«Դեպի արև, դեպի լույս, դեպի անհուն տիեզերք». բացվեց Եղիշե Չարենցի հիշատակի հուշատախտակը

Մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները դեռ մեկնարկել են մարտ ամսից։ Այս ամիսներին Երևանում, մարզերում կայացել են բազմաթիվ միջոցառումներ՝  ցուցահանդեսներ, գիտաժողովներ, ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ։ Նոյեմբերի 27-ին լրացել է Չարենցի մահվան 85-րդ տարելիցը։

«Չարենց՝ ծննդյան 125-ամյակ, մահվան 85-ամյակ։ Այս թվերը շատ խորհրդանշական են։ Այդ առումով նոյեմբերը հայտարարել էինք հիշատակի ամիս։ Այս ամսվա ընթացքում թանգարանը տարբեր նախաձեռնություններով հանդես եկավ, որոնք եզրափակում ենք այսօր շատ կարևոր միջոցառումներով։ Առաջինը Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին՝ Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ, Չարենցի հիշատակի հուշատախտակի բացումն է»,- հայտարարեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Charenc hushatakhtak bacum 1

Մաշտոցի 17 հասցեում գտնվող բնակարանում մեծանուն բանաստեղծն ապրել է ընդամենը երկու տարի։

Չարենցը Երևան է եկել 1919 թվականին։ Ապրել է տարբեր  տեղերում, երբեմն ուղղակի մի անկյուն է զբաղեցրել։  7 տարի ապրել է  «Երևան» հյուրանոցում։ Ժ. Մանուկյանը պատմեց. «Մի օր, այս կողմերով անցնելով, տեսնում է այս շենքը կառուցելիս և իրեն բնորոշ անմիջականությամբ ասում՝ մի բնակարան պետք է խնդրեմ հենց այս կարմիր տանը։ Շենքը կարմիր տուֆից էր կառուցվում։ Խնդրեց և այն ժամանակ Հայաստանի  կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի կարգադրությամբ այս շենքի երրորդ հարկի երեք սենյականոց թիվ 12 բնակարանը տրվեց Չարենցին։

Charenc hushatakhtak bacum 2

1937 թվականի հուլիսի 26-ին հենց այս շենքի մուտքից պետանվտանգության աշխատակիցները մտան, ձերբակալեցին Չարենցին ու տարան բանտ։

Իսկ 1975 թվականին մեմորիալ բնակարանը կամ արդեն թանգարանը պատրաստ է եղել այցելուներ ընդունելուն»։

Շենքի վրա փակցված է եղել հուշատախտակ, որը  2016 թվականին հանվել էր, քանի որ դրա վրա Չարենցի ապրած տարեթվերը սխալ էին գրված։ Ժաննա Մանուկյանն ասաց, որ այս տարին այն ճիշտ ժամանակն է, որպեսզի արդեն հստակեցված թվականներով հուշատախտակ  տեղադրվեր  այն շենքի վրա, որտեղ ապրել է Եղիշե Չարենցը։

Charenc hushatakhtak bacum 7

Հուշատախտակի բացմանը ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ հոբելյանական տարին հագեցած էր Չարենցին նվիրված միջոցառումներով, որոնք կշարունակվեն մինչև 2023 թվականի մարտ. «Դեռ առիթներ կունենանք տալու Չարենցի անունն ու վերաիմաստավորելու այն  մեծ ժառանգությունը, որ հասել է մեզ Չարենցից»։

Հուշատախտակի հեղինակն է Արմենակ Վարդանյանը։ Ժաննա Մանուկյանի ներկայացմամբ՝  հեղինակի մտահղացման հիմքում ընկած է Չարենցի՝  դեպի արև, դեպի լույս, դեպի անհուն տիեզերք ձգտելու գաղափարը։ Հուշատախտակի վերնամասում հարթաքանդակային լուծում է  տրված քարի մակերեսից դուրս եկող արևի ճառագայթներին՝ խորհրդանշելով Չարենցի մեծությունը, որը չտեղավորվելով իր ժամանակի ու միջավայրի հեղձուկ սահմաններում՝ չհասցրեց իրագործել իր բոլոր մտահղացումները։ Մեջտեղում գունդ է, որը խորհրդանշում է արևը՝ Չարենցի հոգու լույսը։ Նա հեռացավ, բայց ստեղծեց անեզր տիեզերական հայրենիք, իսկ իր ժառանգությունը ճառագեց որպես լույս՝ հարստացնելով հայ և համաշխարհային գրականությունը։

Charenc hushatakhtak bacum 8

Բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, պատմեց, որ շատ ուրախ ու հպարտ է եղել Եղիշե Չարենցը, երբ ստացել է այս բնակարանը։

«Մայրս մեկ ամսական է եղել, մորաքույրս՝ երեք տարեկան, երբ տեղափոխվել են այստեղ։ Ցավոք սրտի, Չարենցն այստեղ կարողացել է ապրել երկու տարի՝ 1935-37 թվականներին և այստեղից էլ բանտարկվել է։ Որբացան երկու երեխաները»,- ասաց նա։

Charenc hushatakhtak bacum 4

Գոհար Չարենցը հուշաքարի հիմքում դրված գաղափարը հետևյալ տողերով երկայացրեց, որի հեղինակը հենց Չարենցն է.

«Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛»։

Չարենցի հուշատախտակը բացվեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերի ներքո։ Այն արտասանում էին բոլոր ներկաները, ինչպես նաև հնչում էր ձայնագրություն՝ Խորեն Աբրահամյանի կատարմամբ։

Charenc hushatakhtak bacum 3

Բացի հուշատախտակի բացումից, այսօր ևս երկու միջոցառում տեղի ունեցավ՝ նվիրված Չարենցին։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, որի համաձայն կպատրաստվի գրողի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությունը («Երկերի ժողովածու 13 հատորով»):

Charenc hushatakhtak bacum 9

«Որպես ակադեմիական հատորների խմբագրական խորհրդի անդամ, ինչպես նաև առաջին հատորի կազմող` պետք է նշեմ, որ 13 հատորները միտված են ամփոփելու Չարենցի ամբողջ գրական ժառանգությունը, որը հասել է մեզ և էապես տարբերվելու են նախորդ հրատարակություններից բովանդակությամբ, ծանոթագրությունների ու տեքստերի որակով: Մենք վստահ ենք՝ մարդիկ, որոնց մոտ կան չարենցյան մասունքներ, ձեռագրեր, կոգևորվեն այս նախաձեռնությունից և դրանք կտրամադրեն թանգարանին»,- ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Այս տարի լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր՝ Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով այսօր կայացավ «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսը և «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 249

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: