ՍՈՒՐՃԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

- Ամեն անգամ երբ ինքս ինձ համար սուրճ եմ պատրաստում, ուրեմն գրելու եմ։ Հա, ի՞նչ։ Պատմվածք էն մասին, թե ոնց եմ պատմվածք գրում, ցանկացած իրան հարգող գրող պիտի ունենա։
- Բայց քո բոլոր պատմվածքները դրա մասին են։
- Ինձ շատ եմ հարգում ուրեմն։
- Թեմա չունեմ ուրեմն՝ երևի ուզում էիր ասեիր։
- Թեմայի սահմանափակությունը հնարավորություն է տալիս խորանալու, մեծ կտավների դար չի, պատերազմի մասին գրքերն էլ փոշու գործարան են դառնում գրախանութներում։
- Քո գրածները չեն դառնա, հա՞։
- Կդառնան, եթե տպեմ։
- Բա լավ, սուրճը ի՞նչ կապ ուներ: Մենակ թե ազդեցիկ սկիզբ լինի, հոգիդ էլ կծախես։
- Հոգին ուղեղի հորինած ալտերէգոն է էն մասին, որ չի կարելի սպանել դիմացինին, բայց կարելի է 800 էջանոց գիրք գրել, թե ոնց մեկը սպանեց դիմացի հարևանին։
- Անգամ չես էլ կարդացել, հարևանը չի։ Անհաջողակ գրողները հիշում են մեծերին, որ թաքնվելու տեղ ունենան։
- Թրաշի տա՞կ։
- Բայց դու չասեցիր՝ սուրճը ի՞նչ կապ ուներ։ Եթե ուներ իհարկե։
- Նայի ոնց է աշխատում. եթե էնքան հավես ունեմ, որ իմ համար սուրճ եմ դնում, ուրեմն լրիվ անհույս է վիճակս, հաստատ կգրեմ, պարզ հաշվարկ, անցել եմ ռեալիզմին։ Էսօր մտածեցի՝ գրածներս կարդամ, սիրտս խառնեց, որոշեցի ռեալիզմին անցնեմ, էն էլ սյուրռեալիզմին։
- Ես երկխոսութունից դուրս գամ, մոտդ լավ չի ստացվում երկխոսությունը, հետո էլի ճղելու ես։
- Լավ, որ հարց լինի կտամ, կխոսենք, կգրեմ։

1 norayr sargsyan surjԱմեն անգամ երբ շաբաթվա վերջն է գալիս, մտքովս անցնում է, որ կստացվի, հիմար պատմություն է: Ամեն օր ես կամաց-կամաց մահանում եմ որպես գրող և հատկապես շաբաթվա վերջում, երբ ինձ թվում է, որ այս անգամ կստացվի։ Պատմելու բան չկա, բա ուրիշ ի՞նչ կա: Եթե ընկերս ես, կհարցնես՝ բա ուրիշ ինչ կա, ես էլի կմտածեմ ու կասեմ՝ բան չէ։ Ասել է թե՝ բան չկա։ Կարդալո՞ւ, չէ, լսելո՞ւ, չէ, նայելո՞ւ, չէ, գրելո՞ւ, դե ոնց որ միշտ կգրեմ էն մասին, որ բան չկա, ուրեմն գրելու բան կա։ Օրերը ոչ մի բան չունեն պատմելու: Վրայիցս այսօր առա այն հոտը, որը վաղուց չէի զգացել, մտածեցի՝ ինչ-որ կարևոր նշան է, ու եթե հիշեմ՝ ինչ հոտ է, հոտի հիշողությունը միտք կբերի, ու կգրեմ պատմվածք, ավելի գրողական բան գտնել հնարավոր չէ. հոտի հիշողություն։ Բայց իրիկունը հայելու առաջ կանգնած՝ տեսա հին օծանելիքս ու հասկացա, որ ուղղակի առավոտյան շտապելիս հինն եմ ցանել, հոտի հիշողություն, չէ մի չէ։ Հետո մտածեցի հոտի հիշողություն, միգուցե բանալին այս բառակապակցության մեջ է։ Ասենք, մտածում էի սկսել այսպես.

Հավատացյալների հոտը հիշողությունը թաղելու երդում տվեց, երբ հասկացավ, որ երեկվա աղոթքը սիրելի մարդուն չօգնեց առանց ցավերի մեռնելու: Դրա փոխարեն ցավերը ուժեղացան ևս մի քանի օրով բոլորին համոզելու համար, որ հովիվը գառնուկներին ճիշտ ճանապարհով է տանում, ու պետք է այս հիշողությունները թաղել հետևի բակում։

- Պարզունակ է, չէ՞, հնչու՞մ, - կարդացի նրա համար ամբողջը, սուրճն էլ կիսատ վիճակում սառեց, որովհետև գրում էի հիմարի պես մոլեռանդ:- 20-րդ դարում էս թեման նենց են բռնաբարել, որ էլ գրելու տեղ չկա: Սկսվեց բարձր էքզիստենցիայով, կասկածներով, ավարտվեց կոնկրետ հովվին հայհոյելով, ամբողջ գունային գամման օգտագործվեց, մեզ էլ թողեցին անթեմա ու անաստված։

- Հա, բայց վատ չի, արի իմ համար շարունակի էլի։
- Բայց ախր կլինի նույնանման միլիոնմեկերորդը, երևի ճիշտը թարգելն է, համ էլ էսօր էնքան էլ շաբաթվա վերջ չէ, հինգշաբթի է էղածը։
- Եթե չգրես մինչև վերջ, ուրեմն չնվնվաս էլ քո դաժան բախտից։
- Լավ, էդ հեչ, բայց առանց նվնվալու չի ստացվի։
- Ուրեմն տարբերակ չունես։
- Գրում եմ։

20-րդ դարում բոլորը ամեն ինչ ասացին, հայերն էլ արձակ ստեղծեցին՝ տեղավորվելով սովետի տաքուկ ծոցում, որտեղ կարևոր էր գրականությունը, և անկարևոր էին հոգին ու հովիվը։ Մի խոսքով՝ գրականության ձեռքից առան հոգին, ու պարզվեց՝ առանց դրա ավելի ազնիվ է, բայց ավելի դժվար։ Ո՞նց լացացնես առանց այդ անտեր բաների՝ խղճի, հոգու: Օրինակ՝ Կամյուն կարողացավ, բայց ընթացքում էնքան բան սպառեց ու սպանեց, ամբողջ աշխարհի լոգոսն ու ֆիլոսը խառնեց իրար, իր ձևով հասկացավ, մի ձև փոխանցեց մեզ, մենք էլ կարդացինք ու մտածեցինք՝ թխած նյութ է՝ Կաֆկա, Դոստոևսկի, մի քիչ էլ՝ Կիերկեգոր։ Կարևորը, սակայն, սրա՝ լրիվ գիտակցված ու պլանային գրականություն լինելն էր, որի ամբողջ ուղին կարելի էր կարդալ նրա ավելի վաղ գրած էսսեներում։ Պոեզիայի մասին խոսք չկա, ավելի դժվար է գրվում, ավելի քիչ է կարդացվում, ու ավելի հեշտ է գժանոց ընկնելը: Հանգերն էլ հանեցին միջից, տաղաչափությունն էլ՝ ուղիղ ճանապարհ բացելով ցնորքին: Որոշողն էլի Եվրոպան էր. անհատականացում։ Բայց սովետը լավ փորձ էր, դանդաղեցնում էր անխուսափելի խորացումը քո մեջ ու համոզում, որ «մենք» կա։ Երկար չտևեց, Բրոդսկին հարամ արեց։ Հարամ անողներն էլ են հանճար, իսկ հարամ արած բանը նորից սարքելը անշնորհակալ գործ է, ու ստիպված իդեալներից հրաժարվեցինք՝ ընդունելով մեզ համար կործանարար ես-ը և միգուցե անվերադարձ կորցնելով մի հասարակ բանաստեղծության առասպելը, որը ինքդ քո մասին չես գրելու։ Ճիշտը Դովլաթովն էր, բայց դե նրան էլ շարունակել չի լինում։

***
- Արի հոգի ման գանք քո համար, հա՞,- ասաց նա հաջորդ օրը՝ կարդալով այս տողերը։
Աշխատանքից տուն գալու ճանապարհին մտածում էի, ինչու չճղեցի, միթե ես նորից ընկնում եմ այս շաբաթվա վերջի ծուղակը և հանգիստ նվնվալու փոխարեն ստիպված պիտի գրեմ։

- Բայց լավ, ինչի՞ ենք էսքան բարդացնում, մի նախադասության բան է գրականությունը։ Ես վախենում եմ մեռնելուց։ Տեսել եմ, որ բոլորը մեռնում են, ուրեմն ես բոլորի նման չեմ: Սպասիր՝ ծառի վրա անունս փորագրեմ, սպասիր՝ վեպ գրեմ. նույն բանի մասին է, ծառը կկտրեն, թուղթ կսարքեն, թղթի վրա կգրենք։ Ի՜նչ ուժեղ միտք գտա, չէ՞։ Ես անմահ եմ՝ մի խոսքով։ Բայց ասելիք հորինել է պետք վերջիվերջո, մազոխիստ լինես, գնաս, ընկնես պատմությունների մեջ, որ լավ բան գրես: Չէ, մենք էդ խաղերը չենք խաղում, հետո սեքսը, թմրադեղերն ու ռոքնռոլն էլ սպառվեցին: Ամենահետաքրքիր խումբը Ռադիոհեդն է էսօր, գրում է ամենօրյա տաղտուկի մասին՝ օֆիսից տուն գալու թույն երգեր։ Արի ուղղակի մեռնեմ էլի տղավարի, ինչ ճիճու է մեջս ընկել՝ չեմ ջոկում։
- էէ, հիմա աշխարհի դեմ ես դուրս գալո՞ւ:
- Արի գիրք տպեմ, ինչ լինում է լինի։
- Արի։
- Ար։
- Ա։
Ա՝ այբուբենում առաջին տառը, հենց սրանից էլ կսկսի իմ պատմվածքը, որը դուր կգա բոլորին՝ բացի ինձնից։
- Ամեն անգամ երբ ինքս ինձ համար սուրճ եմ պատրաստում, ուրեմն գրելու եմ։ Հա ի՞նչ։ Պատմվածք էն մասին, թե ոնց ես պատմվածք գրում, ցանկացած իրան հարգող գրող պիտի ունենա մի քանի հազար հատ։
  • Created on .
  • Hits: 5689

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: