***

Դրախտ գնալու համար
սխալ ճանապարհ անցնելը
պարտադիր է։

***

Անձնագրումս
մի լուսանկար է, որ
վկայում է անցյալ ժամանակը։

***

Օձն անցավ
իր կաշվի կողքով․․․
անտարբեր։

***

Ջրհորի խորքում՝
միայնակ մի մարդ,
միայնակ մի մարդ՝
ջրհորի պռնկին։
Մեջտեղում՝ դույլ։

***

Չգիտեմ՝
շնորհակալ լինեմ, թե
ապշահար նրանից,
ով ինձ
խորամանկություն չսովորեցրեց։

***

Ո՞վ է իմանում
կոկոնի ցավը ծաղկելիս։

***

Պատուհանի մի կողմը
դեպի ինձ է,
մյուսը՝ անցորդի,
որ անցնում-գնում է։

***

Դրախտ ու դժոխք՝
կողք կողքի,
որքան հեռու իրարից։

***

Ձեռքերս բուռ եմ անում
ու ջուր եմ խմում
փոքրիկ ջրվեժից․
ի՜նչ հզորություն կա ձեռքերումս։

***

Լուսնի մահիկը՝
ջրում,
ջուրը՝
թասում,
ծարավը՝ երազում։

***

Երկինքը կոտրվում է
փշրված հայելում։

***

Մի գայլ
որոգայթում։

***

Որքան դժվար է
ամառվա տապին
ձյան վստահությունը։

***

Հարյուր ցամաք աղբյուր,
Հարյուր պապակ ոչխար,
Ծերացած հովիվ։

***

Կոտրված կամուրջ,
հաստատուն քայլերով
ճամփա ընկած անցորդ։

***

Ի՜նչ ափսոս․
լավ հյուրընկալ չէի
առաջին ձյունի համար,
որ նստեց կոպիս։

***

Ազատության դրոշն է
վերնաշապիկս
լվացքի պարանին։
Հանգիստ ու թեթև
մարմնի գերությունից։

***

Սերկևլենին
ծաղկել է
լքված մի տանը։

***

Ստվերս ուղեկցում է ինձ
մերթ առջևից,
մերթ կողքից,
մերթ հետևից․
ինչ լավ է ամպամած օրը։

 

  

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Hits: 2721

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: