«Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ․ հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում»

Հայոց պատմության և, ընդհանրապես, քրիստոնեության պատմության մեջ կարևորագույն մի դրվագի՝ առաջին քրիստոնյա միապետերի՝ կայսեր Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծ արքայի երկխոսության դիպվածը դարակազմիկ երևույթ է եղել հայ ժողովրդի պատմական հիշողությունների մշակութային, ծիսական համալիրների առանձնահատկությունների համատեքստում։

Չորրորդ դարի սկզբին տեղի ունեցած խոշոր պատմական իրադարձությունը  հարյուրամյակի ընթացքում տարբեր կերպերով բյուրեղացել է ազգային հիշողության մեջ՝ մինչև գրերի գյուտը և հայ գրականության սկզբնավորումը։ Առաջին քրիստոնյա կայսրը և նրա դարձի պատմությունը մեծ ազդեցություն են ունեցել հայոց պատմության ձևավորման վրա և ծառայել են որպես նախաօրինակ՝ Տրդատ Մեծ թագավորի գրական կերպարը կերտելու և Հայոց դարձի ավանդական հանգամանքները շարադրելու համար։ Հայոց պատմագրության մեջ բազմիցս հայ հեղինակները զուգահեռներ են անցկացրել 2 միապետերի և իրենց տերությունների համաժամանակյա մկրտության միջև, որի տրամաբանական զարգացումը հանգում է Կոստանտին Մեծին Տրդատ Մեծի այցելությունը և երկու տերությունների միջև դաշինքի կնքմանը։ Այս դարակազմիկ իրադարձության պատմական հենքն ամրապնդելու և արժևորելու խորհրդով՝ Մաշտոցյան Մատենադարանի թանգարանում մեծ հանդիսությամբ բացվեց «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ․ հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի գիտական համաղեկավարներն են Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանը և արվեստաբան, միջնադարագետ, ցուցահանդեսի համադրող Գայանե Բաբայանը։

Konstantin METS cucadrutyun 2

Նազենի Ղարիբյանի խոսքով՝ թեման 4-րդ դարից սկսած մինչև 18-րդ դար անընդհատ արծարծվել է և հսկայական տեղ, դեր և նշանակություն է ունեցել հայ քաղաքական մտքի, եկեղեցական հարաբերությունների, ծիսական ավանդույթների, մշակութային առնչությունների մեջ, բայց այսօր այդ մասին քչերը գիտեն։ Նա ընդգծում է, որ այս հանդիպումը խոսում է Հայաստանի կշռի մասին, Հայաստանը դնում միջազգային հարթակի վրա։

«Առաջին անգամ է այս թեմայով ցուցադրություն կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև, առհասարակ, հայագիտական միջազգային շրջանակներում: Հարյուր տարի գիտնականները, հայագետները տարբեր կարծիքներ են հայտնել նյութի պատմականության մասին: Արդյոք այդ հանդիպումը պատմական եղելությո՞ւն է, թե՞ հորինված, սակայն թեման մնացել է գիտական փակ շրջանակում: Մենք փորձեցինք հանրության լայն շրջանակի ուշադրությունը բևեռել այս փոքրիկ, բայց մեծ դրվագի վրա։ Առաջին անգամ Ագաթանգեղոսն է հիշատակել այս հանդիպման մասին, իսկ հետո բոլոր պատմական աղբյուրներն անխտիր հղում են կատարել հայ-հռոմեական դաշինքին և հանդիպմանը, որը զարգանանում է` տարբեր տարրեր ներառելով»,- ասում է Ն. Ղարիբյանը։

Հետաքրքիր է, որ այս հանդիպումը ամրագրվել է պատմության մեջ հայ պատմիչների երկերում, ապա ավանդույթ դարձել 9-11-րդ դարերում, և այս զարգացումն իր գագաթնակետին հասել է Կիլիկյան Հայաստանում՝ 12–13–րդ դարերում։ Մարդիկ ասոցացրել են փրկությունը այս երկու միապետների հետ․ և՛ մարդկության, և՛ Հայաստանի։
Տրդատ Մեծի և Կոստանդին Մեծի հանդիպումը և պետությունների միջև կնքված «սիրո և միաբանության» դաշինքը, դեգերելով պատմության քառուղիներում, բազմիցս հարստացել է զանազան պատումներով, նաև նկարազարդվել և ի վերջո սրբազնացվել:
Իսկ այս անգամ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Konstantin METS cucadrutyun 1

Ցուցահանդեսի արտեֆակտների շարքը ևս խորհրդանշական է։ Արվեստաբան, ցուցադրության համադրող Գայանե Բաբայանի խոսքով՝ ցուցադրության մեջ ներառել են երկու առաջնորդների հանդիպմանը վերաբերող նյութեր՝ Մատենադարանի հավաքածուի 13-18-րդ դարերի ձեռագիր մատյաններ, տպագիր գրքեր, ինչպես նաև Նոր Ջուղայի եկեղեցիներում պահվող և պատմական հանդիպումը պատկերող արվեստի եզակի նմուշների մեծադիր վերատպություններ:
«Փորձել ենք գրավոր աղբյուրներում պահպանված տեղեկությունները համադրել պատկերների հետ, որ հասկանալի լինի, թե պատկերագրորեն թեման ինչ զարգացում է ունեցել: Կարծում եմ՝ դա այցելուներին կօգնի ավելի ընկղմվել ցուցադրության  միջավայրի, տրամադրության ու ժամանակի մեջ»,- պատմում է արվեստաբանը։ Իսկ անտիպ և յուրահատուկ ցուցանմուշներից առանձնացնում է Բաշեղում ընդօրինակված  16-րդ դարի հայտնի ժողովածուն, որն ունի այս թեմայով ստեղծված մեզ հայտնի առաջին մանրանկար պատկերը:

Միջոցառման գիտական ղեկավարներից Վահե Թորոսյանն էլ խոսեց Կիլիկյան թագավորությունում և դրա անկումից հետո դաշինքի կարևորության մասին։ Քանզի այն չմոռացվեց ու նոր դրսևորումներ գտավ ազատագրական պայքարում՝ դառնալով դրա հենքը:

«Բագրատունյաց թագավորության անկումից հետո մեր իշխանական տների մի մասը տեղափոխվեց Կիլիկիա, այնտեղ ստեղծվեց իշխանություն և խաչակրաց արշավանքների բերումով ֆիզիկապես սահմանակցեց կաթոլիկ աշխարհի եվրոպական պետությունների հետ և արդեն 12-րդ դարավերջին, երբ հասունացել էր թագավորություն հռչակելու պահը, կրկին անհրաժեշտություն առաջացավ վեր հանելու 4-րդ դարասկզբին կնքված դաշինքը, քանի որ Կոստանդինին պետք է փոխարինեին եվրոպական գահակալները, Տրդատին՝ Լևոն Մեծագործը: Հարստացնելով այդ դաշինքի մասին գիտելիքը՝ այն դարձրինք արտաքին քաղաքականության դոկտորին»,- ասում է Վահե Թորոսյանը։

Ցուցահանդեսի շրջանակում նաև ներկայացվեց պատկերագիրք, իրականացվում է աշխատաժողով, որի ընթացքում հայաստանյան և օտարերկրյա մասնագետները զեկույցներ են ներկայացնում Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծի հանդիպման ու դաշինքի ավանդույթին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։
Ցուցադրությունն ուղեկցվեց նաև տեսահոլովակով։ Ներկայացվեցին Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի մատենադարաններում, Վատիկանի առաքելական գրադարանում, Վերսալի պալատական այգում, Ամստերդամի թանգարանում և Հռոմի եկեղեցիներում առկա՝ թեմային առնչվող այլ նմուշներ և ստեղծագործությունների թվային պատկերներ։ Ցուցադրությունը կտևի մինչև 2023 թ. մարտի 31-ը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 953

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: