Քիմիկոս Ժան Գյուլբենկյանը ՝ հայ կինոն վավերագրող նամականիշների բացառիկ հավաքածուի հեղինակ

Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանում բացվել է հայ կինոյին նվիրված նամականիշների բացառիկ ցուցադրություն:

Նամականիշները, որոնք վավերագրում են հայ կինոյի պատմությունը, 48 տարի հավաքել է քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժան Գյուլբենկյանը:

Gyulbenkyan namakanish 2

Հավաքածուն ֆիլատելիստական (ֆիլատելիստ ՝ նամականիշներ հավաքագրող)  նյութերի միջոցով ներկայացնում է հայազգի կինոգործիչների ներդրումը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Այն ունի ճանաչողական և ուսուցողական բնույթ: Ներկայացված են Հայաստանի, Ռուսաստանի և սփյուռքի հայազգի գործիչները, որոնք իրենց նշանավոր վաստակն են ունեցել կինոարվեստի պատմության մեջ:

«Այս տարին հատուկ է կինոգործիչների համար: Ցավոք ես կինոգործիչ չեմ, բայց կինոյի հետ շատ մեծ կապ ունեմ. կապը սերն է դեպի կինոն»,-այսպես է բացատրում նամականիշների իր բացառիկ հավաքածուի շուրջ կեսդարյա ստեղծումը:

Gyulbenkyan namakanish 3

«1970-ական թվականներին բախտ վիճակվեց ներկա լինել կինոյի փակ դիտումների: Սովետական միությունում գրաքննություն գոյություն ուներ, ուշադրություն էր դարձվում ամեն ինչին: Այսինքն՝ մենք նայում էինք կինոյի մի մասը: Մոսկվայում կինոփառատոնի ժամանակ նայեցի Բեռնարդո Բերտոլուչիի «Կոմֆորմիստ» ֆիլմը, հետո այն նայեցի Երևանում ու զարմացա՝ դրանց մեջ ոչ մի կապ չկար, ասես կտրտված ու իրար կպցրած հատվածներ էին մարդկանց ցույց տալիս: Նույնկերպ Սերգեյ Յուտկևիչն էր  կտրտել Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» ֆիլմը… Եվ սկսեցի կինոյին նվիրված նամականիշներ հավաքել, բայց եթե դու կինոյից գաղափար չունես, ի՞նչ ես անելու, ո՞նց ես հավաքելու…Սկսեցի սովորել համաշխարհային կինոպատմությունը, կարդում էի հայկական ու համաշխարհային կինոյի մասին հոդվածներ ու գրքեր: Իսկ կինոն ինձ համար ոչ միայն ռեժիսորներն ու դերասաններն էին, այլև սցենարիստները, կոմպոզիտորները, նկարիչները …»:  

Gyulbenkyan namakanish 4

Կինոյի ու կինոգործիչների մասին ծավալուն տեղեկատվությունը Ժան Գյուլբենկյանը խնամքով  գրի է առել, հավաքել տասնյակ տետրերում:

Համաշխարհային կինոգործիչների աշխատանքները վավերագրելոց հետո որոշում է, որ նույնը պիտի անի նաև հայկական կինոյի պարագայում: «Ո՞վ է տվյալ կինոյի ռեժիսորը, սցենարիստը. այդ ամենը շատ կարևոր է»,-ասում է:

Կան հանրահայտ մարդկանց ձեռագրով գրված նամակներ, հետաքրքիր փաստաթղթեր, օրինակ՝ ֆիլմի նկարահանման համար ինչպես են ինքնաթիռ բերել:

Gyulbenkyan namakanish 5

«Ինձ համար շատ կարևոր էին Փարաջանովի, Համո Բեկնազարյանի, Հենրիկ Մալյանի, Արամ Խաչատրյանի և շատ այլ մարդկանց կողմից գրված նամակները»:

Պատմում  է՝ դժվար էր այս ամենը հավաքելը, բայց ամեն ինչը կամաց-կամաց հավաքվեց, որից հետո պիտի արդեն դասավորվեր ըստ տարիների, թեմաների. դա էլ հեշտ չէր:

Gyulbenkyan namakanish 6

«Այս նյութերը, բացիկները, նամակները պիտի անպայման ցույց տալ, որ մարդիկ տեսնեն, ի վերջո դրանք մեր կինոյի պատմությունն են»,- ասում է Ժան Գյուլբենկյանը:

Ցուցադրությունը մշտական չէ, հանրությունը այն դիտելու հնարավորություն կունենա ևս երկու օր: 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1014

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: