Ազգային պատկերասրահում բացվեց Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսը

Ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոսի) 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցասրահները մարդաշատ էին, ցուցահանդեսի բացմանը ներկա էին նկարչի մտերիմները, ընկերները, արվեստասերներ, դերասաններ, երաժիշտներ:

Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշեց, որ ցուցահանդեսի կոնցեպտը պատահական չէ ընտրված. համադրող Զառա Դիլանյանի հետ բավական երկար են մտածել դրա շուրջ: Ըստ նրա՝  այսօր շատերը կարիք ունեն դրական լիցքերի, հոգևոր լույսի ու արևի, իսկ ցուցահանդեսին ներկայացված գործերը  հենց այդպիսին են: 

Tatos 2

Ցուցադրությունն ընդգրկում է նկարչի տարբեր տարիներին վրձնած բնանկարներ, նատյուրմորտներ, կանանց դիմանկարներ, վերացական պատկերներ:

Վարպետի խոսքով՝ իր 6000 կտավից թանգարանում ներկայացված են 53-ը: Դրանք ընդգրկում են բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ սկսած 1963 թվականից: Ասում է՝ իր ամբողջ արվեստը մարդու մասին ու մարդու համար է, դրանցով ուզում է մարդկանց կապել բնությանը,  մարդասիրություն  քարոզել:

Tatos 7

«Վաղ մանկությունից սկսած, շրջելով Հայաստանի տարբեր անկյուններով, նա իր աչքը վարժեցրել է գեղեցկությանը: Ամեն տեղ, ամեն անկյուն տեսել է բնական գեղեցկությամբ, տեսել է մարդկային հարաբերությունների գեղեցկությունը, և եթե պատերազմ է մղել տգեղությունների և այլանդակությունների դեմ, դրանով հարստացրել է մեր կյանքն ու մեր իրականությունը».- նկատեց գրականագետ Սամվել Մուրադյանը:

Tatos 4

Վարպետի վառ ու տաք գույներով աչքի ընկնող կտավներում ակնհայտ են բնության հետ կապը, երևակայությունը, լավատեսությունը, արտաքին աշխարհը յուրովի տեսնելու ու պատկերելու կարողությունը:

Դիմանկարներում գերակշռում են կանանց ֆիգուրները, որոնցում նկարիչը փոխանցում է նրանց զգայական աշխարհը՝ երբեմն մեղմ ու խաղաղ, երբեմն ՝ ալեկոծ ու խենթ:

Tatos 6

Գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանի (Սերխաչ) կարծիքով՝  նկարչությունն ու պոեզիան էությամբ նույնն են, և վարպետի բոլոր աշխատանքները կարծես պոեզիա լինեն: «Դրանք երգեր, բանաստեղծություններ են բնության ու սիրո մասին»:

Նշենք, որ Հրանտ Թադևոսյանը Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և Պրոֆեսիոնալ նկարիչների միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է:

 Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, ֆրանսիայում, Լոս Անջելեսում և այլուր:

Ցուցահանդեսը բաց կլինի 10 օր:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1390

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: