Ուրուագիծ դիմանկարի համար. Արշակ Չօպանեան

․․․ «Նոր նամակ գրելու ատեն ուժ չունեցայ։ Ահռելի բան է դարձած նամակագրութիւնը իմ կեանքիս մէջ, հարիւրներով նամակ կը ստանամ,․ որոնց պէտք է պատասխանել, իսկ «Անահիտ»ի հետ կապ ունեցող նամակները զոր անընդհատ պէտք է գրել, անթիւ է, կը զարմանամ, թէ ինչպէ՞ս դեռ չեմ ապուշցած․․․

Այս տողերը չափազանց ազնիվ  ինքնախոսությունն են մի բանաստեղծի, գրական մշակութային բանիբուն երախտավորի, որը ավելի քան կես դար արևմտահայ գրականության, մշակույթի «հրապարակին տէրն էր»։ Հետեղեռնյա սերնդի Հայ դատի պաշտպան ամենահախուռն ու ընդվզուն մտավորականներից։

Արշակ Չօպանեանը /1872-1954/, ինչպես ընդունված է ասել, գրական ասպարեզ է իջել Ղ․Ալիշանի, Մ․Պեշիկթաշլյանի, Թ․Թերզյանի, Պ․Դուրյանի ազդեցությունը, շունչն ու ոգին դեռևս պահպանած այն տարիների /19-րդ դարավերջ/ Կ․Պոլսում։ «Երիտասարդական երևակայության արդյունք» /Հովհաննես Հովհանիսյան/ նրա առաջին «Արշալոյսի ձայներ» /1891/ ժողովածուից հետո կյանքի այլ ընթացք էր նախատեսված ապագա գրողի, մտավորական գործչի համար, առավել ևս, որ նրան հետագա տարիներին իրավմամբ պետք է համարեին մեր գրականության սյուններից։

Արշակ Չօպանեանի գրաքննադատական միտքը չափազանց ընդլայն և ծավալուն էր և մեծ ընդգրկումներ ուներ․ Խ․Աբովյանից մինչև փարիզյան 30-40-ական թվականների գրողները, բանաստեղծները, գրականագետները միշտ նրա սևեռուն հայացքի ուշադրության կենտրոնում են եղել։ Բեղմնավոր ստեղծագործական կյանքով ապրած մտավորականը, ըստ ժամանակակիցների, հարազատ զավակի հոգածությամբ է վերաբերվել իր հիմնադրած և տարիներ անընդմեջ Փարիզում հրատարակած «Անահիտ» գրական, մշակութային հանդեսին։ Ես բարեբախտություն ունեցել եմ Փարիզում, Բեյրությում, Հալեպում հանդիպելու Չօպանեանին ճանաչած մարդոց, և գրեթե բոլորն էր նրան հիշում էին բազմազբաղ փնտրտուքներից ուշքի չեկած, նրանց հավաստմամբ կարծես իրականությունից դուրս «ապրող» մեկն էր»։

Արդ, տեղն ու ժամանակը չէ ամենևին անդրադառնալու Արշակ Չօպանեանի գրականությանը․ ավելի շուտ ինձ հետաքրքրում է,- և այն չափազանց խնդրահարույց է,- մեր գրականության պատմության համար, ստեղծագործական բացառիկ և երկարատև ուղի անցած մտավորականի ժառանգության «նամականին», որը իմ պատկերացմամբ և համոզմամբ տասնյակ հատորներ կը կազմի, որի չնչին մասն է հրատարակվել /Արշակ Չօպանեան «Նամականի», Երևան, 1980/։

Ցանկացած գրող ճանաչելի ու արժևորելի է իր նամակներով, ստեղծագործական առնչություններով, սա դասական ընկալում է, անվերապահորեն։ Ա․Չօպանեանին այս վարքագիծը առավել ևս է վերաբերում։ Ընդունված է համարել, որ հայ քնարերգության հիմնադիր Պետրոս Դուրեանի առաջին կենսագիրներից է Ա․Չօպանեանը։ Եւ պատահական է, գուցե ճակատագրի կամոք Դուրեանի մահվանից /1871/ մեկ տարի անց ծնված լինելու հանգամանքը, և արդեն երիտասարդական տարիներից  վաղամեռիկ հանճարի ստեղծագործությամբ տարված լինելը, ուսումնասիրելու նրա անխոնջ ցանկությունը․․․ Ա․Չօպանեանի դիմանկարը, թեկուզև,- և բնականաբար,- համառոտ ուրվագծելիս, այնուամենայնիվ, նրա նամակագրական հարուստ ժառանգության հետ մեկտեղ չենք կարող զանց առնել հայ գրականությունը հին ժամանակներից մինչև 20-րդ դարակես օտար ընթերցողներին թարգմանաբար մատուցելու վիթխարի եռանդը։

Արշակ Չօպանեանի գրական-ստեղծագործական ողջ ժառանգությունը /գերազանցապես անտիպ, արևմտահայ և սփյուռքյան մամուլում ցրված/ սպասում է իր հոգածու ուսումնասիրողին, հրատարակչին։ Սա ոչ միայն սերունդների պարտքն է առ մեծանուն երախտավորը, այլ նաև արևմտահայ գրականության պատմության ուսումնասիրողներին բազում իրողություններ բացահայտելու հնարավորություն կընձեռնի։

Արթուր Անդրանիկյան

Արշակ Չօպանեանի նամակը Դանիէլ Վարուժանին

1906, յունիս 21, Փարիզ

Սիրելի պ․Վարուժան,

Ձեր քարտն ստացայ։ Գեղարուեստական Վենետիկին մէջ պիտի ստանաք «Անահիտ» մը, որ շատ քիչ գեղարուեստական է, պարունակութեան 9/10-ը քաղաքական և այդ էր հապաղման գլխաւոր պատճառը։ Նիւթի պակասը զիս չէ նեղած․ ընդհակառակն, «Անահիտ»ը շատ նեղ կը գտնեմ։ Միս մինակ ալ եթէ մնամ, դեռ երկու տարի «Անահիտ» լեցնելու չափ բան ունիմ ըսելու․․․ միայն միջոցները ունենալու եմ, նիւթական միջոցները։

«Սարսուռներ»էն դեռ ոչ մէկ հատ չէ ծախուած։ Գրեցի յօդուած մը Ձեր հատորիկին վրայ։ Պիտի հրատարակուի յաջորդ թիւին մէջ, որ լոյս պիտի տեսնէ օգոստոսի վերջը։

Ուրախ եմ իմանալով, որ այդտեղ կ՛ուսումնասիրէք մեր նախնեաց գրականութիւնը։ Ձեր մէջ կայ արդէն հայկական նոթը, զարգացուցէք, զօրացուցէք զայն։

Յ․Գ․

Ներողութիւնը մելանի անյարգելի ցայտքին համար, որ նամակիս թուղթն աղտոտեց։

Սիրով՝ Ձերդ Ա․Չօպանեան։

  • Hits: 1556

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: