Ուրուագիծ դիմանկարի համար. Էլպիս Կեսարացեան (1830-1913)
Արևմտահայ իրականութեյան մեջ 19-րդ դարասկզբից սկսյալ կանայք որքան էլ ժամանակի բարքերին ու հետնապահ մտածողությանը անհաճո, այնուամենայնիվ, պոլսահայ մամուլում՝ հանդեսներում, պարբերականներում, նաև առանձին հատորներով հրատարակել են հրապարակագրական հոդվածներ, դրսևորելով իրենց ազգային, քաղաքական, տնտեսական, գրական, մշակութային և որ ամենաէականն է, մանկավարժական հայացքները։ Սա ըստ էության համարենք, թե զերծ մնանք այս բնորոշումից, դիտվել է մարտահրավեր․ քանի որ կանացի ինքնությունը ավելի ներփակ ըմբռնում է համարվել։
Սրբուհի Տյուսաբի, Արուսյակ Փափազյանի, Հայկանուշ Մառքի, Զապել Ասատուրի, Զապել Եսայանի և այլ գրողների, հրապարակագիրների հոդվածներն այնքան էլ զանգվածային ընդունելության ու համակրանքի չեն արժանացել․ սակավ բացառությամբ են արժևորվել, քանի որ հասարակության մեջ տիրող վերապահ վերաբերմունքը հիշյալ և մի շարք այլ կին մտավորական գործիչների նկատմամբ, այնուամենայնիվ, եղել է ոչ բարյացակամ, այդ իսկ հիշյալ պատճառով արևմտյան ծագում ունեցող ֆեմինիստական շարժման արձագանքները լսելի եղան հատկապես պոլսական լայն շրջանակներում․ գաղափարաբանություն, որ հայկական կյանքում կնոջ դերի բարձրացման նշանակալիության գիտակցման էր ուղղված։
Կինը ընտանիքից դուրս կարևոր գործոն․ նրանով պետք է պայմանավորվի հասարակության զարգացումը, մանավանդ որ կրթական ոլորտում միայն նրանց էր վերապահված դրության իրավ տերը լինելու լիարժեք իրավունքը։
Էլպիս Կեսարացեան․ հանիրավի մոռացության մատնված գրական, հասարակական երախտավոր գործչի անունը արևմտահայ իրականության մեջ առանձնանում է թեկուզ և միայն այն հանգամանքով, որ համարվում է հայ գրահրատարակչական պատմության մեջ առաջին գրող հրապարակագիրը, ավելին, առաջին կին խմբագիրը, որը 1861թ․ հիմնել է «Կիթառ» հանդեսը և տպագրական շարվածքով հրատարակել է,- մինչ այդ իր նախադեպը չունեցող,- «Նամակ առ ընթերցասեր հայուհիս» /1879/։
Էլպիս Կեսարացեանը, ազգանունից արդեն ակնհայտ՝ ծագումով կեսարացի էր, ծնվել է Կ․Պոլսում, Օրթագյուղի և Պեշիկթաշի վարժարաններում ստացել է կանոնավոր կրթություն, հետագայում ուսուցչություն է արել Մաքրուհյանց վարժարանում, աշխատակցել է Կ․Պոլսի մամուլին՝ հրատարակելով մանկավարժական, հիմնականում կրթադաստիարակչական՝ ազգային բնոյթն ու բնութենականությունը կարևորող հոդվածներ։ Այնուհետև շուրջ քսան տարի նյութական անապահով պայմաններից ելնելով դադարել է ստեղծագործել։ «Կիթառ» հանդեսը ունեցել է ընդամենը երեք հրատարակություն։
Այս բացառիկ նվիրյալ և ժամանակի անսովոր մտավորական կինը իր միակ գրքում մշակել է որոշակի մանկավարժական, կրթասիրական գաղափարներ և առաջարկել ոչ միայն մանկանց, այլ նաև «Դաստիարակություն ծնողաց»․․․ Հիշյալ գրքի առաջաբանը արդեն իսկ ուշարժան է․ «Երբ պարապ ժամերս կը զբաղեցնեի մեր սեռին կարևոր պիտոյից,- առօրյայի, Ա․Ա․,- վրա, խորհրդածություններս ըստ կարի գիր առնելով, նույն միջոցին բարեկամուհիներես մեկը ինձ ներկայացավ և տեսակցությունեն ետև հետաքրքրություն հայտնեց ներկա գործոցս վրա և ես իբր զբոսանք գրածս իրեն հանձնեցի, զոր կարդալով խիստ համակրություն հայտնեց՝ շնորհակալությամբ»։
Գնահատանքի արժանանալը անշուշտ խանդավառել է Էլպիս Կեսարացեանին, որը ողջ էությամբ ապրել է ժամանակաշրջանի արևմտահայոց ճակատագրով․ «Երբ աչքերնիս դարձնենք մեր հայրենի գավառը՝ կը տեսնենք Հայաստանի,- երևակայու՞մ եք, արևմտահայ «սուրի և սովի» մղձավանջում գտնվող մտավորական կնոջ հայացքը ուղղված է Հայաստանին, ըստ էության հայոց տարեգրության անցյալ փառքերին ապավինելով,- Ա․Ա․,- մեգապատ հորիզոնին տակ վեհատիպ ոգի մը յուր փառքերեն մերկացած խորին տխրությամբ արտասովոր աչքերը դեպի Բյուզանդիոն ուղղելով և վշտահար սրտին հառաչալիր ձայներով խոր ողբաձայն մրմունջները հարազատ որդոց կը հնչեցնե»։ / «Հորդոր հայենասիրության»/։
․․․Իսկ քանի-քանի հորդորներ կան տակավին բանտարկված մեր բազմադարյա պատմության մեջ․․․ մեր իսկ ձեռքով՝ անխղճաբար բանտարկված․․․
Էլպիս Կեսարացեան
Հատուած գրքից
Սիրելի Քոյրերս,
Յայտնի որ իղձը մարդկային զգացման մէկ հրաշալի զօրութիւնն է, եւ միշտ իր սահմանէն վեր ցօլանալով իրեն ճարակ կը խնդրէ։ Բնութեան այս շարժառիթ ոյժը թելադիր է անձին եւ կենսական ոգի ազդելով՝ մինչեւ հրաշալիքներ գործել կուտայ, եթէ ուզէ մարդ ի բարին գործածել զայն։ Նա խրախոյս կուտա խորհուրդներուն, կարծարծէ յոյս կամ ակնկալութիւն վաստակոց, եւ չվհատիր թէպէտ իր նպատակին տարժանութիւններն ալ տեսնէ. այլ պասքեալ եղջերուի նման կուզէ անձնիլ դժուարին վայրեր, մինչեւ քաղցր վտակաց իւր տենջը յագեցնէ. պէտք չէ աւելի խօսքերով սահմանել զայն, այլ բաւ է ըսել թէ իղձն է մարդկան կենսական հոգի տարբեր անզգայ մեռելութենէ։
Թէպէտ իղձը զօրաւոր յատկութիւն մ’է շահաւոր գործեր կատարելու, սակայն կը կարօտի նպաստաւոր առարկաներու, ինչպէս ամեն պաշտօն իր յարմար միջոցին. ամեն ջանք շահաւոր չեն կրնար ըլլալ միեւնոյն պարագային մէջ, այլ պատեհութեան կսպասէ, ահա ժամանակն է գլխաւոր նպաստիչ ամեն բարեգործական ըղձից՝ ինչպէս ապահով շաւիղ սուրհանդակին՝ որ առանց կասելու եռանդմամբ կրնայ դիմել նպատակին։ Ժրաջան մշակը իղձ ի սիրտ կսպասեն, երբ օդոց բռնութիւնք կը մեղմանան, եւ երբ գարնան զեփիւռներ սկսկին հնչել, այն ատեն կելլէ աշխատութիւնը նուիրել անդոյն։ Սիրելի Հայուհիք, այս բնատուր շնորհքէն օտար չէք եւ դուք, եռանդալից իղձ կը կրէք ձեր զգայուն սրտից մէջ. զգաստութեամբ կը ճանչնանք անոր ոյժը, եւ կարող էք ի սէր ազգին գործածել զայն։ Ահա ժամանակը նպաստաւոր է ձեզ. յաջողակ շաւիղ բանալով կրնաք դուք ձեր եռանդը արդիւնաւորել։ Ալ մի թափառիք յուսահատ նարկիզի նման թափուր դաշտերուն մէջ, եւ զգայուն սրտիցդ տխուր հառաչանքը ամայի ձորերու մէջ հնչեցնել, ներկայ կենսական ոգին ձայն կուտայ ձեզ չվարանիլ յուսաբէկ սրտով, այլ կազդուրիլ եռանդեամբ ըղձից ձեր ցանկալի ապագայն վայելելու յուսով։
Գիտենք որ մեր սեռը արդէն իւր հին սովորութեան մէջ ազատութենէ զուրկ վանդակի մէջ արգիլուած թռչնոց նման էր՝ որ անձուկ սահմանին մէջ կաշկանդուած չէր կրնար իր ազատ բաղձանաց հասնիլ, թռուցիչ բազուկները անզօր կարգիլէին ծաղկունակ դաշտեր ճախրելու, ձայնին եղանակը կորսնցուցած, գրեթէ լեզուահատ եղած բաղձանքը յայտնելու, անկարող աչքերը տկարացած զուարճալիա առարկաներ հեռատեսելու։ Բայց ներկային նոր լոյսը կը տեսնէ, որով անհրաժեշտ կրնայ կազդուրիլ, եւ յառաջադիմութեան քայլեր շարժել։ Սակայն տակաւին անզօր, դեռաքայլ մանկանց նման չկրնար ինքնին յառաջել։ Ահա ընկերականութիւնը միայն կարող է ապաստան եւ զօրաւիգ ըլլալ իրեն՝ երբ փութան աջակցիլ միմեանց, եւ ձեռնակցելով շարժեն իրեն բազուկները, ձայնակցութեամբ հնչեն խրախուսական ձայներ, եւ ճախրել յառաջադիմութեան շքեղ բուրաստանը։
Աւելորդ է կրկնել մեր վաղեմի կացութեան ամեն մէկ տխուր պարագայները՝ զոր ձեր ուշիմութեամբ կրնանք դիտել. մենք խորհրդաւոր անձինքս զգայուն արձաններ դարձած, կամաւոր համր եղած, ազատածնունդ գերիներ կենդանութեան մէջ մեռած, տգիտութիւնը եւ անզգայութիւնը զմեզ բարոյական մահուան ենթարկած էր. դուք Միւնետիկներ կրնաք ըլլալ երջանիկ կոչումի մը ազդելով խրախուսական ձայն ընդհանրից՝ եւ օրինաւոր միջոցներ գործածելով, մեր կարկամեալ կացութենէ սթափիլ եւ կազդուրիլ առողջ կենաց մէջ։ Ահա մեր զգայուն մասը պէտք է յուսով յառաջդիմէ իւր ազգասիրական ձեռնարկութեան մէջ, որ ի մօտուստ կզգայ իւր վիշտերը եւ կարեկցութեան պարտքը ճանչնալով օժանդակութիւն նուիրէ եւ սիրով իւր ապագան բարւոքել։ Սակայն ուսեալ խումբը չը կրնար տարտամ վիճակի մէջ գաղափար հաղորդել, առանց ընկերականութեան կեդրոն կազմելու, զի մասնաւորը միշտ անզօր է, ընդհանրութեան դէմ այլ ընկերական մարմինը կրնայ դարմաններ խորհիլ եւ լուսաւոր գաղափարներ հաղորդել միմեանց։
Ուստի մեծարեալ տիկնայք երբ ձեր գովելի եռանդը եւ իղձը վառ պահէք սրտից մէջ, կրնանք յաջողականութեամբ ազգօգուտ գործեր կատարել, ձեր ժամերը ազատ եւ միտքերը հանդարտ են, ժամանակիս ոգին կօժանդակէ ձեզ։ Գիտէք սիրոյ զօրութիւն մեծ եւ անհամեմատ է, երբ Հայրենեաց եւ Ազգայի սրբազան սէրը հաստատ ըլլայ սրտից մէջ՝ կրնանք օգտակար ըլլալ ազգին. հրահանգ տալով մտաց բնական ձերքերը փայլեցնել եւ հնացեալ մեր վաղեմի կեղտերը հերքելով նոր կենաց ճաշակ վայելել։
Ահա Հայրենաց ոգին կը տարփայ ձեր բարոյական կենդանութեան, եւ կը յուսադրէ զձեզ այսուհետեւ ձեր գաղափարները թող զտին եւ փայլին Եդեմեան ակնափայլ վտակներու պէս. ձեր առաքինական պարկեշտ գործերը թող ծաղկին անոր հեշտաբոյր եւ քրքմանոյշ ծաղիկներուն հետ, Հայրենեաց դաշտին հեշտաձայն սոխակներուն նման խորհրդաւոր ներդաշնակութեամբ Ձեր սիրալիր գեղգեղանքը հնչեն հեշտութիւն եւ երջանկութիւն ձօնելու անոր՝ որ անձկանօք կսպասէ իւր երանաւէտ ժամուն։
- Hits: 17848