Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

Ապրիլի 11-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ  մենահամերգով հանդես կգա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թատրոնի առաջատար մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։ Ծրագրում՝  Գ․Դոնիցետտի, Ջ․Վերդի, Ժ․Մասնե, Պ․Չայկովսկի, Ա․Հարությունյան, ուկրաինական ժողովրդական երգեր, Ա․Բաբաջանյան, Զ. Դոլուխանովա, Ֆ․Տոստի,  Է․Կուրտիս, Ա․Լարա։ Լիպարիտ Ավետիսյանի հետ հանդես է գալու դաշնակահար Արմեն Աղաջանյանը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ օպերային թատրոնում իր առաջին մենահամերգն է ունենալու։ 

«Ծրագիրն արդեն կազմել ենք։ Երկու մասից է։ Առաջին մասում լինելու են օպերային արիաներ, փորձել ենք ընդգրկել կարևոր  կոմպոզիտորների կարևոր ստեղծագործությունները, որոնք իմ կյանքում դեր են խաղում, ունեն կարևորություն, երկրորդ բաժնում ավելի թեթև՝ ուկրաինական, ռուսական, նեապոլիտանական երգեր են»,- ասաց երգիչը։

Լ.Ավետիսյանի խոսքով, համերգային ծրագրերն այնպես են կազմում, որ օգտագործի այն արիաները, այն հատվածները, որոնց դերերը  կատարում է աշխարհի տարբեր բեմերում։

«Իհարկե, կան նաև սիրելի կոմպոզիտորներ, որոնց միշտ անդրադառնում եմ, սիրում եմ կատարել իրենց երաժշտությունը։ Անպայման Վերդի, որի գործերն իմ ծրագրի անբաժան մասն են, Դոնիցետտի, որովհետև այդ ոճի երաժշտություն կատարելը օգտակար է ձայնի, տեխնիկայի համար»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը։

Liparit Avetisyan 1

Լիպարիտ Ավետիսյանը կարևորում է հենց մենահամերգներով հանդես գալը, քանի որ, նրա խոսքով, հանդիսատեսի հետ շփումն ավելի մտերմիկ է լինում։

«Կարևորում եմ մենահամերգները։ Ներկայացման մեջ խաղում ես մի կերպար, այդ երեք ժամն ապրում ես մի կերպարի մեջ, փորձում ես վերապրել այդ կյանքը։ Բայց համերգի ժամանակ անընդհատ կերպարանափոխվում ես, ինչը տեխնիկապես բարդ է. օրինակ` կատարում ես Վերդի, դրանից անմիջապես հետո` Բաբաջանյան, Չայկովսկի,  բայց հետաքրքիր է, սիրում եմ դա։ Կարծում եմ՝ մենք կունենանք լավ երեկո»,- ասաց նա։

Ըստ Լ.Ավետիսյանի, արտիստների համար յուրաքանչյուր բեմ կարևոր է. «Յուրաքանչյուր արտիստ ունի անցած ճանապարհ, ինչ-որ մի բարձունք արդեն զբաղեցնում է, յուրաքանչյուր ելույթ՝ պատասխանատու. քննության պես բան է, նախ պետք է հաճույք  պարգևես ունկնդրին, նաև պահես այդ բարձունքը, որը դու արդեն գրավել ես։

Ինչ վերաբերում է  կոնկրետ Հայաստանում ելույթ ունենալուն, էլ ավելի բարդ է, շատ-շատ բարդ է,  հատկապես երբ բազում հաջողություններ ունես արտերկրում»։

Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ իր համար կարևորագույն փաստն այն է, երբ արտիստը պահանջված է  լինում, զգում է` վայելում է ունկնդրի սերն ու հարգանքը։

«Ինձ համար ամենամեծ գնահատականն է, երբ դու 3-4 ժամ աշխատում ես բեմում, վերջում դուրս ես գալիս, 4000 մարդ հոտնկայս ծափահարում է 15 րոպե, չի թողնում  հեռանաս բեմից։ Այդ պահին գիտակցում ու հասկանում ես` ուրեմն ճիշտ ուղու վրա ես»,- ասաց վաստակավոր արտիստը։

Liparit Avetisyan 3

Լիպարիտ Ավետիսյանը ելույթներով հանդես է գալիս ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի հեղինակավոր բեմերում: 2016 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգիչ է: Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային փառատոնների՝ «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» (Լոնդոն), «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոն (Երևան), «Սպիտակ գիշերների աստղեր» XXI-րդ միջազգային երաժշտական փառատոն (Սանկտ-Պետերբուրգում), «Զատկի փառատոն» (Մոսկվա), «Բեթհովեն-Ֆեսթ» (Լեհաստան), «Մուստոնեն-Ֆեսթ» (Էստոնիա), «Միդեմ Ֆեսթ»(Ֆրանսիա), «ԱՀԱՎԱ-Ֆեսթ» (Գերմանիա)։ 2014 թվականին Լիպարիտ Ավետիսյանը ճանաչվել է տարվա լավագույն օպերային երգիչ։

Տենորը համագործակցել է մեր օրերի մեծ դիրիժորների հետ, այդ թվում՝ սըր Անտոնիո Պապանոյի, Դանիել Օրենի, Կիրիլ Պետրենկոյի, Ֆաբիո Լուիսիի, Անտոնելո Մանակորդայի, Բերտրան դե Բիլիի, օպերային աստղերի, ինչպիսիք են՝ Գեղեցիկ Յենդեն, Ֆեդերիկա Լոմբարդին, Սոնյա Յոնչևան, Լիսետ Օրոպեսան, Էյլինը, Պերեսը, Պլասիդո Դոմինգոն, Կառլոս Ալվարեսը, Յոնաս Կաուֆմանը և շատ ուրիշներ:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 668

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: