«ՉԵՐԵԶ» ՄԵՔՍԻԿԱ՝ ԱՄԵՐԻԿԱ. Արմինե Գաբրիելյան
-Էստեղ ապագա չկա,- արդեն որերորդ անգամ կրկնեց Հրաչը, երբ ճամպրուկները դարսել էին իրար վրա, ու հարազատները հավաքվել էին ճանապարհ դնելու։
-Էստեղ ո՛չ երկիր կա, ո՛չ՝ պետություն,- ամուսնուն արդեն որերորդ անգամ հաստատեց Հեղինեն ու նայեց վառ դեղին շիլլաքով ներկված եղունգներին։
Պատերազմից հետո Վարդանին էլ ուրիշ բան չէր մնում, քան մտածել օր առաջ երկու տղաներին ՌԴ քաղաքացի դարձնելու մասին։ Գործը էնքան ձգվեց-ձգձգվեց, մինչև որ փոշմանեց․ Ռուսաստանն էլ մի լավ օրի չի։ Էնտեղ էլ է պատերազմ, մոբիլիզացիա։ Հիմա մարդիկ ռուսաստաններից են Ամերիկա գաղթում։ Ա՛յ Ամերիկայի ցավը տանեմ, ի՜նչ երկիր։ Աշխատանքը՝ թափած, փողը՝ թափած․․․ Ինքն էլ՝ օրենքի երկիր։ Աշխատի՛ր, ապրի՛ր։ Վալոդենք գնացին, Արենը գնաց, հետո ընտանիքին տարավ, Կարենն էլ գնալու վրա է։ Վատ լիներ, էդքան մարդ կգնա՞ր։ Իհարկե՝ չէ։
-Ամերիկան ընդեղ դրած չի,- վատատեսորեն ասաց Հեղինեն, երբ գիշերը կնոջը պատմեց կախարդական Ամերիկայի երազանքների մասին։
-Ա՛յ կնիկ, ամեն ինչին էլ ձև կա։ Փողի պատմություն ա։ Մի քառասուն հազար դոլարով գործը գլուխ բերողներ կան։ Ստեղից թռնում ենք Մեքսիկա, ընդեղից գալիս, մեքենայով տանում են։ Էդքան բան։
-Քառասուն հազար դոլա՜ր։ Քառասուն դրամ սկի չունենք, քառասուն հազար դոլար ճարո՞ղ ենք։
-Տունը կծախենք։
-Բա մամա՞դ․․․ մաման։
-Դե մի ամիս բան ա, թող Լուսոյենց տանը ապրի, մենք փող կուղարկենք․ կա՛մ ինքը կգա, կա՛մ տուն կառնի։
-Դե հա, քո մերն ա, Լուսոյի մե՞րը չի,- համաձայնվեց Հեղինեն։
Առավոտ շուտ հյուրասենյակում սուրճ էին խմում երեքով, երբ սիգարետի ծուխը կուլ տալով՝ Հրաչը մորն ասաց․
-Մա՛, որոշել եմ․ Ամերիկա պիտի գնամ։ Ստեղ ապագա չկա։ Տղա էրեխեքի տեր ենք։
-Ամերիկա՞, ա՛յ բալա, անգլերեն սկի <<հա>>-ն ու <<չէ>>-ն չգիտեք, դուք Ամերիկա գնացո՞ղ եք,- զարմացավ տիկին Գոհարը։
-Մամ ջան, Գլենդելում անգլերեն իմանալ պետք չի,- ինքնավստահ ասաց Հեղինեն։
-Հո-լի-վուդում մենք խոսում են հա-յե-րե՛ն, որովհետև Լոսի կեսը հա-յեր են,- շվշվացնելով երգեց Հրաչը։
-Դու՛ք գիտեք․ ոնց ճիշտ եք գտնում,- խեղճացավ Գոհարը։
-Մեզ մի քառասուն հազար մանեթ փող ա պետք․ տունը պիտի ծախեմ,-միանգամից գործի անցավ տղան։
-Ինձ էլ հետը ծախեք՝ պրծեք,- լացը տվեց խեղճ կնոջ վրա։
-Մամա՛, սիրում ես ամեն ինչ բարդացնես, հա՛։ Մի ամիս բան ա, կմնաս Լուսոյի մոտ, Լուսոյի էրեխեքին կպահես, մենք փող կուղարկենք, քեզ կկանչենք։
-Ես իմ տնից դուրս եկող չե՛մ,- ձայնի տոնը փոխեց Գոհարը։
Հեղինեն հավաքեց սուրճի բաժակներն ու գնաց խոհանոց։ Մայր ու տղա թող ոնց ուզում են՝ իրար հասկանան։
Մի ամիս է, ինչ տիկին Գոհարը հացադուլ-գործադուլ է հայտարարել։ Ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ո՛չ էլ երեսներին նայում։ Քիչումիչ թոռների հետ է լավ։
-Բա ասում ես՝ էստեղ ապագա ու երկիր չկա՞,- ասաց տիկին Գոհարը, երբ ձեռքները սեղմեցին ու ճանապարհեցին տան նոր տերերին։- Էս մարդիկ տուն առան հենց էս երկրում։ Շատ խելացի ամուսիններ էին։ Կինն ասեց. «Գոհար տոտա, մենք մեր երկրից դուրս չենք գա»։
-Մա՛մ ջան, հեսա, որ թուրքը մտավ Հայաստան, առաջին դուրս եկողը իրանք են լինելու, հանգի՛ստ մնա,- փողերն արագ-արագ հաշվելով ուրախ-ուրախ ասաց Հրաչը։- Բա ի՞նչ անեմ․ թողնեմ՝ թոռներդ գնան բանա՞կ։ Վարդանչոն հեսա տասնվեց տարեկան ա․․․
Հենց թոռների անունը լսում էր, Գոհարի սիրտը կտոր-կտոր էր լինում, էլ չէր կարողանում ընդդիմանալ։
-Բայց ախր բա որ չստացվի ձեր բռնած գործը, ու հետ գաք․․․,- վատ բան գուշակեց մայրական սիրտը։
-Ա՛յ մեր, ո՞ր գնացողն ա հետ եկել, որ մենք հետ գանք։ Վալոդենք գնացի՞ն, գնացի՛ն, Արենը գնաց, հետո ընտանիքին տարա՞վ, տարա՛վ, Կարենն էլ գնալու վրա ա։ Վատ լիներ, էդքան մարդ կգնա՞ր։ Չէ՛ր գնա։ Սաղ հարցերը լուծված են։ Մի ամսից տղեդ ու հարսդ Լոսում քեֆ են անելու, մա՛մ ջան, - ձեռքը մոր ուսին գցելով` շատ երջանիկ ասաց Հրաչը։
-Եսի՜մ է, առուն թռի, նոր ասա` հոպ,- հոգոց հանեց մայրը։
Ուրբաթ երեկոյան հավաքվեցին` Հրաչենց հաջողություն, մնաք բարով, գնաք բարով անելու։ Ոտից գլուխ նոր շորեր էին հագել բոլորը։ Հեղինեն շատ էր սիրունացել։ Մազերը կերատինով հարթեցրել էր, հոնքերը ներկել, աչքերը ներկել, եղունգները վառ դեղին քսել։ Վառ կանաչ պիջակ էր հագել, նույն գույնի երկար գնդաձև ականջօղեր կախել։ Ամեն ինչ մանրամասն մշակել էին։ Պիտի հարուստ տուրիստի տպավորություն թողնեին Մեխիկոյի չտես օդանավակայանում։ Օդանավակայանից դուրս եկան՝ իմացեք Ամերկայում են։ Փողը տված է, բոլոր հարցերը՝ լուծված։
Լուսադեմին Հրաչը, Հեղինեն ու տղաները թռան Դուբայ։ Երկու օր լավ ման եկան, անվերջ լուսանկարվեցին Պարսից ծոցի ափին, նկարներն ուղարկեցին բոլոր հարազատների սմարթֆոններին։ Հետո նստեցին ինքնաթիռ, ինքնաթիռը թռավ ծովերի ու օվկիանոսների վրայով ու վայրէջք կատարեց Մեխիկոյի օդանավականում։ Ջարդված-հալից ընկած էին բոլորը։ Հազիվ իրենց գցեցին նստարաններին։ Մի քանի ժամ շարունակ մի սևամորթ ու մի լատինաամերիկացի բոյով-թափով տղամարդիկ տնտղեցին անձնագրերը, մեկիկ-մեկիկ թերթեցին անձնագրերի էջերը, համակարգչի վրա կտկտացրին, անգլերեն բլբլացին, որից Հրաչենք բան չհասկացան, կասկածանքով նայեցին տուրիստից մի մազ չտարբերվող մեր Հրաչենց ու, չգիտես ինչու, կանչեցին անվտանգության աշխատակիցներին։ Խեղճերի թուքը չորացել էր։ Բայց Հրաչը մտածեց, որ ձևն էդպես է․ դե հո խաղ ու պար չի Ամերիկայի պես երկրի սահմանն անցնելը «չերեզ» Մեքսիկա։ Բայց էս աննորմալները մի տեսակ են երևում։ Չլինի՞ մի բան էն չի։ Երևի մի բանը էն չէր, որ իրենց դրին նույն ինքնաթիռը ու ճամփեցին որտեղից եկել էին։ Թե ինչ դժվարությամբ Հրաչենք հասան «Զվարթնոց» օդանավակայան, միայն Աստծուն է հայտնի։
-Բա հիմա ի՞նչ ես անելու,- սրտնեղած հարցրեց մայրը՝ առաջին հերթին ակնարկելով տղաների ծառայությունը։
-Դե ոնց գյուղի նախիրը, ընենց էլ պառվի մոզին,- խելոք-խելոք ասաց Հրաչը։
«Հենց քառասուն հազար դոլարիդ գլուխն էր ցավում»,- մտքի մեջ ողբաց տիկին Գոհարը։
-Սուտ ա․ քո տնից լավ տեղ չկա․․․,- կոշիկները հանելով ու փռվելով քրոջ՝ Լուսինեի տան բազմոցին՝ հոգնած-երջանիկ ասաց Հրաչը։ Բայց ազդվելով մոր զարմացած ու խիստ հայացքից՝ խոսքը փոխեց,-երկրիցդ լավ տեղ չկա։ Դե երկիրն էլ ա տուն։
- Hits: 73820