Դեն նետված իրերը Սերգեյ Թովմասյանի ձեռքերում՝ գոմեշ, զատիկ ու ընտանիք. արի զբոսնենք

Համազգային թատրոնի դերասան Սերգեյ Թովմասյանը մի օր որոշեց հույզերն ու խոսքերն արտահայտել փայտով, հետո՝ երկաթով։

«Այս ամենն ինձ մոտ ծնվեց այն բանից հետո, երբ տեսա՝ ոնց են մարդիկ անխնա դեն նետում պատուհանագոգերը, դռները, հին կողպեքները, երկաթները։ Մտածեցի՝ ինչու իրենց նոր կյանք չտանք։

Եթե երբևէ տուն կառուցեմ, ամբողջը պիտի փայտից լինի, արհեստական նյութերը չեմ սիրում»,- ասում է հեղինակը։

Sergey Tovmasyan 1

Թովմասյանը մինչ դերասան դառնալը, փոքր տարիքում նկարել է, ինչպես յուրքանչյուր երեխա։

«Ես այդպիսի երեխա չգիտեմ, որ չի նկարել փոքր ժամանակ։ Նկատել եմ, որ բոլոր երեխաները նկարում են տնակ, ծառ, շունիկ, անկյունում՝ արև։ Այսինքն՝ կոմֆորտը բոլորիս մեջ է, ունենալ տաքուկ անկյուն, որը կփոխարինի մամայի փորիկից հետո. մենք մեզ այդպես ապահով ենք զգում։

Իգիթյան կենտրոնում նույնիկս մի քանի նկար կախված էր, հետո էլ չեմ նկարել. պրոֆեսիոնալ մակարդակի նկարել չգիտեմ»,- նշում է նա։

Sergey Tovmasyan 2

Սկզբում հեղինակը կասկածել է՝ արժի արդյոք անել, թե ոչ, սակայն կինը՝ Նարինե Գրիգորյանը, համոզել ու ոգեշնչել է շարունակել։

«Չգիտեմ էլ ոնց էս ամեն ինչը ծնվեց, բայց ինձ շատ է դուր գալիս, ինչ անում եմ։ Հիմա փողոցում ինչ գտնում, օգտագործում եմ։ Օրինակ՝ «Մաքառում» քանդակի համար երկաթները գտել եմ փողոցից։ Նույն երկաթից օգտագործել եմ «Սև այրին» քանդակի համար։ «Հանդից տուն»-ը գնացքի ռելսերից է։ Ձիու պայտից ունեմ գործ։ Տիկնիկային թատրոնի բակից եմ գտել ինչ-որ իրեր, Գյումրիում։ Ինչ տեսնում եմ, միանգամից մտածում եմ՝ ինչ կստանամ դրանից։ Շատ պարզ բաներ են։ Անուններն էլ երկար չեմ մտածում, իրենք գալիս են։ Օրինակ՝ փայտը վերցնում եմ ու մտածում սարքել ընտանիք, բայց վերջում դառնում է սիրահար զույգ։ Շատ հաճախ փայտը ինձ հուշում է, ասում՝ կարելի է էսպես անել»,- ասում է Թովմասյանը։

Sergey Tovmasyan 3

Տասնհինգ տարեկանից ապագա դերասանը տարվել է սարերով։ Հենց այստեղից է սերը դեպի բնությունը և քանդակների համար հումքի ընտրությունը՝ փայտը։

«Ես մտածում եմ, որ փայտը ամենահանճարեղ նյութն է։ Կարծում եմ, որ այս կյանքում ամեն ինչ իր մեջ մի բան ունի։ Ինչո՞ւ է օրինակ փայտը վառվելուց տաքություն արձակում, էներգիա է, չէ՞, կամ վառվելուց ինչ գույներ է արձակում։ Մենք ասում ենք՝ դե լավ տաքացնում է, ծուխ է, բայց ինչո՞ւ է ծուխ դուրս գալիս, ինչո՞ւ են գույները էդպիսին։

Sergey Tovmasyan 4

Քանդակով փայտը ինչ-որ բան է ասում, ինչ-որ հույզ արթացնում, էներգիա ունի, չէ՞, իսկ երբ վառես, էլ չի ունենա, մոխիր է դառնում։

Շատ եմ ափսոսում, որ ծառը կտրում են, ես երբեք գործի համար չեմ կտրել։

Ոչ մի բան այս կյանքում հենց այնպես չի անցնում, եթե բնությունից է, եթե Աստված ներկա է։ Ո՞նց կարող է նկարել չիմացող մարդը այսպիսի բաներ անել. պա՞րզ չէ, որ սա ես չեմ, աստված է թելադրել իմ ձեռքերով:

Շատ պարզ բաներից է մեր կյանքը բաղկացած, մենք ենք բարդացնում ամեն ինչ։ Էնքան պարզ է ապրելը, եթե պարզ ես մտածում»,- ասում ու մտածում է քանդակների հեղինակը։

Sergey Tovmasyan 6

Սերգեյ Թովմասյանն իր ստեղծած քանդակներով արդեն 7 ցուցահանդես է ունեցել, այդ թվում՝ Գյումրիում, Շուշիում։

Վերջինը Նարեկացի միությունում էր, որտեղ ներկայացված 32 աշխատանքները հրավիրում էին զբոսնելու սիրո, բնության, մարդկանց, աշխատանքի կողքով։ Այն կրում էր «Զբոսանք» խորագիրը։

«Մտածեցի, որ գան մարդիկ ու միասին զբոսնենք այս ցուցահանդեսում։

Ինձ դուր է գալիս զբոսնել լավ վայրերում, զբոսնելիս ինչ-որ հետաքրքիր բան տեսնել։

Մի ցուցահանդեսից հետո մի կին գտել էր հեռախոսահամարս, զանգես ասեց, փոխել ենք մեր պատուհանները, Ձեզ պետք կգա՞ն։

Ինչո՞ւ չէ, վերցրի, հղկեցի։ Մի վարպետ կար, որ հղկում էր, հիմա լավ չի տեսնում, հիմա ինքս եմ անում ամեն ինչ»,- հիշում է Թովմասյանը։

Sergey Tovmasyan 7

Ցուցահանդեսի յուրքանչյուր «մասնակից» կրում է մի պատմություն, նվիրված է մեկին կամ ստեղծված մեկով։ Օրինակ՝ ցուցահանդեսի խորհրդանիշը՝ «Գոմեշը», Հրանտ Մաթևոսյանի համանուն գործից է, որը բեմադրել է Նարինե Գրիգորյանը։

«Անուրջներ»-ը նվիրված է Սոս Սարգսյանին՝ «Սպիտակ անուրջներ» ֆիլմից, իսկ իր շուրջ հավաքված աղավնիները դերասաններն են։ Նրա խոսքով՝ Սարգսյանին միայն լսելն արդեն մեծ հաճույք էր։

««Ոչ ցլամարտին» քանդակի միտքը աղջիկս է հուշել։ Մուլտֆիլմ կա, որտեղ Ֆերդինանտին ուզում են տանել ցլամարտի, բայց նա չի ուզում։ Աղջիկս պաստառ սարքեց, որին գրված էր՝ «Ոչ ցլամարտին» ու սկսեց դրանով քայլել տանը։ Ոնց կարելի է կենդանիների սպանելու վրա զվարճանալ (Մի պահ կանգ է առնում. երևի հիշում է Ֆերդինանտին)։

Sergey Tovmasyan 10

«Բուբուսիկն ու Ռոբուսիկը» նվիրված է ընկերոջս։ Նկարիչ է, թոռնիկ է ունեցել, իր սենյակի համարյա մի ամբողջ պատը դատարկել է ու իր թոռնիկի լուսանկարներով լցրել․ քնած, արթուն, քայլելուց, ժպտալուց։

Պապ ու թոռի համար ընտրեցի «Բուբուսիկ» ու «Ռոբուսիկ» անունները։

Այս մեկը Բուկովսկին է, շատ եմ սիրում իրեն։ Իր տեսակը շատ հետաքրքիր է, վերնագիրն էլ արդեն ասում է՝ «Ինչ էլ լինի, երգելու եմ»։

Sergey Tovmasyan 12

Մաթեմատիկան պատկերացրել եմ իմաստուն թռչունի՝ բվի տեսքով, որը «Ինչ, որտեղ, երբ» խաղի խորհրդանիշն է։ Վրան էլ Էյնշտեյնի էներգիայի բանաձևը (E=mc2):

Խխունջն էլ իր տունն իր հետ է տանում, երևի պատիժ է իր համար, որ անընդհատ տեղաշարժվում է կամ շատ լավ է, որ տունը միշտ իր հետ է»,- ասում է հեղինակը՝ կարծես փորձելով հասկանալ խխունջին։

Հեղինակը «Խոյերի ընտանիքը» քանդակով փորձում է տալ ընտանիքի գաղափարը, յուրքանչյուրը կարող է իր ընտանիքը պատկերացնել, օրինակ հեղինակինը՝ Սերգեյ Թովմասյան, Նարինե Գրիգորյան, Եվա։

Sergey Tovmasyan 16

Ընտանիքի կողքին Թովմասյանը տեսնում է նաև իր տունը, երկիրը, հայրենիքը, մոլորակը և ափսոսում, որ այն օրեցօր քանդվում է։

«Մենք ավերում ենք մեր մոլորակը՝ իրականում չհասկանալով, որ միակն է մեզ համար, մենք չենք կարող հավաքել մեր ճամպրուկներն ու գնալ ուրիշ մոլորակ։ Կեղտոտում են, պայթեցնում, զենք են սարքում, նավթ են քաշում, որ իրար սպանեն։

Մարդը ամենաանկատար կենդանին է իմ կարծիքով։

Մարդը ծնվելու օրվանից երազել է թռչել, իսկ հիմա ուղղաթիռին զենքեր է կցում՝ իր տեսակին սպանելու համար։Մարդը ամենամեծ գիշատիչն է»,- ասում է ու ընդգծում.

«Մեզ քաղաքակրթվել, դաստիրակավել է պետք։ Չկա օրենք, ուրեմն մարդն է ստեղծում այն։ Մոլորակից գանք մեր հայրենիք, եթե մերն է, մայրաքաղաքն է, մորդ վրա թքո՞ւմ ես։ Օրենքը պետք է գործի»։Sergey Tovmasyan 17

 

Ցուցահանդեսի բացմանը նկարիչ-քանդակագործներ Տիգրան Պալյանն ու Մարտիրոս Բադալյանը հեղինակին առաջարկել են միասին ցուցահանդես կազմակերպել։

«Դա ամենամեծ բան էր, որ տեղի ունեցավ։ Իհարկե, համաձայն եմ, իրենք պրոֆեսիոնալ են, իսկ ես կասկածում եմ ամեն ինչի վրա»,- մտքում կարծես պատկերացնում է նախատեսվելիք ցուցահանդեսը։

Դերասանի գործերում, իհարկե, իր հետքն ու ձեռագիրն է թողնում թատրոնը։

Սերգեյ Թովմասյանը 1981-84 թթ․ սովորել է Երևանի Հայֆիլմ կինստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիայում, 1984-88 թթ․՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։

Sergey Tovmasyan 15

2002 թ․ աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում։

«Թատրոնն ու քանդակները լրացնում են իրար, օգնում են, ապահովում շարժումը։

Ստատիկ բաներ չեմ սիրում. մի բան պիտի լինի, շարժում, հույզ։ Օրինակ՝ ոնց ցույց չտաս, որ ճոճանակի վրա է զույգը, քամուց մազերը շարժվում են։ Եթե նույնիսկ բու է, կանգնած է՝ հայացքը ուրիշ տեղ է։ Թռիչքը ո՞նց ցույց չտաս»,- նկատում է քանդակագործ-դերասանը։

Խաղալով Համազգային թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում՝ դերասանն այս պահին «լցվելու» կարիք ունի։

«Մի քիչ հոգնել եմ, հիմա ուզում եմ մի քիչ հանգստանամ, դադար է պետք ։ Երբ մի բան պակասում է, պիտի լցվի մեջդ։

Երբեք չեմ վազել որևէ դերի հետևից, միակ դերը, որ խնդրել եմ Նարինեն ինձ տա, «Փամփլիկը» ներկայացմանն է, որտեղ կին եմ խաղում։ Ինչ ուզել, խաղացել եմ։ Չունեմ չսիրած դերեր։ Ու ինչպես հատուկ է դերասանին, ուզում ես սա էլ փորձես, նա էլ»,- ասում է դերասանը՝ հավելելով, որ ֆիլմերում երկար ժամանակ է՝ չի խաղում։

«Չեմ ուզում խաղալ, մինչև մեր ֆիլմարտադրողները, ռեժիսորները լուրջ չվերաբերվեն իրենց գործին։ Ունեմ մի քանի դեր: Իմ խաղացած դերերի համար չեմ ամաչում: Բայց հիմա համամարդկային ինչ-որ բան եմ ուզում գտնել։

Այժմ ցուցադրվողը հայը չէ»,- ցավով նշում է նա։

Sergey Tovmasyan 14

Վերջում կարծես խորհուրդ է տալիս կամ ինքն իրեն հիշեցնում.

«Ապրելու մի ձև կա. ուղղակի ապրել` առանց վնաս տալու, առանց տրտնջալու։

-Վա’յ, ես ինչի եմ էսքան դժբախտ:

Ուզում ես ասես՝ գնա հիվանդանոց, տես ինչ մարդիկ կան, անվասայլակի վրա, կամ ուրիշ խնդրով ու խոչընդոտով։

Ոտքով, ձեռքով ո՞նց կարելի է դժբախտ լինել»։

Սերգեյ Թովմասյանի բանալին միգուցե հետևյալն է. «Առանց փոխադարձության ոչինչ չի լինի, մեկին պետք է սիրես, որ սեր ստանաս»։

 

Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 802

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: