Որքան հեռանում եմ իրականությունից, այնքան մոտենում եմ ինձ

   Իր արվեստանոցում Ավիկը նկարում է: Ու արվեստանոցից դուրս էլ մի տեսակ նկարում է, որովհետև պատմում է մարդու մասին գույներով: Նա ինձ պատմել է շատ տղաների ու աղջիկների մասին, ու ես տեսել եմ՝ նրանք ինչ գույնի են, ինչ աչքեր ու ինչ բերան ունեն: Մի անգամ երկար պատմեց, թե ինչ հաճելի կլիներ ջրի վրա պառկած գերան լինել… Հետո խոսեցինք քամու խաղի, ջրի հպման ու թեթև գլխապտույտի մասին, որ զգում է ջրին մարմինը հանձնած  գերանը…ու մեկ էլ հանկարծ մոտակա երկնքից թռչուն է իջնում, ու այս ամենին գումարվում է նաև Նա…

հատվածներ չաթային երկխոսություններից

Մանե Գրիգորյան

Ավ, տխուր էիր էսօր... Չհամոզեցիր, որ ուրախ ես....

Ավետիս Խաչատրյան

((((((((( Կլռեմ, անկեղծ քեզ շատ էի կարոտել, իսկ տխրությունս ժամանակավոր է, կանցնի, քեզ ասել եմ, չէ՞, ես ծաղրածուի սիրտ ունեմ`ծաղրածուի հոգի, ներսս տխուր է, դրսից կապիկություն եմ անում... Դրսից ուրիշ եմ…

Մանե Գրիգորյան

))Կանցնի, բայց դե տխրություն ապրելն էլ է հավես… Մանավանդ քո տխրությունը, իսկ քո տեսակըax2 պետք է, որովհետև առանց քո տեսակի շուրջս ցամաք կլինի, ու ինչքան էլ երևակայությունս կարողանա ինքս ինձնով բավարարվել ու ինքս իմ մեջ զարգանալ, առանց քո տեսակի առկայության ներսս կներծծվի էս ջրծաղիկի պես. կծաղկի, բայց հետո բշտիկների մեջ կներծծվի, կչորանա, կանցնի:

Ավետիս Խաչատրյան

Եթերային ու թեթև տրամադրությունը հաճախ պիտի փոխակերպվի ռիթմիկ վիճակի... Կյանքն էլ երաժշտություն է… իր անկանխատեսելիությամբ: Վերցրու ցանկացած հանճարեղ կոմպոզիտորի գործ ու կտեսնես, թե ոնց է խաղաղությունից կտրուկ անցնում կատաղած ու կրակոտ տոների… Մեկ գժվում է, մեկ խաղաղ է, մեկ լռում է ու մեկ` պայթում, մեկ էլ կարծես ամեն բան մահացել է, ու նորից ոչնչից մի բան է ծնվում: Դա է կյանքը, ես իմ կյանքը նմանեցնում եմ Բախի կամ Մոցարտի, Վիվալդիի կամ Շոպենի կամ Արամ Խաչատրյանի ու նման գժերի երաժշտության. երբ մի պահ մեռնել եմ ուզում, հետո՝ սավառնել, ու մի պահ էլ ուզում եմ կրակոտ սիրել ինքնատիպ ու նոր մեկին, ով ինձ կրակ կտա, ու ես կծնվեմ վայրկյանում մի քանի անգամ: Հասկանում ես, եթե մեկ բառի կամ գույնի, կամ բույրի մեջ մի ամբողջ կյանք կարելի է ապրել, ապա մեր կյանքում ամեն բան կարելի է ապրել առանց նախապայմանների…

Մանե Գրիգորյան

Հասկանում եմ, ես էլ, օրինակ, էս վերջերս լիքն եմ նոր գաղափարներով, մտքերով, երևակայության նոր խաղով ու էդ էնքան հավես ա... Իրոք, հարուստ եմ ինձ զգում, լիքը, ուզում եմ ապրել, չնայած որ իրատեսորեն եմ նայում, վատ շրջան ա ու մեջս լիքը ընկերներ, մարդիկ, պատկերացումներ, երազանքներ, հնարավորություններ մեռել են... Բայց դե նորերն են ծնվում, ոչ պակաս հանճարեղJ Ինձ թվում է՝ ֆանտազիաներինն է էս աշխարհը ու առանց ֆանտազիայի կմեռնի ամեն բան..., իսկ երևակայող մարդը չի կարող անազատ լինել:

Ավետիս Խաչատրյան

էսօր աբստրակցիա եմ նկարում, առաջին անգամ նվագում եմ կտավի վրա, ուզում եմ խաղալ, ուզում եմ խաղալ մտքերս, հոգիս ու սերս եմ ուզում խաղալ կտավի վրա, առանց հասկանալու, առանց զգալու ու շատ զգալով: Սա անկեղծանալու իմ միակ ձևն է: Էնքան եմ լցված՝ ուզում եմ թեթևանալ: էլ չեմ կարողանում ծանր ներսս քարշ տալ ցանկություններիս ու երազանքներիս վրայով: Հաճախ հարկավոր է այսպես էմոցիոնալ անկեղծություններով թեթևանալ ու մաքրվել էմոցիաներից:

Մանե Գրիգորյան

Իսկ փորձե՞լ ես պոեզիան ու նկարչությունը խառնել: Պոեզիայից նկարներ չե՞ն ծնվում:

ax3Ավետիս Խաչատրյան


էն էլ ոնց: Իսկական արվեստը հենց պոեզիա է: Եթե գեղանկարչության մեջ չլինի երաժշտություն, պոեզիա կամ թատրոն կամ ծավալ, էդ գեղանկարչությունը պարտված է:

Մանե Գրիգորյան

Օրինակ իմ Արթուր թագավորը քեզ չներշնչե՞ց իրեն գույնի, զգացողության, կերպարի մեջ տեղավորելու :Ճ

Ավետիս Խաչատրյան

Եթե  Արթուրի փոխարեն լինեի, վստահ կտավի գործ կդառնայի, առանց այն էլ գլխումս անհամար թեմաներ կան` ոգեշնչված ու դեռ հասունացման փուլում: Թերևս կուզեի լինեի այդ թագավորը, ապրել ու պարտվել այդ թագավորի պես…, որովհետև ցանկացած պարտության մեջ ինչ-որ հուզիչ ու մարդկային բան կա. սիրուն կզգայի ինձ շատ:

Մանե Գրիգորյան

Էէէ, որ իմանաս ինչքան խղճուկ է Արթուրը... Իմ մեջ միքսվել է, ուժեղ կերպար է դարձել... Չնայած այդքան էլ ուժեղ չէ: Հետո գիտե՞ս, ես որ գրել եմ. «Սիրում եմ քեզ, Արթուր թագավոր», մի տեսակ ուրիշ սեր է, սեր ոչ թե իրական, այլ ստեղծած Արթուրի… թագավորի հանդեպ:

Ավետիս Խաչատրյան

Քեզ թվում է՝ ես ուժե՞ղ եմ: Կյանքն է ինձ կոփել ու դարձրել ուժեղ: Երբեք չպետք է գերի դառնալ կրքերին ու սիրուն, նա խաբեությամբ կարող է կլանել քեզ ու… կործանել: Պետք է ազատվել գերությունից, ցանկացած տեսակի կախվածություններից, մեր նմանները պետք է լիովին անկախ լինեն, քանի որ կախվածության բացակայությունն է արվեստագետ տեսակին դարձնում ուժեղ: Ես հասկացա՝ որքան հեռանում եմ իրականությունից, այնքան մոտենում եմ ինձ:  ax1

Մանե Գրիգորյան

Ուժեղ մարդիկ չկան… Կան մարդիկ, որ թվում են ուժեղ:

Ավետիս Խաչատրյան

Ուժեղ մարդիկ չկան, քանի որ ուժը խիստ հարաբերական է… Ես համեմատաբար ուժեղ եմ: 

Մանե Գրիգորյան

Ավ, արվեստագետ մարդը պիտի կործանվի))) Դրանից չպետք է վախենալ... Չնայած ես էլ մեկ-մեկ էնքան եմ ուզում սովորական աղջկա երջանկություն, բայց մեկ-մեկ ասում եմ՝ օրինակ՝ էն, ինչ ես ունեմ, սովորական աղջկան երջանիկ կդարձներ, իսկ ես հա ուրիշ բան եմ ուզում…

Ավետիս Խաչատրյան

Ի՞նչ:

Մանե Գրիգորյան

Չգիտեմ… Մի բան, որին չեմ հասել…

  • Created on .
  • Hits: 3744

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: