Հայկական արդիություններ. Բարք և քաղաքականություն

Հայ ժողովրդի պատմության մեջ բարքերն իրենց առանձնահատկություններով ավանդաբար եղել են փոխակերպումների շղթայում, իսկ արդիականացման բազմաթիվ մոդելներն ու քաղաքականությունները բազմիցս որդեգրել ու ընդունել են եվրոպական քաղաքակրթական մի շարք հարացույցներ։ Դրա հիման վրա նաև կիրառվել է մշակութային այն մոդելը, որով ապրել է հայ ժողովրդի մեծամասնությունն առօրյա կյանքում։ Սակայն դա չի բացառել նաև մշակույթի արդիականացման նորովի ըմբռնումները։
Հովհաննիսյան ինստիտուտի  «Հայկական արդիություններ. բարք և քաղաքականություն» միջազգային գիտաժողովն ամփոփում է «Մշակույթ և արդիականացում» ծրագրի «Բարք և քաղաքականություն» երկամյա հետազոտական մոդուլը։ Նախագիծն ուշադրության կենտրոնում է պահում ընդունված վարք ու բարքերի և արդիականացման ծրագրային գործընթացների փոխակերպվող կապերը՝ հակասություններն ու սերտաճումները։

Հետազոտողները անդրադառնում են եկեղեցուն և ժողովովրդին արդիացման հեռանկարում, գրականության առօրյայի և քաղաքականության միջև փոխակերպումներին, ֆրանսիական լուսավորության և հայ արդիական մտքի առանձնահատկություններին, Խորհրդային արդիականացման դրսևորումներին՝ կենցաղում, արվեստում, քաղաքականության մեջ։ Քննարկվող հիմնահարցերը բազմազան են, որոնք միաժամանակ կապում են ամենատարբեր ոլորտներ։ Ահա օրինակ ինչպիսի՞ նախագիծ էր առաջադրում հեղափոխությունը հայաստանյան մշակույթի ու կենցաղի ասպարեզում կամ, այլ ձևակերպմամբ, մշակույթի ու կենցաղի ինչպիսի՞ դրությունը պետք է հեղափոխվեր հայ կոմունիստ գործիչների քաղաքականությամբ: Այս մինչոլորտային հիմնահարցն է քննարկում արվեստաբան Իրինա Շահնազարյանը՝ բացահայտելով հենց հեղափոխության ներքին հիմնարար լարումը քաղաքականության և մշակույթի միջև:

Haykakan ardiutyunne hetazotutyun2

«Հայաստանյան իրականության մեջ տեղ գտած 1920-ականների սկզբի տնտեսական, քաղաքական ու մշակութային մի շարք դեմքեր ու իրադարձություններ փոխակերպումների մեջ են հայտնվել, որոնք նաև բարքի և քաղաքականության միջև ներքին հակասություններով ընթացող և լուսավորական քաղաքականությունը կազմավորող, հարաճուն գործընթացներ են», - ասում է արվեստաբանը։

Իսկ արվեստաբան Լուսին Շաբոյանի ուսումնասիրության ծիրում են լուսավորության «նահատակները»՝ 1920-ականների Խորհրդային Հայաստանում։ Բարդագույն այդ փուլում, պետությունը հայտնվել էր ծանր իրավիճակում, երբ կրթական համակարգը կանգնել էր վերափոխման և նոր խորհրդային դպրոցների բացման անհրաժեշտության առջև։ Այնուամենայնիվ տնտեսական լրջագույն մարտահրավերների բախվող պետականությունը ի վիճակի չէր զանգվածային անգրագիտության վերացման պահանջն ամբողջապես իրագործել։

Haykakan ardiutyunne hetazotuyun

«Հետազոտության նպատակն էր վերհանել խորհրդայնացման առաջին տարիներին լուսավորական-քաղաքական նախագծերի և հայաստանյան իրականության միջև ի հայտ եկած սուր լարումներն ու հակասությունները։ 1920-ականների սկզբի տնտեսական, քաղաքական ու մշակութային պայմաններն այս կերպ երևան են գալիս իբրև բարքի և քաղաքականության միջև ներքին հակասություններով ընթացող և լուսավորական քաղաքականությունը կազմավորող դինամիկ, հարաճուն գործընթացներ», - ասում է Լուսին Շաբոյանը։

Քննարկվող հիմնահարցերի շրջանակն ընդարձակ է և անգամ անդրադարձ  է կատարվում ֆրանսիական լուսավորական գաղափարախոսությանը, և որ ամենակարևորն է՝  դրա ազդեցությունը հայ իրականության մեջ։ Ահա օրինակ՝ 19-րդ դարում Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարախոսական հայացքների հայկական ընդունելության երկու դեպքի մասին հետազոտություն է իրականացրել Աշոտ Գրիգորյանը։ Ռուսոյի հայացքները մեծ ազդեցություն են թողել Հովհաննես Չամուռճյանի և Միքայել Նալբանդյանի վրա։ Փիլիսոփայի քաղաքական հայացքների հայ իրականության մեջ ընդունելության կարևոր օրինակ է վերջինիս գլխավոր քաղաքական երկի՝ «Հասարակական դաշինք»-ի հայերեն առաջին թարգմանությունը։ Այն գրաբար է թարգմանվել 1829 թվականին արևմտահայ իրականության մեջ՝ ծայրահեղ պահպանողական Հովհաննես Չամուռճյանի կողմից։

«Հետաքրքիր են Ռուսոյի հայացքների մեկնությունները հայ իրականության մեջ, օրինակ հետաքրքիր է, որ թարգմանիչ Չամուռճյանն ինքը Ռուսոյի ամենասուր քննադատն էր և թարգմանությունն իրականացրել էր հենց հեղինակի հայացքները՝ թարգմանությանը կից աշխատության մեջ հերքելու նպատակով։ Ոչ պակաս ուշագրավ է արևելահայ լուսավորիչ Միքայել Նալբանդյանի վերաբերմունքը­ Ռուսոյի քաղաքական փիլիսոփայության հանդեպ։ Նալբանդյանի համար Ռուսոն մարմնավորում է «ճնշված մարդկության» քաղաքական փրկչի կերպարը։ Հենց այդպես է պատկերվ­ած ժնևցի փիլիսոփան մահամերձ Նալբանդյանի՝ բանտում գրած «Ժ.Ժ. Ռուսոյի հիշատակին» բանաստեղծության մեջ։ Պատահական չէ, որ Ռուսոյի մտքի հետ այսքան սերտ առնչություններ կամ, բայց և տրամագծորեն հակառակ վերաբերմունք ունեցած այս երկու հեղինակներն առիթ են ունեցել հրապարակային բանավեճի բռնվել», -պատմում է հետզոտող Աշուտ Գրիգորյանը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 712

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: