Կնքվեց համագործակցության հուշագիր Մայր բուհի և ՀԱԵ Վիրահայոց թեմի միջև

Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է «Գիրք նվիրելու տոնը»:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն այս տարի հրավեր էր ստացել «Գիրք նվիրելու օրը» համատեղ իրականացնել ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայության տակ գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի, ինչպես նաև «Հայարտուն» կենտրոնի հետ:

ԵՊՀ պատվիրակությունն այցելեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի և մասնակցեց Բուն Բարեկենդանի սուրբ պատարագին, այնուհետև, Հ. Թումանյանի հետքերով քայլերթ ունեցավ դեպի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, որտեղ տեղի ունեցավ հուշագրի կնքում՝ Երևանի պետական համալսարանի և ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայության տակ գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի և «Հայարտուն» կենտրոնի միջև:

Girq nvirelu or 3

Ելույթ ունեցան ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Վրաստանում՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Աշոտ Սմբատյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ինչպես նաև Հ. Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովան:

Վրաստանում՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Աշոտ Սմբատյանը նշեց, որ մեծ հույս ունի, որ  հուշագրում գրված բոլոր կետերը կյանքի կկոչվեն և դա լավ հենք կլինի հետագա սերունդների համագործակցության համար, ինչպես նաև իրապես կլինի գործուն: Նա նաև շնորհավորեց կողմերին համագործակցության առթիվ:

Girq nvirelu or 1

Գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ գիրք նվիրելու արարողություն, ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված մի շարք գրքեր նվիրվեցին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնին, դեսպան Աշոտ Սմբատյանին և առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին:

Girq nvirelu or 5

ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայության տակ գործող կենտրոնների հետ համագործակցության մասին խոսեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը.

«2022 թվականի մայիսին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը մասնակցեց Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնին և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին, և մեր մասնակցությունը բերեց նաև այն գաղափարին, որ պետք է ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայության տակ գործող կենտրոնների հետ մշտապես համագործակցենք և կնքենք հուշագիր, որը մեծ ու կարևոր նշանակություն ունի, քանի որ երկու կողմերին պարտավորեցնում է պարբերաբար մտածել և իրականացնել համատեղ մշակութային և կրթական ծրագրեր: Նմանատիպ մոտեցումը, բնականաբար, շատ կարևոր է ինչպես Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, այնպես էլ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի և «Հայարտուն» կենտրոնի համար: Համալսարանը և մեր կենտրոնը կարևորում են արտերկրի հայ համայնքների հետ ցանկացած համագործակցություն, և մենք մշտապես պետք է պահպանենք և տերը լինենք հայ մտավորականության թողած ժառանգությանը, հատկապես դրսում: Այդ իսկ պատճառով համատեղ կապեր ստեղծում ենք վիրահայերի հետ՝  հայ-վրացական հարաբերությունները ամուր հենքի վրա պահելու համար»:

Girq nvirelu or 4

ԵՊՀ պատվիրակությունն այցելեց նաև Թիֆլիսում հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, որտեղ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, ինչպես նաև ԵՊՀ հրատարակչության գրքերի նվիրումը Վրաստանի և Հայաստանի դպրոցներից ժամանած հայ աշակերտներին և ուսուցիչներին:

Girq nvirelu or 6

Իսկ հագեցած մշակութային օրվա ավարտը տեղի ունեցավ «Հայարտուն» կենտրոնում, որտեղ համատեղ մշակութային ծրագրով հանդես եկան ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և «Հայարտուն» կենտրոնի սաները: Մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց Հ. Թումանյանի ստողծագործությունների հիման վրա գրված «Հայրենիքիս հետ» և «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա» երգերը, իսկ

«Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներ Արմինե Հարությունյանը և Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրին Հ. Թումանյանի ստողծագործությունների հիման վրա կազմված գրական կոմպոզիցիա:

Վարսիկ Սահրադյան

  • Created on .
  • Hits: 662

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: