Կոմիտասը և քրդական երաժշտությունը․ հարցազրույց Լուսինե Սահակյանի հետ

Կոմիտաս Վարդապետի անունը սովորաբար կապվում է հայկական երաժշտական ժառանգության պահպանման և գիտական ուսումնասիրության հետ։ Սակայն նրա գործունեության մի կարևոր, թեև քիչ ուսումնասիրված ուղղություն վերաբերում է նաև հարևան ժողովուրդների, մասնավորապես՝ քրդական երաժշտության հետազոտությանը։ Փարիզի քաղաքապետարանի գիտաժողովների սրահում կայացած դասախոսության ընթացքում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն, կոմիտասագետ Լուսինե Սահակյանը ներկայացրել է Կոմիտասի քրդագիտական ժառանգությունը, նրա համեմատական երաժշտագիտական մոտեցումները և այն դերը, որ նա ունեցել է ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանային երաժշտական մշակույթների ուսումնասիրման գործում։

Ստորև ներկայացնում ենք Լուսինե Սահակյանի հետ մեր հարցազրույցը։

Տիկի՛ն Սահակյան, վերջերս Դուք հանդես եկաք Փարիզում՝ Կոմիտաս Վարդապետի և քրդական երաժշտության առնչություններին նվիրված դասախոսությամբ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց միջազգային գիտական շրջանակում։ Ի՞նչ հիմնական ուղերձ էր հղում Ձեր ելույթը, և ինչպե՞ս այն ձևավորվեց Ձեր երկարամյա հետազոտությունների համատեքստում։

Այս դասախոսության գաղափարը ծնվեց բավական հետաքրքիր կերպով։ Ամիսներ առաջ մենք հյուրընկալել էինք ֆրանսահայ նկարիչների, որոնք պատրաստվում էին Փարիզում կազմակերպել ցուցահանդես։ Նրանք ցանկանում էին, որ ցուցադրությունն ուղեկցվեր հայ մշակույթի մասին դասախոսությամբ։ Այդպես էլ ձևավորվեց գաղափարը։ Այն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ ցուցահանդեսը կազմակերպվելու էր Փարիզի քաղաքապետարանի շենքում՝ ֆրանսիական վերածննդի ճարտարապետության գեղեցիկ գլուխգործոցներից մեկում։ Յուրաքանչյուր մասնագետի համար մեծ պատիվ է այդ շենքի գիտաժողովների սրահում հանդես գալը։

Այս դասախոսության մեջ ինձ համար նաև անձնական կարևոր շերտ կար։ Քուրդ պատմաբան Ջալիլե Ջալիլը եղել է իմ ծնողների համակուրսեցին։ Ծնողներս հաճախ էին պատմում, թե ինչ հրաշալի երգիչ էր նա։ Մանկությունից հիշում եմ, թե ինչպես էր գալիս մեր տուն և կատարում հովվերգություններ։

Այդ երգերը պահանջում էին ոչ միայն երաժշտական գիտելիք, այլև հատուկ զգացողություն։ Լեռներում հնչող հովվերգությունն ունի իր առանձնահատուկ ձայնային միջավայրը։ Երգողը պետք է զգա բնությունը, ձայնի տարածումը, լեռների արձագանքը, աղբյուրի կարկաչի հետ ներդաշնակվող մեղեդին։ Տարիներ անց իմացա, որ հենց Ջալիլե Ջալիլն է վերծանել քուրմանջի բարբառով պահպանված բազմաթիվ երգերի տեքստեր։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդական երգը հասկանալու և փոխանցելու համար անհրաժեշտ է լինել այդ մշակույթի և լեզվի կրողը։

Komitas Lusine Sahakyan 2

Ձեր բանախոսության ընթացքում ի՞նչ նոր փաստեր կամ դիտարկումներ են ի հայտ եկել Կոմիտասի քրդագիտական գործունեության վերաբերյալ։

Դասախոսությունը նվիրված էր Կոմիտասին՝ որպես համաշխարհային երևույթի և էթնոերաժշտագետի։ Ես ցանկանում էի ներկայացնել նաև այն հանգամանքը, որ Կոմիտասը, բացի հայկական երաժշտությունից, ուսումնասիրել է նաև հարևան ժողովուրդների երաժշտությունը։ Այդ առումով նա հայ իրականության մեջ համեմատական երաժշտագիտության հիմնադիրներից է։

Արդյոք կարելի՞ է ասել, որ Կոմիտասը քրդական երաժշտական ժառանգության առաջին համակարգված հետազոտողներից և փաստագրողներից էր։

Այո, հետաքրքիր է, որ Կոմիտաս Վարդապետը քրդական երաժշտության առաջին համակարգված ուսումնասիրողներից մեկն է։ Հետագայում քուրդ երաժիշտներն ու հետազոտողները, որոնք զբաղվել են իրենց երաժշտական ժառանգության ուսումնասիրմամբ, որպես կարևոր հիմք օգտագործել են Կոմիտասի գրառումները և հետազոտությունները։ Այս գաղափարի շուրջ էլ կառուցվեց Փարիզի դասախոսությունը, որը հնարավորություն տվեց ներկայացնել ոչ միայն հայկական մշակույթը, այլև մեր վերաբերմունքը հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության նկատմամբ։

Komitas Lusine Sahakyan 3

Ի՞նչ տեղ է զբաղեցնում քրդական երաժշտությունը Կոմիտասի գիտական ժառանգության մեջ, և ինչպե՞ս է այն ընկալվում ժամանակակից երաժշտագիտական հետազոտությունների համատեքստում։

Էթնոերաժշտագիտության պատմության մեջ լինում են ժամանակաշրջաններ, երբ ժողովուրդները ձգտում են վերադառնալ իրենց ակունքներին։ Կոմիտասը գրառել է ոչ միայն հայկական, այլև թուրքական և քրդական երգեր։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Պատճառն այն էր, որ այդ ժողովուրդներն ապրել են նույն աշխարհագրական միջավայրում, հաճախ՝ հայերի անմիջական հարևանությամբ։ Նրանց երաժշտությունն ուսումնասիրելը կարևոր էր, քանի որ Կոմիտասի հիմնական նպատակն էր գիտականորեն հիմնավորել հայկական երաժշտության ինքնուրույնությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ճանաչել և համեմատել հարևան մշակույթները: Հայ գյուղացին հաճախ եղել է նաև քրդական երաժշտության ունկնդիրը և կրողը։ Մշակութային փոխազդեցություններն այնքան խորն էին, որ բազմաթիվ հայկական մեղեդիներ հնարավոր էր երգել քրդերեն կամ թուրքերեն, և հակառակը։ Անհրաժեշտ էր մեծ գիտնական, որը կկարողանար տարանջատել այդ ընդհանրություններն ու տարբերությունները և ցույց տար յուրաքանչյուր երաժշտական մշակույթի ինքնատիպությունը։ Այդ գիտնականը Կոմիտասն էր։

Իր բացառիկ լսողության, երաժշտագիտական գիտելիքների և ինտուիցիայի շնորհիվ նա կարողացավ բացահայտել ինչպես հայկական և քրդական երաժշտության ընդհանրությունները, որոնք ձևավորվել էին պատմաքաղաքական, աշխարհագրական և կենցաղային կապերի արդյունքում, այնպես էլ դրանց սկզբունքային տարբերությունները՝ պայմանավորված լեզվամտածողությամբ, կրոնով և մշակութային առանձնահատկություններով։

Komitas Lusine Sahakyan 4

Հայտնի է, որ Կոմիտասը 1899 թվականին Բեռլինում հանդես է եկել քրդական ժողովրդական երգարվեստի առանձնահատկություններին նվիրված ուսումնասիրությամբ։ Ի՞նչ է հայտնի այսօր այդ աշխատանքի բովանդակության, գիտական նշանակության և ազդեցության մասին երաժշտագիտության զարգացման մեջ։

Բազմաթիվ աղբյուրներում նշվում է, որ Կոմիտասը ոչ միայն ավարտել է Բեռլինի կոնսերվատորիան, այլև ուսանել է Բեռլինի համալսարանում՝ զբաղվելով փիլիսոփայությամբ։ Ըստ որոշ վկայությունների՝ նրա ավարտական աշխատանքը նվիրված է եղել քրդական երաժշտությանը։ Ցավոք, այդ ուսումնասիրությունը մինչ օրս չի հայտնաբերվել։ Հնարավոր է, որ Կոմիտասի բազմաթիվ այլ ձեռագրերի նման այն ևս կորել է կամ ցրվել է աշխարհով մեկ, կամ հայտնվել անհատների ձեռքում:

Կոմիտաս Վարդապետը մեծ դեր է խաղացել քրդական ժողովրդական երաժշտության ինքնատիպ մեղեդիների հավաքագրման և պահպանման գործում։ «Քրդական եղանակներ» ժողովածուում ընդգրկվել է նրա գրառած նյութի միայն մի մասը, մինչդեռ այսօր հայտնի է, որ նա հավաքագրել էր անհամեմատ ավելի մեծ ծավալի երաժշտական ժառանգություն։ Ի՞նչ տեղեկություններ են պահպանվել այդ չհրատարակված կամ կորած մեղեդիների մասին:

Մենք ունենք մեկ կարևոր աղբյուր։ Սարգիս Հայկունին, որը պատրաստում էր «Էմինյան ազգագրական ժողովածու»-ն, առաջարկել էր այնտեղ ներառել Կոմիտասի գրառած քրդական երգերը։ Սկզբում նախատեսված էր հրապարակել 17 երգ, սակայն հետագայում տարբեր պատճառներով դրանց թիվը կրճատվել է մինչև 13։

Ի՞նչ նշանակություն ունեն Կոմիտասի գրառած այդ քրդական մեղեդիները, որոնք պահպանվել են։ Որքանո՞վ են դրանք այսօր դիտարկվում որպես գիտական աղբյուրներ լեզվի, բանահյուսության և երաժշտական մտածողության ուսումնասիրության համար։

1904 թվականին Մոսկվայում Յուրգենսոնի հրատարակչությամբ լույս տեսած ժողովածուում տեղ են գտել Կոմիտասի գրառած 13 քրդական մեղեդիների ձայնագրությունները: Այդ ձայնագրությունները հավելվածի տեսքով լրացնում են Մոսկվայի Լազարյան ճեմարանի կողմից հրատարակված «Էմինյան ազգագրական ժողովածու»-ի հատորը, կազմված Հայկունու կողմից: Դրանք այսօր համարվում են քրդական երաժշտության վաղ շրջանի կարևորագույն փաստաթղթերից մեկը։ Հետագայում, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի ջանքերով, հրապարակվել են նաև այլ նյութեր՝ հասանելի դարձնելով շուրջ երեք տասնյակ քրդական երգեր և մեղեդիներ, որոնք Կոմիտասը գրառել ու ուսումնասիրել էր։

Komitas Lusine Sahakyan 5

Իսկ ինչպե՞ս են սկսվել Կոմիտասի առաջին շփումները քրդական երաժշտության և առհասարակ մշակույթի հետ:

Այս հարցը ես բարձրացրել եմ նաև իմ դասախոսության ընթացքում։ Ի՞նչն էր պատճառը, որ Կոմիտասը սկսեց զբաղվել քրդական երաժշտության ուսումնասիրությամբ։ Մինչև Բեռլին մեկնելը՝ 1896 թվականը, Կոմիտասն արդեն բավականին հստակ պատկերացումներ ուներ քրդական մշակույթի մասին։ Իմ խորին համոզմամբ՝ այդ պատկերացումների ձևավորման գործում մեծ դեր են ունեցել հայ մի շարք մտավորականների աշխատություններն ու դիտարկումները։

Կոմիտասից առաջ արդեն իսկ քրդերի և եզդիների մասին գրել էր Խաչատուր Աբովյանը։ Իր «Քրդեր և եզդիներ» աշխատության մեջ նա ոչ միայն անդրադարձել է նրանց կենցաղին ու մշակույթին, այլև նշել, որ քրդերը, իրենց հայտնի հյուրասիրությունից զատ, օժտված են նաև բանաստեղծական բացառիկ շնորհով։ Հատկապես նա բարձր է գնահատել քուրդ կանանց ստեղծագործական կարողությունները՝ ընդգծելով, որ նրանք հորինում են գեղեցիկ և ինքնատիպ երգեր։

Աբովյանը, լինելով մեծ լուսավորիչ և ժողովրդական ստեղծագործության հավաքող, կարծես պատգամ էր թողնում հետագա սերունդներին՝ ուսումնասիրել այդ հարուստ երաժշտական ժառանգությունը։ Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն էր նաև Կոմիտասի համար։ «Վերք Հայաստանի»-ն Կոմիտասի սեղանի գրքերից էր, և Աբովյանի բազմաթիվ մտքեր, հատկապես երաժշտությանը վերաբերող դիտարկումները, ուղենշային նշանակություն են ունեցել նրա համար։

Պատահական չէ նաև, որ Կոմիտասը այցելում է Քանաքեռ՝ ավելի մոտիկից ծանոթանալու այն միջավայրին, որտեղ ձևավորվել էր Աբովյանի անհատականությունը և աշխարհայացքը։

Կոմիտասի վրա մեծ ազդեցություն ունեցած մյուս հայ մտավորականը Խրիմյան Հայրիկն էր։ Նա հայտնի էր ոչ միայն իր ազգային գործունեությամբ, այլև մարդասիրական լայն հայացքներով։ Խրիմյան Հայրիկը օգնություն էր կազմակերպում և հանգանակություններ հավաքում ոչ միայն հայերի, այլև ծանր կացության մեջ հայտնված քրդերի համար։

Նույնպիսի հետաքրքրություն էր ցուցաբերում նաև Գարեգին Սրվանձտյանը, որը ժամանակին խորապես ուսումնասիրել էր անգամ քուրմանջի բարբառը։ Այս ամենը վկայում է, որ հայ մտավորականության շրջանում վաղուց ձևավորվել էր հետաքրքրություն և հարգալից վերաբերմունք հարևան ժողովուրդների, այդ թվում՝ քրդական մշակույթի նկատմամբ։ Կոմիտասը այդ մտավոր շղթայի կարևոր օղակներից մեկն էր։

Կարելի՞ է ասել, որ Կոմիտասը երաժշտության միջոցով ստեղծում էր մշակութային երկխոսության հարթակներ՝ դեռ այն ժամանակ, երբ այդ հասկացությունը ձևավորված չէր։

Ժամանակակից պատկերացումներով, երբ խոսում ենք համաշխարհայնացման մասին, ես Կոմիտասին դիտարկում եմ որպես համաշխարհային երևույթ։ Նա տիրապետում էր մի քանի լեզուների, խորապես ճանաչում էր տարբեր մշակույթներ և կարողանում էր ընկալել դրանց առանձնահատկությունները։ Իր ուսումնասիրություններում նա ձգտում էր ներկայացնել արևելյան երաժշտական աշխարհի ընդհանրությունները և միաժամանակ բացահայտել այն սկզբունքային առանձնահատկությունները, որոնք բնորոշ են հայկական երգամտածողությանը։ Նա ցույց էր տալիս թե՛ մշակութային փոխազդեցությունները, թե՛ այն սահմանները, որոնց ներսում պահպանվել է յուրաքանչյուր ժողովրդի երաժշտական ինքնությունը։

Հենց սա էր Կոմիտասի գիտական առաքելությունը՝ հասկանալ, համեմատել, տարբերակել և գիտականորեն հիմնավորել հայկական երաժշտության ինքնուրույն տեղն ու նշանակությունը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։

Կոմիտասի գրառած քրդական մեղեդիները հաճախ դիտարկվում են նաև որպես բանահյուսական վավերագրեր։ Ի՞նչ դեր ունեն դրանք քրդական վիպերգական և էպիկական ավանդույթի ուսումնասիրության մեջ։

Առանձնապես կարևոր էր Կոմիտասի ըմբռնումը լեզվի և երաժշտության փոխկապակցության վերաբերյալ։ Կոմիտասն իր երաժշտագիտական ուսումնասիրությունները հաճախ սկսում էր լեզվական առանձնահատկությունների քննությունից։ Նա համոզված էր, որ յուրաքանչյուր ժողովրդի երաժշտական մտածողությունը ձևավորվում է տվյալ լեզվի հնչերանգների, շեշտադրումների և ելևէջների ազդեցությամբ։ Հետևաբար, որոշակի մեղեդիական կառուցվածքներ և եղանակավորումներ բնորոշ են տվյալ լեզվամշակութային միջավայրին։

Կոմիտասի հավաքած նյութերում քրդական երաժշտության ո՞ր ժանրերն են առավել ներկայացված, և ի՞նչ սոցիոմշակութային պատկեր են դրանք ձևավորում։

Կոմիտասը բացառիկ մանրակրկիտությամբ ուսումնասիրել է ժողովրդական երաժշտության տարբեր ժանրեր՝ վիպերգեր, սիրերգեր, բնության երգեր, օրորոցայիններ և բազմաթիվ այլ նմուշներ։ Նա մարգարտահյուս աշխատանք է կատարել: Յուրաքանչյուր երգի հետևում նա փորձում էր բացահայտել ոչ միայն երաժշտական առանձնահատկությունները, այլև այն պատմական, մշակութային և հոգեբանական աշխարհը, որը ծնունդ էր տվել այդ ստեղծագործությանը։ Երբ ուսումնասիրում ես երգը, աստիճանաբար բացահայտում ես նաև նրա հերոսներին, իսկ հերոսների հետևում հաճախ ամբողջական էպոսներ ու պատմական հիշողություններ են թաքնված։

Ի՞նչ դեր կարող էին ունենալ նրա միջավայրային և անձնական կապերը, մասնավորապես ուսանողական տարիներին ձևավորված շփումները, օրինակ Հասան աղայի որդի Ուսուբ Բեկ Թեմուրյանի հետ ընկերությունը այդ հետաքրքրության ձևավորման մեջ։

Գոյություն ունեն վկայություններ, որ Կոմիտասն այցելել է իր ճեմարանական ընկեր Հովսեփ Թեմուրյանցի (Ուսուբ Բեկ Թեմուրյան) հայրական տուն։ Հենց այնտեղ նա հնարավորություն է ունեցել լսելու բազմաթիվ ժողովրդական երգեր իրենց բնական միջավայրում, ծանոթանալու դրանց կենցաղային գործառույթներին և կատարման ավանդույթներին։

Հատկանշական է, որ Կոմիտասի գրառումներում հաճախ հանդիպում են նույն երգի տարբեր տարբերակներ։ Դրանով նա ձգտում էր ցույց տալ ոչ միայն երգի գեղարվեստական արժեքը, այլև դրա ճանաչողական և մշակութային նշանակությունը։ Նրան հետաքրքրում էր երգի ամբողջ կենսագրությունը՝ ծագումը, տարածումը, կատարման եղանակը և այն միջավայրը, որտեղ այն հնչում էր։

Որո՞նք են նրա գրառած քրդական երգերի հիմնական երաժշտական, կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները։

Այս առումով ուշագրավ օրինակ է «Լելե Գավրե» երգը, որը Կոմիտասի գրառած և ներկայացրած լավագույն նմուշներից մեկն է։ Այն սիրային երգ է, որը Կոմիտասը կատարել է նաև Բեռլինի կոնսերվատորիայում իր դասախոսություններից մեկի ժամանակ։ Երգի մեջ առկա են որոշ ելևէջային առանձնահատկություններ, որոնք նա համեմատում էր հայկական «Լե լե յաման» երգի հետ։ Բացի երաժշտական նմանություններից, Կոմիտասը ուշադրություն էր հրավիրում նաև բովանդակային ընդհանրությունների վրա՝ նշելով, որ քրդական երգի հուզական աշխարհն ու գաղափարական շերտերը հաճախ մոտ են հայկական ժողովրդական երգարվեստին։

Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ էր Կոմիտասը նկատում հայկական և քրդական ժողովրդական երաժշտությունների միջև, և որքանո՞վ են դրանք պայմանավորված նույն աշխարհագրական և պատմական միջավայրով:

Առաջին հերթին պետք է նշել լեզվի գործոնը։ Հայերենն ու քրդերենը տարբեր լեզվամտածողություն ունեն, տարբեր են դրանց բարբառները, մեղեդային հիմքերը, լադային համակարգերը և եղանակավորումները։ Տարբեր են նաև այն նուրբ ելևէջային առանձնահատկությունները, որոնք ձևավորում են յուրաքանչյուր ժողովրդի երգամտածողությունը։

Կոմիտասն ուներ մի հանճարեղ դիտարկում. նա կարծում էր, որ յուրաքանչյուր ժողովրդի երաժշտությունը ծնվում է նրա լեզվի ելևէջներից։ Բնականաբար, քրդերը երգում են այնպես, ինչպես խոսում են, իսկ հայերը՝ այնպես, ինչպես խոսում են հայերեն։ Հենց այստեղ էլ բացահայտվում են ժողովուրդների միջև առկա սկզբունքային տարբերությունները։

Միևնույն ժամանակ գոյություն ունեն նաև բազմաթիվ ընդհանրություններ։ Դրանք պայմանավորված են ընդհանուր աշխարհագրական տարածքով, հարևանությամբ, կենցաղային շփումներով, հյուրասիրության մշակույթով և պատմական ճակատագրի որոշ ընդհանրություններով։ Կոմիտասն ընդգծում էր, որ աշխարհում չկա երաժշտություն, որը երբևէ փոխազդեցության չի ենթարկվել։ Կողք կողքի ապրող ժողովուրդների մշակույթները բնականաբար ազդում են միմյանց վրա, և դա լիովին օրինաչափ գործընթաց է։

Ի՞նչ մեթոդաբանությամբ էր Կոմիտասը հավաքում և գրանցում այդ երգերը, և որքանո՞վ էր այդ մոտեցումը նորարար իր ժամանակի գիտական շրջանակների համար։

20-րդ դարասկզբին ազգային ինքնագիտակցության վերելքի ժամանակաշրջան էր։ Գրեթե բոլոր ժողովուրդները ձգտում էին վերադառնալ իրենց ակունքներին, բացահայտել իրենց մշակութային արմատները և գիտականորեն ուսումնասիրել սեփական ժառանգությունը։ Կոմիտասի գործունեությունը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

Կոմիտասը նույնպես մեծ նշանակություն էր տալիս երգի կրողներին։ Նրա հավաքած նյութերի մեծ մասը գրառվել է անմիջապես ժողովրդական միջավայրում՝ այն մարդկանցից, որոնք այդ երգերի կենդանի պահպանողներն էին։ Այդ երգերը ծնվել էին բնության հետ ներդաշնակ գոյակցության պայմաններում և արտացոլում էին մարդու ու բնության խոր կապը։ Դրանք սովորեցնում էին զգալ և հասկանալ շրջապատող աշխարհը։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ այդ մեղեդիները մինչ օրս պահպանել են իրենց հուզական ուժը։ Փարիզում դասախոսության ընթացքում հնչած երգերը նույնպես արժանացան շատ ջերմ և հուզական արձագանքի։

Կոմիտասի քրդագիտական ժառանգությունն արդյո՞ք հետագայում դարձել է ուսումնասիրության առարկա։

Այո՛։ Կոմիտասի գրառումները և ուսումնասիրությունները հետագայում մեծ հետաքրքրություն են առաջացրել քրդագետների և երաժշտագետների շրջանում։ Քրդական տեքստերի ուսումնասիրությամբ զբաղվել է Ջալիլե Ջալիլը։ Այս ոլորտում նշանակալի աշխատանք է կատարել նաև Նուրե Ջաուարին, որը կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի աշակերտներից էր։ Նրա՝ 1976 թվականին հրատարակված աշխատությունը՝ «Քրդական ժողովրդական երգարվեստը» մենագրությունը նվիրված է քրդական երաժշտությանը, երաժշտական ժանրերին, կատարման եղանակներին և նվագային ավանդույթներին։ Այդ ուսումնասիրության մի մասն էլ վերաբերում է Կոմիտաս Վարդապետի հավաքած և ուսումնասիրված նյութերին։

Այսօր, երբ տարածաշրջանում շարունակվում են մշակութային հիշողության և ինքնության շուրջ քննարկումները, արդյոք Կոմիտասի ժառանգությունը կարո՞ղ է ծառայել որպես միջմշակութային երկխոսության հիմք։

Այսօր, երբ խոսում ենք համաշխարհայնացման մասին, հաճախ այն հասկանում ենք որպես տարբեր մշակույթների միջև երկխոսության հնարավորություն։ Այս տեսանկյունից Կոմիտասն իսկապես համաշխարհային երևույթ էր։ Նա կարողանում էր հասկանալ և արժևորել այլ մշակույթների առանձնահատկությունները՝ միաժամանակ պահպանելով սեփական մշակութային ինքնությունը։ Այդ իմաստով նա 20-րդ դարի սկզբի մշակութային նոր մտածողության առաջամարտիկներից էր։

Ի՞նչ արձագանք ստացավ Ձեր Փարիզյան բանախոսությունը միջազգային և մասնավորապես ֆրանսիական գիտական շրջանակներում։ Ի՞նչ նոր շեշտադրումներ ներկայացրեցիք այս դասախոսության ընթացքում։

Դասախոսության կարևոր նպատակներից մեկը նաև Կոմիտասի դերը հայ կանանց կրթության և մշակութային ինքնադրսևորման հարցում ներկայացնելն էր։

Մենք հաճախ Կոմիտասին դիտարկում ենք միայն որպես երաժիշտ կամ երաժշտագետ, սակայն նա նաև ժամանակակից և առաջադեմ մտածող էր։ Նա քննադատաբար էր վերաբերվում այն երևույթներին, որոնք սահմանափակում էին անհատի ազատությունը և խոչընդոտում ստեղծագործական զարգացմանը։

Կոմիտասը չէր ընդունում այն իրավիճակները, երբ հասարակական կամ կղերական պահպանողական միջավայրը խանգարում էր երիտասարդ աղջիկների ստեղծագործական ինքնարտահայտմանը։ Նա մեծ կարևորություն էր տալիս կնոջ դերին, հատկապես՝ մանկան դաստիարակության և երաժշտական զգացողության ձևավորման գործում։ Օրորոցայինի և կնոջ բնական երգեցողության մեջ նա տեսնում էր ապագա սերունդների հոգևոր ու մշակութային զարգացման հիմքերից մեկը։

Այս առումով Կոմիտասը շատ առումներով առաջ էր իր ժամանակից։ Նա ոչ միայն հասկանում էր իր ժամանակի խնդիրները, այլև կանխազգում էր այն ուղղությունները, որոնցով հետագայում պետք է զարգանային մշակույթը և հումանիտար գիտությունները։

Շնորհակալ եմ զրույցի համար։

Զրուցեց Ալմաստ Մուրադյանը

310
Հունիս 26, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: