Ուրվագիծ դիմանկարի համար. Հայր Անդրանիկ Կռանեան (Բեյրութ, 1929-2017)

Ինչպես միշտ, դիմանկարային գրառումներիս անդարդառնալիս, որոնք գոնե ինձ համար զուտ եւ միայն ուրվագծային բնույթ ունեն, որովհետեւ այն գրողներին, մշակույթի գործիչներին, ազգային երախտավորներին, որոնց հետ թեկուզ և «կարճ միջոցի մը» բարեկամանալու պատիվն եմ ունեցել, նրանց զտարյուն գործունեությամբ ներկայացնելը առնվազն տևական ժամանակ կպահանջի։ Խնդիրն ամենևին այլ է․ ներկայացնել նրանց ուրվագծորեն, որպեսզի գոնե որոշապես ճանաչելի դառնան և, մանավանդ իմ երախտիքի տուրքը դիտվի՝ նրանց վաստակը արժևորող ու արտացոլեցնող․․․

Հայ Կաթողիկե պատրիարքական միաբան Հայր Անդրանիկ Կռանեանին՝ հրապարակագրին, թատերագրին, բառարանագրին, գրաբարագետ-մանկավարժին, ում  «Բառգիրք հայերէն լեզուի» /1998/ բառարանը և իր խմբագրած Հայ Կաթողիկե պատրիարքարանի «Մասիս» շաբաթաթերը իր հրապարակումներով ինձ ծանոթ էին դեռևս տարիներ առաջ, բայց նրան հանդիպելը Զմառու վանքում /2016/, մահվանից մեկ տարի առաջ չափազանց անհավանական էր թվում։ Դեպքերի բարեբախտ բերումով մեր հանդիպումը, որ ժամեր  տևեց, ինձ համար ավելի քան ուսուցողական բնույթ ունեցավ։ Մի պահ կարծես թե իր ուսանողը լինեի։ «Անունդ լսած էի Ժիրայր Դանիելյանեն, կը գոհանամ քու պատրաստվածությամբդ, կարծեմ Երևանի համալսարանին մեջ սորված ես, բայց արդյո՞ք բան մը սորվեցուցած են։ Արդեն տեղյակ եմ, հոն տակավին հին մեթոդներն են հարգի․ ալ չխոսինք, գրաբարն ալ տեսակ մը անուշադրության մատնված է․․․»։ «Արևմտահայերենը նույնպես, Հայր Անդրանիկ», շտապում եմ իմ դժգոհությունը հայտնել։ Նա մի պահ լռում է եւ ծանրախոհ արտաբերում․ «Հոս ալ նույն իրավիճակն է, գրեթե, չեմ գիտեր, սա պես ուր կ՛երթանք»։

Հայր Անդրանիկի ճշգրիտ նկարագիրը երևի թե ոչ ոք այսպես չի  բնութագրել, ինչպես «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Սարգիս Նաճարեանը․ «Մարդ մը, որուն կյանքը իրեն չէ պատկանած, այլ եկեղեցվո եւ ազգին, մարդ մը, որուն անունը բազմապատկված է միաժամանակ․ ուսուցիչ, դաստիարակ, իմաստասեր, ասվածաբան, լրագրող, դասախոս, թարգմանիչ, վերլուծաբան, ծիսագետ և այս բոլորեն առաջ և վեր վարդապետ ստորոգելիներով, մարդ մը, որուն համար ճշմարտությունը գերագույն եւ բացարձակ արժեք է․․․»։

Իրապես չափազանց հավատընծա խոսք  և խոստովանություն․ «Հայ մատենագիտություն», «Հայ երաժշտության պատմություն», «Հայկական ծես» /ֆրանսերեն դասագիրք/, առարկաներ դասավանդողը ինչ իմացության և մանավանդ հմայքի տեր, ինչ նվիրվածություն պետք է ունենար, որ այդ բոլորին տիրապետեր։

Այդ հիշարժան օրը հատկապես մեր զրույցը վերաբերում էր հայ եկեղեցվո պատմությանը, և երբ ես ակնարկեցի, որ եկեղեցու պատմությունը մի տեսակ թափանցիկ շղարշով ներկայացնում է հայոց պատմությունը՝ որոշ դարերում ամբողջովին ներթափանցված ազգային իրադարձություններով, Հայր Անդրանիկը դույզն ինչ դժկամ, կտրուկ արձագանքեց․ «Բայց այնքան ալ ուսումնասիրած չեն, նույնիսկ կ՛ըսեն, կգրեն, թե դարեր շարունակ եկեղեցապետությունն է իշխած․․․»։

Մեր զրույցը շարունակվեց ու հիմա առանձին մանրամասներ չեմ հիշում, բայց Հայր Անդրանիկը շատերի կարծիքով «հեղափոխական վարդապետ մը եղած է», հավատարժան է 60-ական թվականների վերջերին նրա հրատարակած «Երիտասարդ հայը», որը հոգեկան նոր ավիշ պարգևեց «այդ օրերու ազատամարտիկներին»։ Արդեն իսկ պարզորոշ է, որ հայության ինքնության պահպանման խնդիրները հրապարակավ են արծարծվում։ 1946-1949թթ զանգվածային ներգաղթի մասին այս խորհրդածությունը այնքանով է հետաքրքրահարույց, որքանով որ Սփյուռքում հայության գոյապահպանման անհրաժեշտությունը․ «Պատանեկան տարիքիս շրջանն էր, ժողովուրդը ամբողջ ոտքի հանեց ներգաղթը, մարդ չմնաց, որ չխանդավառվի, երթանք Հայաստան, հանձնախմբեր ստեղծվեցան, տուներու մեջ խոսակցությունները ներգաղթի մասին էին։ Ես բարձրացա վանքը՝ եկեղեցական կյանքի նվիրվելու․․․ Առաջին անգամ իմ պատրիարքս՝ Ղազարոս Աղաճանյան դեմ կեցավ ներգաղթին․ «Գնանք Հայաստան, բայց ոչ հիմա, որովհետեև հոն կոմունիզմ կա, ազատություն չկա, հավատ չկա, սպասեք, մի երթաք»։ Եւ եթե Հայր Անդրանիկը ներգաղթողների շարքում լիներ․․․ Ինչե՞ս կդասավորվեր նրա կյանքը, արդյոք կհրատարակվեի՞ն այն արժեքավոր ուսումնասիրությունները, որոնց թվարկումը այսօր այնքան էլ անհրաժեշտ չեմ համարում, բայց «Խոսեք ինծի հայ եկեղեցիի մասին» /2011/ ուսումնասիրությունը անթաքույց սիրով և մանավանդ մտահոգությամբ է գրված և զարմանալի բացճակատ խոստովանությամբ․․․

Արթուր Անդրանիկեան

ԽՕՍԷՔ ԻՆԾԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻԻ ՄԱՍԻՆ

Հատուած

Ի՞նչ է Եկեղեցին

Երբ «եկեղեցի» կ’ըսենք, կրնանք հասկնալ չորս պատերէ կազմուած այն աղօթավայրը, որ կիրակի կամ տօն օրերուն մեր աղօթքները կը մատուցանենք, ուր հոգեհանգիստ, մկրտութիւն կամ պսակ կը կատարենք: Այս իմաստով` Անի քաղաքը կոչուած էր «հազարումէկ եկեղեցիներու ոստան»:

Բայց Եկեղեցին, որուն մասին պիտի խօսինք, տարբեր նշանակութիւն ունի:

Յիսուս աշխարհ եկաւ փրկելու ո՛չ միայն իր ժամանակակից մարդիկը, այլ նաեւ անցեալ եւ գալիք բոլոր դարերու մարդկութիւնը: Այս նպատակը իրագործելու համար, Յիսուս աշխարհէն չմեկնած` ուզեց հիմնել կազմակերպութիւն մը, որուն նպատակը պիտի ըլլա Անոր փրկչագործ առաքելութիւնը շարունակել աշխարհի բոլոր ազգերուն մօտ: Յիսուս ուզեց որ մարդը մարդով փրկուի, առ այս` աշակերտներ ընտրեց, զանոնք առաքեալներ կարգեց, որոնց հաւատացող մարդոց ամբողջութիւնը «եկեղեցի» կոչուեցաւ, յունարէն ա՛յն բառէն որ կը նշանակէ հաւաքոյթ:

Եկեղեցին ունի ո՛չ միայն Քրիստոսէ ժառանգած հաւատք այլ նաեւ պաշտամունքի յատուկ վայրեր կամ աղօթատեղիներ (եկեղեցիներ):

Բայց հոս երբ կը խօսինք Եկեղեցիի մասին, յատուկ կերպով կը հասկնանք Քրիստոսի հիմնած հոգեւոր այն կազմակերպութիւնը, որուն աստուածաւանդ առաքելութիւնը կը կայանայ մարդիկը քրիստոնեայ դարձնելու եւ զանոնք առաջնորդելու դէպի երկնաւոր արքայութիւնը:

Եկեղեցին կը կազմէ մարմին մը, որուն անդամ կը դառնան բոլոր ազգերու ու ժողովուրդներու պատկանող մկրտուած այն հաւատացեալները, որոնք Յիսուս Քրիստոսը իբր Աստւած կը ճանչնան եւ Անոր քարոզած հաւատալիքները կը դաւանին: Եկեղեցին որպէս բազմազգի կազմակերպութիւն` ունի ընկերային հասարակական կառոյց, տնտեսութիւն, վարչակազմ: Եկեղեցին ունի հեղինակութիւնը` նշանակուած իր Հիմնադրին կողմէ որպէս յաջորդ Ս. Պետրոս առաքելապետի: Այս հեղինակութեան կը հնազանդին Եկեղեցիին պատկանող ամէնազգի եկեղեցականներն ու աշխարհական հաւատացեալները:

  • Hits: 15173

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: