ԴԱՇՆԱՄՈՒՐ, ԿԼԱՐՆԵՏ, ՁԱՅՆ: ՌԵՊԵՐՏՈՒԱՐԸ ՆՈՐ ԻՆՏԵՐՊՐԵՏԵՑԻԱՅՈՎ

Գաֆէսճեան դասական համերգաշարի շրջանակներում ապրիլի 13-ին կայացավ կամերային երաժշտության երեկո՝ Արթուր Ավանեսովի (դաշնամուր), Մարիամ Սարգսյանի (մեցցո-սոպրանո) և Յուլիան Միլկիսի (կլառնետ) մասնակցությամբ:

«Առհասարակ կլարնետ-դաշնամուր կոմբինացիան շատ մեծ ռեպերտուար չունի, ստեղծագործությունների ընտրությունն ինքն իրենով է ստացվել: Դրանք մենք որոշակի ինտերպրետացիայի ենք ենթարկել, այսինքն փոփոխել ենք ոչ թե նոտաները, այլ մատուցման, տեմպերի ձևը»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Ավանեսովը:

Ֆրանսաբնակ մեցցո-սոպրանո Մարիամ Սարգսյանի խոսքով, ծրագրում ընդգրկված Լուի Շպորի, Ջոակինո Ռոսինիի, Ֆրանսիս Պուլենկի, Իլյա Դիմովի ստեղծագործությունների ընտրությունը պատահական չէր: «Ես մասնագիտանում եմ մոռացված և նոր ռեպերտուարի մեջ: Ինչ վերաբերում է զգացողություններին՝ համերգային ծրագրում կային պոետիկ և դերային հատվածներ: Ինչպես՝ օրինակ Ռոսիննիի մոտ: Յուրաքանչյուր ստեղծագործություն ստիպում էր յուրովի մոտեցում ցուցաբերել, զգալ և այդ ամենը փոխանցել»,- նշեց Մարիամ Սարգսյանը:

Կամերային երաժշտություն սիրողներին առաջիկայում անակնկալ է սպասվում: Ապրիլի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Հայ կոմպոզիտորների ձայնի և դաշնամուրի համար ստեղծագործություններ ձայնասկավառակի շնորհանդեսը, որում ընդգրկված են Ռոմանոս Մելիքյանի, Տիգրան Մանսուրյանի և Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Բացի այդ ստեղծագործական տրիոյի առաջիկա պլաններում է նաև նոր սկավառակի ձայնագրությունը:

«Պլաններն իրականում շատ են և դեռ չենք կողմնորոշվում, թե որն ենք անելու: Հավանաբար ձայնասկավառակ կթողարկենք արդեն երեքով՝ մասամբ ընդգրելով նաև այսօրվա համերգի ընթացքում հնչած ստեղծագործությունները: Ձայնագրությունը կսկսենք մոտ օրերս, բայց երբ կկարողանանք թողարկել՝ չեմ կարող ասել: Մենք կենտրոնացած ենք այն ստեղծագործությունների վրա, որոնք քիչ են կատարվել. դրանք բացահայտման կարիք ունեն»,- ասաց դաշնակահար Արթուր Ավանեսովը:

Հիշեցնենք, որ Մարիամ Սարգսյանի և դաշնակահար Արթուր Ավանեսովի «Հեռավոր երիտասարդություն» ձայնասկավառակը 2015 թվականին Քնարական ձայնասկավառակների ֆրանսիական ակադեմիայի կողմից արժանացել էր «Ոսկե օրփեոսի» :


Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 2636

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: