«Francofest»-ը, «Գոնկուր»-ն ու Հայաստանը. Երևանը դառնում է ֆրանսալեզու գրականության մայրաքաղաք

Նոյեմբերի 15-ին Երևանում կանցկացվի «Francofest» 2025 գրքի  միջազգային փառատոնը և «Գոնկուր»-ի` միջազգային գրական մրցույթի հայաստանյան փուլը:

«Francofest»-ը «Ֆրանկոֆոնիային» նվիրված միակ միջոցառումն է Հայաստանում: Եվ մեզ համար շատ կարևոր էր «Francofest»-ի հետ համագործակցությունը: Այդ իսկ պատճառով մենք Հայաստանում  Ֆրանսիական համալսարանի հետ համատեղ կարողացանք անցյալ տարի ազդարարել «Գոնկուր»-ի հայաստանյան ընտրությունն ու մեկնարկը»,- փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը:

Նրա խոսքով` «Գոնկուր»-ը ֆրանսիայի գրական աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է: Այն այնքան է տարածում գտել, որ տարբեր երկրներում սկսել են անցկացվել ազգային «Գոնկուր»-ներ: Հայաստանն անցյալ տարվանից է միացել այս նախաձեռնությանը:

«Սկզբունքը նույնն է այն բոլոր երկրներում, որտեղ անցկացվում է «Գոնկուր»-ի ընտրությունը: Ուսանողներից բաղկացած ժյուրին կարդում է «Գոնկուր» ակադեմիայի կողմից ընտրված 8 գիրք և դրանցից ընտրում հաղթողին»,- պարզաբանեց Դավիդ Տյուրսը:

Francofest Gonkur 2

Նշենք, որ «Գոնկուր» ակադեմիայի անդամները սկզբում ընտրում են 16 ստեղծագործություն, քվեարկության մի քանի փուլերից հետո այն կիսով չափ կրճատվում է: Հենց այդ 8 ստեղծագործությունն է կարդում հայաստանյան ժյուրին: Այնուհետև ակադեմիան առանձնացնում է 4 գիրք և ընտրում հաղթողին: Այս տարի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հայաստանյան ժյուրին արել է իր ընտրությունը, որի արդյունքում հաղթող է դարձել Գայել Ֆայի «Ջակարանդա» վեպը: Այն  թարգմանել և հրատարակել է «Newmag» հրատարակչությունը:

Հայաստանում այս ընտրությանը մասնակցում են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Երեւանի պետական եւ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանների 30 ուսանող: Ընտրության չափանիշներից մեկն այն է, որ գիրքը լույս տեսած լինի տվյալ տարում:

«Newmag» հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով`«Francofest»-ին միանգամից 4 նոր գիրք է ներկայացվելու, որոնցից 2-ը «Գոնկուր» շահած գրքեր են: Դրանցից մեկը՝ Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» գիրքն է, մյուսը՝ Գայել Ֆայի «Ջակարանդան»:

«Francofest»-ի բոլոր գրքերը, որոնք նախորդ տարիներին ներկայացվել են, Հայաստանում ոչ միայն դարձել են բեսթսելլեր, այլև իրենք ստիպված են եղել վերահրատարակել։ Կա մեծ հետաքրքրություն, որի ամենամեծ քանակական ցուցանիշը վաճառքի թվերն են»,- նկատեց Ալեքսանյանը:

«Գոնկուր»-ին Հայաստանի մասնակցությունը վերջինս կարևորում  է երեք մակարդակում։ Նախ  ընթերցողները հնարավորություն կունենան տեսնել արդեն մրցանակ ստացած հետաքրքիր, որակյալ, նոր բովանդակություն։ Հայ գրողները կարող են տեսնել, թե ինչ նոր բովանդակություն են ստեղծվում ֆրանկոֆոն աշխարհում։ Հաջորդ մակարդակն արդեն ինդուստրիան է։ Արտակ Ալեքսանյանը հույս հայտնեց, որ այս տրամաբանությամբ գուցե Հայաստանում ևս ստեղծվի գրական մրցանակ։ 

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև պանելային քննարկումներ, թատերական ընթերցում և  համերգ: Հայաստան է ժամանելու ֆրանսիացի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, որը ներկա կլինի իր՝ «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։ Գրական փառատոնին մասնակից հեղինակները կլինեն ոչ միայն Ֆրանսիայից, այլև ֆրանկոֆոն աշխարհից:

Միջացառման մուտքն ազատ է:

Լուսանկարները`«Արմենպրես»

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 61

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: