Էլի Վիզել. Անտարբերության վտանգը

 

Հատված ելույթից

12 ապրիլի, 1999թ․, Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան)

 

 

Մենք կանգնած ենք նոր դարի, նոր հազարամյակի շեմին։ Ինչպիսի՞ն է լինելու այս անէացող դարի ժառանգությունը։ Ինչպե՞ս է այն հիշվելու նոր հազարամյակում։ Անշուշտ, այն դատվելու է և դատվելու է խստորեն՝ և՛ բարոյական, և՛ մետաֆիզիկական  առումով։ Այս ձախողումները մութ ստվերով պատեցին մարդկությունը՝ երկու աշխարհամարտ, անթիվ քաղաքացիական պատերազմներ, սպանությունների անհեթեթ շղթա (Գանդի, Քեննեդիներ, Մարթին Լյութեր Քինգ, Սադաթ, Ռաբին), արյունահեղություններ Կամբոջայում և Ալժիրում, Հնդկաստանում և Պակիստանում, Իռլանդիայում և Ռուանդայում, Էրիթրեայում և Եթովպիայում, Սարաևոյում և Կոսովոյում, անմարդկայնությունը Գուլագում և Հիրոսիմայի ողբերգությունը։ Եվ,  մեկ այլ մակարդակում, իհարկե, Աուշվից և Տրեբլինկա։ Այնքան շատ բռնություն, այնքան շատ անտարբերություն։

Ի՞նչ է անտարբերությունը։ Ստուգաբանորեն այս բառը նշանակում է «առանց տարբերության»։ Տարօրինակ և անբնական մի վիճակ, որում լույսի և խավարի, արևածագի և արևամուտի, հանցանքի և պատժի, դաժանության և կարեկցանքի, բարու և չարի եզրագծերը  աղավաղվում են։ Ինչպիսի՞ն են դրա ուղղությունները և անխուսափելի հետևանքները։ Արդյո՞ք այն փիլիսոփայություն է։ Արդյո՞ք անտարբերության փիլիսոփայությունը պատկերացնելի է։ Հնարավո՞ր է արդյոք անտարբերությունը դիտարկել որպես առաքինություն։ Արդյո՞ք անհրաժեշտ է երբեմն կիրառել այն՝ պարզապես ողջամտությունը պահպանելու, բնականոն կյանքով ապրելու, համեղ ուտեստ և մի գավաթ գինի վայելելու համար, մինչդեռ մեր շուրջը աշխարհը աղետալի ցնցումների միջով է անցնում։

Անտարբերությունն, անշուշտ, կարող է լինել գայթակղիչ, անգամ՝ հրապուրիչ։ Շատ ավելի դյուրին է հայացքը թեքել զոհերից։ Շատ ավելի դյուրին է խուսափել մեր աշխատանքը, մեր երազանքները, մեր հույսերը ընդհատող այդ կոպիտ երևույթներից։ Վերջիվերջո, ուրիշի ցավին ու հուսահատությանը հաղորդակից լինելը անհանգստություն պատճառող անհարմարություն է։ Անտարբեր մարդու համար հարևանների կյանքերը անկարևոր են։ Հետևաբար, այդ կյանքերն անիմաստ են։ Նրանց թաքնված կամ տեսանելի տառապանքը հետաքրքրություն չի ներկայացնում։ Անտարբերությունը նվազեցնում է Ուրիշին, դարձնելով նրան վերացական։

Այնտեղ՝ Աուշվիցի սև դարպասների ետևում, ամենադժբախտ բանտարկյալները «մուսուլմաններն» էին («Muselmanner»), ինչպես նրանց կոչում էին: Իրենց մաշված ծածկոցների մեջ փաթաթված՝ նրանք նստած կամ պառկած էին գետնին, դատարկ հայացքները հառած դեպի վեր, անտեղյակ նրանից, թե ով էին կամ որտեղ էին գտնվում․ օտարականներ իրենց միջավայրում։ Նրանք այլևս չէին զգում ցավ, քաղց, ծարավ։ Նրանք ոչնչից չէին վախենում։ Նրանք ոչինչ չէին զգում։ Նրանք մեռած էին, բայց չգիտեին այդ մասին։ Մեր ավանդույթից ելնելով, մեզանից ոմանք զգում էին, որ այդ ժամանակ մարդկության կողմից լքված լինելը ամենադաժան բանը չէր։ Մենք զգում էինք, որ Աստծո կողմից լքված լինելը ավելի վատ էր, քան Նրա կողմից պատժված լինելը։ Անարդար Աստված անտարբեր Աստծուց ավելի լավ է։ Աստծո կողմից անտեսված լինելը մեզ համար ավելի դաժան պատիժ էր, քան Նրա զայրույթի զոհը լինելը։ Մարդը կարող է ապրել Աստծուց հեռու, բայց ոչ՝ Աստծուց դուրս։ Աստված այնտեղ է, որտեղ մենք ենք։ Անգամ տառապանքի՞ մեջ։ Անգամ տառապանքի՛ մեջ։

Ինչ-որ առումով, այդ տառապանքի հանդեպ անտարբեր լինելն է մարդ արարածին դարձնում տմարդ։ Վերջ ի վերջո, անտարբերությունը ավելի վտանգավոր է, քան զայրույթը կամ ատելությունը։ Զայրույթը կարող է երբեմն ստեղծարարար լինել։ Այն կարող է ստեղծել մի մեծ պոեմ, մի մեծ սիմֆոնիա։ Զայրույթով լցված անարդարության ականատեսը կարող է առանձնահատուկ բան անել մարդկության համար։ Բայց անտարբերությունը երբեք ստեղծարար չէ։ Անգամ ատելությունը կարող է երբեմն արձագանք առաջացնել։ Դու պայքարում ես դրա դեմ։ Դու մերկացնում ես այն։ Դու զինաթափում ես այն։

Անտարբերությունը չի արթնացնում արձագանք։ Անտարբերությունը արձագանք չէ։ Անտարբերությունը սկիզբ չէ, այն վերջն է։ Եվ հետևաբար, անտարբերությունը միշտ թշնամու ընկերն է, քանզի այն շահեկան է բռնարարի, բայց ոչ երբեք՝ նրա զոհի համար, որի ցավը ավելի է ուժգնանում մոռացված լինելու զգացումից։ Խցում գտնվող քաղաքական բանտարկյալը, սոված երեխաները, անօթևան փախստականները․ չարձագանքելով նրանց վիճակին, չթեթևացնելով նրանց մենությունը՝ առաջարկելով հույսի մի նշույլ, նշանակում է վտարել նրանց մարդկության հիշողությունից։ Եվ մերժելով նրանց մարդկայնությունը, մենք դավաճանում ենք մեր սեփականը։

Անտարբերությունը, այսպիսով, միայն մեղք չէ․ այն  պատիժ է։ Եվ սա այս անցնող դարի՝ բարու ու չարի լայնածավալ փորձարկումների կարևորագույն դասերից մեկն է։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Նաիրա Գյուլնազարյանի

  • Created on .
  • Hits: 3241

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: