«Մեր գերխնդիրը մշտական ցուցադրության վերաբացումն է». ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյան

«Անցյալ տարի բավականին արդյունավետ տարի ունեցանք: Իհարկե, տարին լի էր նաև դժվարություններով, քանի որ այն սկսվեց թանգարանի վերանորոգման աշխատանքներով: Սակայն ուրախ էինք, որ դրան զուգահեռ թանգարանում բացվեց նոր, ժամանակավոր շուրջ 10 ցուցադրություն: Հատկապես հատկանշանական էր, որ մեկնարկեց մշտական ցուցադրության վերաբացումը «Քարի դար» ցուցասրահով և դրանով հիմք դրվեց այս տարի ևս շարունակելու մշտական ցուցադրության վերաբացման այս կարևոր գործընթացը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նախորդ տարվա ընթացքում թանգարանն ունեցել է շուրջ 60 հազար այցելու, վերաբացվել են սպասարկման ու ցուցադրական տարածքները:

«Միջազգային պրակտիկայում, հաճախ,  թանգարանները, երբ որ վերանորոգման փուլում են գտնվում, կարող են տարիներով փակվել, բայց մենք չգնացինք այս քաղաքականությամբ, քանի որ, կարծում ենք հետհամավարակային ու հետպատերազմական իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի մշակութային ժառանգության աճելիություն ապահովենք մեր հանրության ու հյուրերի համար»,-ասաց թանգարանի տնօրենը:

Նրա խոսքով՝ համավարակից հետո, թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարի կրկին ակտիվանում են խմբային այցելությունները:

Անցյալի տարի թանգարանը համալրվեց 6000-ից ավելի նմուշներով, որոնց մեծամասնությունը հնագիտական հավաքածուների մաս են կազմում, այսինքն՝ դրանք վերջին ժամանակներում պեղված նմուշներ են, եղել են նաև նվիրատվություններ, ձեռքբերումներ: Այս առումով Դավիթ Պողոսյանը կարևորում է հատկապես երկու նվիրաբերություն, որոնք շատ խորհրդանշանական էին: «Անցյալ տարի  թանգարան այցելեց հայազգի առաջին Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը և թանգարանին նվիրեց Նոբելյան մեդալներից մեկը, որը հենց հիմա ցուցադրվում է թանգարանում: Հաջորդիվ նրա օրինակին հետևեց առաջին հայազգի տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը: Մենք խնդրեցինք, և նա սիրով նվիրաբերեց այն տարբերանշանները, որոնցով ինքը երկու անգամ եղել է տիեզերքում: Դրանք ևս հիմա ցուցադրվում են»:

«Մեր գերխնդիրը, և հիմա էլ աշխատում ենք այդ ուղղությամբ, մշտական ցուցադրության վերաբացումն է: Կարծում եմ՝ մոտակա ամիսներին այցելուների համար կունենանք շատ ուրախալի լուր: Մշտական ցուցադրության տեսքով հատկապես հին շրջանի կարևոր հավաքածուներից  մի ընտրանի կներկայացվի հանրության դատին, և այնտեղ կլինեն նաև նոր ցուցանմուշներ, որոնք վերջին տարիներին են պեղվել և դեռևս չեն ցուցադրվել: Բնականաբար կլինեն նաև խորհրդանշական կամ ավելի հայտնի նմուշներ, որոնք մեր մշակութային ժառանգության կարևոր եզակի բաղադրիչներն են հանդիսանում:  Այցելուների համար հասանելի կդառնան բրոնզեդարյան շրջանին, երկաթի դարին, Ուրարտական, հելլենիստական շրջանին վերաբերող հավաքածուներ: Հույս ունենք` տարվա ընթացքում,  մինչև միջնադարյան հատված, վերաբացել ցուցադրական տարածքը և զուգահեռ կազմակերպել ժամանակավոր ցուցադրություններ և՛ հնագիտական, և՛ ազգագրական բնույթի, ինչպես  նաև ներկայացնել նոր շրջանին վերաբերող հավաքածուներ: Այս առումով բավական ծրագրեր ու նախնական պայմանավորվածություններ ունենք»,- նշեց Դավիթ Պողոսյանը՝ խոսելով ընթացիկ տարվա ծրագրերից: Ըստ նրա՝ թանգարանի մշտական ցուցադրությանն ուղղված աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մինչև մայիս ամիս:

«Առաջիկայում մեր հանրության համար կունենանք շատ հետաքրքիր առաջարկներ, դրանք կլինեն ոչ միայն ցուցադրական գործունեության տեսքով, այլ նաև կրթական ծրագրերի, գիտահանրամատչելի միջոցառումների  տեսքով՝ հանրային ներգրավման ձևաչափով: Հիմա աշխատում ենք բրիտանական թանգարանի մեր գործընկերների հետ, որտեղ նախատեսվում է մեծ ցուցահանդես անցկացնել»: Ուրարտական շրջանին ուղղված մեկ այլ ցուցահանդես էլ նախատեսվում է անցկացնել ռուսաստանյան թանգարաններց մեկում:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն ընդգծեց, որ այս ցուցադրությունների միջոցով հնարավորություն կունենան ցույց տալու նաև փաստեր, որ ներկայացված նմուշները հենց հայկական մշակութային ժառանգություն են՝ ի հակադրություն հարևան երկրների կողմից տարվող «սեփականացման քաղաքականության» և քարոզչության: «Այս արժեքները ուղղակի փաստական հիմք են հատկապես բնօրինակ ձևով ներկայացնելու և ապացուցելու այն բոլոր կեղծիքները, որոնք տարածվում են»:

Հունիս ամսին թանգարանում սպասվում է միջազգային գիտաժողով «Դրամի աղբյուրագիտական արժեքը խորոգրով»՝ նվիրված ազգային արժույթի թողարկման  30 ամյակին:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 599

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: