• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Գեղանկարներից մեկում կարող էր լինել չափազանց լիրիկ, մյուսում՝ ողբերգական». կայացավ «Հրաչյա Հակոբյան» ցուցադրության բացումը

«Գեղանկարներից մեկում կարող էր լինել չափազանց լիրիկ, մյուսում՝ ողբերգական». կայացավ «Հրաչյա Հակոբյան» ցուցադրության բացումը

Հայաստանի ազգային պատկերասրահի «Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագծի շրջանակում այսօր տեղի ունեցավ «Հրաչյա Հակոբյան» ցուցադրության բացումը։

Ազգային պատկերասրահի կողմից 2021 թվականից իրականացվող լայնածավալ այս նախագծի նպատակներից մեկը ոչ միայն հայտնի վարպետների ընծայված գործերը ներկայացնելն է, այլև մեկենասների անուններն ու նրանց գործունեության կարևորությունը թանգարանի կյանքում բարձրաձայնելը:

Hrachya Hakobyan 2

Եվ ահա այս անգամ ցուցադրությունն ընդգրկում է գեղանկարիչ, գրաֆիկ, մոնումենտալիստ Հրաչյա Հակոբյանի (1935–1982) գեղանկարների էսքիզները: Աշխատանքները նկարչի այրու՝ արվեստաբան Վիլենա Մկրտչյանի 2005 թ. և 2022 թ. նվիրաբերած ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ առանձնացող 82 գեղանկարների մաս են կազմում:

«Մինչ 2022 թվականի նվիրատվությունը, պատկերասրահն իր պահոցներում ուներ հավաքածուի փոքրիկ հատված, բայց ահա 2022 թվականի 82 գեղանկարները, այդ թվում ՝ «Խաչելիություն» և «Պանոներ», որոնք հիմա ցուցադրվում են, համալրեցին մոնոգրաֆիկ հավաքածուն: Այսինքն ՝ 100-ից ավել ստեղծագործություն ունենք այսօր պատկերասրահում, բայց դրանք մշտական ցուցադրությունում չեն եղել, մեկ ստեղծագործություն է եղել՝ իր ինքնադիմանակարը: Հուսանք ՝ երբ կբացվի ընդհանուր ցուցադրությունը, մենք  կունենանք նաև Հրաչյա Հակոբյանի գործերը»,- ասաց արվեստաբան, ազգային պատկերասրահի գիտաշխատող Հասմիկ Բադալյանը:  

Hrachya Hakobyan 3

«Պանոներ, որոնք հրաշալի էին ստացվում և շատ արդիական էին: Կոշիկի սովորական թեմա, որ այսօր էլ երբ նայում ես, գեղագիտական հաճույք ես ստանում, որ սովորական թեման կարող է հասնել մինչև Վան Գոգ, չապլինյան խորհրդանշական կոշիկներ  ու բերել մեզ  1960-70-ական թվականների Երևան: Այսինքն՝ այն ինչ տեսնում էր իր շուրջը, չէ՞ որ ինքը ապրել և մեծացել էր այսօրվա կրկեսի, հին շուկայի տարածքում, և կոլորիտային կերպարներ շատ էին հանդիպում իր կյանքում»,- նկատում է Հասմիկ Բադալյանը:

Hrachya Hakobyan 4

Հրաչյա Հակոբյանը հեղինակել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահի որմնանկարների էսքիզները: Նկարչի կինը, որ ֆիզիկապես ներկա չէր միջոցառմանը, բայց հնարավորություն եղավ լսելու նրա խոսքը, ասաց, որ թեև արվեստագետ ամուսինը չհասցրեց իրականացնել այդ էսքիզները, դրանք կյանքի կոչվեցին նրա մահից հետո:  «Այդ շրջանը նրա ստեղծագործական կյանքում ամենաողբերգականը եղավ: Դրանում նա դրեց իր ողջ եռանդը, արվեստի ամբողջ հասկացողությունը: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա հասցրեց անդրադառնալ գեղարվեստական բոլոր ժանրերին: Գեղանկարներից մեկում  կարող էր լինել չափազանց լիրիկ, մյուսում ՝ ողբերգական»:

Hrachya Hakobyan 6

Շուրջ կես դար ապրած նկարիչը ստեղծագործել է տարբեր ժանրերում` դիմանկար, բնանկար, նատյուրմորտ: Իր ստեղծագործություններում պատկերել է նաև պատմական դրվագներ, հեղինակն է «Կոմիտաս», «Տիր», «Ջութակահարը», «Ֆաետոն» և այլ գործերի: Հոգևոր «Խաչելիություն» թեման հեղինակի վերջին շրջանի գործերից էր, լավագույն ստեղծագործություններից մեկը, որն այդպես էլ մնաց անավարտ:

«Հուսանք՝ մի օր գրաֆիկական գործերի ցուցահանդես կլինի, և հնարավորություն կլինի այս աշխատանքները տեսնել վերականգնված ու ըստ արժանվույն ներկայացված»,- հույս հայտնեց Հասմիկ Բադալյանը:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1031

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: