Վլադիմիր Սորոկին. Գոձիլայի ոռնոցն ու Պիկաչուի ճիչը

 

 

Թռչնի թռիչքի բարձրությունից Տոկիոն նման է Նյու Յորքին ոչ այնքան հաջող ատոմային ռմբակոծությունից հետո․ քանդված երկնաքերերի կանեփաթելերի համածին զանգվածից ցցված են փրկված հարյուրհարկանի միայնակ աշտարակները։ Անվստահ հսկաների նման են կանգնած։ Կարեկցանք են պահանջում։

Տոկիոյի հեռուստաաշտարակի հինգսանտիմետրանոց ապակու միջով նայում ես դրանց, և ճապոնական հին բլոկբաստերում Արևելյան մայրաքաղաքը ոչնչացնող Գոձիլայի մռայլ ոռնոցն է մտքիդ գալիս։ Ձեռքդ կոկտեյլի բաժակին ես մեկնում․ 62-րդ հարկում «Լիչին[1]» թեթև, բայց արագ է խմվում։ Աչքը սովորում է այդ մարսյան քաղաքին, այն սրընթաց շառանգունվում է մայր մտնող արևի ճառագայթներում, տեսիլքի նման օրորվում է, մի պահ կախ է ընկնում Մորգանի շղարշի[2] նման, և արևն անհետանում է։

Դրա հետ նաև ցերեկային Տոկիոն։

Բռնկվում է գիշերայինը։ Բոլորովին ուրիշը։ Ոչ պակաս անհավանականը։ Ուրիշ հոտերով և գույներով։ Պայծառ, աղմկոտ, հանգստավետ փոթորկող։ Այն ոչ թե հայեցություն է պահանջում, այլ ներկայություն։ Հարկավոր է վճարել և անաղմուկ վերելակով գլորվել ներքև՝ Տոկիո։

Ուղղակի թափառել։ Տոկիոյով։ Երեկոյան։ Առանց նալելու, թե ուր։ Չափազանց հետաքրքրաշարժ զբաղմունք է, բայց ոչ հասարակ։ Ստիպված ես հրմշտել, շրջանցել, քայլափոխ անցնել, դանդաղել և արագանալ։ Հաշվի առնելով օտար մարմինները։ Ամբոխ, ամբոխ։ Եվս մեկ անգամ ամբոխ։ Աղացած մսի նման անկարգ կերպով դուրս է գալիս մետրոյից, վիթխարի խանութների երախն է գցում քեզ՝ Իսետան[3], Սեյու[4], Միցուկոշի[5], Տակաշիմայա[6], Մարուի[7]։ Ընդ որում՝ Տոկիոյի ամբոխը պաթոլոգիականորեն ագրեսիվ չէ։ Յուրաքանչյուր եվրոպացի իր հարաբերություններն ունի նրա հետ։ Գուցե այդ պատճառով է, որ բոլոր եվրոպացիները (երբեմն նաև սևամորթներն ու հնդիկները) ողջունում են քեզ փողոցում՝ մի տեսակ ամոթխած արտասանելով «Hello»: Կարեկցանքով նայելով աչքերիդ մեջ։ Իբր, ծերո՛ւկ, մենակ դու չես, որ այստեղ ես հայտնվել։ Այդ ավանդույթը, չգիտես ինչու, միայն Տոկիոյում է ապրում։ Եվրոպացիների տեսքը Տոկիոյի փողոցներում խղճահարություն է առաջացնում։ Այստեղ նրանք միշտ տգեղ են ու մտահոգված։ Նրանց անկենդան հայցքներից և գորշ դեմքերից ձանձրույթ է վրա հասնում, և ուտել ես ուզում։ Իսկ ուտելիքը Տոկիոյում երգ է՝ առանց բառերի։

Դրանք անթիվ-անհամար են։ Սպասում են ամեն քայլափոխի։ Գրեթե ամեն տեղ լավ են պատրաստում։ Ամեն դեպքում ջանում են։ Հնարավո՞ր են արդյոք բացթողումներ։ Միայն ոչ ճապոնական խոհանոցի ռեստորաններում։ Ուրեմն ի՞նչ կարիք կա այնտեղ գնալու։ Լազանիա[8] կամ ֆուա-գրա[9] ուտելը Տոկիոյում ձաա՜անձրալի է, պարոնա՛յք։ Ավելի լավ է իջնել նկուղ, որտեղ, օրինակ, միայն հնդկացորենի լապշա են ուտում՝ այրելու աստիճան տաք կամ սառույցով, ցանցի վրա։ Կարելի է գնալ ռեստորան, որտեղ հնարավորություն է տրվում, որպեսզի ինքներդ ձեզ ուտելիք պատրաստեք եռացող կաթսայի մեջ՝ այնտեղ գցելով խաչափառների աքցանաձև ճանկեր, խխունջներ, սնկեր, բանջարեղեն, իսկ հետո նաև մսե տեֆտելիներ։ Հնարավոր է հրմշտելով ազատ տեղ գտնել կոնվեյերային սուշի ռեստորանում, նստել հարյուրամյա պապիկի և շիկամազ օրիորդի միջև և դիմացդ շարժվող կոնվեյերի վրայից հափշտակել մի վայրկյան առաջ պատրաստված սուշիները։ Իսկ ավելի լավ կլինի ուղղակի մի ժողովրդական տեղ գնալ, որտեղ աշխատավորներ են հանգստանում։ Այնտեղ աղմկոտ և համեղ կլինի։ Մի սափորիկ սակե վերցնել, թյուննոսով սաշիմի, օնիգիրի (մարինացված սալորի կամ ձկան միջուկով բրնձե գդիկներ), տացուտա ագէ (թխվածքի նման խրթխրթան ձուկ), տոֆու սառույցի մեջ, շոգեխաշած շաղգամ, տապակած կակղամորթ, յակիտորի[10], և տոնն ապահովված է։ Եթե, իհարկե, կա մեկը, ով կարող է ընկերակցել․․․

Կեսգիշերին պորտֆելներով ճապոնացի պետական պաշտոնյաները դուրս են սողալու խորտկարաններից՝ կորցնելով պիջակներն ու բջջայինները։ Որպեսզի վերադառնան տուն և ընկնեն տատամիների վրա։ Կանայք լուռ կհանեն նրանց հագուստները, կծածկեն, ու միլիոնավոր զարթուցիչներ կդրվեն 6:30-ի վրա։ Առավոտյան կկերակրեն ճապոնական նախաճաշով (բրինձ, միսո ապուր, ձուկ)։ Եվ ոմն Նականո-սանը հեռավոր Միտակայից լեփ-լեցուն էլեկտրական գնացքով կգնա Կամիյաչո կայարան, որտեղ նրան սպասում է օդորակիչների վաճառքով զբաղվող արդեն բազում տարիներ փայլող կազմակերպությունը։ Կմտնի, գլուխ կտա։ Կանցնի իր աշխատատեղը։ Եվ կյանքը կզոհի հանուն Հայրենիքի Օդորակված Զով Օդի։

Շատերի վրա կարող է հայացքը կանգ առնել։ Ծայրաստիճան բազմազան ներկապնակ է․ կիսով չափ իջեցված զանգապաններով կապույտ համազգեստ հագած գայթակղիչ աշակերտուհիներից (այդ առումով Ճապոնիան դրախտ է Գումբերտ Գումբերտների[11] համար), համազգեստ հագած նրբակազմ և ոչ այնքան նրբակազմ ջահել տղաներից, անհավանական փողոցային փլեյբոյներից (մեկը, հիշում եմ, կանգնած էր Շինջուկու-դորի մարդաշատ կայարանում, սպիտակահեր էր, անթերի սև կոստյումով, վրայից արհեստական սպիտակ մորթուց կարված երկար վերարկու էր հագել և բացեիբաց սիրուն աղջիկներ էր կպցնում) մինչև սառնարյուն յապպիներ[12], սովորական հեծանվորդ ուսանողներ և տպավորիչ կոգյարու։ Նրանք ամենից շատն են աչքի ընկնում։ «Կո»՝ երիտասարդ, «Գյարու»՝ աղջիկ։ Ռուսերեն ասած՝ բարձր դասարանի աշակերտուհի։ Ցերեկը դպրոցական նստարանին է նստում և առանց ուղղվելու գրում։ Վերադառնալով տուն՝ ճչացող, վառ հագուստ է հագնում, շպարվում է, սարսափելի բարձր ներբաններով կոշիկներ է հագնում և վազում զվարճանալու։ Կոգյարուի ոճը Ճապոնիայում «tropical girl style[13]» են անվանում։ Չնայած ըստ իս՝ դա համատարած էկլեկտիկա է, XXI դարի և 1970-ականների թնդուն խառնուրդ․ բարձր ներբաններով կոշիկներ, կարճ կիսաշրջազգեստներ, ոչ սև մազեր, հիպպի-աղջիկ-68 սանրվածքներ, սպիտակ ստվերաներկերով կոպեր, ահռելի, արհեստական եղունգներ, որոնց վրա կան պատկերներ (լուսին+փաթիլներ+ձկնիկներ+աստղիկներ), վառ զիզի-բիզի բաներ և անփոփոխ բջջայինը՝ պուճուրիկ պոկեմոնով։ Մի խոսքով դպրոցական պոստմոդեռնիզմ։ Կոգյարուների՝ «Egg» ամսագրի, որը արտահայտիչ ու բարձրահունչ գովազդում է աքսեսուարներ բարձր դասարանների առաջադեմ աշակերտուհիների համար, գլխավոր նշանաբանն է «Get wild & be sexy[14]»։ Նրանց կուռքը միջատանման փոփ աստղ Համասակի Այումին է՝ թիթեռնիկի աչքերով և մոծակի ձայնով։ Հավաքույթի տեղը Շիբույա գերտեխնոգենային կայարանը։

Մեծամասամբ կոգյարու շարժումը հակազդումն է ավտորիտար դպրոցական համակարգին, որի համար անկյունաքարային են հնազանդությունը, աստիճանահարգությունը և «առողջ» կոլեկտիվիզմը։ Ճապոնական դպրոցում գոյակցում են բռնությունն ու ծաղրանքը․ սպիտակ ագռավի հալածումը «առողջ» կոլեկտիվի կողմից (ծնողները պետք է չմիջամտեն)։ Դպրոցականների ինքնասպանության դեպքերը հազվադեպ չեն։ Ինչ վերաբերում է ընտանիքին, այն իր հետնորդին նախապատրաստում է դաժան կյանքին սոցիալիստական կապիտալիզմի հասարակության մեջ (կորպորատիվ էթիկա+անձնազոհ աշխատանք+տարեկան 7 օր արձակուրդ+կենցաղային ճգնավորություն)։

Կարճատև ազատությունը համտեսելուց հետո կոգյարուներն ավարտում են դպրոցը՝ դառնալով ուղղակի գյարուներ, դադարում են ներկել մազերն ու կոպերը, հագնվում են բոլորի նման, համակարգի մեջ են ընկնում (սովորում են+աշխատում են), ամուսնանում են, որպեսզի գիշերը հանեն կորպորատիվ գինարբուքից սողալով վերադարձած սիրելի ամուսինների հագուստները և 6:30-ի վրա դնեն նրանց զարթուցիչները։ Իսկ առավոտյան Ուտադա Հիկարույի երգերի ներքո նախաճաշ պատրաստեն։

Մետրոն իսկապես անծայրածիր է։ Հարմարավետ և բարեկարգ։ Տասնյակ գծեր միաձուլվելով վերածվում են խելահեղ մանդալայի[15]։ Ամեն օր միլիոնավոր մարդիկ մտակենտրոնանում են դրա վրա։ Տոկիոյի ստորերկրյա երկաթուղին Լևիաթանի նման ցնցում է։ Բայց այնտեղ միշտ հանգիստ է և մաքուր, նույնիսկ աշխատանքային ամենալարված ժամերին։ Ճապոնացիները սիրում են կանգնած քնել։ Մետրոյում՝ եվրոպացու կրծքին քնելը շատ ճապոնացիների գաղտնի երազանքն է։ Այդպես մի օր առավոտյան համեստ հագնված ակնոցներով աղջիկը քունն առավ իմ լայն ռուսական կրծքին (օղակապտույտ երկաթգծի վրա՝ Իկեբուկուրոյից մինչև Ուենո)։ Քնել էր՝ կիսաբացելով թմբլիկ բերանը, ձեռքերում սեղմելով պորտֆելն ու բջջայինը։ Արթնանալով ներողություն խնդրեց։ Ինչի՞ համար։

Այնուամենայնիվ։ Արտաքին հարմարավետությամբ հանդերձ։ Բոլոր կենցաղային և հասարակական հարմարավետություններով հանդերձ։ Քաղաքը ժամացույցի նման է աշխատում։ Բայց նրա հոգին, ինչպես Փարիզ կամ Նյու Յորք, որպես զբոսաշրջիկ ներթափանցելն անհնար է․ կճողոպրի։ Մի՛ հավատացեք նրանց, ովքեր Արևելյան մայրաքաղաքի մասին դատողություններ են անում երկշաբաթյա ճապոնական տուրից հետո։ Դա վիթխարի այսբերգի մակերեսով սահք է ընդամենը․ Տոկիոն չի բացվել նրանց առաջ։ Այնտեղ պետք է ապրել։ Այդ ժամանակ այն ներս կթողնի։ Եվ մեկընդմիշտ կմխրճվի ձեր երազներում։ Եվ ձմռանը Լենինի պողոտայի վրա քնելով՝ կհիշեք, թե ինչպես էիք հուլիսյան հեղձուցիչ մի երեկո շուռ տալիս տաբատի խոնավ գրպանը (խոնավությունը 98%), որպեսզի հանեիք Մուսասինոյում գտնվող ձեր փոքրիկ բնակարանի բանալին․ հսկայական կանաչ լուսինը անձրևային ջրափոսում, անձրևից հետո վերակենդանացած կնճիթավոր ճպուռները պարտեզում, էլեկտրական գնացքը, օդորակիչի ճաղերի վրա նստած աղոթարարը, հեծանվորդների ձայները, սուշիի փաթեթը, «Կույր սամուրայը» ֆիլմի սկավառակը, մատնեմատի չսպիացող թեթև վերքը․․․

Իսկ ամռանը արթնանալով Ռուզայում[16]՝ Տոկիոյի կարճակյաց ձյան համը կզգաք շուրթերին։

 

[1] Ալկոհոլային խմիչք։

[2]Հազվադեպ հանդիպող բարդ օպտիկական երևույթ մթնոլորտում, որը բաղկացած է մի քանի տեսակի օդատեսիլներից, որոնցում հեռավոր օբյեկտները մի քանի հատ և տարբեր խեղաթյուրումներով են երևում։

[3] Isetan՝ ճապոնական հանրախանութ։

[4] Seiyu՝ ճապոնական սուպերմարկետների ցանց։

[5] Mitsukoshi՝ միջազգային հանրախանութների ցանց, որի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Տոկիոյում։

[6] Takashimaya՝ ճապոնական բազմազգ միավորում, որը ղեկավարում է հանրախանութների ցանց։

[7] Marui՝ մանրածախ ապրանքների վաճառքի ճապոնական ընկերություն։

[8] Իտալական ուտեստ։

[9] Ֆրանսիական սառը նախուտեստ։

[10] Ճապոնական ուտեստ, որ պատրասվում է հավի մսի կտորների՝ բամբուկե ձողիկների վրա անցկացման և ածուխի վրա խորովման եղանակով։

[11] Վ․ Նաբոկովի «Լոլիտա» վեպի գլխավոր կերպար, որի անունից պատմվում է պատմվածքը։

[12]Բարձր աշխտավարձով աշխատանք ունեցող կայացած երիտասարդներ, որոնք հագուստի մեջ գործնական ոճն են նախընտրում։

[13] Տրոպիկական աղջկա ոճ։

[14] Դարձի՛ր վայրենի և եղի՛ր սեքսուալ։

[15]Տիեզերքը ներկայացնող հոգևոր և ծիսակարգային խորհրդանիշ հնդկական տարբեր կրոններում։ Առօրյայում մանդալան ցանկացած սխեմայ, աղյուսակ, երկրաչափական նմուշ ներկայացնող  ընդհանուր եզրույթ է։

[16] Քաղաք Մոսկվայի մարզում։

 

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 2628

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: