«Դասականը բոլորի համար». համերգ-դասախոսություն Հանրային ռադիոյի լեգենդար կարմիր ստուդիայում

«Սկսած 1950-ական թվականներից մեր երկրում արտադրված երաժշտության երևի 90 տոկոսը այս տաղավարից է դուրս եկել, ու եթե երաժշտություն եք լսում, ապա շատ հավանական է, որ այն ձայնագրվել ու մշակվել է հենց Հանրային ռադիոյի այս լեգենդար կարմիր ստուդիայում»,- «Դասականը բոլորի համար» նախագծի շրջանակում տեղի ունեցած համերգ-դասախոսության բացման խոսքում  հայտարարեց Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը:

Hanrayin radio 1

«Դասականը բոլորի համար» նախագծի գեղարվեստական ղեկավար, ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, երաժիշտներ Դիանա Սահակյանը (դաշնամուր), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Հայկ Տեր-Հովհաննսիյանը (ալտ), Նարեկ Սահակյանը (ջութակ) միջոցառման ընթացքում հաջորդաբար ներկայացնում էին հնչող ստեղծագործություններին  վերաբերող պատմություններ, պատասխանում  մեդիաոլորտի ներկայացուցիչների հարցերին, ապա շարունակում կատարումները: Արտիստները կատարեցին  Կլարա և Ռոբերտ Շուման Piano trio in G-minor, op 17 և Piano Quintet E-flat ստեղծագործությունները:

Hanrayin radio 2

«Մի քանի տարի առաջ մենք շատ հետաքրքիր ստեղծագործական գիտափորձ սկսեցինք, և մինչև հիմա էլ այն շարունակվում է: Մեզ մասնավորապես հետաքրքիր էր՝ արդյոք կարող է ֆոնդային ձայնագրությունների համար ստեղծված ենթակառուցվածքը աշխատել իբրև բեմական տարածք: Իմ սուբյեկտիվ համոզմամբ՝ կարող է: Տարածքը, տեղանքը, կոնտեքստը ցանկացած համերգային ծրագրի բովանդակությանը լրացուցիչ գեղարվեստականություն են հաղորդում: Սկսեցինք փոքրիկ համերգ-դասախոսություններ անցկացնելու ձևաչափը՝ նախ հանրային ռադիոընկերության կազմում գործող գործընկերների մասնակցությամբ, ապա մեզ սկսեցին միանալ այլ խմբեր: Եվ ահա, վստահ կարող եմ ասել ՝ ձեր առաջ մեր երկրի ամենաթարմ ստեղծագործական ուժերն են»,-նշեց Գարեգին Խումարյանը:

Hanrayin radio 3

Անդրադառնալով «Դասականը բոլորի համար» նախագծին՝ Անուշ Նիկողոսյանն ասաց, որ այն ստեղծելու միտքը հղացել է 2019 թվականին ու արդեն մի փոքր պատմություն ունի:  «Կարծիք կա, որ մարդիկ չգիտեն դասական երաժիշների ստեղծագործական կյանքի մանրամասները, և կարծեցինք, որ համերգ-դասախոսության այս ձևաչափով հանդիսատեսին ավելի մոտ կլինենք և մի փոքր ավելի կտարածենք դասական երաժշտությունը»:

Hanrayin radio 6

Արտիստները պատմեցին, որ շատ բուռն են անցել փորձերը` հումորներով, դիալոգներով ու ստեղծագործական տարակարծություններով լի: Եվ պատասխանելով բարձրակարգ երաժիշտ լինելու, բայց սկզբունքորեն այդպիսի այլ երաժիշտների հետ հնարավոր անհամատեղելիության մասին հարցին՝ Սևակ Ավանեսյանը նկատեց. «Բարձր մակարդակի երաժիշտների մեջ հազվադեպ է պատահում, որ անհամատեղելի լինեն, նույնիսկ երբ լինում են վեճեր»:


Hanrayin radio 4

«Ցանկացած երաժիշտ նախևառաջ մարդ է, և, ընդհանրապես, կամերային երաժշտություն նվագելիս փոխզիջումը պարտադիր է, բայց, իհարկե, կան երաժիշտներ, որոնց հետ առաջին փորձից հետո հասկանում ես, որ մյուս անգամ գուցե չնվագես»,- նկատեց Անուշ Նիկողոսյանը:

Նշենք, որ այս ձևաչափով կատարումները տեսանկարահանվում, ձայնագրվում են Հանրային ռադիոյի «ոսկե ֆոնդի» համար:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1179

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: