Ընթացիկ տարում կվերականգնվեն մի շարք եկեղեցիներ ու պատմական հուշարձաններ

«Այս տարի հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 400 միլիոն դրամ՝ չհաշված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերականգնմանն ուղղված 260 միլիոն դրամը: Ընթացիկ տարվա համար նախատեսած մյուս ծրագրերը ներառյալ ֆինանսավորումը կմոտենա մեկ միլիարդ դրամին: Սա բացառիկ ցուցանիշ է տարվա համար»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարի հուշարձանների վերականգնման և պեղումների համար հատկացվել էր մոտ 300 միլիոն դրամ, այս տարի թիվը զգալիորեն մեծացել է և տարեցտարի այն աճելու միտում ունի:

Հուշարձանների պահպանության միջազգային օրվան՝ ապրլիլի 18-ին ընդառաջ, խոսելով հուշարձանների պահպանության, վերականգնման 2023 թվականի ծրագրերից` Հարություն Վանյանը տեղեկացրեց. «Վերականգնվող հուշարձան, եկեղեցիների մեջ ներառված են  Արմավիրի մարզի Այգեշատի Թարգմանչաց, Փարպիի Ծիրանավոր, Սանահինի, Տեղ համայնքի Սուրբ Գևորգ, Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, կշարունակվի Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղի հիմնանորոգումը: Կվերստեղծվի նաև Պանթեոնից գողացված, ականավոր գրող Շուշանիկ Կյուրղինյանի կիսանդրին»:

Ինչ վերաբերում է վերականգնվող հուշարձանների ընտրությանը, նա նշեց, որ դա արվում է համաձայն մի քանի չափանիշների: Ըստ այդմ՝ հաշվի են առնվում  գործընկերների կազմած ցանկերը, մշտադիտարկումների արդյունքում ևս առանձնացվում են հրատապ միջամտության և վերականգնման ենթակա հուշարձանների ցանկ, որոնք վտանգված են:

«2022 թվականի տվյալներով դրանք 550-ից ավելի են, և բոլորը այս ցանկից են ընտրվում: Հատուկ ուշադրություն է դարձվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններին, օրինակ՝ Սանահինի պարագայում: Մյուս չափանիշը՝ եկեղեցիների կամ հուշարձանների անավարտ մնացած վերականգնման աշխատանքներն ամբողջացնելն է»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած ռեսուրսների պակասից, բայց պլանավորում են պիլոտային ծրագիր գործարկել՝ առկա բացերը լրացնելու համար:

 «2022 թվականին ունեցել ենք 74 իրավախախտում, այս տարի արդեն իսկ ունենք 25-ը: Իրավախախտումները հիմնականում առնչվում են գանձագողությանն ու շինարարական աշխատանքներին (երբ օրինակ դամբարանադաշտում կատարվող շինաշխատանքը համաձայնեցված չէ լիազոր մարմնի հետ)»,- մանրամասնեց նա՝ խոսելով պատմամշակութային շինություններին առնչվող իրավախախտումներից:

 «Հուշարձանների ոլորտում այս տարի բավականին ծավալուն աշխատանքներ ունենք իրականացնելու, այդ թվում` միջազգային ծրագրեր: Համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, առաջիկայում արտերկրից հյուրեր ենք ունենալու, որպեսզի աշխատենք հուշարձանների կառավարման պլանների մեր ստեղծած մոդելի նախնական տարբերակի վրա»,- պարզաբանեց «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:

Ըստ բանախոսի՝ հուշարձանների պահպանության միջազգային օրվա շրջանակներում հանդես կգան  հանրային իրազեկման մի շարք ծրագրերով: Ապրիլի 18-ին Մատենադարանում տեղի կունենա նաև նախորդ տարի «Պատմամշակութային ժառանգության և գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից հրատարակված «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով անգլալեզու գրքի շնորհանդեսը:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 605

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: