ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՌՈԲԻՆԶՈՆԻՆ

Այսօր «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մի խումբ արվեստասերներ հնարավորություն ունեցան դիտելու և քննարկելու Լուիս Բունյուելի՝ հայտնի նավաստի Ռոբինզոնի արկածների մասին պատմող ֆիլմը։ Ֆիլմի դիտում-քննարկումը կազմակերպել էին կենտրոնի «Դիտանկուն» կինոակումբը և Բրիտանական ակումբը։

«Դիտանկյուն» կինոակումբի համակարգող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի խոսքով՝ նման հանդիպումների նպատակն է արվեստի նմուշները ներկայացնել հանրությանը և դարձնել քննարկման առարկա։

«Պետք է փորձենք հասկանալ, թե ժամանակակից հայ հասարակության մեջ ռոբինզոնությունը որտեղ է դրսևորվում, ինչու է ստեղծագործությունը մինչև հիմա արդիական։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հասարակության և ժամանակաշրջանի մեջ՝ լինի տեխնիկական հեղափոխություն, տեխնոլոգիական նորանոր ձեռքբերումներ, ռոբինզոնացման, կղզիացման մի քանի հնարավոր տարբերակներ են առաջանում։ Կարելի է քննարկել հարցեր, որոնք արվեստային դաշտում են՝ ով էր Ուրբաթը Ռոբինզոնի կյանքում, ով կարող է այսօր լինել Ուրբաթը մեր հասարակության մեջ, այսօրվա մարդը կարող է արդյոք օգտվել կղզիացման հնարավորությունից»,- կինոդիտումից առաջ Cultural.am-ի հետ զրույցում նշեց Րաֆֆի Մովսիսյանը։

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կինոսերները հնարավորություն կունենան դիտելու լավագույն բրիտանական ֆիլմերը։ Պարտադիր չէ, որ ֆիլմն ունենա գրական հիմք, ինչպես Ռոբինզոնի դեպքում Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպն է։

Ռոբինզոնի մասին խոսելիս դժվար է չհիշել հայ ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանին։ Պաչյանը գրական դաշտ մտավ իր առաջին՝ «Ռոբինզոն և 13 պատմվածք» գրքով («Գրական էտալոն», 2010 թ․)։ Գիրքն այնքան շուտ սպառվեց, որ հարկ էր վերահրատարակել։ Արդեն «Ռոբինզոն» վերնագրով պատմվածքների ժողովածուն ընթերցողի սեղանին հայտնվեց 2012 թվականին («Անտարես»)։

Արձակագիր Արամ Պաչանը որպես հատուկ հյուր ներկա էր ֆիլմի դիտում-քննարկմանը։

«Ռոբինզոն Կրուզոն» գրվել է նպատակաուղղված, կոմերցիոն վեպ է։ Հեղինակն այդ հանգամանքը չէր էլ թաքցնում։  Կարևոր է հասկանալ, որ  18-րդ դարի կոմերցիոն գրականությունը խիստ տարբերվում էր այն ամենից, ինչ տեսնում ենք հիմա։

Վեպի խաղաթուղթը արկածն է։ Հետագա դարերում գրականությունը կորցրեց արկածի մոտիվը, ծանրացավ ու դժբախտացավ այնպես, ինչպես մարդը»,- նշեց արձակագիրը։

Ռոբինզոնի արկածը, ըստ Արամ Պաչյանի, մինչ օրս էլ շատերին անհավանական է թվում․«Ռոբինզոնը կղզում է հայտնվում պատահական։ Մենակ մարդ, ում համար ճանաչելի է բնությունը, ով իր օրագրով ու կեցությամբ սկսում է բացահայտել ու վերարժևորել իրականությունը։

Այսօր էլ կան մարդիկ, ովքեր երազում են մենակ մնալ, ունենալ կղզի, կտրվել  քաղաքակրթությունից, շունչ քաշել, մտածել իրենց կեցության մասին»։

Աննա Կարապետյան
 
  • Created on .
  • Hits: 2842

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: