Թատրոնի և գրական ստեղծագործության կապը ժամանակակից բեմում

Օրեր առաջ տեղի ունեցած «Գրքի երևանյան միջազգային փառատոն»-ը, բացի գրքառատ շնորհանդեսներից և քննարկումներից, իր դռներն էր բացել նաև թատրոնի, կինոյի և դրամատուրգիայի առջև: Ինչպիսին են ժամանակակից մոնոներկայացումները. դրանց առանձնահատկությունների մասին պատմում էին ժամանակակից հայտնի թատերական գործիչները՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, դերասան Արմեն Քուշկյանը: Քննարկման առանցքային թեման մոնոներկայացումներն էին ու գրական ստեղծագործությունները, դրանց թատերական առանձնահատկությունները՝ ինքնարտահայտման բարդ ու հետաքրքիր ձևաչափով, դրամատիկական լուծումներով, որոնք ներկայացրին դերասանները:
Բանախոսները պատմեցին վերջերս Հայաստանում մեծ պահանջարկ վայելող և հեղինակավոր փառատոներում ներկայացված իրենց մոնոներկայացումներից, ներկայացրին իրենց համագործակցության պատմությունը և այն, թե ինչպես պետք է թատրոնը կապ ունենա իրականության հետ և պատասխանի ժամանակակից մարտահրավերներին։ Ահա, օրինակ, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն արդեն տարիների փորձ ունի, տնօրենը՝ Մարիաննա Մխիթարյանը, նշում է, որ փառատոնային ներկայացումները գրավում են միջազգային մի շարք բեմեր և որ ուղերձը մեկն է՝ ազգայինը դարձնել համաշխարհային:
«Մեր փառատոնին մասնասկցում են տարբեր երկրներ, մեզ մոտ գալիս են տարբեր միջազգային թատերական փառատոների տնօրեններ, մենք ևս մասնակցում ենք տարբեր փառատոների և մասնակցում հիմնական ծրագրին: Դա նույնպես շատ կարևոր է: Ես ցանկանում եմ ողջունել բուքֆեստի ստեղծողներին և կազմակերպիչներին, քանի որ հիմա շատ կարևոր է գրական նյութը, գիրքը, այդ գաղտնի գիրքը, որը դու բացում ես, և մի ուրիշ աշխարհ է բացվում: Գրական նյութը թե՛ թատրոնում, թե՛ կինոյում և թե՛ կյանքում շատ կարևոր է, որովհետև դրանով նաև դերասանի ոգին ավելի հարուստ է դառնում: Որքան դերասանի ոգին հարուստ է դառնում, այդքան նա ավելի խորն է դառնում և հետաքրքիր հանդիսատեսի համար: Հանդիսատեսը դա զգում է, և այդ կապը, որը ստեղծվում է հանդիսատեսի և դերասանի միջև, շատ կարևոր է, և առեղծվածային պահ է դառնում: Գրական նյութը հիմնական տարրերից է այդ պրոցեսի համար: Իհարկե, նաև լինում են դեպքեր, երբ գրական նյութը կարող է ամենը անճանաչելի դարձնել»,- ասում է է Մխիթարյանը:
Մխիթարյանի խոսքով՝ դերասանները, որոնց հետ համագործակցել են, պրոֆեսիոնալներ են, դերասաններին հաջողվում է գրավել հանդիսատեսին, պահել և սիրվել հանդիսատեսի կողմից, ինչը շատ կարևոր է:
«Մեր փառատոնի առաքելությունն այն է, որ մենք ստեղծում ենք ներկայացումներ առաջին հերթին մեր ազգի համար, մեր հանդիսատեսի համար: Այդ նյութերը մենք փորձում ենք համաշխարհային դարձնել: Բացի փառատոնի ներկայացումներից` մենք ունենք նաև մեր նախագծերը, որոնք շատ ազգային են, բայց ազգային լինելով դառնում են համաշխարհային: Ազգային արժեքը ներկայացնող նյութն, իսկապես, կարող է դառնալ համաշխարհային»,- հավելեց Մ. Մխիթարյանը:
Բանախոսները հիշում են, թե ինչպես են տարիներ առաջ՝ համավարակի ժամանակ, ներկայացում ստեղծել:
«2020 թվականի օգոստոսին մենք խաղում էինք բացօթյա ներկայացում, և աշխարհում որևէ մեկը չէր խաղում, և դա ուղղակի հրաշք էր: Մենք այդ ներկայացումը ներկայացրինք տարբեր փառատոներում՝ Շեքսպիրյան, Չեխովյան և այլն: Արդեն նախորդ տարի մենք հասկացանք, որ պետք է ունենանք այդպիսի համատեղ ներկայացում: Նախորդ տարվա վերջին այդ ներկայացումը ծնվեց»,- ասաց Մ. Մխիթարյանը:
Ընտրվեց ազգային թեման, այն, ինչ կարևոր է և հետաքրքիր հանդիսատեսի համար, և դա էլ հենց առաջնային էր ստեղծագործական խմբի համար, որի շրջանակում համագործակցեցին Արմեն Քուշկյանն ու Նարինե Գրիգորյանը:
«Մոնոներկայացումը շատ բարդ է, և, իսկապես, մոնոներկայացում խաղացող դերասանը տարբերվում է մյուս դերասաններից: Կան շատ անհատ դերասաններ, բայց ամեն մեկին տրված չէ մոնոներկայացում խաղալը: Այն մի շատ հետաքրքիր ներքին կազմակերպվածություն է, քանի որ դու ինքդ ես տեքստի տերը, բեմի տերը: Եթե դրամատիկական ներկայացման մեջ դու ես և քո խաղընկերները, ապա այստեղ մեկ ժամ միայն դու ես և քո ներկայացումը: Այստեղ ներկայացումը պետք է անվերջ, հավասարաչափ ազդեցիկ լինի, և դու պետք է անվերջ հավասարաչափ ազդեցիկ լինես»,- ասում է Ն. Գրիգորյանը:
Դերասանուհին պատմում է, որ պատերազմից հետո, երբ քննարկում էր՝ ինչ բեմադրել թատրոնում, մտածում էր, որ պետք է ազգային կոդը, ազգային ոգին նորից վերհիշել, և գործի անցավ:
«Ինքս էլ ուզում էի բեմադրել մեր էպոսը, բայց երբ կարդում էի, աստիճանաբար հասկանում էի, որ տարբեր կերպ պարզունակեցնելու եմ այն: Իսկ երբ Մարիաննա Մխիթարյանը ներկայացրեց ներկայացման կազմը, ես հասկացա, որ սա հենց ճիշտ լուծումն է․ անհրաժեշտ է, որ մեկ դերասան ներկայացնի ամբողջ գործը: Այդ կերպ ամբողջ ներկայացման էպիկականությունը պահպանվում է: Եվ հենց այդպես, միանգամից ամբողջ ներկայացումը ստեղծվեց: Ես տեսել եմ, թե ինչպես է Արմենը ինքնուրույն աշխատում, և համագործակցել եմ նրա հետ, քանի որ տեսել եմ նրա կատարած աշխատանքը։ Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ մեկ խնդիրը ընդամենը մեկ անգամ է նրան տրվում: Իսկ մոնոներկայացումն իրականում նման է ասեղնագործության․ ամեն վայրկյան դու լցնում ես, ամեն վայրկյան պետք է մի բան ավելացնել»,- հավելեց Ն. Գրիգորյանը:
Թատրոնի հետ առանձնահատուկ են նաև դերասան Արմեն Քուշկյանի հարաբերությունները: Ասում է՝ թատրոնը նրա համար է, որ ես ասելիք ունեմ, եկեք խոսենք այդ մասին և մտածենք, թե ինչ խնդիրներ կան, որոնք հուզում են ինձ և գուցե նաև ձեզ:
«Երբ իմացա, որ բեմադրելու ենք Սասունցի Դավիթը, և որ բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը, միանգամից համաձայնվեցի: Ես տեսել էի նրա «Գոմեշ» ներկայացումը, մտածում էի, որ հենց այսպիսի ներկայացում եմ ես ուզում՝ երբ խաղում է մեկ դերասան, բայց դա մոնո չէ, այլ մի մեծ կտավ է, մասշտաբային ներկայացում է: Այդ միտքն ինձնից անկախ տիեզերք էի ուղարկել, որը վերադարձավ ինձ, և մենք սկսեցինք աշխատել»,- ասաց Ա. Քուշկյանը:
Հիշեցնենք, որ այս տարի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի բացումը տրվեց «Սասունցի Դավիթ» ներկայացմամբ, որի դերակատարն է Արմեն Քուշկյանը, բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է, բեմանկարիչը՝ Մերի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը՝ Ջուլիետա Հովսեփյանի: Իսկ Նարինե Գրիգորյանն էլ փայլում է «Գոմեշ» ներկայացմամբ, որի դերակատարն ու բեմադրիչն է: Այն հիմնված է Հրանտ Մաթևոսյանի համանուն պատմվածքի վրա։
Ալմաստ Մուրադյան
- Hits: 228