Հայաստանի նկարիչների միության 90-ամյա հոբելյանը նշանավորվեց «Աշնանային սալոն» ցուցահանդեսի բացմամբ

Այս տարի Հայաստանի նկարիչների միությունը տոնեց իր ստեղծման հոբելյանական 90-րդ տարեդարձը։ Հոբելյանական օրն էլ ավել նշանավորվեց դեկտեմբերի 8-15-ը կայացած «Աշնանային սալոն» ցուցահանդեսով։ Ի դեպ օրը ևս պատահական ընտրված չէր. 2007 թվականին «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից դեկտեմբերի 8-ը սահմանվել է որպես նկարչի միջազգային օր։ Եվ այս անգամ Հայաստանի ամենատարբեր գեղարվեստական մոտեցումներ կիսող նկարիչներին էին հավաքվել յուրօրինակ ցուցահանդեսում։ Ցուցադրվող աշխատանքների հեղինակներից շատերն արդեն ծանոթ են այցելուներին իրենց ձեռագրով ու ոճով, ինչը նաև արժևորվեց Միության և գործընկեր թանգարանների և արվեստանոցների կողմից։ Նկարիչները նաև պարգևատրվեցին անմնացորդ աշխատանքի համար։

Ashnanayin salon 1

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մեծ ոգևորությամբ է շնորհավորում արվեստագետներին և երախտագիտությամբ պատմում հոբելյանական օրվա մասին։
«Մեր ավանդական աշնանային սալոնը նվիրված է Հայաստանի նկարիչների միության հիմնադրման 90-ամյակին։ Երեք հարկերում զետեղված են աշխատանքները, մոտ 300 մասնակից, հրավառություն է նկարների, քանդակների, տարբեր-տարբեր աշխատանքների։ Գրաֆիկական աշխատանքներ ունենք ցուցադրվող, դեկորատիվ-կիրառական արվեստ ունենք։ Տարբեր սերունդների նկարիչներ, որոնք մեր միության անդամներն են. մասնակցում են միայն Նկարիչների միության անդամները։

Ashnanayin salon 3

Միության ցուցասրահներում բացված այս ցուցահանդեսն, իրոք, անչափ ուշագրավ է և արտացոլում է հայ ժամանակակից կերպարվեստն ու քանդակը՝ իր ամենատարբեր դրսևորումներով և ոճավորմամբ, նաև լավատեսությամբ։ Կողք կողքի զետեղված տարբեր սերունդների արվեստագետների աշխատանքները մի յուրօրինակ տրամադրություն են ստեղծում՝ միախառնվելով և ներկայացնելով շատ հետաքրքիր ուղղությունների մի ողջ ներկապնակ՝ տարբեր, խիստ ինքնատիպ լուծումներով և համադրություններով»,- ասում է Միության նախագահը։

Ashnanayin salon 4

Սաֆարյանի խոսքով՝ տարբեր սերունդների միության անդամների ժամանակակից նկարները մեկ անգամ ևս ապացուցում են, որ ունենք հայ մշակույթ։
«Ես կարող եմ ասել, որ ունենք հրաշալի երիտասարդ սերունդ, որոնք աշխատում են, ստեղծագործում են, ցուցադրվում են, շատ ակտիվ են։ Նաև այս ցուցահանդեսին ունենք երիտասարդներ, որոնք իրենց աշխատանքներով ցուցադրվում են։ Ունենք մի հզոր կերպարվեստի դարաշրջան, որը տարբեր տարիներին իր հետքը թողել է Հայաստանի Հանրապետությունում, նաև աշխարհում։ Մենք պետք է արվեստասեր հանրությանը ապրեցնենք մեր ստեղծագործություններով։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր միության 90-ամյակի կապակցությամբ։ Շատ կարևոր դերակատարում ունի Հայաստանի նկարիչների միությունը մեր մշակութային դաշտում, մեր կերպարվեստի ներկայացուցիչներին մաղթեմ ամենալավն ու բարին, թող ստեղծագործեն, թող խոչընդոտները լինեն շատ քիչ, հնարավորինս ճանապարհը, որը պետք է անցնի նկարիչը, թող հեշտ լինի»։

Ashnanayin salon 5

Աշնանային սալոնին Միությանը միացել են նաև տարբեր թանգարաններ՝ Սարյանի տուն-թանգարանը, Փարաջանովի թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Կալենցի թանգարանը, Քոչարի թանգարանը։
Ցուցահանդեսին մասնակցում են միության մարզային մասնաճյուղերի անդամները՝ մարզերում ապրող և ստեղծագործող գեղանկարիչներն ու քանդակագործները։ Ցուցահանդեսում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում նաև հայ ժամանակակից քանդակագործների քանդակները, որտեղ արտահայտված միաժամանակ բարդ և պարզ ելևէջները արտահայտում են և՛ հայոց, և՛ համաշխարհային մշակութային մի շարք առանձնահատկությունները։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1063

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: