2021 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացավ անգլիացի Աբդուլրազակ Գուրնան։ Արձակագիրը ծնվել և մեծացել է Զանզիբարում, որը Մեծ Բրիտանիայի տիրապետության ներքո է գտնվել։ Նա Անգլիա տեղափոխվել է որպես փախստական և իր գրական գործունեության ընթացքում հաճախ է անդրադարձել փախստականների խնդիրներին և գաղութատիրության հետևանքներն։ Ստորև ներկայացնում ենք նրա պատմվածքներից մեկը։

 

Կարծում եմ տեսավ, որ մոտենում էի, բայց ինչ-ինչ պատճառներով ձևացրեց, թե չէր նկատել։ Կագնել էի մեքենայի բաց ետնադռան մոտ և սպասում էի, թե երբ էր հայացքը բարձրացնելու։ Ծալեց թերթն ու դուրս սահեց դռնից՝ սաստիկ զզվանքով լի ակնթարթային հայացք գցելով վրաս։ Անշարժ կանգնած էի, զարմանքի սարսուռը քարացրել էր մարմինս։ Հնարավոր է, որ դա զզվանք չէր, այլ դժգոհություն գոյության տաղտկությամբ լի անխուսափելի հիասթափությունից, չկամություն։ Բայց այն զզվանքի էր նման։ Թեթևակի առաջ թեքեց կզակը՝ նշան անելով, որ ասեի, թե ինչ գործով էի եկել։ Երբ ասացի հյուրանոցի անվանումը, գլխով արեց, ասես դա նվազագույն խարդախություն էր, ասես սպասում էր, թե մի անհնարին տեղի անուն էի տալու։ Նստեցի դիմացը՝ նրա կողքին՝ մարտահրավեր նետելով գազանին, միևնույն ժամանակ տեղի տալով զայրալից հնարավորություններին, որոնք, ըստ երևույթին, արտաքինս էր ներշնչում նրան․ նստեցի նրա կողքին, որպեսզի տեսներ, որ այնքան էլ արժանի չէի այն զզվանքին, ինչպես որ սկզբում էր կարծել։ Չէի պատկերացնում, թե ինչպես կարող էի խուսափել նրա զայրույթից։

Մեքենայի նստատեղը անհարթ էր և կոշտ (ու կանաչ), դրա վինիլե երեսքաշը հնությունից ճաքճքել էր։ Սուր անկյունները հումամշակ կաշվի նման կծկված էին ու վերնաշապիկիս վրայից ծակեցին ինձ, երբ մեքենան դուրս եկավ տաքսիների կայանատեղից։ Մեքենայի վահանակի վրա դատարկ ծակեր էին, և խճճված լարեր կային, որոնց փոխարեն պետք է կրակայրիչը լիներ կամ ռադիոն, կամ էլ՝ պահախցիկը։ Ավելի ճիշտ դրանք այնքան էլ դատարկ չէին, ճմռթված թղթի կտորներ էին խցկած դրանց անկյուններում, իսկ ծակերից մեկից երկար օգտագործումից մոխրագույն դարձած լաթ էր կախված։

Երբ ճաշի ժամի խցանման մեջ ընկանք, դանդաղեցրեց ընթացքը, հայացքը գցեց պորտֆելին, որը ծնկներիս էի դրել։ Հետո բարձրացրեց հայացքը, որպեսզի դեմքիս նայեր, մինչդեռ ես ձևացնում էի, թե չէի նկատում նրա հայացքը։

-Ո՞րտեղից ես, - հարցրեց նա՝ տոնայնությունն այնպես փոխելով, որպեսզի հարցը պակաս կտրուկ լիներ, բայց միևնույն ժամանակ հնչեր այնպես, ասես մռնչում էր վրդովմունքից։

Այնուամենայնիվ հարցն այնպես տվեց, ասես սպասում էր, որ պետք է հնազանդվեի նրա՝ դրա մասին հարցնելու իրավունքին։ Unatoka wapi?[1] Նորից կտրուկ առաջ շարժվեցինք, հետ նստեց և ծալած արմունկը հենեց մեքենայի պատուհանին։ Նիհար էր և լարված, դեմքը սմքել էր քամահրանքի սպասմամբ։ Կամ ես էի այդպես մտածում, երբ շրջվեցի՝ ուշադրություն դարձնելու նրա հարցին։ Ինչ-որ տանջալից ու մռայլ բան կար նրա դեմքի մեջ, որն ինձ ստիպեց մտածել, որ նա վտանգավոր կյանք վարած մարդ էր, որն ունակ էր կանխամտածված դաժանության՝ սեփական ցավը հաղթահարելու համար։ Զզվանք ու վախ էի զգում սեփական հետաքրքրասիրությանս հանդեպ և ուզում էի, որ ճանապարհորդությունը հնարավորինս շուտ ավարտվեր։ Առաջին իսկ դառը հայացքից հետո պետք է միանգամից հեռանայի։ Նորից հայացք գցեց պորտֆելիս, և ժպիտի ստվեր անցավ նրա դեմքով՝ ծաղրելով այն, ինչը որպես մեծամտություն էր ընդունել։ Սուր, կոպիտ բռնակներով և անշնորհք ճարմանդով պլաստմասե էժանագին բան էր, որը, ըստ իս, ընդամենը մի քանի ամիս էր ծառայելու, և որն արժանի չէր այդպիսի խայթիչ, զննող հայացքի։

- Ո՞րտեղից ես, - հարցրեց նա՝ այս անգամ գլխով անելով դեպի պորտֆելը:

- Uingereza[2], - ասացի ես, - Անգլիա։ Հանգիստ ու ցրված էի խոսում, որպեսզի ցույց տայի, թե որքան անհետաքրքիր էր ինձ համար խոսակցությունը։

Կամաց փնչացրեց․

-Ուսանո՞ղ ես։

Ուզում էր ասել, արդյոք նրանցից մեկն էի, ովքեր հեռանում էին, որպեսզի հաջողությունների հասնեին աշխարհում, և վերադառնում էին լիքը պատմություններով և էժանագին պորտֆելով։ Արդյոք այն անհաջողակներից մեկն էի, ով ամոթալի աշխատանք էր կատարում, բայց անվերջանալի հետազոտությունների և հնարամիտ գործարքների մասին էր պատմում, որոնք օրերից մի օր փոքր ունեցվածքի էին վերածվելու։ Չարախինդ դեմքով սպասում էր, թե ինչ պատասխան էի տալու։ Սպասում էի, որ ասեր, թե ինչպես էր ստիպված եղել մնալու և խնամելու հիվանդ ընտանիքին, մինչ բոլորը փախչում էին, չնայած որ ուսուցիչներն ու դաստիարակները մեծ հույսեր ունեին նրա հետ կապված, երբ երիտասարդ էր։ Ասացի, որ ուսուցիչ եմ, և նա նորից փնչացրեց, բայց այս անգամ ոչ երկիմաստ։ Եվ վե՞րջ։

Ճաշի ժամի ամբոխներն իրենց մշտական վազքի մեջ էին՝ փողոցով սլանալով, հենց որ վարորդը մի փոքր երկմտում էր։ Տաքսու վարորդը վրդովվում էր այդ համարձակությունից և ազդանշանն էր սեղմում ամեն անգամ, երբ դիմացի մեքենան թույլ էր տալիս հետիոտներին հաղթել վարորդին։ Մի խումբ հնդիկ պատանի դպրոցականներ աշխույժ զրուցելով անցնում էին մեքենաների արանքով  ու լսեցին մեքենայի երկար ազդանշանը և վարորդի կծու խոսքերը։ Անպետքներ։ Ի՞նչ են խաղում։ Ամենաաշխույժ երթևեկությունը փոստի մոտ էր։ Մարդկանց ամբոխները գնում էին մայթերով․ վերնաշապիկներով և փողկապերով որոշ տղամարդիկ շտապ-շտապ էին քայլում, մինչդեռ մյուսները չէին շտապում՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով, որպեսզի նայեին փողոցային առևտրականների անպետք ապրանքներին։

- Uingereza, - ասաց նա՝ երգեցիկ արտաբերելով անվանումը, երբ թեքվեց նավանորոգարանների կողմ, որտեղ գտնվում էր իմ հյուրանոցը։ - Uingereza, - կրկնեց նա, - շքեղության երկիր։

- Դուք երբևէ եղե՞լ եք այնտեղ, - հարցրի ես և անակնկալ թերահավատություն լսեցի ձայնումս։ Դո՞ւք։ Անպատկառ ու ինքնասիրահարված մշակույթի դեմ այդ ամբողջ պայքարից հետո այդպիսի պատահական բնորոշում տալ այդ թշվառ տեղին։ Շքեղության երկիր։

Տաքսու վարորդը կատաղությամբ սեղմեց ազդանշանը, որպեսզի ազատվեր մեքենայի դիմացի ջրով սայլակից։ Համարյա մեկ րոպե նա ասես խորապես վիրավորված էր ջրավաճառի գոյությամբ, գոռում ու ձեռքերն էր թափահարում պատուհանից, թվում էր, թե ցանկացած պահի կարող էր դուրս թռչել մեքենայից ու գետնին տապալել ջրի տարաներով սայլակը։ Նավանորոգարանի աշխատակիցները, որոնք իրենց ճաշն էին առնում ճանապարհամերձ կրպակներից, ու որոնք ջրավաճառի հաճախորդներն էին, ուրախ ձեռքով էին անում տաքսու վարորդին։ Վարորդը մեքենայով շրջանցեց սայլակը և երկար սեղմեց ազդանշանը։

-Բարեկամներ ունե՞ք Անգլիայում, - հարցրի ես։ Անգամ չէի կարող պատկերացնել, որ նա, ով այդպիսի վատ տրամադրությամբ էր  ապրուստ վաստակում՝ վարելով այդ հնամաշ տաքսին, որով երթևեկում էինք, կարողանար գոնե մեկ գիշերով գարշահոտ հյուրանոց և նախաճաշ թույլ տալ իրեն  այդ շքեղության երկրում։

-Նախկինում այնտեղ էի ապրում, - ասաց նա, հետո շրջվեց, նայեց վրաս ու քմծիծաղ տվեց։

Այժմ դուրս էինք եկել գլխավոր փողոցից ու շարժվում էինք նավանորոգանների հետևի ծուռումուռ ճանապարհներով, պահեստների և գնացքաքարշային բակերի մոտով, որոնցից հետո իմ հյուրանոց էինք հասնելու։ Վարորդը ստիպված էր ուշադրությունը կենտրոնացնել կիրճերի նման խորը փոսերով ու երկաթգծերի ուղղաբերձ պատվարներով ոլոր-մոլոր փողոցի վրա։ Սկսեց խոսել, բայց ճանապարհային արգելքները մեկը մյուսի հետևից արագ-արագ դուրս էին գալիս նրա դիմաց, և նա տարուբերեց գլուխը՝ չցանկանալով փչացնել իր պատմությունը։ Խենթություն էր, որ հյուրանոցը գտնվում էր այնտեղ՝ դեն նետված տեխնիկայով և աշխատակիցների աղբով լի բակերի մյուս կողմում, բայց հյուրանոցը մինչև նավանորոգարանների ու երկաթգծերի՝ ավերակների վերածվելն ու մինչև ճանապարհի վախճանն արդեն այնտեղ էր։

-Մի մալայուհի ունեի, այն եվրոպացի անբարոյականներից։ Նա էր ինձ տարել այնտեղ, հետո Ֆրանսիա և նույնիսկ Ավստրալիա։ Ուր ասես, որ չենք եղել։ Նա էր ամեն ինչի համար վճարում։ Նման պատմություններ ես լսում մարդկանցից ու մտածում, թե ստում են՝ երազելով եվրոպացի անխելք և ունևոր անբարոյականների մասին։ Ես էլ էի այդպես մտածում, մինչև որ չգտա իմ մալայուհուն։

Այդ պահին նա արդեն կանգ էր առել հյուրանոցի դիմաց, իսկ մեքենան չեզոք ռեժիմի վրա դրված ցնցվում էր։

-Սլի՛մ։ Ինձ Սլիմ էր անվանում, - ասաց նա, երբ վերցնում էր ուղեվարձը, և այդ հիշելիս ժպտալուց դեմքը լայնացավ։ - Անունս Սալիմ է։ Միշտ փոստի՝ տաքսիների ավտոկանգառում եմ կանգնում։ Արի՛, երբ ուզես։

Պատահական էի գտել այդ հյուրանոցը։ Միգրացիոն ծառայության աշխատակիցը բացատրեց, որ չէր կարող մուտքի թույլտվություն տալ ինձ, եթե հարցաթերթիկումս չնշեի որևէ հասցե։ Խնդրողական տոնով ասաց, որովհետև անձնագրումս տեսավ ծննդավայրս, ու սկսեց խանդավառությամբ խոսել Զանզիբարի մասին, որտեղ ինքն էլ բարեկամներ ուներ։ Ցույց տվեց հյուրանոցների ցանկը։

-Որն ուզում եք, - ասաց նա։ - Հետո կարող եք չմնալ այնտեղ։ Ընդամենը հարցաթերթիկի համար է։

Ընտրեցի մեկն ու երբ օդանավակայանի մոտ տաքսի գտա, դա միակ անվանումն էր, որ կարողացել էի մտապահել։ Դրա անառիկությունն ու գնացքաքարշային բակերի և պահեստների ոչ աշխատանքային ժամերի վախեցնող լռությունն ինձ հարմար էր, քանի որ դա նշանակում էր, որ ոչ ոք ինձ հյուր չէր գա, ինչպես որ կանեին, եթե կանգ առնեի քաղաքի մյուս կողմում գտնվող իրենց խաղատներն ու լողավազաններն ունեցող փայլուն պալատներում։

Դրա համար անսպասելի էր, երբ հաջորդ երեկո ընդունարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ հյուր ունեի։ Իհարկե, Սալիմն էր։ Երբեք մտքովս չէր անցնի, որ կգար, բայց հիմա, երբ արդեն այդտեղ էր, թվում էր, որ ամենասկզբից էլ գիտեի, որ գալու էր։ Սպիտակ ծաղիկներով և կապույտ կանոեներով մետաքսանման, կարճաթև կանաչ վերնաշապիկ էր հագել, որի կրծքային գրպանից երևում էր արևային ակնոցի մի կոթը։ Նրա վելվետից ջինսը ազատ էր վրան, և ճարմանդով գոտիով փոթեր էր տրված գոտկատեղի հատվածում։ Պնդեց, որ խմիչք հյուրասիրեր ինձ, և մի բաժակ էլ բարմենին հյուրասիրեց։ Բարը գրեթե դատարկ էր․ բացի բելգիացի զույգից, որը հյուրանոցի սեփականատերն էր, ու որը զվարճացնում էր իրենց ընկերոջը՝ ուրիշ մարդ չկար։ «Ces gens sont impossibles[3], - ջղային ասաց նրանց հյուրը՝ կատարյալ վստահությամբ բարձրացնելով ձայնը»։

Սլացիկ, խնամված, սեփական արժանապատվության զգացմամբ լի քառասունին մոտ կին էր։ Սալիմը հայացք գցեց երեք եվրոպացիների վրա, ասես հասկանում էր, թե ինչ էին ասում, բայց նրանք կարծես չէին էլ նկատում նրան։

- Սրանք ինքն է առել՝ իմ մալայուհին, - ասաց Սալիմը՝ թեթևակի քաշելով փայլուն վերնաշապիկը և ավելի ուժեղ բռնելով վելվետից ջինսը։ Ժպտում էր՝ այս անգամ առանց ծաղրանքի, և դեմ չէր, որպեսզի բարմենը մեզ միանար։

-Ուզո՞ւմ եք իմանալ՝ ինչպես էր գտել ինձ, - սպասեց, մինչև ես և բարմենը գլխով անենք։ - Լա՛վ, կպատմեմ։ Թումբիլի հյուրանոցի մոտ էր՝ հյուսիսային ափին։ Գիտե՞ք այն։ Հյուրանոցի մուտքի մոտ՝ ծառի տակ կանգնած էր, ասես ինչ-որ մեկին էր սպասում։ Սովորաբար նրանք չեն երևում, մինչև որ հյուրանոցի սպասավորները չեն գալիս մեր հետևից ծառուղի։ Տեսե՞լ ենք՝ ինչ են հագցնում այդ պավիաններին։ Իջեցնում են նրանց բլուրներից, թիթեռնաձև փողկապներ ու դեղին կրծքապնակներ են հագցնում նրանց, և հետո ստիպում, որ վճարեն դրանց համար։ Ես գիտեմ։

Բարմենը սպիտակ վերնաշապիկ, սև թիթեռնաձև փողկապ և դեղին գոգնոց էր կրում, և հավանաբար ինքն էլ էր վճարել իր կոստյումի համար, բայց ամենևին էլ անհարմար չզգաց։

-Ամեն դեպքում, - շարունակեց Սալիմը, - ենթադրեցի, որ նա սպասում էր, մինչ իր հետևից գային, բայց մտածեցի, որ այնուամենայնիվ պետք է փորձեի։ Երիտասարդ չէր, բայց ոչ էլ շատ ծեր էր։ Գիտեք, մի քիչ լսեց, թե ինչպես էի սովորականի նման պատմում կառավարության կողմից սահմանված գնացուցակով շրջագայությունների մասին, ու հետո նստեց մեքենան։ Մի ամբողջ օր պտտում էի նրան՝ Մալինդի[4], Վատամու[5], Տակաունգու[6]։ Ամեն ինչ պատմեցի այդ վայրերի մասին՝ հորինելով, երբ ուզում էի, կամ երբ դժվար հարցեր էր տալիս։ Երեկոյան, երբ հյուրանոց էինք վերադառնում, ստիպեց լողափի մոտ կանգնել, և արեցինք դա այնտեղ։ Ավազին, մաքուր օդին, ինչպես երկու շներ։ Ու այդպես ամեն օր։ Առավոտյան վերցնում էի նրան, տարբեր տեղեր էի տանում, պատմություններ պատմում, իսկ երբ մթնում էր, տանում էի լողափ։ Մի քանի օր հետո ասաց, որ Ulaya[7] մեկնեմ նրա հետ։ Ամեն ինչ կարգավորեց։ Տոմսեր, անձնագրեր։ Ամեն ինչի համար ինքն էր վճարում։

-Երևի լավն ես եղել այն լողափում, - ասացի ես դժկամորեն, որպեսզի մի բան ասեի, որովհետև չէի հավատում, որ պատահաբար հանդիպած որևէ կին կարող էր նայել Սալիմին և վտանգ չտեսներ, և այնուամենայնիվ չէի ուզում աֆրիկացի աքլորի նկատմամբ եվրոպական անզուսպ տարփանքի մասին ևս մի պատմություն լսել։ Բարմենն անձայն ծիծաղեց, և Սալիմը հերթով նայեց մեզ․ մի փոքր նեղացած տեսք ուներ։

-Սլի՛մ կոչիր ինձ, - ասաց նա, հետո դատարկեց բաժակն ու թեթևակի հրեց դեպի ինձ։ - Այնքան էլ մեծ գումար չի, եթե Եվրոպայից ես գալիս։ Դու ինքդ էլ գիտես։ Բայց ամեն դեպքում բավականին շատ փող ուներ։

Վճարեցի նրա խմիչքի համար և էլի մի քանի պատմություն լսեցի նրա մալայուհու մասին։ Մալայուհին ամուսնալուծվել էր, վերցրել իր բաժին փողն ու որոշել ճանապարհորդել։ Նա Սալիմին տարել էր Լիվերպուլ, որտեղ ծնվել էր, և որտեղից ծնողներն արտագաղթել էին Ավստրալիա, երբ ինքը դեռ երեխա էր եղել։ Դժվա՞ր էր Սալիմին նրա հետ։ Սալիմը ուսերը թոթվեց։ Մալայուհին ամեն ինչի մասին հոգ էր տանում, տարբեր բաներ էր ցույց տալիս նրան, և այդ քածն ամեն օր ուզում էր սիրով զբաղվել, երբեմն օրական երկու-երեք անգամ։ Դժվար չէր։ Մի քանի շաբաթ մնացին այնտեղ։ Մի երկու ընկեր էր ձեռք բերել, որոնք մոտակայքում էին ապրում։ Երկուսն էլ մուսուլման էին, մեկը սոմալացի էր, մյուսը՝ մավրիկացի։ Նրանք ասացին Սալիմին, թե ինչպես կարելի էր գործազրկության նպաստ ստանալ։ Դրանից հետո շքեղ կյանքով էին ապրում իր մալայուհու հետ։ Անգլիական կառավարությունը շատ հիմարն էր։ Լիվերպուլը սևերով, կոպիտ տականքներով լի էր, որոնք անում էին այն, ինչ ուզում էին, իսկ կառավարությունն ուղղակի փող էր տալիս նրանց։ Անգլիացի կանայք միշտ ձեռք էին տալիս նրան, շոյում նրա մազերը, հպվում նրան ու խմիչք հյուրասիրում։ Դրանից մի քանի րոպե հետո հրաժեշտ տվեցի ու հեռացա՝ պատճառաբանելով, թե մի քանի նամակ ունեի գրելու։

Հաջորդ երեկո Սալիմը վերադարձավ՝ մեկ այլ ծաղկավոր վերնաշաապիկ հագած։ Ընդունարանի աշխատակցին խնդրել էի ասել, որ համարում չեմ, բայց հավանաբար նա այլ պարտականություններ ուներ, որոնք ինձ համար անհասկանալի էին։ Մտածեցի՝ կարող էի ի միջի այլոց մի երկու բառ փոխանակել ու անցնել սեղանի մոտով, բայց տեսա, որ ուրիշ երիտասարդ է հերթապահում։

-Ավստրալիայում եմ գնել սա, - ասաց Սալիմը՝ ցույց տալով իր վերնաշապիկը։ - Մի քանի օր Ֆրանսիայում անցկացնելուց հետո ուղևորվեցինք այնտեղ։ Բեթի։ Անունը Բեթի էր։ Բեթանիա՝ ինչ-որ կրոնական անուն, բայց ինքն իրեն Բեթի էր կոչում։ Կուզե՞ս վաղը երեկոյան ակումբ գնալ։ Դեռ մի գիշեր էլ այստեղ ես, այնպես չէ՞։ Մաջենգոյի[8] մյուս կողմում լավ տեղ կա։ Առանց այս տուրիստական աղբի։ Վաղը կգնանք այնտեղ։ Ավստրալիացի կանայք անընդհատ դա են ուզում, բայց նրանց տղամարդիկ ցանկասեր չեն։ Դրա համար նրանց կանայք միշտ այրվում են։ Բոցավառվում են թեժ կրակով։ Իսկ իմ մալայուհին դեմ չէր, որ գնայի նրանց հետ։

Է՛լ ավելի շատ մանրամասնություններ կային դրա հետ կապված, որ կանայք անում էին նրան տեսնելու համար, իսկ հետո անամոթաբար մերժում։

-Ի՞նչը ստիպեց քեզ հետ վերադառնալ, - վերջիվերջո հարցրի ես՝ փորձելով ամփոփել պատմությունը։

-Վաղ թե ուշ պետք է դադարես խաղալ, - արհամարհանքով ասաց Սալիմը, - ու վերադառնաս, որպեսզի քոնոնց հետ լինես։ Ցանկացած այլ տեղ վերջում ծաղրածու ես դառնում։

Լավ պահ էր հրաժեշտ տալու համար, բայց Սալիմը գործնական էր տրամադրված ինձ բաց չթողնելու հարցում։ Բռնել էր դաստակիցս, մինչ իմ հաշվին ևս մի բաժին խմիչք էր պատվիրում։ Բարմենը սպասարկեց մեզ, ստիպեց ստորագրել անդորրագիրն ու գնաց՝ ջանասիրաբար հայացքը հեռացնելով Սալիմի՝ դաստակիս դրված ձեռքից։ Բարում մենակ էինք։ Հենց որ խմիչքները հայտնվեցին մեր առաջ, քմծիծաղով բաց թողեց ինձ՝ սառը հետք թողնելով այնտեղ, որտեղ բռնել էր ձեռքս։ Վեր կացա, որ հեռանայի, ու տեսա, որ ինչ-որ բան էր ուզում ասել, բայց մտափոխվեց։

-Իսկ քո խմի՞չքը։ Ոչինչ, ես կխմեմ։ Ուրեմն՝ մինչ վաղը, - ասաց նա։ - Ակումբի մասին չես մոռացել չէ՞։

Այդ օրը որոշել էի մի քանի այցերի և հարցազրույցների մասին նշումներս գրի առնել, որոնք հավաքվել էին նախորդ շաբաթվա ընթացքում, և դա ամենավատ բանն էր, ինչ կարելի էր անել, մինչ մոտենում էր Սալիմի այցը։ Նշումներ գրի առնելը ո՛չ առաքինություն էր, ո՛չ տանջանք, որը կարողանար շեղել կամ հուզել, ընդամենը ձանձրացուցիչ ուշադրություն իրադարձությունների հանդեպ, որոնց ներգործությունն արդեն անցել էր։ Երեկոյին մոտ ինքս ինձ համոզեցի, որ հիմարություն էր այդքան բծախնդիր լինելը։ Գնացել էի, որպեսզի պարզեի այն ամենը, ինչ կկարողանայի, սակավաճանաչ բանաստեղծ Պանդու Կասիմի մասին, որը դարի սահմանագծին ապրում էր այնտեղ, որպեսզի տեսնեի, թե արդյոք կկարողանայի ինչ-որ բան իմանալ նրա մասին, իսկ Մաջենգոյի մյուս կողմում գտնվող ակումբը ոչ մի կապ չուներ դրա հետ։ Բայց դրանից ոչ մի վնաս չկար, նույնիսկ կարող էր օգնել։ Իմ հարցուփորձերը ոչ մի հետաքրքիր բան չբացահայտեցին Պանդու Կասիմի մասին, իսկ Սալիմի ակումբը կարող էր։ Երբեք չէի ցանկանա նմանատիպ տեսարժան վայրեր տեսնել, և ուրախ կլինեի ասել, որ լավ գիտեի քաղաքը՝ առանց ծանոթ լինելու դրա անպարկեշտ, մութ կողմերին, բայց ինչ վնաս կարող էր դա հասցնել՝ բացի սրտխառնոցից։ Անհամբեր սպասում էի, թե երբ էի մտնելու Սալիմի ընկերական շրջապատ, որոնցից մազերս ցից-ցից էին կանգնելու, ինչպես որ Սալիմից, բայց երկու օրից քիչ ժամանակ ունեի մինչև Անգլիա վերադառնալս։ Չէի կարող պատկերացնել, թե ինչքան փորձանքների մեջ էի ընկնելու այդ կարճ ժամանակահատվածում։ Գրառումները պետք է սպասեին, իսկ ես հավանաբար ձանձրալի երեկո պետք է անցկացնեի ծիծաղելու աստիճան դյուրահավատ կանանց նկատմամբ տարած սեռական հաղթանակի մասին պատմություններ լսելով, բայց մի՞թե դա ավելի լավ չէր, քան փորձել ազատվել Սալիմից և նրա կատաղության ու չարության առարկան դառնալ։

Այնպես որ երբ մոտեցավ Սալիմի գալու ժամանակը, ես արդեն պատրաստեի նրա հետ հանդիպմանը։ Նույնիսկ սկսեցի մտածել, որ չէր գա միայն նրա համար, որպեսզի պատժեր իր պատմության հանդեպ ցուցաբերած թերահավատությանս համար։ Մռայլ նստած էր իր մեքենայի մեջ, երբ իջա և քթի տակ ասված ողջույնից հետո մեքենան նստեցի։ Նման հիասքանչ ընդունելությունը ստիպեց վատ կանխազգացումից դողալ։ Ինչո՞ւ ուղղակի չասացի նրան, որ հեռանա։ Դիմացս էի նայում՝ ուշադրություն չդարձնելով, թե ուր էինք գնում, չնայած հրաշալի պատկերացնում էի, թե որտեղ էինք։ Բայց հավանաբար ուշադրությունս շեղվել էր, որովհետև հանկարծ հասկացա, որ Սալիմը թեքվել էր մայրուղուց և խորդուբորդ ու քիչ լուսավորված ճանապարհով էր գնում։ Շուրջբոլորը թփեր էին։ Մեքենայի լուսարձակների հորիզոնական ճառագայթներն ավելի շատ էին ճնշում, ասես գետնի տակ լինեինք։ Հաճելի, քամոտ երեկո էր, բայց այդ թունելում օդը խոնավ էր, և խոնավ հողի հոտ էր գալիս։ Սալիմը շրջվեց, որպեսզի հայացք գցեր վրաս, և տեսա, որ քմծիծաղ էր տալիս։

-Բան չմնաց, - ասաց Սալիմն ու սկսեց քթի տակ երգել։

Խավարչտին գիշերվա մեջ շունը վնգստաց, իսկ մի ակնթարթ հետո մուգ թփերն ալեկոծվեցին անցուղու հնչյուններից։ Մի ակնթարթ հետո էլ՝ մուգ, վիթխարի ծառերը։ Տներից մեկի մոտ մեկ ուրիշ մեքենա էր կայանված։ Հավանաբար ևս երեք կամ չորս տներ կային այնտեղ, բայց նման լուսավորմամբ անհնար էր որոշել։ Սալիմը մեքենան կայանեց մյուս մեքենայի կողքին, և իջանք։ Պարզվեց՝ ակումբը կավաշեն և հյուսածո տան՝ նավթայրոցով վատ լուսավորված նախասենյակ էր։ Եվս երկու տղամարդ արդեն այնտեղ էին, ողջունելու համար ոտքի կանգնեցին, ասես սպասում էին մեզ։

-Անգլիայից ժամանած մեր հյուրն է, - քմծիծաղ տալով՝ ասաց Սալիմը։

Տղամարդկանցից մեկը մոտավորապես Սալիմի տարիքին էր, ու ճիշտ այդպիսի դժգոհ տեսք ուներ։ Մյուսն ավելի երիտասարդ ու խոշոր էր, հայացք գցեց վրաս, և ակամա քմծիծաղ տեսա նրա շուրթերին։ Անունը Մաջիդ էր։ Սկզբում տարեց տղամարդու անունը չլսեցի։ (Պարզվեց՝ Բուդա էր)։ Մինչև անհարթ, հին սեղանի շուրջ նստելը Մաջիդը գարեջուր պատվիրեց։ Միջին անորոշ տարիքի կին հայտնվեց հետնասենյակից՝ սևացած թևատակերով պիրկ, հնամաշ զգեստ հագած։ Գլուխը նույն կտորից կարված շարֆով էր ծածկված, իսկ գոտկատեղին գունաթափ կանգա[9] էր կապված։ Մի քանի րոպե բուռն կատակներից ու հարկադրական զվարճանքից հետո նորից հեռացավ՝ զվարթ ընկերներիս համար կերակուր պատրաստելու։

Գարեջրի դատարկ շշեր էին դրված սեղանին, և այնտեղ էլ մնալու էին որպես հարբեցողների սխրագործությունների հաղթանշան։ Մաջիդի և մյուս տղամարդու շշերը կիսով չափ էին լցված, որոնցից ժամանակ առ ժամանակ կում էին անում՝ գոռոզաբար շուրթերին մոտեցնելով դրանք, երբ գարեջուրը փրփրում էր։ Ոչ մի գավաթ չկար տեսադաշտում։ Բոլորովին այլ բան էի պատկերացրել, երբ Սալիմն ասաց, որ պետք է բար գնայինք, այլ ոչ թե անտառի մռայլ տուն, որտեղ տղամարդիկ հավաքվում էին՝ թաքուն խմելու։

-Էլի կբերեն, - հանգստացնելով ասաց Բուդան։

Նրա դեմքը հազիվ զսպված ցասման ու թախծի, մռայլ զայրույթի խառը արտահայտություն ուներ, որը նաև Սալիմի մոտ էի տեսնում։ Գուցե պատճառը խմիչքն էր։ Պետք է լուրջ, նույնիսկ մոլի մարդ լինեիր, որպեսզի կարողանայիր հարբեցող լինել այդ մուսուլմանական քաղաքում, որտեղ զգուշավորությունն անհնար էր, իսկ մերկացումն՝ անխուսափելի։ Հնարավոր է զանցանքի մեղքն էր ցասումնալից արհամարհանք ծնել սեփական անձի նկատմամբ, կամ էլ դեֆիցիտի մշակույթում հասանելի կործանարար թույնի օգտագործման անհրաժեշտությունը։ Կամ գուցե չթուլացող զայրույթն էր, որ նրանց նման մարդկանց ստիպում էր խմել՝ անկախ ամեն ինչից։ Ես ի՞նչ իմանայի։

-Ոնց տեսնում եմ, այսօր նեղություն չեք քաշել գնալ մագրիբին[10], - խռպոտ դժգոհությամբ ասաց Սալիմը՝ գլխով անելով դեպի սեղանին դրված դատարկ շշերը։ Երկու տղամարդիկ ծիծաղեցին նրա հեգնանքի վրա, Սալիմը դժկամորեն ժպտաց, նրա նիհար դեմքը մի պահ կնճռոտվեց։ Այնպիսի տեսք ուներ, ասես այրվում էր։

Բուդան կարճահասակ էր և թմբլիկ, նույնիսկ գեր, բայց մարմինը ձիգ էր և պինդ, ասես նրա գերությունը ոչ թե կապված էր շփացման, այլ ինչ-որ ավելի շրջահայաց բանի հետ, քան ուղղակի հաճույքն էր։ Խոժոռ հայացք գցեց վրաս, մինչև սկսեց այշխուժ և հրեշաբար խոսել։

- Uingereza-ի նորություններից պատմի՛ր մեզ։ Ճի՞շտ է, որ այնտեղ գնացքներ կան, որոնք ջրի տակով են գնում։

-Ապա այս վայրենուն լսե՛ք, - գոռաց Սալիմը։ - Երբևէ մետրոյի մասին լսած կա՞ս։

-Քո պատճառով այս անգլիացին կկարծի, թե բոլորս քեզ պես տգետ ենք, - ասաց Մաջիդը՝ առանց մի կաթիլ սիրալիրության։

Պատռված և կեղտոտ վերնաշապիկով աղջիկը դուրս եկավ ներսի սենյակից՝ երկու շիշ գարեջուր բերելով։ Նրա հայացքը բացարձակ դատարկ էր, որոշակի կենտրոնացվածությամբ նայում էր այն ամենին, ինչին բախվում էր։ Շշերից մեկը իմ առջև դրեց։ Երբ կռացավ, թևատակի ճեղքից տեսա, որ նրա մարմինը լիքն էր ու երիտասարդ։ Մյուս շիշը դրեց Սալիմի առաջ, որը շոյեց նրա նստատեղն ու ստիպեց նրան դեմքը ծռմռել։

-Ազիզա, Ուլայայի մեր ընկերը քեզ է ուզում, - կտրուկ ասաց Մաջիդը՝ ծիծաղելով այնպես, ասես երկու բարձր հաչոց արձակեր։

Թեթևակի հետաքրքրությամբ աղջիկը նայեց ինձ։ Այնուհետև մնաց կանգնած, ասես սպասում էր, թե հետո ինչ էր կատարվելու։

-Գնա՛ նրա հետ, - ասաց ինձ Սալիմը՝ դիակի նման քմծիծաղ տալով։ Տեսա, որ Ազիզան նորից ծամածռեց դեմքը։

Հայացք գցեցի աղջկա, նրա սրածայր, փոքրիկ դեմքի և սլացիկ, երիտասարդ մարմնի վրա, ու ոչ մի դիմադրություն չտեսա։ Տարուբերեցի գլուխս, իսկ աղջիկը հայացքն իջեցրեց։ Մաջիդը ծիծաղեց և ոտքի կանգնեց։ Աղջիկը հետ շրջվեց՝ դեպի ներքին սենյակ, մատներն արդեն քանդում էին վերնաշապիկի կոճակները, երբ Մաջիդը վեհ տեսքով գնում էր նրա հետևից։ Բուդան մեղմ ժպտաց ու սկսեց հարցեր տալ Անգլիայի մասին։ Դրանց մեծամասնությանը Սալիմը պատասխանեց՝ ժամանակ առ ժամանակ ձայն տալով ինձ, որպեսզի մի երկու հաստատող խոսք ասեի։ Մի պահ ինձ թվաց, թե կտրուկ ձայն լսեցի, որից կերոսինե լամպի կրակը առկայծեց։ Մաջիդը կարծես շատ երկար մնաց այնտեղ, իսկ երբ դուրս եկավ, նրա փայլուն դեմքն առողջությամբ էր շողշողում։

-Ծարավեցնող գործ է, - ասաց նա և ձգվեց վերցնելու այն, ինչ մնացել էր նրա շշի մեջ։ Դատարկեց շիշն ու հաղթական ժպիտով դրեց սեղանին։ - Կարծում եմ անգլիացու հերթն է։

Կանչեցին Ազիզային, շատ չանցած եկավ, նրա հայացն առաջվա նման դատարկ էր, բերանի անկյունները՝ կախ։ Գարեջուր պատվիրեցի նրանց համար և Սալիմին ասացի, որ կուզենայի հեռանալ, հենց ավարտեր խմելը։ Բուդան հարցրեց, թե ինչ էր լինելու պատվիրված ուտելիքի հետ։ Ասացի, որ գործ ունեի անելու։ Բուդան կանգնեց և լուռ հետևեց աղջկան, երբ նա բերեց գարեջուրը։

-Ի՞նչ գործ, - հարցրեց Մաջիդը՝ առանց ժպիտի նշույլի։ - Կանանց չե՞ս սիրում։ Գնա՛ և այնտե՛ղ աշխատիր։ Թե՞ քեզ իրոք կանայք դուր չեն գալիս։ Աղջիկը նրա հետ անելիք չունի՝ կզակով ցույց տալով Սալիմին։ - Ի՞նչ ես արել նրա հետ։

Սալիմը մեծ կում արեց իր շշից։

-Պետք է հարսանիք գնանք, - ասաց նա, երբ ավարտեց։ - Այնպես որ միայնակ կթողնենք քեզ քո կեղտոտ խաղերի հետ։

- Ի՞նչ ես արել նրա հետ, այլասերվա՛ծ, - ասաց Մաջիդը՝ ի սրտե ժպտալով։

Հարսանիքին հասանք ճիշտ այն ժամանակ, երբ բարեկամների և ընկերների թափորը փեսային ուղեկցում էր դեպի հարսի տան դուռը։ Երկու թմբկահարներ՝ միմյանց նման վտիտ երիտասարդներ, լարված, անխռով դեմքերով նվագում էին, իսկ աչքերն այդ ողջ աղմուկի մեջ ուղղված էին դեպի ներս։ Տունը զարդարված էր արմավենու տերևներից պատրաստված կամարներով, իսկ դիմացի պատի վրայով գույնզգույն լույսերի շղթա էր ձգվում։ Տան ներսից երգող կանանց ձայներ էին լսվում, որոնք հանկարծ ուրախ ոռնոցի պոռթկման վերածվեցին, երբ փեսան մոտեցավ դռանը։ Ամբոխը խռնվել էր շուրջը՝ անպարկեշտ մեկնաբանություններ գոչելով փեսայի հասցեին, իսկ հետո բարձր ճիչ պոռթկաց, երբ նրան ներս թողեցին։ Պատանիների հայացքներն անհանգիստ այս ու այն կողմ սահեցին՝ փնտրելով ուտելիքներ, որոնք, ինչպես հայտնի էր, պետք է մատուցվեին։ Սալիմը ծաղրանքով փնչացրեց։

-Հարսը կնոջս բարեկամուհիներից է, - ասաց նա։

Կնոջ մասին չէի մտածել։

-Մինչև Բեթանիայի հետ հեռանալն արդեն ամուսնացա՞ծ էիր նրա հետ, - հարցրի նրան, երբ ինձ հյուրանոց էր տանում։ Լավ անուն էր, և ես սպասում էի, թե երբ էի այն օգտագործելու։

-Այո՛, - ասաց նա։ Վատ լուսավորված ճանապարհով էինք գնում, որը դեպի գնացքաքարշային բակ էր տանում, բայց նույնիսկ այդ լուսավորության մեջ զայրույթ ու ցասում էի տեսնում նրա դեմքին։ - Շատ վաղուց եմ նրա հետ ամուսնացած։

-Նրա պատճառո՞վ ես հետ վերադարձել, - հարցրի ես։

Սալիմը քմծիծաղ տվեց։ Մի փոքր անց, երբ մեքենան գռմռաց քանդված ճանապարհի վրա, խոսեց․

-Վերջում ինձ մի բան տվեց։ Այդ մալայուհին։ Երբ գնացի նրա հետ, արյուն եկավ։ Գնացի այն բժշկի մոտ, որի մոտ ուղարկել էր ինձ։ Բժիշկն ասաց, որ ոչ մի լուրջ բան չկար, բայց մալայուհին ստիպեց, որ հեռանայի։ Չգիտեմ ինչու, բայց ամեն անգամ, երբ ինչ-որ կնոջ հետ գնում եմ, արյուն է գալիս։

Լուռ գնում էինք, մինչև որ մեքենան կանգ չառավ հյուրանոցի մոտ։

-Վերադառնալուց հետո բժշկի դիմե՞լ ես։

-Ի՞նչ բժիշկ։ Այստեղ բժիշկներ չկան, - ասաց Սալիմը՝ դիմացը նայելով։ Հետո ամոթխած, քնքուշ ժպիտով շրջվեց դեպի ինձ։ - Ի՛նձ էլ վաղը վերցրու հետդ։ Այնտեղ կգնամ բժշկի։ Վերցրո՛ւ ինձ։ Կանեմ այն ամենը, ինչ ուզես։ - Դեպի ինձ կռացավ․ այժմ նրա ժպիտը աղերսաբար փայլում էր գրոտեսկային գերհոգնած դեմքին։

Հաջորդ օրը եկավ հետևիցս, չնայած ասել էի, որ ինքս կհասնեի օդանավակայան։ Իր սովորական մեծամտությամբ ու զայրույթով էր խոսում՝ ծաղրելով այն ամենը, ինչ աչքին երևում էր։ Չնայած նրան, որ պնդում էի, որպեսզի ինձ իջեցներ ու հեռանար, կայանեց մեքենան ու քայլեց կողքովս՝ ծալած թերթը ձեռքում պահելով։

-Ի՞նչ արժի նմանատիպ պորտֆելը։ Հաջորդ անգամ ի՛նձ էլ բեր դրանից։ Կամ ուղարկի՛ր, իսկ ես հոգ կտանեմ, որ գումարդ հետ ստանաս։ Այնպես չէ, որ շքեղության երկրում իմ փողի կարիքն ունես։ Բայց շուտով դու էլ կդադարես խաղալ և կվերադառնաս տուն, - ասաց Սալիմը։ - Բոլորը պետք է այդպես վարվեն, հակառակ դեպքում ծաղրածուի կվերածվեն մի ինչ-որ օտար տեղում։

Իրար ձեռք սեղմեցինք, և ինչքան տեղական փող ունեի, տվեցի նրան։ Զարմացած նայեց թղթադրամների հաստ կապին։

-Հույս ունեմ՝ կկազդուրվես, - ասացի ես։

-Ինչի՞ մասին ես խոսում, - քմծիծաղ տալով հարցրեց Սալիմը։ - Հաջորդ անգամ պետք է մնաս, - ասաց նա և հեռացավ՝ առանց հետ շրջվելու ու ձեռքով թափահարելով։

 

 

[1] (սուահիլի) Ո՞րտեղից ես։

[2] (սուահիլի) Միացյալ թագավորություն։

[3] ( ֆրանս․) Այդ մարդիկ անտանելի են։

[4] Քենիայի հարավ-արևելքում գտնվող նավահանգիստ։

[5] Քենիայի առաջին ազգային ծովային այգին։

[6] Գյուղ Քենիայի ափին։

[7] (սուահիլի) Եվրոպա։

[8] Թաղամաս Քենիայի Մոմբասա քաղաքում։

[9] Դաջովի բամբակե գործվածք։

[10] Երեկոյան աղոթք։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 2555

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: