«Նոր տողից Հովհաննես Գրիգորյանի հետ»

Gerezmania
    Այսօր` փետրվարի 7-ին, «Հայ Գիրք»  գրախանութում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» բանաստեղծական ժողովածուի և «Գերեզմանիա» վիպակի շնորհանդեսը:  «Նոր տողիցը» բանաստեղծի ստեղծագործությունների լավագույն ընտրանին է և լույս է տեսել դեռ անցած տարի: «Գերեզմանիան» ընթերցողի դատին հանձնվեց հենց այսօր` Հովհաննես Գրիգորյանի մահվան տարելիցի օրը: Գրախանութում բանաստեղծի հիշատակը հարգելու և գրքերը ձեռք բերելու էին եկել և´ նրա ժամանակակիցները, և´ երիտասարդ գրողներն ու ընթերցողները: Ներկա էին նաև բանաստեղծի ընտանիքի անդամները:
    Ինչպես իր խոսքում նշեց «Գերեզմանիայի» խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, պատահական չէ, որ բանաստեղծի մահվան տարելիցը նշվում է գրախանութում, նոր գրքի ծնունդով: Սա խոսում է այն մասին, որ Հովհաննես Գրիգորյանը մեզ հետ է: Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ այս խոսքին հավելեց, որ գեղեցիկ բան է, երբ մարդն ավարտում է իր կյանքը, բայց իր բանաստեղծությունը շարունակում է այդ կյանքը:
shnorhandes davit muradyan    Խոսելով բանաստեղծի թողած ավանդի մասին` Դավիթ Մուրադյանը նշեց, որ Հովհաննես Գրիգորյանը բանաստեղծ է, ով իր սերնդի հետ կարողացավ ազատագրել բանաստեղծությունը, մարտահրավեր նետել և գրել առանց հանգի ու չափի բանաստեղծություն. «Նա կարողացավ զգալ ավելի ազատ, քան թույլ էր տալիս իր ժամանակը: Հովհաննես Գրիգորյանին հաջողվել էր գտնել մարդկանց հետ խոսելու ինտոնացիան, քանի որ փողոցով քայլելիս և հենց մարդկանց կողքին էր բանաստեղծում իր և նրանց կյանքը»: 
                                                                                                                                Աննա Կարապետյան