Իմ երազանքը խաղաղ երկինքն է․ Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձը կնշվի լայնամասշտաբ համերգով

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգին հունվարի 27-ին հայ հանդիսատեսը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում կնշի կոմպոզիտորի ծննդյան տարեդարձը։

Ինչպես մաեստրոն է նշում,  այս համերգը հերթական, շարքային համերգների թվին չի կարելի դասել։ Իր համար այն չափազանց հուզիչ է լինելու, քանի որ անցկացվելու է իր ծննդյան օրը։

Համերգասրահում այդ օրը կհնչեն կոմպոզիտորի երկու նոր գործերը․  «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է, իսկ  «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։ Մաեստրոյի խոսքով՝  «Օրհներգ-Նավապետ Բարի»  ստեղծագործության հիմքում մաշտոցյան օրհներգերն են:

«Ես այն գրել եմ Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով: Եվ  հիմա պետք է հունվարի 27-ին երկրորդ անգամ հնչի մեր դահլիճում՝ իմ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Բացի այդ, կլինի նաև առաջին կատարումը հայրենների շարքի։ Սա իմ տարիների երազանքն է եղել։ Մենք լավ աշխատել ենք տարիների ընթացքում Մլքեյանի հետ, և սա ինձ համար եղավ լավ հիմք՝ շարունակելու այս աշխատանքը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Մանսուրյանը։

«Օրհներգ-Նավապետ Բարի»  ստեղծագործությունը հնչել է նախորդ տարի  կենսաբան Գրեգոր Յոհան Մենդելի 200-ամյակին նվիրված համերգների շրջանակում: Մենդելը նաև հոգևորական է եղել, և Մաեստրոյի ստեղծագործությունը հնչել է հենց այն եկեղեցում, որտեղ ծառայել է Մենդելը:  Անդրադառնալով «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությանը՝ նա խոստովանեց, որ տարիներ շարունակ երազել է հայրեններ գրել: Մանսուրյանը երիտասարդ է եղել, երբ գրել է իր առաջին չորս հայրենները, որոնք կատարել են սիրված երգչուհի Գոհար Գասպարյանն ու այլ հայտնի արտիստներ:

Կոմպոզիտորի խոսքով՝  հայոց լեզվի, հայ բանաստեղծական արվեստի ու հայ երաժշտության կապը խթանելու պահանջը զգացել է դեռևս ուսանողական տարիներից։ Հայրենների շարքը գրել է 1967 թվականին, հետո անդրադարձել է Համո Սահյանին, Իսահակյանին, Թումանյանին, Զարյանին՝ խմբերգերի ու մեներգերի միջոցով մեծանուն գրողների գործերը բերելով  երաժշտարվեստ․ «Ես հայ գրականության երաժիշտ եմ ինձ համարում, ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում։ Կան առաջնային խնդիրներ մեր իրականությունում, որոնց քիչ թե շատ լուծում տալուց հետո կարող ես քեզ երգելու իրավունք տալ, բաներ կան, որոնք պետք է արվեն մինչև երգելը: Մտածում եմ, որ այդ իրավունքը ձեռք բերելու պայմաններ է պետք ստեղծել: Իմ երազանքն  այդ իրավունքը ձեռք բերելն է»,- եզրափակեց Մանսուրյանը:

Կոմպոզիտորի համար կարևոր է անցյալի հետ ունեցած կապը, որը նրա խոսքով կարևոր է ամուր պահել։ Ասում է՝ մենք երգել ենք, երգեր ունենք և դեռ երգում ենք։ Հիմա իր միակ երազանքը խաղաղ երկինքն է, որպեսզի ներքին կյանքը հնարավոր լինի ներդաշնակ կազմակերպել։

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ խոստովանեց՝ հունվարի 27-ին կայանալիք համերգին պատախանատվության զգացումն ավելի մեծ է, քանի որ այդ ութ հրաշալի հայրենները, որոնք գրել է Մանսուրյանը, նվիրել է իրեն: «Դրանք հայ ժողովրդական բանահյուսության մեջ ամենամեծ կտավներից ութն են: Մանսուրյանի պես կոմպոզիտորի երաժշտության դեպքում «դժվարություն» ասելը սխալ է, քանի որ  նման կոմպոզիտորների գրվածքը չի կարող դյուրին լինել»,- նշեց նա ու հավելեց՝ պետք է հմուտ լինել Մանսուրյանի գործերը կատարելու համար, իսկ ինքը երկար տարիների ստեղծագործական ճանապարհ է անցել մաեստրոյի հետ, ինչի արդյունքում իրար հեշտ են հասկանում, սիրով են համագործակցում:

Տիգրան Մանսուրյանի տարեդարձին նվիրված համերգն անցկացվելու է  Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։ Համերգի իրականացմանն աջակցել են «Կողբ» հիմնադրամն ու FastBank ՓԲԸ-ն:

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի խոսքով՝ ցանկացել են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել խոսքին, երաժշտությանը, պոեզիային ու այդ ամենի միաձուլմանը, իսկ FastBank ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ իրենք մշտապես աջակցել են մշակութային միջոցառումների կազմակերպմանը, ինչը դարձել է իրենց ռազմավարության մի մասը:

Երեկոյին հանդես են գալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատարը բարիտոն Տիգրան Քախվեջյանն է, ասմունքով հանդես կգա Բաբկեն Չոբանյանը, համերգը կղեկավարի մաեստրո Ռոբերտ Մլքեյանը:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 584

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: