ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության գործում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավոր է դարձնում շեշտել համաշխարհային ժառանգության բազմա­զանությունը:

     2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Օրվա միջոցառումները նվիրելով սպորտի ժառանգությանը` ԻԿՕՄՕՍ-ը նպատակ ունի շեշտել սպորտի դերը մարդկային կյանքի բարելավման գործում, ներկայացնել դրա դրսևորումները պատմամշա­կութային ժառանգության մեջ ու նպաստել հանրահռչակմանը:

     Հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված բազմաթիվ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են նաև խաղեր և մարզական մրցումներ՝ ըմբշամարտի, բռնցքա­մարտի, մականախաղի, վազքի, նիզա­կա­նետության, նետաձգության, ձիավարության և այլ մարզաձևերից, որոնք արտա­ցոլվել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության մեջ (հուշարձաններ, նկարներ, մանրանկարչություն և այլն):

     Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարա­րությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների, քաղաքային և գյուղական համայնք­ների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ճար­տա­րա­պետության ազգային թանգարան-ինստիտուտի և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ` ՀՀ մարզերում և Երևանում համատեղ կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ: Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Created on .
  • Hits: 2769

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: