ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Ֆինանսական նորամուծությունները զարգացման համար» ուսանողական ֆորումը։

Ֆորումն անց է կացվում Եվրոպական երիտասարդական պառլամենտի կողմից։ Գլխավոր աջակիցը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն է։ Ամեն տարի Կենտրոնական բանկը կազմակերպում է  «Իմ ֆինանսների ամիս» խորագրով միջոցառումների շարք։ «Իմ ֆինանսների ամիս 2016»-ում ընդգրկվել է նաև ուսանողական ֆորումը։

Լրագրողների հետ զրույցում Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը կարևորեց նմանատիպ մինչհամալսարանական բանավեճ-քննարկումների կազմակերպումը։

«Իմ ֆինանսների ամիս» ծրագրի բոլոր միջոցառումներն  ուղղված են անձնական ֆինանսների կառավարման կարևորությանը։ Այս ֆորումը յուրահատուկ է նրանով, որ գիտելիք ստանալու, փոխանակելու հետ մեկտեղ տեղի է ունենում նոր գաղափարների գեներացում։

Երիտասարդները ստեղծարար են։ Նրանք կարող են քննարկվելիք խնդիրները տանել նաև իրենց համայնք, իրենց շրջապատ, իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում»,- ասաց Արմենուհի Մկրտչյանը։

Ֆորումին մասնակցում է ավելի քան 80 ուսանող 6 բուհերից (Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան)։ Առաջիկա չորս օրերին նրանք միասին կքննարկեն ծրագրային կոմիտեներում ներառված խնդիրները։

Պառլամենտական ձևաչափով քննարկումները ենթադրում են աշխատանքային խմբերի ձևավորում, աշխատանք մոդերատորների հետ, հետո արդեն խմբերի ներսում, ինչի արդյունքում խմբերից յուրաքանչյուրը մյուսներին է ներկայացնելու իր առաջարկած  լուծումների փաթեթը։ Մասնակիցները քվեարկության միջոցով կընտրեն լավագույն լուծումների փաթեթը, և այն կներկայացվի Կենտրոնական բանկին։

«Եվ ֆինանսների պլանավորման մեջ, և կառավարական որոշումներում երիտասարդները փաստացի շատ քիչ են ներգրավված, չեն պատկերացնում՝ ինչպես պետք է ընթանան այդ գործընթացները։ Ֆորումի նպատակն է երիտասարդներին ներգրավել «ֆինանսական գիտելիք» ասվածի մեջ։ Միաժամանակ նրանք սովորում են պաշտպանել իրենց կարծիքը, այնպես անել, որ հենց իրենց լուծումների փաթեթն ընդունվի։ Սովորում են պայքարել իրենց գիտելիքի, իրենց ճիշտ ներկայացնելու համար, ինչն աշխատաշուկայում կարևոր է»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Եվրոպական երիտասարդական պառլամենտի հայաստանյան ներկայացուցչության համահիմնադիր Հովսեփ Պատվականյանը։

Հովսեփը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Կրթություն է ստացել Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, Կենտրոնական եվրոպական համալսարանում (Բուդապեշտ)։ Այժմ սովորում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում։ Կարևորում է ինչպես ֆորմալ՝ համալսարանական, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությունը։

Ոչ ֆորմալ կրթության ոլորտում առաջատար դիրքերում ենք։ Պատվականյանի խոսքով՝ պառլամենտի ակտիվ ներկայացուցչությունների շարքում առաջին հորիզոնականն ենք կիսում Ֆրանսիայի, Գերմանիայի պես զարգացած պետությունների հետ։

Ֆրանսիա, Գերմանիա, ինչպես նաև այլ եվրոպական երկրներ մեկնելու, ծրագրերի մասնակցելու հնարավորություն ունեն նաև հայ երիտասարդները։

«Ֆորումի մասնակիցները որպես ծրագրի շրջանավարտներ կընդգրկվեն շրջանավարտների օնլայն հարթակում։ Այդտեղ գրանցված են պառլամենտի 41 երկրների  մոտ 2 մլն շրջանավարտները։  Հայաստանյան ներկայացուցչությունը 2012 թվականից մինչև օրս ունի շուրջ 3000 շրջանավարտ։ Օնլայն հարթակը հնարավորություն է՝ հասկանալու, թե մյուս երկրներում ինչ է կատարվում, ինչ մեթոդներ կան, դրանցից որոնք է հնարավոր կիրառել մեր երկրում և ինչպես։ Մասնակիցները կարող են հարթակի միջոցով տեղեկանալ այլ երկրներում տեղի ունեցող կոնֆերանսների, ֆորումների մասին, մասնակցել դրանց՝ ներկայացնելով Հայաստանը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Եվրոպական  երիտասարդական  պառլամենտը (ԵԵՊ) անկուսակցական և անկախ կրթական ծրագիր է, որը խրախուսում է երիտասարդների  ինքնուրույն մտածողությունը և սոցիալ-քաղաքական նախաձեռնությունը, նպաստում նրանց սոցիալական և մասնագիտական հմտությունների զարգացմանը ոչ ֆորմալ կրթության միջոցով։

Պառլամենտի հիմնադրման օրվանից (1987 թվական, Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաք) տասնյակ հազարավոր երիտասարդներ մասնակցել են տարածաշրջանային, ազգային և միջազգային նիստերի, միջազգային կապեր հաստատել  և երկրի ներսում, և երկրի սահմաններից դուրս։ ԵԵՊ-ն բաղկացած է 35 եվրոպական ասոցիացիաներից և կազմակերպություններից։


Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3243

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: