Թանգարանների միջազգային օրը թանգարանները հանդես կգան նոր ցուցադրություններով ու կրթական ծրագրերով

Մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, մեծ ոգևորությամբ արվեստասերները հերթական անգամ կմիանան թանգարանների զարմանահրաշ աշխարհին։ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) կողմից որոշում կայացվեց։
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
Իսկ Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

2005 թվականին: Այս տարի թանգարանների միջազգային օրվա խորագիրն է
Թանգարաններ, կրթություն և հետազոտություն։

Հայաստանյան թանգարանները արվեստասեր հանրության առջև դռները կբացեն մշտական ու նոր ցուցահանդեսներով ու երեխաների համար արդյունավետ կրթական ծրագրերով։ Թանգարանների միջազգային օրը` ժամը 11-ից, թանգարանների մուտքն ազատ կլինի, իսկ սպասվող ծրագրերը ներկայացնում ենք ստորև։

Հայաստանի ազգային պատկերասրահը, ահա, օրը հիշարժան կդարձնի մի շարք կրթական ծրագրերով, դե իսկ ցուցադրություններն էլ անպակաս կլինեն։ Մայիսի 18-ին, ժամը 11:00-24:00-ը թանգարանում կգործեն ժամանակավոր և մշտական ցուցահանդեսները․ Հովհաննես Այվազովսկի, «Մերկի հանդերձները. մերկության ընկալումները հայկական գրաֆիկայում», «Ֆրանսիական ինտերիեր», «Սալոմե․ Վերականգնված գլուխգործոցի պատմություն, Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներ» և այլն։

8-12 տարեկան երեխաների համար կիրականացվի
«Սասունցի Դավիթ» կրթական ծրագիրը, «Ծովը Հովհաննես Այվազովսկու կտավներում» կրթական ծրագիրը կհրավիրի 8-14 տարեկան երեխաներին։ Օրը կամփոփվի երաժշատական ելևէջներով՝
«Մեղեդի» – Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ (Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներ) և «Մոցարտ» - Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ (Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներ)։

Հայաստանի գինու պատմության թանգարանը ևս Արմենիա Վայն ընկերության հետ համատեղ հերթական անգամ մասնակցում է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Իսկ այցելուների համար էլ ավելի դյուրին է դարձրել թանգարան գնալը։ Մայիսի 18-ին՝ 12:00-ից մինչև կեսգիշեր, ողջ օրվա ընթացքում թանգարանում կանցկացվեն տարբեր ծրագրեր և միջոցառումներ: Այցելուների համար կկատարվի անվճար տեղափոխում Երևանից 12:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նախատեսված է նաև գինու հյուրասիրություն, շրջայց կցասայլով,
վարպետաց դասեր և այլն։

Ստորև կարող եք ծանոթանալ տեղափոխման ժամանակացույցին՝

https://www.facebook.com/share/p/AHsDkKrwUTMRU865/?mibextid=qi2Omg

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն էլ կներկայանա հետևյալ ծրագրերով՝

11:00-14:00. «Մեծ լուսավորիչը» աբովյանագիտական ամենամյա մարզային օլիմպիադիայի եզրափակիչ-գեղարվեստական փուլ։

18:00-24:00. Հրաչյա Ռուխկյանի «Խաչատուր Աբովյան» նկարի ցուցադրություն
Նկարը ձեռք է բերվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ։

18:45-19:35. «Բյուզանդ» project Համերգային ծրագիր։

 20:00. «Նազելի» երգի շնորհանդես։

11:00-24:00. «Հայացք Քանաքեռին» հետազոտական-լուսանկարչական ցուցադրություն
Ներկայացնում են Երևանի Տարածաշրջանային N 1 Պետական Քոլեջ-ի սաները։

11:00-24:00. Հրաչյա Ռուխկյանի «Խաչատուր Աբովյան» նկարների ցուցադրություն
Նվիրատուներ՝ Հրաչյա Ռուխկյանի որդի՝ Արմեն Ռուխկյան
Երգահան՝ Արթուր Իսպիրյան։

11:00-24:00. Մշտական ցուցադրություն։

20:30. Խարույկի երեկո։ Ջութակի կատարումներ։

Երվանդ Քոչարի թանգարանը ևս միացել է նախաձեռնությանը և ներկայանալու է յուրահատուկ ծրագրով՝ նվիրված Մաէստրո Քոչարի «Մարդ- քաղաք» շարքին:
Թանգարանը բաց է ժամը 11:00-24:00-ին։

Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հրավիրում է «երաժշտական գլխարկ»-ի հետ պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալու, ինչպես նաև լուսանկարչական մրցույթի հաղթող դառնալու բացառիկ խորհրդով։ Լուսանկարիչները Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շնորհաշատ ուսանողներն են։ Նախագիծը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Մաշտոցյան Մատենադարանն էլ հրավիրում է տոնն անցկացնել Մատենադարանում։ Այն գործելու է մինչև 18։00-ն, իսկ 18։00-19։00 փակ են լինելու թանգարանի դռները, քանի որ Մատենադարանի բակում փոքրիկ ծաղկողները հանդես են գալու գեղեցիկ ցուցադրությամբ։ Սպասվող միջոցառումները՝

19։00-ին տեղի կունենա Մատենադարանի այլալեզու ձեռագրերի ցուցադրության պաշտոնական բացումը։ 20։00-ին համերգային ծրագրով հանդես է գալու «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը։
20։30֊-ին ելույթ կունենա մեներգիչ Էրիկ Ալոյանը։

Թանգարանների միջազգային օրվան նվիրված հայկական շնչով ցուցահանդեսի բացում տեղի կունենա նաև Չինաստանի Սիան թանգարանում։
Չինաստանի Շենսի նահանգի վարչական կենտրոն Սիան քաղաքի «Սիան թանգարանում» կբացվի «Ծաղկած նռենին Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում։ Չինաստանում հայկական մշակույթի ցուցադրությունների սկիզբը այս տարի մեկնարկել են հունվարի 30-ին Չինաստանի Նինբոյի թանգարանից։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 408

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: