Գրքաթերապիա կամ բիբլիոթերապիա. Երբ ճիշտ ընտրված գիրքը բժշկում է հոգիդ
Գրքի և ընթերցանության արժեքը հասարակության կյանքում ներկայացվել է որպես մարդու հուզական աշխարհի վրա ազդող ամենակարևոր ինտելեկտուալ և հոգևոր-ստեղծագործական գործընթաց։ Դեռևս հնագույն ժամանակներից փիլիսոփաներն ու գրողները դիտարկել են ընթերցանության բուժիչ հնարավորությունները, կարող ենք խոսել նաև հեքիաթաթերապիայի մասին, որը ծագել է հին ժամանակներում, և լեգենդար Շեհերազադեն համարվում է առաջին հեքիաթային թերապևտը:
Իսկ դեռևս հին Եգիպտոսում Ռամզես 2-րդ փարավոնի գրադարանի մուտքի վերևում գրված էր. «Դեղատուն հոգու համար»։
Հին հունական քաղաքակրթական մտքին ևս անծանոթ չէին մեթոդի օգտակար հատկանիշները։ Գրքերի օգնությամբ բուժումը կիրառվել է հին Հունաստանի առաջին գրադարաններում։ Ականավոր մաթեմատիկոս և փիլիսոփա Պյութագորասը դեղաբույսերի և երաժշտության հետ մեկտեղ հաջողությամբ օգտագործեց գրականությունն ու պոեզիան` մի շարք հիվանդությունների բուժման համար։ Եվրոպայում գրքով բուժման սկիզբը դրեցին առաջին եկեղեցական գրադարանները, որոնք պահում էին կրոնական բովանդակությամբ գրքեր՝ խաղաղություն և հույս բերելով հավատացյալներին։ Միջնադարում կարծում էին, որ յուրաքանչյուր գիրք սուրբ է, թեև գրականության թերապևտիկ նշանակության մասին առանձին տեսություններ ի հայտ են եկել շատ ավելի վաղ։ Բիբլիոթերապիան եկեղեցու մենաշնորհն էր մինչև Վերածնունդ։ Վերածննդի դարաշրջանում բժիշկները սկսեցին ակտիվորեն օգտագործել բիբլիոթերապիան բուժման նպատակներով։ Այսպես, 12-րդ դարի անգլիացի բժիշկ Տ.Սագեյդեմն իր հիվանդներին խորհուրդ է տվել կարդալ Սերվանտեսի «Դոն Կիխոտը»։ Գրքաթերապիայի մասին տեսություններն առավել հայտնի դարձան միայն 18-րդ դարում։ Սակայն բիբլիոթերապիան գիտական հիմնավորում ստացավ 20-րդ դարի սկզբին։ Տարբեր երկրների հոգեթերապևտները մրցում էին այս մեթոդի համար հնչեղ տերմին հորինելու հարցում՝ լիբրոհոգեթերապիա, մատենահոգեբանություն, էսթետիկ թերապիա և նույնիսկ լիբրոհոգեբանություն: Ժամանակակից «բիբլիոթերապիա» տերմինն առաջացել է 1916 թվականին, իսկ 20-րդ դարի կեսերին այն սկսել է գործածվել ամենուր և մուտք գործել բառարաններ։ Միաժամանակ բժիշկները սկսեցին սովորեցնել նման թերապիան։ Այսօր այս մասնագիտությունը տարածված է Արևմուտքում։
Վերջերս մի հետաքրքիր գրքաթերապիա-քննարկում անցկացրեց հոգեբան Սեդա Վարդանյանը։ Ի՞նչ է գրքատերապիան, որո՞նք են մեթոդները, ի՞նչ գրքեր կարդալ։ Հարցերը տարբեր են և հետաքրքիր է, որ հոգեբանությունն ու գրքաթերապիան այս կերպ մոտենում են իրար և համախմբել էին բազմաթիվ գրքասերների և ապագա հոգենաբանների։
«Գրքաթերապիան կամ բիբլիոթերապիան թարգմանաբար նշանակում է գրքով բուժում։ Ամեն մարդ կարող է տարբեր գրքեր գտնել, կարդալ, սակայն շատ հաճախ դրանք չեն կիրառվում, կամ այն ինչ մեկին օգնում է, մյուսին կարող է չօգնել։ Գրքաթերապիան մատենագրության, հոգեբանության, հոգեթերապիայի համադրությունն է։ Այսինքն` որպեսզի ստեղծագործությունը դրական տարրեր առաջացնի, պետք է կարողանալ արվեստն ու առողջ գրականությունը տարբերել։ Գրքաթերապիան պետք է վարի հոգեբանը այցելուի հետ։ Օրինակ ես ներկայացնում եմ գրքերի, ֆիլմերի ցանկ, որոնք մոտ են այցելուի հոգեբանական բնութագրին»,- նշեց Սեդա Վարդանյանը։
Ինչպիսի՞ գրականություն պետք է ներառել գրքաթերապիայի ընթացքում:
«Բիբլիոթերապիան կարող է ներառել ցանկացած գրականություն՝ սկսած աֆորիզմներից, առակներից մինչև բարդ գրքեր։ Կամ օրինակ ուսուցիչը կարող է գրականության ցանկ հանձնարարել, բայց շատ կարևոր է մեկնաբանությունը, թե որքանով են ստեղծագործությունները առողջ հոգեբանական հույզեր առաջացնում, անառողջ, նեվրոտիզացված երևույթները կանխելու համար։ Շատ կարևոր է ճիշտ գրքեր ընտրելը և այդ պարագայում առողջ մոդելի պատումները կարող են ցույց տալ, որ այլ կերպ էլ է հնարավոր։ Հենց գրքաթերապիան է ուղղված մեր հոգեբանական վիճակի օպտիմալացմանը, նորմալացմանը։ Հետևաբար կարևոր է հասկանալ ինչի հետ է գիրքը խոսում և ինչպիսի մոդել է տալիս ընթերցողին։ Ինչպես Պիտեր Ռաաբն է ասում, տեքստի ընթերցումը, որը համապատասխանում է իմ ներքին վիճակին, ստեղծում է պայմաններ գիտակցության ուժեղացված աշխատանքի համար և ունակ է խթան դառնալ անձնային հասունացման և խորքային գոյաբանական մակարդակում։ Գրքաթերապիան զարգացնում է նաև քննադատական մտածողությունը։ Գրքաթերապիան պետք է բերի նրան, որ ընթերցողը հասկանա, որ իր նման էլ մարդիկ կան, բացի այդ գիրքը պետք է լուծում տա»,- պատասպանեց Սեդա Վարդանյանը։
Հոգեբանի խոսքով՝ մինչև բարդ գոյաբանական խնդիրների հասնելը կարող ենք սկսել անգամ առակներից, որտեղ կյանքի բազմաթիվ բանաձևեր են թաքնված պարզ օրինակների ձևով։ Գիրքը պետք է լինի պարզ, նյութը հասկանալի, առավել նման կյանքում առկա խնդիրներին։ Եթե ունենք որևէ խնդիր, ապա դրան մոտ գրականություն ենք առաջարկում, օրինակ դեպրեսիայի դեպքում՝ պետք է կարդալ ստեղծագործություն, որը մարտավարություն է տալիս, որ մարդը հասկանա, ինչն իրեն չի հերիքում, իսկ հերոսին օգնում է։
Իսկ որո՞նք են գրքաթերապիայի մեթոդները:
«Առաջին մեթոդը նույնացման մեթոդն է, օրինակ եթե տագնապի խնդիր ունենք, ընտրում ենք գիրք, որտեղ նկարագրված է տագնապը, կարդում ենք և նկատում, որ նման ենք ինչ-որ գծերով, բայց նաև հերոսը գծեր ունի, որ կուզենք ունենալ, մենք նաև վերցնում ենք նոր մոդելներ։ Այնուհետև ռեֆլեքսիան և ապրումակցումն են գալիս։ Պետք է ստեղծագործությունը կարդալուց հետո հասկանալ, թե ինչպիսի մտքեր և էմոցիաներ են մեզ մոտ առաջացել, ինչ նոր վերաիմաստավորումների հանգեցինք։ Այստեղ նաև շատ կարևոր է հեղինակը, եթե նա վերաձևակերպումներ է անում, այդ դեպքում ավելի հեշտ կլինի։ Ինտերակցիայի մեթոդ. սա կապն է ընթերցողի և հեղինակի միջև, այն կարող է ներկայացվել հարցերի տեսքով։ Երբեմն հետաքրքիր ստեղծագործությունը կարդալուց հետո էմոցիաների բուռն պոռթկում է տեղի ունենում, այսինքն` կատարսիս։ Հոգեբանության մեջ կատարսիսի մասին խոսել է դեռևս Զ. Ֆրոյդը, որը բնութագրում է մի պրոցես, երբ հեղինակի ձևակերպումները և ձեր հոգեբանական ապրումները հանդիպում են իրար, դա նաև շատ անհատական է»,- պատասխանեց հոգեբանը։
Գրքաթերապիայում ամենատարածված ժանրերը.
1) Հատուկ գրականություն
2) Փիլիսոփայական գրականություն՝ կյանքի, մահվան, տիեզերքի, մահվան մասին հիմնահարցեր
3) Կենսագրական գրականություն
4) Սատիրիկ գրականություն
5) Գիտաֆանտաստիկ գրականություն
6) Դետեկտիվ գրականություն
Ինչպիսի՞ գրքեր խորհուրդ տալ.
Վ. Ֆրանկլ «Կյանքին ասել այո»
Ս. Ստալ «Քո մեջ գտնվող երեխան պետք է տուն գտնի»
Դ. Կովպակ «Իմաստության դասեր»
Հոգեբանը նաև գրքի հեղինակ է։ Առաջին անգամ Հայաստանում ներկայացվեց մի աշխատանք, որը գրականության, հոգեբանության, փիլիսոփայության, մահվան, վշտի, կյանքի իմաստի մասին 6 պատմությունների ամբողջություն է։ 44-օրյա պատերազմից հետո անձնական վիշտ ապրելով` հեղինակը յուրօրինակ գրքաթերապիայի միջոց է առաջարկում։ Գրքում ներառված են գրքաթերապիայի բոլոր մեթոդները, ընթերցողները կփաստեն, որ այն սեանսի է նման, որտեղ գտնում ես քեզ, հաականում ես, որ քեզ նման բազմաթիվ պատմություններ կան, և յուրաքանչյուրն իր մեթոդն է առաջարկում՝ ինչպես հաղթահարել տագնապն ու վիշտը։ Այդտեղ միախառնվում են տարբեր էմոցիաները, վերլուծությունները, համոզումները, մոտիվացիոն ազդեցությունները, իսկ այդ ճանապարհին ամենակարևորը ինքնաճանաչումն է։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 1321