• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Ձգողականություն» բալետի պրեմիերան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

«Ձգողականություն» բալետի պրեմիերան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Այնտեղ, որտեղ «հազարամյակ մը մեզմե առաջ» հանդիպում էին բանականությունն ու հույզերը, առաջացել է ձգողականության ոգին, որը յուրօրինակ ուղերձ է բնությանը, ավելի շուտ վերադարձ դեպի բնությունը։ Բանականության և հույզերի միջև պայքարը բազմաթիվ ստեղծագործությունների հիմք է դարձել, իսկ երբեմն դրանցից շատերը ներկայացվում են կրոնի և հավատքի լույսի ներքո։ Իսկ երբ գրական ստեղծագործությունը ստանում է երաժշտական ու պարային ուղեկցություն, այդտեղ ծնվում է ձգողականությունը։ Հայ գրականության մեջ խորաթափանց և մելամաղձոտ, հոգևոր և բանական քողով պատված՝ Լևոն Շանթի «Հին Աստվածներ» պիեսի հիման վրա ստեղծվել է «Ձգողականություն» բալետը։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում է համաշխարհային պրեմիերա։ Այսուհետ երևանյան հանդիասատեսի համար հնարավորություն է ատեղծվել հետևել նշանավոր ստեղծագործության նորովի մեկնությանը՝ բալետի լեզվով։ Երաժշտության հեղինակը ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է։

Dzgoghakanutyun balet 3

Շարաֆյանի ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ նվագախմբերի, մենակատարների, անսամբլների կողմից։ Հետաքրքիր է, որ երաժշտական ստեղծագործությունը կոմպոզիտորի համար յուրահատուկ վերհուշի է նման, քանզի Շարաֆյանը 1992-1996 թթ. դասավանդել է Երուսաղեմի Հայոց Ժառանգավորաց ճեմարանում, որտեղ նաև հեղինակել է սուրբ Թափորագրքի երգեցողությունների մասը Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարի արարողությունների համար։ 
«Ինչ-որ տեղ ինքնակենսագրական, բայց մի քիչ այլ ավարտով: Եվ շատ ծանոթ եմ, և շատ սիրում եմ այս մարդկանց հոգևորական, որովհետև իմ աշակերտներն են և այսօր մեծ հոգևորականներ են, շատ մեծ գործ են անում աշխարհով մեկ: Ընկերներս են, ես աշակերտ երբեք չեմ համարել: Ես հույս ունեմ, որ սա կլինի միշտ օպերային թատրոնի խաղացանկում, որովհետև ինքը շատ նոր լեզու է նաև մեր թատրոնի համար, բավական խիզախ լեզու է, շատ թարմ»,- ասում է կոմպոզիտորը։

Dzgoghakanutyun balet 1

Կոմպոզիտորը բազմիցս համագործակցել է Երիտասարդական, Համահայկական, Ազգային Կամերային նվագախմբերի, Հովեր պետական կամերային երգչախմբի հետ։
Ստեղծագործության լիբրետոյի և բեմականացման հեղինակը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է, որի համար ամենամեծ հաճույքն ազատությունն է։ Դրա վառ դրսևորումն է նաև ստեղծագործությունը, իսկ երիտասարդ մենապարողներն էլ մեծ հաճույքով են տրվել այդ ամենին, և իրենք էլ են նոր առաջարկներով հանդես եկել։

«Գուցե, դա շատ-շատ խորն է, շերտերը շատ-շատ են, անկեղծ ասած, և հավատացեք՝ գրաֆիկ եմ գծել շատ մանրամասն, մաթեմատիկական աշխատանք է գնացել սա ստեղծելիս` ոչ թե գրելու, այլ հենց պիեսի կառուցվածքը ճիշտ պահելու և մատուցում անելու: Չգիտեմ՝ որքանով է այդ ամենը փոխանցվելու, բայց այն, որ իսկապես երբ հզոր է դրամատուրգիան, այդպես էլ պիտի ճիշտ պիեսը լինի: Իրականում ես եկել եմ, շատ բան եմ սովորել», - ասում է Նարինե Գրիգորյանը:

Dzgoghakanutyun balet 2

Թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրյանն ինչպես միշտ բաց է նոր մտքերի և մարտահրավերների առջև։ Ասում է՝ արվեստագետի ամենակարևոր հատկությունն է ամբողջ կյանքում սովորել և բաց լինել ընդունելու գեղեցիկ նորություններ: Հենց այս բեմադրության համար, փաստորեն, ամեն բեմադրիչ իր պայմաններն է դնում, իր հարցերն է առաջ բերում, և ամեն մի բեմադրություն երաժշտության նոր մեկնաբանություններ է պահանջում, երբեմն ավելացումներ, պակասեցումներ:

Մարդկային էության դեմ մաքառումը մենապարողները ներկայացնում են նաև ժամանակակից տեխնիկական ժեստերի լեզվով։ Յուրաքանչյուրն իր մեջ գտնում է հերոսին և իր մեջ ապրող բնության զավակին։

Dzgoghakanutyun balet 4

«Աբեղան ձգտում է բնությանը, զգացմունքներին, և ես ևս այս դերում ձգտում եմ հասնել բնականին։ Ներկայացումը կոչվում է  «Ձգողականություն» և խոսում այն մասին, որ և՛ կինը, և՛ յուրաքանչյուր երևույթ կարող են ձգել։ Ներկայացման մեջ կիրառվել են ժամանակակից բալետի մի շարք տարրեր, որոնք ավելացնում են պարային տեխնիկան և մարմնի պլաստիկան, որի շնորհիվ ներկայացումը հնարավոր է մատուցել յուրովի։ Հայաստանում այն, ցավոք, դեռ լայն տարածում չունի, բայց մենք փորձում ենք զարգացնողներից մեկը լինել։ Ներկայացման մեջ ներառված են նաև օպերային թատրոնի բոլոր հնարավորությունները»,- ասում է առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը։

«Ձգողականություն» բալետային ներկայացման բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո - Հովհաննիսյանը։ Բեմադրությունն ամբողջովին իրականացվել է Համազգային կրթամշակութային միության աջակցությամբ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 776

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: