«Դիսոնանս». արվեստը հակադրությունների ու բազմազանության մեջ

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այս առիթով «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի ունեցավ «Դիսոնանս» ցուցադրության բացումը:

Ցուցադրության մրցույթի բաց կանչին արձագանքել է 80-ից ավելի մարդ, որոնցից ժյուրին ընտրել է ժամանակակից 18 արվեստագետի գործ:

Դիսոնանս 2Դիսոնանս 1

Նշենք, որ հիմնադրամը բացման օրվանից գործունեության մի քանի ուղղվածություն է որդեգրել: Նախ հարթակ է տրամադրվում 20-րդ դարի այն արվեստագետներին, որոնք Նիկոլայ Նիկողոսյանի ժամանակակիցներն են  ու չունեն իրենց թանգարանները և իրենց արվեստը հանրությանը բավարար չափով ներկայացված չէ: Միաժամանակ՝ թանգարանում սեփական ստեղծագործություններով ներկայանալու հնարավորություն է տրվում այն արվեստագետներին, որոնք դեռ կայացման ճանապարհին են կամ նրանց դեռ բավականաչափ չեն ճանաչում:

 Դիսոնանս 8

Դիսոնանս 7

«Այս մոտեցումը պատահական չէ, քանի որ Նիկոլայ Նիկողոսյանն ինքն իր ամբողջ կյանքի ընթացքում միշտ աջակցել է նկարիչներին: Մինչ օրս մեզ մոտ գալիս են տարբեր նկարիչներ, որոնք ասում են՝ «Նիկողոսյանը չլիներ՝ նկարիչ չէի դառնա», «Եթե Վարպետն ինձ չօգներ, իր տանը չպահեր, Մոսկվայում հաջողություն չէի ունենա»: Հարգելով նրա վերաբերմունքը  արվեստագետների նկատմամբ՝ որոշեցինք ազատ թեմայով առանց տարիքային խտրականության բաց կանչ հայտարարել»,- նախաձեռնության մասին պատմեց  հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը:

Դիսոնանս 3

 Դիսոնանս 4

Ժյուրիի կողմից ընտրված նկարիչներն էին՝ Ադելինա Միքայելյանը, Անաստասիա Գոլուբը, Անգելինա Վանցյանը, Աննա Թենենբաումը, Ալեքսեյ Դուրասովը, Ալիսա Իսայկինան, Անգելինա Նովիկովան, Դաշա Զայցևան, Էլեն Կարապետյանը, Ինե Սերգեյանը, Կարինե Դուլյանը, Կիմա Հարությունյանը, Լենա Սարգսյանը, Լիլիթ Վարդանյանը, Լիլյա Նիաուրին, Մարի Ադամյանը, Մերի Բադալյանը, Տիմոֆեյ Բիչկովը: Ժյուրիի կազմում եղել են Լիլիթ Հովհաննիսյանը, Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Վահագն Ղուկասյանը, Ն.Նիկողոսյանի դուստր, հաստատության հիմնադիր Գայանե Նիկողոսյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, ինչպես նաև հիմնադրամի գրաֆիկ դիզայները:

Դիսոնանս 5

Դիսոնանս 6

«Դիսոնանսը» միավորել է նկարիչների, որոնց ստեղծագործական հայացքները կարող են շատ տարբեր ու հակադիր թվալ, բայց միասին ստեղծում են յուրահատուկ արվեստային ներդաշնակություն։ Ցուցադրությունը ներկայացնում է գեղարվեստական մոտեցումների, թեմաների և տեխնիկաների բազմազանություն։ Աբստրակցիայից մինչև ռեալիզմ, էքսպրեսիոնիզմից մինչև մինիմալիզմ․ յուրաքանչյուր աշխատանք իրենից ներկայացնում է գեղարվեստական դիրքորոշման վառ դրսևորում և դառնում հարմոնիկ դիսոնանսի մաս։ Ներկայացված են թե՛ գրաֆիկական, թե՛ գեղանկարչական, թե՛ թվային տպագրությամբ արված գործեր, կոլաժներ: Ցուցադրության  համար նկարներ են ուղարվել Վրաստանից, Իսպանիայից:

 Կարինե Դուլյան 1

 Կարինե Դուլյան. 2. կոլաժ

Մեզ հետ զրույցում ճարտարապետ, նկարիչ Կարինե Դուլյանը պատմեց, որ ցուցահանդեսին ներկայացվել է 2 ստեղծագործություն՝ «Անանուխ և նարինջ» (կտավ, ակրիլ) և «Անանուխե քաղաք» (ակրիլ և կոլաժ կտավի վրա): Երկրորդ գործն ի սկզբանե ընդգրկված չի եղել ծրագրում, որովհետև այդ պահին անավարտ է եղել, բայց հետո այն ևս արժանացել է կազմակերպիչների հավանությանն ու ներկայացվել ցուցադրության: Անդրադառնալով այդ կոլաժին՝ հեղինակն ասաց, որ այն որոշ չափով համակուրսեցու հետ համագործակցության արդյունք է: Օգտագործել է կտոր, տրաֆարետ, ձեռքի տակ հայտնված տարբեր իրեր: Հեղինակին հետաքրքիր է՝ նյութերը ինչպես կարելի է օգտագործել նկարելու համար:

 Լիլյա Նինաուրի

Ըստ Լիլիթ Հովհաննիսյանի՝ շատ տաղանդավոր ու հետաքրքիր ստեղծագործողներ կան, որոնց գուցե շատերը չեն ճանաչում: Եվ սա հիանալի հնարավորություն է երկու շաբաթվա ընթացքում  տեսնելու, ուսումնասիրելու նրանց գործերը, ծանոթանալու նրանց արվեստին: 

Միջոցառման ավարտին հիմնադրամի գործընկեր կազմակերպության կողմից հատուկ մրցանակների արժանացան Կարինե Դուլյանն ու ռուս արվեստագետ Լիլյա Նիաուրին:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 458

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: