Հիմա, երբ ձմեռ է

Հիմա երբ հեռացել ես
Անունդ կգրեն մի քարի վրա
Եվ նույն հեշտությամբ
Կսկսվի ձմեռը...
                                Մոհամմեդ Ռեզա Աբդոլմալեքյան


   
 Ձեր տանը ձմռանը ցուրտը միշտ ուրիշ է մի տեսակ... Ամռանն էլ... Կիսաբաց դռնից նկարիդ նայելիս` էլ ավելի: Այն պատերը, որ միշտ մի տեսակ ուրիշ կանաչ էին, հիմա շատ սառն են ու շա՛տ կանաչ:
     Երբ էլ չկայիր, ես հաջորդ երկու օրը ինձ անըդհատ նույն մտքի վրա էի բռնում` հիմա, եթե ուզեմ ճիշտն ասել, ո՞ւմ ցուցամատն եմ պինդ բռնելու ու թիկունքից մի աչքով կողքերս նայելու: 
    Ինչ-որ անիմաստ լույսեր են ամեն տեղ: Գնացինք հանրախանութ: Մարդիկ խառն են, բոլորը Ամանորի նախօրեին առևտուր են անում: Երբ դուրս էինք գալիս, տեսա` մի ջահել աղջիկ երեխային քաշքշում էր, վերարկուի օձիքից բռնել, քարշ էր տալիս. երեխան` կախ ընկած, փուչիկները գետնին քսելով, տատը ետևից: Երեխան ասում էր` ուզում եմ, էդ հիստերիկն էլ բռնած քաշում էր: Կարմիր լույսի տակով անցա, հասա նրանց, գնացի շատ մոտ, որ մենակ ինքը լսի, ասացի` ի՞նչ ես քաշում, ուզում է` առ, կամ չբերեիր խանութ հետդ: Ասաց` Ձեր ի՞նչ գործն ա:
    Ճիշտ որ: Դե հետո, ինչպես միշտ, մայրս ինձ ինչ ասես ասաց, քեզ հիշեց, էն, որ` մարդ մարդու չքաշեց` ես քեզ և այլն...
   - Քո ի՞նչ գործն ա, ինչի՞ ես խառնվում քեզ չվերաբերող հարցերին:
    - Սաղ էրեխեքը ինձ վերաբերող հարց են:
    - Ուրիշի երեխեքը քեզ վերաբերող հա՞րցն են:
   Կռվեցինք: Ուզում էի ասել`բայց ի՞նչ սխալ բան եմ արել, կողքերս նայեցի` ո՛չ ձեռդ կար, ո՛չ թիկունքդ, կողքս լինեիր, պինդ կբռնեի ցուցամատդ, դու կկռանայիր, ես ուսիդ վրայից կնայեի ու կասեի. «Ճիշտ եմ անում»: 
    Մեր խոհանոցի կարմիր սեղանը այդպես էլ չսիրեցի մինչև հիմա, չնայած հիմա ես հեռախոսը վերցնում եմ առանց աթոռի, բայց միևնույն է, ոնց դուռը բացում եմ, դիպչում է սեղանին ու էլի` զրըըըըըխկ ու էլի տատիկը. «Ոնց որ էն ժամանակ... չփոխվեցիր: Կամաց բացիր դուռը»:
    Ես միշտ լուրջ դեմքով պատասխանում էի զանգերին ու քեզ ասում` ով է զանգում, հիշո՞ւմ ես: Հիշում ես, որ խաբում էի քեզ, ասում` մորքուրն ա: Դու վազում էիր` Աննա ջա՞ն:
    - Բարև, հոպար, Աննան չի,- լսվում էր գծի մյուս կողմից:
    - Քեզ քանի՞ անգամ եմ ասել՝ չխաբես:
   Իսկ ես խելագարի նման վազում էի, մեկ-մեկ էլ խցկվում կարմիր սեղանի տակ, դու՝ հետևիցս ու ամենածիծաղելին, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ կարմիր սեղանի տակ մտնել չէիր կարող, դու անգամ խոհանոց էիր մտնում մինչև գոտկատեղը կռացած: Ոչինչ այնքան զվարճալի չէր, որքան այն պահը, երբ փորձում էիր վառարանը խառնելու շշով բռնել ոտքիցս: 
    Հիշու՞մ ես, ոնց էինք օրերով սպասում քեռու զանգերին, ուղարկած փողին: Դու երբեք չէիր ասում, որ փող է պետք, բայց մեկ-մեկ շատ էր պետք լինում: Հիշո՞ւմ ես` մի անգամ ականջիս ասացիր. «Քեռուն ասա` ես դեղատուն եմ գնացել` պարտքով դեղ առնելու»: Հետո մենք երկուսով լացում էինք. դու` չգիտեմ ինչու, ես` որովհետև քեզ առաջին անգամ էի լաց լինելիս տեսնում:
    Բայց ասել էիր, որ էլ չխաբեմ: Այդ օրն էլ ասացիր: Հիմա խաբելու կարիք չկա: Ուղղակի չեմ պատասխանում հեռախոսին կամ անջատում եմ, դրանից հետո երբեք չեմ խոսել քեռու հետ: 
   Մտածում եմ` լավ կլինի, որ եթե մի օր հանդիպենք, անպայման դու էլ լինես, ու որ հարցնի ինչու, պինդ կբռնեմ ցուցամատդ կնայեմ աչքերին ու կասեմ, որ ճիշտ եմ արել:
    Այս կանաչ պատերից քեզ ավելի եմ կարոտում:
    Այնքան բան կա ասելու, ուզում եմ` մարդիկ ճիշտն իմանան, բայց դու չկաս...
                                                                                                                          Աստղիկ Հակոբյան
  • Created on .
  • Hits: 4538

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: