«Դեպի վեր». Ոչ միայն գրքի, այլ մեր իրականության մեջ ժանրի նորամուտ

«Հաճախ ասում են, որ գիտաֆանտաստիկան և ֆենթզին «փախուստի» ոճի գրականություն են։ Հնարավոր է, որ դա իրոք այդպես է, սակայն, իմ կարծիքով, ամենահաջող աշխատանքներն այս ոճում հենց այնպիսիններն են, որոնք փախուստի միջոցով վերադարձնում են տուն։ Նմանօրինակ աշխատությունները լուսավորում են մարդկության ճամփան։ Մենք ճանապարհորդում ենք պատմվածքներից ներսուդուրս և արդյունքում ավելի լավ ենք հասկանում մեզ ու մեր կյանքը».  հատված՝ աշխարհահռչակ ֆանտաստ գրող Գայ Գևրիել Քեյի ուղերձից՝ «ԱրմԿոն»  մրցույթին։

Հունվարի 17-ին ընթերցասեր հանրությանը ներկայացվեց «Դեպի վեր» գիրքը՝ պատմվածքների յուրահատուկ ժողովածու, որտեղ տեղ են գտել հայ ֆանտաստ գրողների՝ «Դեպի վեր» խորագրով անցկացված «ԱրմԿոն» գրական մրցույթին ներկայացված լավագույն ստեղծագործությունները:

Depi ver shnorhandes 2

«Սա ոչ միայն գրքի նորամուտ է, այլ մեր իրականության մեջ ժանրի նորամուտ է»,- գրքի շնորհանդեսին ասաց «Բուկինիստ» գրախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Հեռավոր ապագայից մինչև առասպելական անցյալ, պոստապոկալիպտիկ Սևանից մինչև բակեմոնոներով ճապոնական անտառներ. այս ստեղծագործությունները կոգեշնչեն ընթերցողներին մտածել այլ աշխարհների, այլընտրանքային անցյալի և հրաշալիքներով ու մարտահրավերներով լի ապագայի մասին:

Գրքի շնորհանդեսին «ԱրմԿոն» մրցույթի կազմակերպիչ, ժյուրիի անդամ Ֆրունզ Հարությունյանը պատմեց, որ առաջին մրցույթը կազմակերպվել է 2008-2009 թվականին, երկրորդը՝ 2012-2013 թվականներին, երրորդը՝ 2021 թվականին։ Իսկ թե ինչով են պայմանավորված այդքան դադարները, նա բացատրեց. «Պետք է լինի մի մեսիջ, որ ցանկանանք կազմակերպել մրցույթ, քանի որ չենք պատրաստվում ինքնանպատակ ամեն տարի անել մրցույթ։ Պետք է լինի կուտակված լիցք, առիթ, մուսա։ 

Ինձ դիմեց մեր նախկին մրցույթների մասնակից Արսեն Թավադյանը, առաջարկեց անցկացնել նոր մրցույթ՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը... Վերջիվերջո, նման մրցույթները երևակայության տոն են, թույլ են տալիս ամպերից վեր բարձրանալ»։

Depi ver shnorhandes 3

Գործերը, որոնք տեղ են գտել գրքում, նրա ներկայացմամբ, շատ հետաքրքիր են, զանազան, ամեն մեկը կարող է գտնել հետաքրքիր ժանր. կան ճապոնական ֆոլկլոր,  պոստապոկալիպտիկ Սևան, հեքիաթներ, գիտաֆանտաստիկա, ֆենթզի։

«Կարծում ենք, որ ժողովածուն հնարավորություն կտա բացահայտելու ֆենթզի և գիտական ֆանտաստիկա ժանրերի ներուժը Հայաստանում։ Հուսով ենք նաև, որ դրա միջոցով կտեսնենք այն լուսավոր ճանապարհը, որը մեզ «տուն բերելով»՝ կտանի «դեպի վեր»»,- նշեց Ֆրունզ Հարությունյանը։

Ըստ նրա, այս ժանրում դեռ շատ ճանապարհ կա անցնելու։

««ԱրմԿոն 2021» գրական մրցույթի ժամանակ 70-ից ավելի գործ էինք ստացել, բայց որոշներն ընդհանրապես ընթեռնելի չէին, որոշները՝ վատն էին, որոշները մոտենում էին ժողովածուում հայտնվելու շեմին։ Ուզում էինք 10 հեղինակ ընտրել այս ժողովածուի համար, 9 ընտրեցինք։ Շատ բարդ էր ընտրությունը»,- ասաց Ֆ.Հարությունյանը։

Գրքում ներառված են Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Արսեն Թավադյանի, Լիլիթ Մանարյանի, Լևոն Մկրտչյանի, Արման Գասպարյանի, Լիանա Խաչատրյանի, Նելլի Ղալեչյանի, Հայկ Հովյանի, Լուսինե Շահնազարյանի գործերը։

Depi ver shnorhandes 4

«Դեպի վեր» գրքի հեղինակներից Արսեն Թավադյանի խոսքով` այս իրականության մեջ նման մրցույթ կազմակերպելը կարող է թվալ իրականությունից փախուստի դրսևորում, բայց հակառակը՝ իրենց  ամբողջ միտքն այն է եղել, որ այն պետք է ունենա «Դեպի վեր» խորագիրը. «Այսինքն, նպատակ  չպետք է ունենալ փախչել իրականությունից, այլ իրականությունը վերլուծելով՝ փորձել գտնել ավել ճիշտ մտքեր, ճիշտ ուղիներ` ճիշտ նպատակներին հասնելու համար»։

Նա նշեց, որ իրականում ֆենթզին և ֆանտաստիկան անպայման չէ ոչ իրական լինեն, այսինքն` այն մարդկային հարաբերությունների մասին է. երկու մարդ կարող են տիեզերագնացներ լինեն, բայց կարևորը մարդկային հարաբերություններ են, որոնք քարե դարից մինչև հիմա երևի չեն փոխվել։

«Ժողովածուի գրեթե բոլոր աշխատանքներում կարմիր թելով անցնում է ինչ-որ մի բան, որը մեզ կապում է մեր հայրենիքի հետ։ Այս տեսակետից և առաջ ուղղվող ժողովածու է, և նաև դուրս չէ այն իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք»,- ասաց Ա. Թավադյանը։

«Բուկինիստ» գրախանութների տնօրեն  Խաչիկ Վարդանյանը համոզված չի եղել, որ, չնայած բոլոր նախադրյալներին, մեծ պահանջարկ կունենա նման գրականությունը։

«Ինչո՞ւ։ Որովհետև խորհրդային շրջանից կան գրականության ժանրեր, որոնք հայերենում գոյություն չունեն։ Ֆենթզի ժանրը չկար մեր իրականության մեջ, անտեսված է եղել։ Այդ առումով այս տղաները, իրոք, հերոսներ են, հերոսություն է, որ մարդկանց հիշեցրին` կա նման ժանր, ու կան գրողներ, որոնք պահանջարկ ունեն, հետաքրքիր գրում են»։

Գիրքը տպվել է 300 օրինակով։

«Տպաքանակը կավելացնենք։ Պահանջարկն անսպասելիորեն մեծ է, գիրքը հենց սկզբից սկսեց հետաքրքրել մարդկանց»,- ասաց Խաչիկ Վարդանյանը։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 1625

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: