Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ»-ը՝ որպես դիպլոմային փորձարկում

21-րդ դարի հայ թատրոնը նոր որոնումների, ձևի ու բովանդակության փորձարկումների ճանապարհին է։ Դիպլոմային ներկայացումներն այս համատեքստում ոչ միայն ուսումնական պահանջ են, այլև լրջագույն հնարավորություն՝ բացահայտելու նոր ռեժիսորական մոտեցումները, կոտրելու թատերական տարածքի ավանդական սահմանները և թարմացնող շունչ հաղորդելու բեմարվեստին։ Վերջին տարիների մի քանի աշխատանքներ, ինչպես օրինակ Գոռ Մարգարյանի «Բովանդակություն» ներկայացումը, որն արժանացել է «Լավագույն երիտասարդական ներկայացում» և «Լավագույն ռեժիսուրա» մրցանակներին, հաստատում են, որ ժամանակակից երիտասարդ բեմադրիչներն ունեն ինչպես ասելիք, այնպես էլ արտահայտման ինքնատիպ եղանակներ։
Այս համատեքստում աչքի է ընկնում նաև Գայանե Կարապետյանի (Հրաչյա Ղազարյանի, Նարինե Գրիգորյանի արվեստանոց) դիպլոմային աշխատանքը՝ Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» պիեսի բեմադրությունը, որը ներկայացվել է ոչ թե դասական բեմում, այլ Երևանի Արվեստի թաղամասի (ԱրտԿվարտալ) նկուղային տարածքում՝ համագործակցելով «Բաբելոն» թատրոնի հետ։ Ընտրել էքզիստենցիալիզմի և աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկի ամենախտացված փիլիսոփայական պիեսը, այն էլ մի տարածքում, որը բառացիորեն ճնշում է մարմնով, շնչով և զգայարաններով, համարձակ որոշում է, հատկապես՝ սկսնակ ռեժիսորի համար։
Ներկայացման մեկնարկը հանդիսատեսին արդեն հանում է հարմարավետության դիրքերից։ Միջանցքի հսկիչը (ԲՈՒԼԱՐՍ) մինչ ներկայացման սկիզբը շրջում է տարածքում, շփվում հանդիսատեսի հետ՝ ջնջելով դերակատարի և դիտողի միջև սահմանը։ Դրանից հետո հանդիսատեսին ուղեկցում է դեպի նկուղ՝ ներկայացման հիմնական հատվածը դիտելու։
Նկուղում օդը խոնավ է, փոշոտ, միջավայրը՝ ցուրտ ու ծանր։ Հանդիսատեսը կանգնած է ամբողջ ներկայացման ընթացքում։ Ռեժիսորն այստեղ հստակ գաղափար է հղացել. եթե հանդիսատեսը գտնվեր տաք ու փափուկ աթոռների վրա, հարմարավետ դահլիճում, արդյոք նա կարո՞ղ էր նույն կերպ ներթափանցել պիեսի հիմնական գաղափարների մեջ։ Ներկայացումը տեղի է ունենում երեք սրահներում, հիմնական գործողությունը ծավալվում է առաջինում։ Բեմը, որպես այդպիսին, բացակայում է. պատերն ու հատակը ծառայում են որպես բեմանկարչական բնական միջավայր։ Բեմական լուծումները մինիմալիստական են՝ մեկ աթոռ, խորքում կախված սև կտորներ, պատին՝ կլոր, փոքրիկ ապակի՝ հիշողության անցքեր ու անցյալին նայելու միակ հնարավոր ճանապարհ։ Հնչյունային լուծումներն էլ չափազանց զուսպ են։ Երաժշտություն գրեթե չես լսի․ դա ևս նպաստում է էքզիստենցիալ դատարկության և «փակ տարածքի» էֆեկտի խորացմանը։
Դերասանական աշխատանքը ռեժիսորական մտահղացման կարևոր կետերից մեկն է։ Դերասանները՝ Հայկ Սարգսյան (Գարսեն), Սաթենիկ Գասպարյան (Էսթել), Լիլի Հակոբյան (Ինես) և ԲՈՒԼԱՐՍ-ը (Միջանցքի հսկիչը), հստակ մարմնավորում են կերպարների էմոցիոնալ ու հոգեբանական շերտերը։ Նրանց խաղը զերծ է գերբեմականացված ժեստերից՝ խտացված է, ներքին լարումով լի։ Ներկայացումը «Բաբելոն» թատրոնի խաղացանկում է, և հանդիսատեսը նույնպես կարող է դիտել։
Այսպիսով, Գայանե Կարապետյանի «Դռնփակ»-ը ոչ միայն ուսանողական աշխատանք է, այլև կոնցեպտուալ թատերական նախագիծ, որն արժանի է մասնագիտական դիտարկման։ Այն ապացուցում է, որ թատրոնը շարունակ փնտրտուքի մեջ է․ բեմը կարող է լինել ցանկացած տեղում, եթե կա հստակ գաղափար, դերասանական խորը ներթափանցում և ռեժիսորական իմաստավորված մոտեցում։
Արմինե Դանիելյան
- Hits: 962