«Film Change-Makers». Նոր հարթակ երիտասարդ կինոգործիչների համար
«Կինոկետ փրոդաքշնս» ընկերությունը Նիդերլանդների «Արքայազն Կլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամի» աջակցությամբ սկսել է իրականացնել երիտասարդ ռեժիսոր Անի Հակոբյանի «Film Change-Makers» նախաձեռնությունը: Նպատակը կինոոլորտում նոր խոսք ունեցող երիտասարդ կինոգործիչներին մի հարթակի շուրջ համախմբելը, կինոարտադրության հիմնական ուղղությունների վերաբերյալ վարպետության դասեր անցկացնելն ու նրանց աջակցելն է՝ ստեղծելու սեփական ֆիլմերը:
«Film Change-Makers» նախագծի շրջանակում օրերս կինոօպերատորության վարպետության դասեր են անցկացվել Լոռու մարզի «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնում, այժմ կինոռեժիսուրայի դասեր են ընթանում Գյումրու «Մտորումների թատրոնում», իսկ սեպտեմբերին՝ պրոդյուսերության դասեր կանցկացվեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Cultural.am-ը զրուցել է կազմակերպիչների հետ ու այս ծրագրի մասին այլ մանրամասներ իմացել:
«Երբ համարվում ես ուսումն ավարտած երիտասարդ մասնագետ և շատ քիչ հնարավորություններ ես ունենում մասնագիտական ասպարեզում ինքնադրսևորվելու, այդ ընթացքում երկու բան է մոտդ լավ ստացվում՝ մտածել ու ինքնակրթվել: Դրանցից ծնվում են նոր սցենարներ ու նախագծերի մտահղացումներ»-ասում է երիտասարդ ռեժիսոր Անի Հակոբյանը։
Նրա համոզմամբ կրթական հաստատություններում արտադրական պրակտիկային քիչ ժամանակ է հատկացվում, ուստի թիմով որոշել են ստեղծել մի հարթակ, որն ինչ-որ չափով կլրացնի ու հավասարակշռության կբերի առկա վիճակը: Այդ իսկ պատճառով ծրագրի փուլերը կառուցել են այնպես, որ երիտասարդ կինոգործիչները հնարավորություն ունենան ամբողջական պատկերացում կազմել ֆիլմարտադրության ողջ գործընթացի մասին:
Ծրագրի շրջանակում ընտրվել է 17-25 տարեկան շուրջ քառասուն երիտասարդ, առավելապես հաշվի է առնվել, թե որքանով են նրանք մոտ կանգնած ֆիլմարտադրությանը: «Ծրագիրը մի կարևոր առանձնահատկություն ունի՝շեշտը դրվում է բացառապես երիտասարդ սերնդի վրա, ոչ միայն շահառուներն են երիտասարդ, այլև՝ վարպետները: Վարպետության դասերն անցկացնում են երիտասարդ, կայացած կինոգործիչները, որոնք միշտ զբաղված են որևիցե կինոնախագծում և անընդհատ ձեռք են բերում նոր փորձառություն: Ինչո՞ւ ենք նախընտրել այս տարբերակը, որովհետև նրանք ավելի լավ են տիրապետում նոր տեխնոլոգիաներին»-պատմում է «Կինոկետ փրոդաքշնս» ընկերության հիմնադիր տնօրեն, կինոարտադրության ոլորտում օպերատորի բազմամյա փորձառություն ունեցող Մկրտիչ Բարոյանը:
Նախագծի շրջանակում կինոռեժիսուրայի վարպետության դասեր են անցկացնում Տաթև Հակոբյանը, Միքայել Աբրահամյանը, Դիանա Կարդումյանը, կինոօպերատորություն՝ Անդրանիկ Սահակյանը, Մկրտիչ Բարոյանը, իսկ կինոպրոդյուսերություն՝ Օֆելյա Թովմասյանը, Արևիկ Ավանեսյանն ու Վարդան Հակոբյանը:
«Հրաշալի թիմ, նոր ծանոթություն, մեծ փորձ։ Ֆանտաստիկ է, երբ գիտելիքներ ես ստանում արդեն փորձառու մասնագետից»-տպավորություններն է փոխանցում նախագծի մասնակից, ապագա ռեժիսոր Ալյոնա Ջավուկցյանը: Հավաստում է՝ երիտասարդ կինոգործիչները մասնագիտական գործունեություն սկսելիս փորձի բացակայության պատճառով դժվարություններ են ունենում, բայց դա հաղթահարելի է, քանի որ նրանց տրված են լայն հնարավորություններ: «Կինոն, եթե միայն սիրողական զբաղմունք չէ, այլև ապրելակերպ՝ հնարավորություններ միշտ կան»:
Մկրտիչ Բարոյանը համաձայն է այն տեսակետներին, որ աշխատանքային փորձի բացակայությունը մի կողմից առաջ է բերում խոչընդոտներ, մյուս կողմից՝ հնարավորություններ ևս կան: «Եթե երիտասարդը շատ է ուզում, վստահաբար կգնա ինչ-որ կինոպրոցես կգտնի, եթե չկարողանա «սողոսկել», լավ իմաստով, առնվազն կարող է կողքից հետևել: Նույնիսկ պետք է տեսնել՝ ինչպես չի կարելի ֆիլմ նկարել, դա նույնպես գործընթացի մաս է»: Այսուհանդերձ, կինոարտադրությունն ունի նաև խնդիրներ, որոնց հավասարաչափ բախվում են թե՛ երիտասարդ կինոգործիչները, թե՛ արդեն կայացած մասնագետները։ Այս առումով Անի Հակոբյանը մատնանշում է երկու խնդիր, որոնցից բխում են մյուսները. կինոդպրոցի կամ կինոլաբորատորիայի բացը և ֆիլմարտադրության ֆինանսական հիմնական՝ պետական աղբյուրը:
Մկրտիչ Բարոյանի դիտարկմամբ՝ ոլորտում առկա խնդիրները օբյեկտիվ պատճառներ ունեն: «Հայկական կինոշուկան շատ փոքր է, իսկ կինոն բավական թանկարժեք արտադրություն է և ենթադրվում է սպառման շուկա, որպեսզի ծախսեր և ներդրումներ անելը նպատակահարմար լինի: Եվ հենց այս պատճառով քիչ են նկարահանվում ֆիլմեր, իսկ ֆիլմարտադրությունը կարող է զարգանալ միմիայն այն պարագայում, երբ գործում է անընդհատ և համաշխարհային, այպես կոչված, կինոթրենդներին համահունչ»: Նրա համոզմամբ՝ հայկական կինոարտադրությանը նոր շունչ կտա «Կինոյի մասին» օրենքի ընդունումը: Եվ որպեսզի երիտասարդության շրջանում կինոոլորտի հանդեպ հետաքրքրությունը չմարի ու տեսանելի ապագայում նաև վերելք ունենա՝ այսպես են փորձում «բորբոքել կրակը» և օգտակար լինել գործընթացին: «Film Change-Makers» նախագիծը Բարոյանը համարում է նաև կինոարտադրության ոլորտում նոր մասնագետներ պատրաստելու, համագործակցային ցանց ստեղծելու փորձ, քանի որ մասնակիցներն այս ընթացքում առնչվում են կինոոլորտում գործող մասնագետներին և ընկերություններին՝ հնարավոր է բացահայտվեն հեռանկարային երիտասարդներ, որոնց կարիքն այսօր շատ ունի կինոն:
Վարպետության դասերից, փորձի փոխանակումից հետո՝ հոկտեմբեր ամսին, Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Սինեմաթոն», որի ընթացքում ներկայացված գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր: Մի քանի օրվա ընթացքում վերջիններս կանցնեն կինոարտադրության բոլոր փուլերը՝գաղափարից մինչև պաշտպանություն (pitching), ապա տեղի կունենա մրցունակ գաղափարների ընտրություն: Սրան կհաջորդի ընտրված նախագծերի արտադրական փուլը:
Նախագիծը կամփոփվի 2021 թվականին՝ երևանյան կինոթատրոններից մեկում:
Բարոյանը հույս է հայտնում, որ ծրագիրը շարունակական կլինի, թեև հնարավոր է ոչ այն ձևաչափով, որով այժմ ընթանում է: «Կինոկետ փրոդաքշնս» ընկերությունը այժմ բանակցություններ է վարում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ներգրավվել ընկերության կինոնախագծերին:
«Ցանկացած պրոցեսում դժվարությունների առկայությունը օրինաչափ է, նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է անընդհատ կրթվել և միտքը միշտ «առողջ» պահել»-եզրափակում է Մկրտիչ Բարոյանը:
Զրուցեց՝ Մարջան Չոբանյանը
Լուսանկարները՝ «Կինոկետ փրոդաքշնսի»
- Created on .
- Hits: 3660