ԲՈՐԻՍ ԷՅՖՄԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ 40-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

«Մենք հյուրախաղերով հանդես ենք գալիս ողջ աշխարհում: Տարվա մեջ ամենաքիչը 6-7 ամիս Սանկտ Պետերբուրգից դուրս ենք գտնվում: 100-ից ավելի ներկայացում ունենք: Մեզ ամեն տեղ էլ լավ են ընդունում, բայց Հայաստանում արտասովոր ընդունելություն էր: Հուսով եմ` մեր ստեղծագործական համագործակցությունը շարունակական կլինի:

Արտասովոր ջերմությամբ են մեզ շրջապատել մեր հայ գործընկերները: Մեր արտիստները բեմում զգացին այդ ջերմությունը»,-երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Աննա Կարենինա» բալետային ներկայացման  ընդունելության մասին ասաց Բորիս Էյֆմանը:

Անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Բորիս Էյֆմանն ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, որոնցից են «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն: Բալետմայստերի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը հյուրախաղերով Հայաստանում է արդեն երկրորդ անգամ: Դեռևս 2013 թվականի նոյեմբերին թատերախումբը Երևանում հանդես էր եկել «Մեղքից անդին» ներկայացմամբ:

«Էյֆմանը հանճարեղ մարդ է, ով հեղափոխություն է կատարել ժամանակակից բալետի մեջ: Երեկ մեզ խոստացավ, որ 120 տարի  պետք է ապրի, դեռ շատ բաներ կհասցնի անել: Երջանիկ եմ, որ նման բացառիկ համեստ անձնավորության հետ գործ ունենք, ով միաժամանակ ժամանակակից արվեստի մեծերից է»,- ասաց  թատերախմբի  հայաստանյան հյուրախաղերի համակարգող Նիկա Բաբայանը:

Հայաստանի, հայերի հետ կապված հիշողություններ Էյֆմանը շատ ունի: Ուսանողական տարիներին բեմադրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, ինչի առիթով ծանոթացել և մտերմացել է կոմպոզիտորի հետ: Ասում է` Խաչատրյանը ներկա էր ոչ միայն պրեմիերային, այլև փորձերին, աշխատում էր նվագախմբի, դիրիժորի, իր  հետ:

«Իմ ստեղծագործական ճակատագիրը, իմ կարիերան այլ կերպ կընթանար, եթե ես չհանդիպեի Արամ Իլյիչին: Նրա հետ հանդիպումը երիտասարդ տարիների անմոռանալի հիշողություններից է: Նման երաժշտի, անհատականության հետ շփումը կյանքի դպրոց էր, արվեստի դպրոց: Ստեղծագործական կյանքի ամեն շրջափուլ հաղթահարելիս հիշում եմ նրան: Հայրաբար ընդունեց ինձ ու օրհնեց: Նրա օրհնությունը ուղեգիր էր դեպի արվեստի աշխարհ»,-այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՌԴ ժողովրդական արտիստը:

Թանգարան-ինստիտուտում կայացավ Էյֆմանի թատրոնի մասին պատմող, Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի անցած 40-ամյա ուղին: Թեև բալետի մասին գրելը բարդ է, բայց բալետմայստերի խոսքով` Տատյանա Բոբորիկինային հաջողվել է շատ բան փոխանցել, քանի որ նա զգում և հասկանում է բալետը:
«Գիրքը հնարավորություն է բառերով թարգմանելու ժեստերի, մարմնի լեզուն, բալետի մասին պատմելու, մեր թատրոնի գաղափարախոսությանը ծանոթացնելու, դրա փիլիսոփայությունը, ուղղվածությունը և բալետային արվեստում ունեցած տեղն ու դերը հասկանալու »,- պարզաբանում է Էյֆմանը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մշակույթի նախարարը Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Բորիս Էյֆմանին պարգևատրեց Պատվո շքանշանով հայ ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2560

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: