որ այդ մարդկանց զգալի մասը և 
 հատկապես կենտերը, անտունիներ են` ծնվում,
 հասունանում և ընտանիքավորվում են բաց 
 երկնքի տակ, պարզապես փողոցներում, և նրանց
 տանից դուրս չթողնելու համար նախ պետք է
 ապահովել բնակարանով, գոնե մեկ սենյականոց,
 թեկուզ և առանց կոմունալ հարմարությունների…
    …Սակայն ամենասարսափելին այն է, որ մարդկանց
 մի փոքրիկ խումբ մեր բոլորի աչքի առաջ
 հարստանում է կատաղի արագությամբ և ուշ չէ այն օրը,
 երբ նրանցից մեկը,թերևս գարնանային մի գեղեցիկ 
 առավոտ, փոխանցումով, բայց առավել 
 հավանական է` կանխիկ գումարով կգնի
                                          բոլոր մայրցամաքներն
 իրենց կղզիներով ու թերակղզիներով, հրվանդաններով 
 ու նեղուցներով, գետերով ու լճերով,և օրինական կարգով
 ու դատական կատարածուի օգնությամբ,
 չուլուփալասները կտա շալակներս ու հաշվի չառնելով
 կենտ ես թե զույգ,
 ռադ կանի բոլորիս մոլորակից մեր հայրենական…
  
  
 *   *   *           
     …Ի վերջո, ոչ մի լավ բան չկա, ոչ մի լուսավոր էջ –
 փակելով պատմության գիրքը դառնորեն եզրակացրեցի ես,
 մտածելով մարդկության կենսագրության անցյալի,
 ներկայի և հատկապես ապագայի մասին, որը գնալով
 մշուշվում է անցյալից առավել…:
    Եվ իսկապես, ի՞նչ ես տեսնելու եթե շրջես աշխարհի
 բոլոր մայրաքաղաքներով, ո՞ւմ ես հանդիպելու 
 արձանացած բարձրադիր պատվանդանների վրա` բռի
 ու անտաշ, մարդակերպ մարդակերների` կատաղի
 հայացքներով, հեծյալ կամ հետիոտն, թրերը վեր պարզած
 և կամ հանդիսավոր բազմած բրոնզաձույլ գահերին,
 գիշատիչներ, որ անգթորեն կոտորել են թե իրենց 
 մերձավորներին
 և թե հարևաններին հեռու ու մոտիկ, և ինչքան
 շատ են կոտորել ու թալանել, 
 այնքան շատ ավելի են հերոս և այնքան ավելի
 հանդիսավոր են արձանները նրանց
 և պատվանդանները` բարձրադիր ու շքեղ…
    Եվ ի՞նչ են քեզ թելադրելու, եթե կարդաս 
              ձեռքդ ընկած էպոսներն ու եթե չալարես` 
 նաև հերոսապատումները բազմալեզու – 
              ավեր ու կոտորած ծայրեծայր, պատմություն,
 որի մեջ նույնիսկ փիլիսոփան մեծանուն,
 գիտնականից առավել կարևորում է զինվորին այն վայրենի,
 որը բարեխղճորեն սրախողող է անում 
              գետափի ավազի վրա հաշվումների մեջ
 խորասուզված Արքիմեդին…
 Եվ եթե դու նա ես, ով տրտմեց այս տողերը կարդալիս,
 եթե դու նա ես, ով դառը սրտով է կարդում 
 Աստծո որդու պատմությունը, որն իր
 երկրային կյանքն ավարտեց խաչին գամված
                                    արնաքամ լինելով,
 ապա, հավատա, երջանիկ ես, որ չես ապրել 
 անցյալում, որովհետև, չկասկածես, հենց քո
 մարմինը բզկտելով կանցնեին բաթուխաների
 և չինգիզխաների հորդաները վայրագ,
 և հրճվանքով ու թեթև սրտով հեռացիր
 քո այս ներկա կոչված օրերից, ուր անցյալը
 կրկնվում է գրեթե նույնությամբ,
 և առավել քան երջանիկ համարիր քեզ,
 որ չես ապրելու ապագայում,
 օրերում, երբ արագորեն ցամաքող 
                              ծովերն ու օվկիանոսները
 լցվելու էին հենց քո արյան գետերով…  
  
  
 ԵԹԵ
     Սկզբում անապատն էր, որի տաք ավազների մեջ
 նիհար ու եռանդուն ճգնավորներ էին խլրտում,
 անվերջ որոնելով այն, ինչը կորցրել են, երբ անապատը
 դեռևս ծովի հատակ էր և լցված էր գունագեղ գաղտնիքներով:
 Այնուհետև անտառը հաջորդեց,
 ուր այնքան հեշտ մոլորվեցիր, որովհետև խուսափում էիր
 ծառերի տակ խմբված մարդկանցից, որոնք
 անվերջ որոնում էին այն, ինչը կորցրել են, երբ անտառը
 դեռևս խորհրդավոր էր և լցված էր 
                            թարմ ու նորածիլ առասպելներով:            
 Հետո երկինքը սկսվեց, որը մեկ անսահման կապույտ էր,
 ավելի հաճախ մռայլ ու լցված ամպերով անտրամադիր,
 և մեկ անձրև ու կարկուտ էր տեղում և մեկ էլ`ձյուն
 նրանց գլխին, ովքեր աչքերը երկինք հառած
 անվերջ որոնում են նրան, ում կորցնում են ամեն օր,
 իսկ նա մեր կողքին է վաղուց, 
 շրջում է մեր մեջ վաղուց,
 փնտրում է մեր մեջ ու չի կարողանում գտնել գոնե 
 մեկին, որի համար արժեր խաչ բարձրանալ
 ու ամեն ինչ սկսել նորից:
  
  
 *   *  *   
    Ու չնայած արդեն գարուն էր
 և ջահել ծառերը խաբվել ու ծաղկել էին դեսուդեն,
 բայց սթափեցնող ցուրտ էր փչում հյուսիսային կողմից,
 և ձյան տակ էին սարերը հեռու-մոտիկ,
 և ծաղկած ծառերի և ձյունածածկ մազումուզի 
              մեջ կորած երգիչն աղեկտուր արձանագրում էր- 
 էլ չենք լինի քսան տարեկան, հստակորեն հասկացնելով,
 որ մնացած բոլոր տարիքները կարելի է կրկնել
                               մեծ ցանկության դեպքում…
    Եկեղեցու զանգերն ինչպես միշտ անակնկալի բերեցին
 սև վերարկուների մեջ կուչ  եկած ագռավներին, որոնք
 ծոցատետրերի մեջ ջանասիրաբար գրի էին առնում
 իրենց չափազանց դուր եկած երգի տողերը, միայն թե քսանը 
                                  փոխարինելով հարյուր քսանով…
 Զանգերի առաջին իսկ ղողանջի հետ, նրանք խնամքով
 ծալեցին ծոցատետրերն ու մատիտների հետ 
 դրեցին գրպանները և
 կռա-կռա տարածվեցին սփրթնած երկնքով մեկ
 և ապա սև-սգավոր նոտաների նման շարվեցին
 լվացքի պարանի վրա հենց այն պատուհանի դիմաց,
 որտեղից հնչում էր` էլ չենք լինի քսան տարեկան…
 Եկեղեցու զանգերը երգին հյուսված համառորեն
 շարունակում էին ղողանջել, համոզելով մարդկանց,
 որ ամեն դեպքում հարկավոր է արթնանալ,
 հարկավոր է շարժել ոտքերն ու ձեռքերը,
 պոկվել երազների  կպչուն թմբիրից, և վերջին
 ուժերն հավաքելով թեկուզ սողալով, թեկուզ չոքեչոք
 մոտենալ պատուհաններին  և տեսնել, որ թեև
 դեռևս ցուրտ է փչում հյուսիսային կողմից
 և ձյան տակ են սարերը հեռու ու մոտիկ
 և թեև, հազար ափսոս, էլ չենք լինի քսան տարեկան,
 բայց մնացած բոլոր տարիքները կարելի է կրկնել,
 խաբվել ու ծաղկել
                              մեծ ցանկության դեպքում…
  
 *   *   *
    Դու ուզես թե չուզես նորից ես ծնվելու,- մտածեցի ես
 նայելով ծերունուն, որը ժպտալով աշխուժորեն 
 պտտվում էր ծաղկած ծառերի արանքում:
 Դու կծնվես նորից ու նորից, այնքան, մինչև որ
 մենք բոլորս կհոգնենք երկրագնդի հետ միևնույն 
 ուղղությամբ պտտվելուց, կհոգնենք բանակցելուց
 զանազան հանձնաժողովների հետ` Աստծուց 
 ի վերուստ ստացած և հետագայում մեծ հաջողությամբ
 կորցրած հողերից մի պատառը ետ ստանալու,
 հարևանների փակած սահմանները բացելու,
 Եվրոպա մի դռնով մտնելու և մյուս դռնով դուրս գալու
 և բազում այլ հարցերի շուրջ… Կհոգնենք և ազգուտակով,
 դհոլ-զուռնայով, լացուկոծով կգնանք ու շարվեշարան
 կպառկենք չինական պարսպի լայնք ու երկայնքով
 և աղ ու հացը պատրաստ կսպասենք մահվան 
 հրեշտակին, իսկ նա ժպտալով աշխուժորեն
 պտտվում է սովորականի պես ծաղկած ծառերի արանքում` 
 բացարձակապես անտեղյակ, որ երկրագունդը վաղուց
 դադարել է պտտվելուց և բոլոր տեսակի կառուսելները
 դադարել են պտտվելուց, որովհետև ժամկետն անցել է,
 իսկ բնակչությունը ուշացրել է թե առաջինի և թե
 երկրորդի պտտավարձը մուծել, և Տերը մեր արդարադատ
 նախապես զգուշացնելուց հետո անջատել է հոսանքը,
 ինչի հետևանքով, այն ամենն ինչ պտտվում էր
 դադարել է պտտվելուց, 
 և միայն դու կշարունակես պտտվել ծաղկած
 ծառերի արանքում,  հեռու պարսպից, հեռու բոլորից
 ժպտալով ու ծնվելով նորից ու նորից… 
  
  
 ԶԱՏԻԿ
    Այն, որ տոնը մոտենում է, բոլորից շուտ
 զգում են երեխաները, ինչպես որ մոտալուտ
 երկրաշարժն են զգում ձկները, թռչունները, իսկ
 օձերը հորդառատ վտառներով դուրս են թափվում
 իրենց բներից, հայտնվելով նույնիսկ մարդաշատ
 փողոցներում, սարսափի մատնելով միշտ
 սարսափի մատնվելու պատրաստ տիկնանց,
 ճզմվելով նախ սայլերի և ապա, ժամանակներ անց,
                              մեքենաների անիվների տակ:
 Հանկարծ չքնեք,-զգուշացնում են երեխաներին
 մեծահասակները և խառնիխուռն համբուրում են
 նրանց թշերը,- հանկարծ չքնեք, բան չմնաց,- և
 հուզված անցնում են սենյակից սենյակ,
 անճանաչելիորեն փոխված դեմքերով և նույնիսկ
 քայլվածքով, իսկ երեխաները սսկվում են անսովոր
 հանդիսավորությունից, աշխատում են հեռու
 մնալ, ոտքի տակ չընկնել, և աչքի տակով հետևում են
 գնալով արագացող եռուզեռի ընթացքին,
 չափազանց սուր զգալով, որ իսկապես բան չմնաց,
 ևս մի քանի րոպե - ուր որ է հանկարծ լռություն կիջնի,
 բոլորը միանգամից կհարձակվեն նրանց վրա
 մոլեգնորեն կհամբուրեն թշերը
 և կտանեն քնելու:
  
  
 *   *   *     
 Եվ Արիոնը, որը միակն էր բանաստեղծներից,
 որը փրկվեց վերահաս կործանումից և այն էլ
 դելֆինների օգնությամբ,
 կարող է սիրով վկայել, որ մինչ ինքը
 խոսք չի եղել բանաստեղծների փրկության մասին,
 և նույնիսկ հիմա էլ, դարեր անց, ոչ ոք չգիտե
 և ընդհանրապես չի արձանագրված ոչ մի ցուցում
 այն մասին,
 թե ինչպես պետք է վարվել բանաստեղծների հետ
 ասենք հրդեհի ժամանակ, կամ երկրաշարժի,
 նախ պետք է պահարաններն ու դաշնամուրները հանել
 շենքերից և հետո՞ նրանց, թե՞ ընդհակառակը… 
 Պե՞տք է արդյոք նրանց թաքցնել և որտե՞ղ,
 համընդհանուր ստուգումների ընթացքում, երբ ասենք
 կորած կամ գողացված իրերն են որոնում…
 Բացարձակապես անհասկանալի է նրանց կարգավիճակը
 ընտրությունների ժամանակ` ինչպես բոլորին
 նրանց է՞լ է պետք ընտրակաշառք տալ, թե՞
 պարզապես  գիծ դնել նրանց անվան դիմաց
 և գրանցել անհայտ կորածների ցուցակում…
 Միայն մի բան է պարզ` ծանր պահերին,
 ժողորդից ու բոլորից առաջ, պետք է
 թողնել, որ նախ առաջինը նրանք վերանան,
 իսկ մենք, ինչպես միշտ,
                                     ամենավերջում… 
  
  
 ԾԱՂԿԱԶԱՐԴ
     …ԵՎ Տերը ծաղկեպսակը գլխին հանդիսավորությամբ
 մտավ Երուսաղեմ` ավանակի վրա նստած
  (ի դեպ, միգուցե դա էր պատճառը, որ տրանսպորտի
 այդ տեսակը եկեղեցիների և քահանաների
 հետ միասին դաժանորեն վերացվեց աթեիստական 
 ԽՍՀՄ-ում, և հիմա անկախացած Հայաստանում
 հուսահատ ճիգեր են անում վերակենդանացնելու այն,
 հաշվի առնելով բենզինի շեշտակի թանկացումները):
 …Եվ Տերը ծաղկեպսակը գլխին անցնում էր,
 համընդհանուր ցնծության, բողբոջած ուռենու
 ճյուղերի և մարդկանց դեմքերին ծաղկած 
 ժպիտների միջով` ավանակի վրա նստած, 
 որի հետագա անբարենպաստ ճակատագրի
 մասին մենք արդեն նշեցինք վերևում… Եվ հանկարծ
 համընդհանուր ցնծության վրա սառը  ջուր
 լցրեց երեխայի լացի ձայնը` բարձրաձայն ու
 աղեկտուր…
 - Ինչո՞ւ ես լալիս,- նեղված հարցրեցին փոքրիկ 
 տղային, որը փողոցի անկյունում լալիս էր
 ձայնը գլուխը գցած.
 - Չգիտեմ,- ասաց երեխան և շարունակեց
 հեկեկալ կոկորդի ամբողջ զորությամբ: 
 - Ինչո՞ւ է երեխան լալիս,- նեղված հարցրեցին Տիրոջը:
 - Կա մի բան, որը ես չգիտեմ,- ասաց Տերը, որը գիտեր 
 ամեն ինչ,-և դա հենց այն է, ինչը հարցնում եք…Չգիտեմ:-
 Կրկնեց, շարունակելով ժպտալ, իսկ հուզմունքից
 դողացող ձեռքը աննկատ շոյում էր գլուխը
 խոնարհ ավանակի, որի հետագա անբարենպաստ 
 ճակատագրի մասին մենք արդեն նշեցինք
 վերևում…
  
  
 ՍՊԱՍՈւՄՆԵՐ
 Հրեշտակներ չեկան քո հոգին փրկելու
 կամ գոնե մարմինդ:
 Նրանք ամուր փակեցին առասպելների դռները
 և ստիպված հավատացիր, որ գոյություն չունեն նրանք:
 Ծովի ընկերությունը քեզ մատուցվեց
                                         որպես հարգանք:
 Դու նայեցիր ավազին և մտածեցիր`
 իˉնչ երկար է ճանապարհդ:
 Դու հենց այդպես մտածեցիր նաև,
 երբ քայլում էիր ծովի երկայնքով:
  
 Հետո ճայերի անտանելի ձայները հասան քեզ:
 Իսկապես, ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ:
  
 Ներիր ինձ, ես արդեն կանոնավոր չեմ սափրվում,
 չէ՞ որ դու իմ մասին ավելի մեծ կարծիք ունես:
  
 …Բայց դու ամեն օր
 բաց ես թողնում քո լուսամուտները,
 որովհետև հաստատ հավատում ես,
                           որ կգան նրանք,
 որոնց անգոյությանն էլ ես 
                           հաստատ հավատում…              
  
  
 ՎԵՐՋԻՆ ՀԵՔԻԱԹ
 Գրադարանները պայթում են գրքերի առատությունից:
 Գուցե թե սա վերջին դա՞րն է, կամ
 էլ առավել սարսափելին` վերջին տարի՞ն:
 Իսկ քանդակագործը քանդակում է անվերջ
 և արվեստանոցը բերնեբերան լցված է քանդակներով,
 և տունը լցված է քանդակներով,
 և կինն ու երեխաները ստիպված փողոցում են ապրում,
 բայց շուտով փողոցն էլ կլցվի քանդակներով,
 իսկ քանդակագործը քանդակում է անվերջ,
 և ոչ մի հնար չկա նրան կանգնեցնելու:
  
 Գուցե թե սա վերջին դա՞րն է, կամ
 էլ առավել սարսափելին` վերջին տարի՞ն:
 Բուռն շինարարություն է ծավալվել
                                վերջին անմարդաբնակ կղզում`
 հոթելներ, մոթելներ, բազաներ և տուրբազաներ, ամենուրեք
 փոշի, վերամբարձ  կռունկներ, ցեմենտ կիր ու ավազ,
 և աղբահավաք մեքենան ծով է տանում լցնի ինչ-որ
 ցնցոտիներ, փալաս-փուլուս, ռոբինզոններ և ուրբաթներ`
 թափքի մեջ բարձած…
  
 Գուցե սա իսկապե՞ս վերջին դարն է, կամ
 էլ առավել սարսափելին` վերջին տարին:
 Իսկ հեքիաթն ընթանում է իր սովորական հունով`
 նույն թագավորի տղան և արքայադուստրը նույն,
 նույն բարի հրեշտակը և նույն սատանան չար…
 Միայն թե` լինում է, չի լինումի փոխարեն – 
 եղել է ու այլևս չի լինի…Իսկ հեքիաթի վերջում
 երկնքից երեք նեյտրոնային ռումբ է ընկնում,
 մեկն ինձ, որպես հեքիաթասացի, մյուսը` ձեզ,
 որ համբերությամբ ապրեցիք այսքան տարիներ,
 իսկ երրորդը` հենց այնպես,
 հետաքրքրության համար:
    
  
 ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ  ՀՈՍՈւՄ  Է  ՄԱՏՆԵՐԻ  ԱՐԱՆՔՈՎ
 Սև կամ սպիտակ աշխարհներ տանող ճանապարհների
 շքեղ դարպասների առաջ
 մարմարյա ոչխարներ են արածում, և խոտը ծնկահաս
 կանաչ է և հյութեղ – ֆլամանդական դպրոցի անանուն
 նկարչի հենց նոր ավարտած կտավ,
 և ներկը դեռևս չի չորացել: Հրավիրյալների
 միայն մեջքերն են երևում, իսկ ընթրիքը  շարունակվում է
 խորհրդավոր կիսախավարում ծածկված: Ամենուրեք
 մահուդ, դավաճանություն, թանկարժեք քարեր և արծաթ,
 և մի վիթխարի կատու, որի խոշոր ու կանաչ աչքերի մեջ,
 ինչպես էլ.էներգիայի հաշվիչի էկրանին, կատաղի
 պտտվում են թվերը և հասնելով իրենց սահմանին`
 ջնջվում են ու նորից սկսում են պտույտն անվերջանալի…
 …Ես ահա դիմում եմ Քեզ երևի թե վերջին անգամ,
 և ինչքան գեղեցիկ է արձագանքում մայրամուտի
 ջրհորի խորքերում` բառը «վերջին»,
 ես ահա դիմում եմ Քեզ շքեղ դարպասների առաջ,
 դեմքով շրջված դեպի հարավ, ուր, ինչպես ջրի մեջ
 նետված շաքար, քիչ-քիչ հյուծվում են բուրգերը
 փարավոնների, և ուր` անապատի հարթ ու անծայրածիր
 էջի վրա ուղտերի քարավանն է շարվել
 ինչպես մեքենագրված մի տող,
 հեռու-հեռավոր մի տող, ընդամենը մի տող,
 և ընդամենը մի կյանք, դեռևս չչորացած կտավի վրա,
 որն ես ապրում եմ երևի թե վերջին անգամ,
 իսկ կատվի անթարթ աչքերում կատաղի պտտվում են թվերը
 և շուտով, շատ շուտով կհասնեն իրենց սահմանին,
 և մատները կկախվեն թուլացած…
  
  
 ԿԻՍԱՏ  ՕՐԵՐ
 ՈՒշադիր նայեցի կնոջ դեմքին, և նա,
 որ գնում էր մոտակա խանութ հաց առնելու,
 միգուցե նաև ուրիշ բաներ, հանկարծ կանգ առավ
 և շրջվեց ու վերադարձավ տուն:
 Մառախլապատ օր էր, բայց պարզ
 երևում էր հարևանս, որը բացել էր
 ավտոտնակի դուռը, գործի էր գցել մեքենան
 երևի ինչ-որ կարևոր տեղ գնալու համար:
 Բայց հանկարծ փոշմանեց, հանգցրեց
 մեքենայի շարժիչը, փակեց ավտոտնակի դուռը
 և մոլորված քայլերով վերադարձավ տուն:
 Նույնը կատարվեց անձրևի հետ, որի
 առաջին կաթիլները կեսճամփին շրջվեցին
 և նորից բարձրացան երկինք
 և հարմար տեղավորվեցին ամպի մեջ,
 կարծես թե ոչինչ էլ չէր պատահել:
 Երևի թե իսկապես էլ ոչինչ չի պատահել,
 երևի թե հենց այսպես էլ պիտի լիներ,
 երևի թե ես էլ մի օր կվերադառնամ
 և ավարտին կհասցնեմ այս բանաստեղծությունը,
 և երկրագունդը կշարունակի պտտվել հենց այն կետից,
 որտեղ կանգ էր առել և ետ էր պտտվել,
 երկուշաբթի սովորական մի առավոտ,
 երբ հույսը լքել էր ինձ
 և ձեռքերս կախվել էին հուսահատ…
  • Hits: 12062

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: